«Ստեփան Զորյան (քաղաքական գործիչ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
չ Hosep.galstyan տեղափոխեց էջը «Ստեփան Զորեան (քաղաքական գործիչ)»-ից «Ստեփան Զորյան (քաղաքական գործիչ)» վերահղման վրայով
(Տարբերություն չկա)

13:41, 10 Հուլիսի 2015-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Զորյան (այլ կիրառումներ)

Զորյան Ստեփան (Ռոստոմ) (1867, հունվարի 18, գյուղ Ցղնա (Գողթան գավառում)— 1919, հունվարի 18, Թիֆլիս), հայ հասարակական-քաղաքական գործիչ, դաշնակցական։

Կենսագրություն

1867 թ. հունվարի 18-ին Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղում` նահապետական ու բարեկեցիկ հայ գեղջուկի ընտանիքում ծնվեց ՀՅԴ ապագա հիմնադիրներից Ստեփան Զորյանը, որ պատմությանն ավել շատ հայտնի է իր հեղափոխական կեղծանունով` Ռոստոմ։ Նախնական կրթությունը ստացել է Ցղնայի ծխական դպրոցում։ 1882 թ. Ստեփանը տեղափոխվում է Թիֆլիս ու ընդունվում նախ Բեգլարյան մասնավոր դպրոց, ապա պետական ռեալական վարժարան։ Դեռ պատանեկան տարիներից հսկայամարմին էր ու թիկնեղ, որի համար ընկերները Ստեփանին կնքեցին Քոթոթ մականվամբ։ 1886 թ. Ռոստոմը Եվրոպա է անցնում և ուսումը շարունակում Լեհաստանում` Վարշավայի գյուղատնտեսական համալսարանում։ 1887 թվականին Ռոստոմն ընդունվում է Պետրովսկի գյուղատնտեսական ակադեմիա։ Դեռևս ուսանողության տարիներին Ռոստոմը հայտնվում է ցարական ոստիկանության ուշադրության կենտրոնում, Ռոստոմին ձերբակալում են ցույցեր կազմակերպելու և ուսանողական հուզումներ բորբոքելու մեղադրանքով։ Բայց դա չխանգարեց Ստեփանին, որ նա հակացարական ցույցեր կազմակերպելուն զուգահեռ սովորի նաև զենք գործածել` հմտանալով հատկապես ուժանակների` ռումբերի պատրաստման և կիրառման գործում։ Երբ առաջին անգամ ձերբակալվեց և աքսորվեց հայրենի Ցղնա` տնային կալանքի, Ստեփանը կեղծ անձնագիր ճարեց Աբրահամյան ազգանունով և կրկին ուղևորվեց Թիֆլիս` ընդգրկվելով հեղափոխության հորձանուտում։ 1889 թ. Ռոստոմը Բաքվից անցավ Մոսկվա` սովորելու գյուղատնտեսական համալսարանում։ Այնտեղ ծանոթացավ ու անմիջապես ընկերացավ Սիմոն Զավարյանի հետ, որը նույնպես համալսարանի ուսանողներից էր։ Ռոստոմը 1890 թ. ՀՅԴ հիմնադիր ժողովին չի մասնակցել, 23-ամյա երիտասարդը Մոսկվայում ուսանողական ցույցեր կազմակերպելու համար դարձյալ աքսորվել էր իր ծննդավայրը` Գողթն։ Բայց այնքան մեծ էր նրա ավանդը և գաղափարական ներդրումը ՀՅԴ կազմավորման գործում, որ բոլորը միահամուռ Ռոստոմի անունը մտցրեցին ՀՅԴ հիմնադիր երրորդության մեջ։ Առհասարակ կուսակցությունն իր անվամբ նաև պարտական էր Ռոստոմին։ 1890 թ. Թիֆլիսում հիմնադիր համագումարը ռուսական «Союз русских революционеров» կազմակերպության օրինակով հիմնադրել էր Հայ հեղափոխականների դաշնակցությունը։ Եվ միայն երկու տարի անց Ռոստոմը սրբագրեց այն` դարձնելով Հայ հեղափոխական դաշնակցություն։ Նա էր նաև ՀՅԴ առաջին ծրագրի` «Ընդհանուր տեսության» կազմողը, ինչը 1892 թ. առաջին ընդհանուր ժողովից առաջ հավանության արժանանալով նաև Քրիստափոր Միքայելյանի և Սիմոն Զավարյանի կողմից` կիրառության մեջ մտավ։ Ռոստոմին է պատկանում նաև ՀՅԴ զինանշանի ստեղծումը, ինչն անփոփոխ է մինչ օրս։ Կուսակցության ստեղծումից հետո Ռոստոմն ուսուցչի պաշտոնով հաստատվեց Թավրիզում` տեղում կազմակերպելու ՀՅԴ գործունեությունը։ 1895 