Ախալքալաք[1] (վրաց.՝ ახალქალაქი, թարգմանաբար՝ նոր քաղաք), քաղաք Վրաստանում, Սամցխե-Ջավախք նահանգի կազմի մեջ մտնող համանուն շրջանի շրջկենտրոն, Ջավախք երկրամասի (պատմական Մեծ ՀայքիԳուգարք նահանգի Վերին Ջավախք գավառի տարածք) կենտրոն։ Ըստ 2009 թ. պաշտոնական տվյալների քաղաքի բնակչության 9,4 հազար մարդ է[2], որից 90%-ը կազմում են հայերը։ Աշխարհագրական տեսանկյունից տեղակայված է Ախալքալաքի սարավանդում, Փարվանա գետի ավազանում։
Քաղաքի պատմությունը
Ախալքալաքը հիշատակվում է 12-րդ դարի վերջերից ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների՝ վրաց Թամար թագուհու կողմից հայ Զաքարյաններին՝ որպես ժառանգական կալվածք փոխանցելու կապակցությամբ։ 1637 թ. քաղաքը գրավում են օսմանյան թուրքերը, իսկ 1829 թ. այն անցնում է Ռուսական կայսրության տիրապետության տակ։ 1830-ական թթ. Ախալքալաք քաղաք և գավառ են տեղափոխվում Էրզրումից գաղթած հազարավոր հայեր, որոնք հիմնադրում են 50 գյուղ[3]։ 19-րդ դարի ընթացքում Ախալքալաքը դառնում է արհեստավորական կենտրոն, իսկ գավառի գյուղերը սկսում են կարևոր դեր խաղալ Անդրկովկասում հացահատիկի ու մսամթերքի արտադրության բնագավառում։ 1830-ական թթ. սկզբներին Ախալքալաքում բացվում է Մեսրոպյան ծխական արական դպրոցը։ 1918 թ. մայիսին Անդրկովկաս կատարած թուրքական արշավանքի պատճառով քաղաքի և գավառի բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթում է Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան։ Գաղթած 80 հազար հայերից 35-40 հազարը զոհվում է։[4]։ Հայաստանի և Վրաստանի խորհրդայնացումից հետո, 1921 թ. նոյեմբերի 6-ին երկու խորհրդային հանրապետությունների միջև պայմանագիր է կնքվում, որի համաձայն Ախալքալաքն ու գավառը անցնում են Վրաստանին։