«Բնազդ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
 
Տող 72. Տող 72.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:Նեյրոֆիզիոլոգիա]]

19:16, 1 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Կոնրադ Լորենց
Նիկոլաաս Թինբերգեն 1978

Բնազդ, (լատին․՝ instinktus շարժառիթ) ժառանգական ոչ պայմանական ռեակցիաների ամբողջություն, վարքի բնածին հարմարվողական ձև, որը հատուկ է տվյալ կենդանատեսակին: Դրսևորվում է այն ժամանակ, երբ կենդանին կամ մարդը հայտնվում է համապատասխան իրադրության մեջ:[1][2]

Ներկայումս բնազդի նշանակման համար ընդունված են հետևյալ հասկացությունները` տեսակային վարք, ստերեոտիպային վարք, բնածին վարք, ժառանգականությամբ ծրագրավորված վարք, ֆիքսված գործողությունների համալիր:

Առանձնահատկությունները

  1. Բնազդային վարքը խիստ հարմարված է և չի պահանջում նախնական ուսուցում: Օրինակ` կապիկները բնածին վախ են տածում օձերի նկատմամբ:
  2. Կենդանիների բնազդների իմացությունը հնարավորություն է տալիս կառավարել նրանց: Բնազդային վարքը տեսակային է, այսինքն` բնորոշ է տվյալ տեսակի բոլոր կենդանիներին: Որոշ դեպքերում այդ հատկությունը կիրառում են կենդանիների կարգաբանության պարզաբանման համար:
  3. Բնազդային շարժումները ծրագրավորված են գեներով և դրսևորվում են կենդանու անհատական զարգացման ընթացքում` անկախ կենդանու փորձից:

Յուրաքանչյուր բնազդ կազմված է շղթայական ռեակցիաներից, որտեղ մեկ օղակի վերջը մյուսի սկիզբն է: Դրանք ծառայում են կենսաբանական պահանջմունքների բավարարման միջոցով տեսակի ինքնապահպանմանը:

Տեսակները

Բնազդների դասակարգման համար կան տարբեր մոտեցումներ: Ըստ առավել տարածված մոտեցման, բնազդները լինում են`

  • սննդային,
  • պաշտպանական,
  • սեռական,
  • ծնողական,
  • խմբային:

Կենդանիների և մարդու զարգացման տարբեր շրջաններում` նորածնությունից մինչև հասունություն, բնազդները փոխվում են, որոշ բնազդներ անհետանում են և դրանց փոխարեն ի հայտ են գալիս նորերը: Օրինակ` ծծելու ռեֆլեքսը փոխվում է սնունդ հայթայթելու ռեֆլեքսով, առաջանում են սեռական, ծնողական և այլ բնազդներ: Բարձրակարգ կենդանիների` հատկապես մարդկանց բնազդային գործունեությունը այս կամ այն չափով ենթարկվում է գիտակցությանը:

Բնազդային վարքագծի գործոնները

Տարբերում են բնազդային վարքագծի արտաքին և ներքին գործոններ: Բնազդային վարքագծի ներքին գործոններն են` հոմեոստազը և կենսառիթմերը: Կենդանի օրգանիզմը միշտ ձգտում է պահպանել ներքին միջավայրի հարաբերական կայունությունը, իսկ վերջինիս ցանկացած շեղում գործարկում է այն մեխանիզմները, որոնք վերականգնում են հավասարակշռությունը: Բնազդային վարքագծի արտաքին գործոններն արտաքին միջավայրի հիմնական գրգռիչներն են:

Բնազդների հետազոտման մեթոդները

  • Դիտարկման և գրանցման մեթոդ

Ամենատարածված եղանակներից է, սական այն հնարավորություն չի տալիս պարզել բնազդի ծագումը, դրա ֆիզիոլոգիական մեխանիզմները և այլ ցուցանիշներ: Այս մեթոդը ենթադրում է ինչպես կենդանիների ուղղակի դիտարկում, այնպես էլ փորձի ընթացքում հետազոտվող կենդանիների առջև զանազան խնդիրների առաջադրում: Բացի դիտարկումից, կարևոր է նաև վարքի գրանցումը, որը կատարվում է տեսա- և ֆոտոխցիկներով, ֆիզիկաքիմիական եղանակներով: Վարքի դիտարկման հարցում մեծ դեր է խաղում որոշակի իրավիճակում կենդանու շարժողական ակտիվության հաջորդական հետազոտումն ու գրանցումը (էթոգիր):[3]

  • Ժամանակաչափման (քրոնոմետրաժի) մեթոդ

Կատարվում է բնազդային վարքի առանձին շարժողական գործողությունների ժամանակի գրանցում տեսողական կամ հատուկ սարքավորումներով:

  • Նորածնի մեկուսացման մեթոդ

Այս մեթոդը հնարավորություն է տալիս պարզել վարքագծի բնածին տարրերը` անկախ դաստիարակման և արտաքին միջավայրի ազդեցությունից:

  • Խրտվիլակների օգտագործման մեթոդ

Այս մեթոդի ժամանակ օգտագործում են տարբեր տեսակի խրտվիլակներ և մուլյաժներ, որոնք նմանակում են ինչպես կենդանիներին և բույսերին, այնպես էլ կերը, հոտը, ձայնը և բնական գրգռիչները:

  • Գլխուղեղի առանձին հատվածների քայքայում կամ գրգռում

Այս մեթոդի կիրառության հնարավորությունները մեծացել են հատկապես վերջին ժամանակներս` կապված նյարդաֆիզիոլոգիայի զարգացման հետ:

Լորենցի հիդրավլիկ մոդելի գծապատկերը. 1. ծորակ, 2. պահեստարան, 3. փական, 4. զսպանակ, 5. կշեռքի թաս, 6. սկուտեղ, 7. սանդղակ