թ. նա անցնում է Կովկաս։Կարճ ժամանակ Կարսում մնալուց հետո նա անցնում է Երկիր և հաստատվում է Կարինում։ Աբդուլ-Համիդի կոտորածների դեմն առնելու համար նա ինքնապաշտպանական խմբեր է կազմակերպում Էրզրում քաղաքում և համանուն նահանգում։ Սակայն շուտով ձերբակալվում է և աքսորվում Պարսկաստան։ Սակայն Ռոստոմը, կուսակցական գործունեությունից զատ, կազմակերպչական մեծ գործունեություն ծավալեց ողջ Հայաստանում։ Նրա շնորհիվ [[Սալմաստում հիմնվեց ՀՅԴ առաջին զինագործարանը, որ ուժանակներ էր պատրաստում և տեղափոխում Արևմտյան Հայաստան։ Նա նաև առաջիններից էր, որ առաջ քաշեց հայ ժողովրդի բնական դաշնակիցների հետ համագործակցելու պլանը` գտնելով, որ միայնակ պայքարել Օսմանյան կայսրության դեմ գրեթե անհնար է, հարկավոր է ոտքի հանել բալկանյան ժողովուրդներին, ինչպես նաև քրդերին։ Եվ դա անել քրդերի շրջանում` լուսավորություն տարածելով։ Հենց Ռոստոմի անմիջական մասնակցությամբ Բուլղարիայում 1906 թ. հիմնվեց դաշնակցության ռազմական վարժարանը, որտեղ կրթվեցին ազատագրական շարժման շատ նվիրյալներ։ Նա Ֆիլիպեում իր կնոջ` Եղիսաբեթ Շահնազարյանի հետ հայկական դպրոց հիմեց, որտեղ թևածում էր ազգային ոգին ու շունչը։ 1903 թ. նա ակտիվորեն մասնակցեց հայկական դպրոցները փակելու դեմ ծավալված համահայկական պայքարին՝ դառնալով նրա առաջնորդներից մեկը, իսկ 1905-ից ստանձնեց հայ-թաթարական կռիվների ժամանակ հայոց ինքնապաշտպանության ընդհանուր ղեկավարումը։ 1907 թ. ՀՅԴ-ն դարձավ սոցիալիստական ինտերնացիոնալի անդամ, և այդ միջազգային կառույցում կուսակցությունը ներկայացնում էր Ռոստոմը։ Հենց Ռոստոմն էր, որ ՀՅԴ-ի մեջ մտցրեց ոչ միայն Արևմտյան Հայաստանի ազատագրման, այլև առհասարակ հայության սոցիալական ազատագրման գաղափարը և հեղափոխության միջոցով սոցիալիզմին հասնելու մտահղացումը։ Սակայն սոցիալիզմը Ռոստոմի համար սոսկ ներազգային գաղափար չէր։ Երբ Պարսկաստանում սկսվեց հեղափոխությունը` Ռոստոմը դարձավ առաջիններից մեկը, որը կամավոր անդամագրվեց Պարսկական հեղափոխական բանակին և բանակցությունների մեջ մտավ նրա ղեկավարների հետ։ Ապա նա ձեռնամուխ եղավ ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրոշակի» կանոնավոր հրատարակման գործին, ինչը կարևորագույն օղակ էր քարոզչության և ազատամարտի տարածման գործում։ Առհասարակ Ռոստոմը մեծ տեղ էր տալիս գիտությանը և անընդհատ քարոզում էր Հայաստանը դպրոցների խիտ ցանցով պատելու գաղափարը։ 1918 թ. ողբերգական օրերին Ռոստոմը զենքը ձեռքին Բաքվի պաշտպանների կողքին էր` խրամատում։ Բաքվի անկումից հետո նա վերջինը հանձնեց իր դիրքն ու հեռացավ Թիֆլիս։ Նա կենցաղում պարզ էր, առանց որևէ պերճանքի, ցրտին, անձրևին ու ձյունին շարունակ վազվզում էր ծակ կոշիկներով ու քրքրված վերարկուով։ Շարունակական պայքարն ու թափառումներն ի վերջո արեցին իրենց գործը։ Ռոստոմը թոքախտով հիվանդ էր, ինչը երկար տարիներ հյուծում էր նրա մարմինը։ Նա երազում էր վերջապես հանգրվանել ու գործել նորանկախ Հայաստանում։ Սակայն վրա հասավ պատուհասը` մոլեգնող բծավոր տիֆը, ինչն էլ նրան գամեց անկողնուն և խլեց նրա կյանքը։ 1919 թ. հունվարի 18-ի գիշերը՝ իր ծննդյան 52-րդ տարեդարձի օրը նա մահացավ։ Նրա կյանքի հավատամքն էր. «Հեղափոխությունը նախ գործ է, հետո` գաղափար, - ա՛յս է ճշմարտությունը։ Ավելի ճիշտ՝ հեղափոխությունը գործ է գաղափարի համար»:

