«Կառլոս IV կայսր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
No edit summary
(Տարբերություն չկա)

13:00, 19 հունվարի 2015-ի տարբերակ

Կառլոս IV
Կառլոս IV

Կառլոս IV[1] (1316—1378), Գերմանիայի թագավորը 1346 թ. հուլիսի 11-ից, Չեխիայի թագավորը 1346 թ. օգոստոսի 26-ից (թագադրվել է 1347 թ. սեպտեմբերի 2-ին), Հռոմեական սրբազան կայսրության կայսր 1355 թ. ապրիլի 5-ից։ Լյուքսեմբուրգների դինաստիայից։ Չեխիայում վարել է թագավորական իշխանությունն ամրապնդելու, չեխական մագնատների իրավունքները սահմանափակելու, արհեստները, առևտուրը զարգացնելու քաղաքականություն։ Նրա օրոք մեծացավ Պրագայի դերը, ուր 1348-ին հիմնադրվեց համալսարան, 1344-ին հաստատվեց արքեպիսկոպոսություն, որը նպաստեց Չեխիայի եկեղեցու ինքնուրույնության ամրապնդմանը։ Կառլոս IV-ի կայսերական քաղաքականությունը, որը Ոսկե բուլլայով (տես Ոսկե բուլա 1356) ընդլայնում էր կուրֆյուրստների արտոնությունները, քաղաքականապես ապակենտրոնացնում էր Գերմանիան։

13-րդ դարի երկրորդ կեսից Սրբազան հռոմեական կայսրությունն սկսեց տրոհվել: Նրա կազմի մեջ մտնում էին պետություններ, որոնք փաստացի անկախ էին: Դրանք էին Չեխական թագավորությունը, ինչպես նաև Տոսկանան և Հյուսիսային Իտալիան, իսկ Սիցիլիան դուրս էր եկել նրա կազմից: 1291 թ. առաջացավ ևս մեկ անկախ պետություն` Շվեյցարական միությունը: Գերմանիայում քաղաքական մասնատվածության հետ միասին թուլացել էր թագավորական իշխանությունը, որն օժտված էր լայն իրավունքներով: Գերմանական կայսրերն այդպես էլ չկարողացան հասնել այն բանին, որ երկրում հաստատվի թագավորական իշխանության ժառանգականության սկզբունքը: Եթե թագավորական իշխանությունն անցնում էր հորից որդուն, ապա դրա համար անհրաժեշտ էր տարածքային իշխանների համաձայնությունը, որը ստանալու համար ամեն անգամ նրանց զիջումներ էին անում: Կազմավորվող տարածքային իշխանությունները փոխարինում էին նախկին ցեղային դքսություններին: Գերմանիայում առաջացան մոտ հարյուր տարածքային իշխանություններ, որոնցից ութսունը հոգևոր իշխանություններ էին: Ավատատիրական աստիճանակարգությունում տարածքային իշխանները զբաղեցրին ցեղային դուքսերի տեղը և թագավորի անմիջական վասալներն էին: Նրանց սկսեցին անվանել կայսերական իշխաններ: Նրանք ձեռք բերեցին դրամ հատելու, հարկեր հավաքելու, քաղաքներ հիմնելու իրավասություն: Գերմանիայի քաղաքական մասնատվածությունը իրավաբանորեն ամրապնդվեց Կառլոս IV կայսեր (1346–1378) հրատարակած Ոսկե բուլլայով¦ (1356 թ.): Դրանով հաստատվեց գերմանական թագավորների ընտրության կարգը: Թագավորին պետք է ընտրեր յոթ իշխաններից բաղկացած կոլեգիան: Դրանցից երեքը հոգևոր իշխաններ էին, իսկ չորսը` աշխարհիկ: Բուլլան օրինականացրեց իշխանների անկախությունն իրենց տարածքներում: Քաղաքներին արգելվում էր միություններ կազմել: Բուլլան` որպես կայսրության քաղաքական կյանքը կարգավորող փաստաթուղթ, ուժի մեջ մնաց մինչև 1806 թվական, երբ կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց: Գերմանիայի քաղաքական մասնատվածությունն իր ազդեցությունը թողեց դասային ներկայացուցչական մարմնի` ռայխստագի ձևավորման և գործունեության վրա: Ռայխստագը կայսեր կողմից հրավիրվող ժողով էր, սակայն օրենքներ ընդունելու իրավունք չուներ, այն խորհրդակցական իրավունքներով օժտված մարմին էր:

Աղբյուրներ

  • Համաշխարհային Պատմություն, էջ 23

Ծնոթագրություններ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։