Լորենցի հիդրավլիկ մոդել

Բնազդների իրագործումը բացատրելու համար Կոնրադ Լորենցն առաջարկել է մի մոդել, որը հայտնի է «հիդրավլիկ մոդել» անունով:

Շարժառիթի (օրինակ` կենդանուն սննդից զրկելու դեպքում) ուժեղացման դեպքում կուտակվում է «գործունեության յուրահատուկ էներգիա»: Մոդելում այն ներկայացված է որպես ջրամանում ջրի աստիճանաբար կուտակում: Ջրամանից ջրի դուրս գալն իրենից ներկայացնում է կենդանու ակտիվությունը: Ջրամանի ելքը փակված է զսպանակով հարմարված փականով:

Փականը կարող է բացվել մի քանի եղանակներով: Առաջինը` կշեռքի թասի վրա տարբեր ծանրությունների տեղադրումն է, որը համապատասխանում է տարբեր արտաքին գրգռիչների ազդեցությանը: Երկրորդը` ջրամանում ջրի բավականաչափ կուտակումն է: Փականի բացումը հնարավոր է նաև այն դեպքում, եթե ջրի և ծանրության գումարային ճնշումը գերազանցում է զսպանակով փականի փակման ուժին: Իսկ կենդանու ակտիվության դրսևորման տարբեր աստիճանները մոդելում ներկայացված են սկուտեղի թեք հարթակի տարբեր աստիճանների վրա տեղադրված անցքերով: Մոդելն ակնառու ձևով ցույց է տալիս բնազդային գործողության թողարկման գործում արտաքին գրգռիչների և ներքին «գործողության պոտենցիալի» փոխհարաբերությունը:[4] Չնայած իր առավելություններին` հիդրավլիկ մոդելն ունի որոշ թերություններ, որոնք նույնիսկ Լորենցն է ընդունել: Այսպես` այն չի բացատրում վարքի փոփոխականությունը, ինչպես նաև կան այն մերժող տեսություններ:[5]

Թինբերգենի հիերարխիկ տեսություն

Կատարելով բազմաթիվ հետազոտություններ և զարգացնելով Կոնրադ Լորենցի տեսակետները` հոլանդացի գիտնական Նիկոլաաս Թինբերգենն առաջ քաշեց առանձին վարքագծային ռեակցիաները կառավարող կենտրոնների հիերարխիայի սկզբունքը, որն անվանեց «վարքի հիերարխիկ մոդել»: Համաձայն այդ տեսության` բնազդն իրենից ներկայացնում է վարքագծային գործողությունների ավարտուն հիերարխիկ համակարգ, որը որոշակի գրգիռներին պատասխանում է խիստ համակարգված գործողությունների համալիրով: Այսպես` հիերարխիկ շարքում բարձր ակտիվության, օրինակ` բազմացման համար պատասխանատու «էներգիան» առաջ կբերի այնպիսի մի շարք «ենթակա» ակտիվությունների դրսևորում, ինչպիսիք են` բնի կառուցումը, ամուսնական, իսկ հետագայում` ծնողական վարքը և այլն:[6][7]

Լորենց-Թինբերգենի հիմնական դրույթները բնազդային վարքի վերաբերյալ

  • Յուրաքանչյուր բնազդի համապատասխանում է իր էներգիան:
  • Յուրաքանչյուր բնազդի կարգավորումն իրականացվում է ուղեղում գտնվող բնազդի կենտրոնի կողմից:
  • Բնազդների կենտրոնները կազմակերպված են հիերարխիայի սկզբունքով. առավել բարձր կենտրոնի «միացումը» իր հետևից բերում է ենթակա կենտրոնների «թողարկում»:
  • Բնազդային գործողությունների «թողարկումը» ճնշվում է արգելակող պրոցեսներով:
  • Բնազդների կենտրոնների ապաարգելակումը կատարվում է կամ ազդանշանային գրգռիչների (ռելիզերներ) միջոցով, կամ էլ ինքնակամ ձևով:
  • Բնազդային գործողությունների կատարումը որոշ ժամանակով առաջ է բերում տվյալ բնազդային գործունեության «ինքնահյուծման»:
  • Ռելիզերների նկատմամբ տվյալ բնազդային ակտիվության զգայնությունը հակադարձ համեմատական է այդ ակտիվության իրագործման վաղեմությանը:

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Mandal, F. B. (2010). Textbook of Animal Behaviour. PHI Learning. p. 47. ISBN 978-81-203-4035-0.
  2. McCullough, Michael. 2010. Beyond revenge: the evolution of the forgiveness instinct. The Journal of Positive Psychology.
  3. Хайнд Р. Поведение животных. Синтез этологии и сравнительной психологии / под. ред. к.б.н. З.А. Зорина и к.б.н. И.И. Полетаевой. — Москва: "Мир", 1975.
  4. Lorenz, Konrad (1977). Behind the Mirror: A Search for a Natural History of Human Knowledge. New York: Harcourt Brace Jovanovich. ISBN 0-15-111699-7.
  5. Ламарк. Философия зоологии. — Москва, Ленинград, 1937. — Т. 2. — P. 325. цит. по Фабри К.Э. Основы зоопсихологии: Учебник для студентов высших учебных заведений, . — 3-е. — Москва: Российское психологическое общество, 1999. — 464 с.
  6. Фабри К.Э. Основы зоопсихологии: Учебник для студентов высших учебных заведений,. — 3-е. — Москва: Российское психологическое общество, 1999. — 464 с. — ISBN 5-89573-051-5.
  7. Сотская М.Н. Зоопсихология и сравнительная психология. (рус.) Глава 1. — Электронный учебник. Проверено 6 сентября 2010. Архивировано из первоисточника 22 августа 2011