Գրականություն

  • ,,Դրօշակ՛՛, օրգան Հ. Յ. Դաշնակցութեան, Փարիզ, 1929, թիւ 1-2:
  • Լազեան Գաբրիէլ, Յեղափոխական դէմքեր, Գահիրէ, 1945, էջ 59-76:
  • Վրացեան Սիմոն, Կեանքի ուղիներով, հատ. Ա, Գահիրէ, 1955, հատ. Բ., Պէյրութ, 1960:
  • Ռոստոմ, մահուան վաթսունամեակին առթիւ, խմբ. Հր. Տասնապետեան, Պէյրութ, 1979, 444 էջ, - http://www.historyofarmenia.am/images/menus/361/1.%20Rostom_Mahvan%2060%20amyaki%20artiv.pdf
  • Ռոստոմ, Նամականի, մահուան ութսունամեակին առթիւ, խմբ. Հր. Տասնապետեան, Պէյրութ, 1999:
  • Ավետիսյան Հրանտ, Հայկական հարցը 1918 թվականին, Երևան, 1997:
  • Խուդինյան Գևորգ, ՀՅ Դաշնակցության քննական պատմություն /ակունքներից մինչև 1895 թվականի վերջերը/, Երևան, 2006, - http://www.arfd.info/hy/docs/G%20Khutinian%20-%20HHD%20Qnnakan%20Patmutyun.pdf
  • Գևորգյան Համլետ, Ազատագրական պայքարի Կովկասյան ճակատը, Երևան, 2010, - http://www.historyofarmenia.am/images/menus/1260/Kovkasyan_Chakat.pdf
  • Սերգեյ Մելիք-Յոլչյան, Բաքվի հերոսամարտը, ,,Հայրենիք՛՛ ամսագիր, Բոստոն, 1925, թիւ 9, էջ 97-113:
  • Վարանդեան Միքայէլ, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, ԵՊՀ, 1992, - http://www.historyofarmenia.am/images/menus/116/Dashnak1.pdf
  • Սասունի Կարօ, Թրքահայաստանը Ա աշխարհամարտի ընթացքին /1914-1918/, Պէյրութ, 1966:
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, խմբ. Հր. Տասնապետեան, հատ. Ա, Պէյրութ, 1984, հատ. Բ., Պէյրութ, 1985, հատ. Գ., Պէյրութ, 1976, հատ. Դ., Պէյրութ, 1982, հատ. Ե, խմբ. Եր. Փամպուքեան, Պէյրութ, 2007, հատ. Զ, խմբ. Եր. Փամպուքեան, Պէյրութ, 2010:
  • Փիրումեան Ռուբինա, Հայաստանը ՀՅԴ-բօլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում /1917-1921/, Երեւան, 1997:
  • Էլմար Յ., ՀՅ Դաշնակցութիւնը եւ պարսից սահմանադրական շարժումը, ,,Հայրենիք՛՛ ամս., Բոստոն, 1952, թիւ 1, էջ 33-49, թիւ 2, էջ 90-99, թիւ 3, էջ 40-49:
  • Յուշապատում ՀՅ Դաշնակցութեան. 1890-1950, խմբ. Սիմօն Վրացեան, Պոսթըն, 1950:
  • Եղյան Մարիամ, Ռոստոմի գործունեությունը Կարինում առաջին աշխարհամարտի նախօրեին /1910-1914 թթ./, Հայ հեղափոխական Դաշնակցության հիմնադրման 120 ամյակին նվիրված գիտաժողովի նյութեր, Երևան, 2011, էջ 28-38:
  • Եղյան Մարիամ, Ռոստոմի դերը ՀՅԴ միասնության պահպանման գործում, /1905-1907 թթ./, ,,Բանբեր հայաստանի արխիվների՛՛, Երևան, ՀԱԱ, 2005, թիվ 2, էջ 187-193:
  • Եղյան Մարիամ, Ռոստոմի համագործակցությունը բուլղար հեղափոխականների հետ /1894-1902 թթ./, ,,Կանթեղ՛՛ գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2006, թիվ 1, էջ 230-237:
  • Եղյան Մարիամ, Ռոստոմի քաղաքական դերակատարությունը 1905-1911 թթ. իրանական հեղափոխության մեջ, ,,Իրան նամե՛՛, հատ. 40, Երևան, 2005, էջ 11-18:
  • Հակոբյան Կարապետ, Հայ-բուլղար-մակեդոնական համագործակցության խնդիրը 1895-1907 թթ., ,,Էջմիածին (պաշտօնական ամսագիր Ամենայն հայոց կաթողիկոսութեան Մայր աթոռոյ սրբոյ Էջմիածնի)՚, Վաղարշապատ, 2013, թիւ Ա, էջ 66-82: - http://www.etchmiadzine.am/pdf/e2013/1373349618.pdf

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։