«Ատամների ոսկրափուտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 1. Տող 1.
'''Ատամների ոսկրափուտ''' տարածված հիվանդություն, որի դեպքում ատամի կարծր [[հյուսվածքներ|հյուսվածքները]] փափկում և քայքայվում են՝ առաջացնելով խոռոչ:
'''Ատամների ոսկրափուտ''' տարածված հիվանդություն ({{lang-lat|caries}}՝ նեխում), որի դեպքում ատամի կարծր [[հյուսվածքներ|հյուսվածքները]] փափկում և քայքայվում են՝ առաջացնելով խոռոչ:
Առաջանում է երիտասարդ տարիքում:
Առաջանում է երիտասարդ տարիքում:
==Պատճառ==
==Պատճառ==

09:57, 27 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Ատամների ոսկրափուտ տարածված հիվանդություն (լատին․՝ caries՝ նեխում), որի դեպքում ատամի կարծր հյուսվածքները փափկում և քայքայվում են՝ առաջացնելով խոռոչ: Առաջանում է երիտասարդ տարիքում:

Պատճառ

Երեխաների ատամներից հաճախ ախտահարվում են առաջին մնայուն մեծ աղորիքները: Հիվանդության պատճառները վերջնականապես պարզված չեն: Հաստատված է, որ ատամների ոսկրափուտին նպաստում է ոչ ճիշտ սնուցումը, մեծ քանակությամբ շաքարի օգտագործումը, քաղցր խմորեղենը, սննդում վիտամինների, կալցիումի և ֆոսֆորի անբավարարությունը, սննդի օրաբաժնում հում բանջարեղենի և մրգերի (որոնք ծամելիս ատամներն ինքնամաքրվում են) բացակայությունը: Նպաստում է նաև ատամների վատ խնամքը:

Ատամները պտղի օրգանիզմում սաղմնադրվում են ներարգանդային կյանքի 6-8-րդ շաբաթում, ուստի երեխաների ատամների ոսկրափուտին նպաստում են հղիության ընթացքում մոր ոչ ճիշտ սնուցումը և կրած հիվանդությունները: Աշխարհագրական որոշ շրջանների բնական ջրերում և հետևապես խմելու ջրում նկատվում է ֆտորի անբավարարություն, որի հետևանքով ատամների ոսկրափուտով երեխաների հիվանդացությունը բարձր է: Ատամների ոսկրափուտի արագ խորացումը, հատկապես մանկական տարիքում, նկատվում է նաև տենդային և ծանր վարակիչ հիվանդությունների, սննդում վիտամինների անբավարարության ժամանակ, ինչպես նաև սեռական հասունացման (հատկապես՝ աղջիկների) շրջանում: Հաճախ ատամների ոսկրափուտի առաջացումը կապված է հղիության հետ, որը պայմանավորված է կնոջ օրգանիզմի ֆիզիոլոգիական վերակառուցմամբ, ներզատիչ գեղձերի գործունեության փոփոխություններով, նյութափոխանակության խանգարումներով, ինչպես նաև պտղի կմախքի կառուցման համար անհրաժեշտ կալցիումի բարձր պահանջով:

Ախտանիշներ

Ատամների ոսկրափուտի սկիզբը սովորաբար մնում է աննկատ, քանի որ այն ընթանում է գրեթե անախտանշան, երբեմն միայն կարելի է ատամի պսակի վրա նշմարել կրանման կամ դեղնավուն բիծ, որն արծնի՝ ատամի մակերեսային և ամենակարծր հյուսվածքի փոփոխության նշան է: Հետագայում այդ հատվածում արծնը փափկում է, որը, որպես կանոն, բժիշկը կարող է հայտնաբերել միայն ատամնաբուժական հատուկ գործիքով: Այդպիսի թերությունը կոչվում է մակերեսային ոսկրափուտ: Այդ շրջանում ատամում առաջանում է ցավային զգացողություն քաղցրից, թթվից և ատամները խոզանակով մաքրելիս: Ոսկրափուտն, աստիճանաբար խորանալով, ախտահարում է գենտինը (միջին ոսկրափուտ): Հետագայում ատամի գենտինը փափկում է, ատամը ցավում է ոսկրափուտային խոռոչը սնունդ ընկնելիս, սառից, տաք ջրից: Գրգռիչը հեռացնելուց հետո ատամի ցավն անմիջապես անցնում է (խորը ոսկրափուտ): Ժամանակին բժշկի չդիմելու և ոսկրափուտի խորացումը չկանխելու դեպքում արծնի և գենտինի քայքայմանը մասնակցող մանրէները թափանցում են ատամի կակղենի և առաջացնում կակղենու բորբոքում: Վերջինս չբուժելու դեպքում հետագա բարդությունների՝ ատամի արմատը շրջապատող հյուսվածքի բորբոքման (հարատամնաբորբի) պատճառ է դառնում:

Դպրոցական տարիքի երեխաների կաթնատամների և մնայուն ատամների ոսկրափուտն ընթանում է ավելի արագ, քան հասուն մարդկանցը: Ատամը քայքայվում է 1-1,5 տարվա ընթացքում, արագ առաջանում են բարդություններ, երբեմն քայքայումը շարունակվում է նաև ատամնալիցքի տակ: Դա պայմանավորված է երեխաների ատամների կրակալման անբավարարությամբ և մանրէների ազդեցության հանդեպ անկայունությամբ:

Բուժում

Բուժում է ստոմատոլոգը: Այն հարկավոր է սկսել որքան հնարավոր է արագ, մինչև ոսկրափուտային խոռոչի առաջացումը. կարելի է ժամանակին հայտնաբերել կանխարգելիչ զննումներով: Բուժում են՝ ատամի ոսկրափուտային խոռոչը հատուկ մշակելով և ատամնալիցք անելով: Կանխարգելումը հարկավոր է սկսել դեռևս հղիության շրջանում, անհրաժեշտ է կանխել և ժամանակին բուժել հղի կնոջ հիվանդությունները, սնունդն ապահովել անհրաժեշտ քանակությամբ սպիտակուցներով, ճարպերով, ածխաջրերով, վիտամիններով և հանքային աղերով՝ հատկապես կալցիումով և ֆոսֆորով, որոնք ծախսվում են պտղի կմախքի կառուցման վրա և կարևոր են հղի կնոջ օրգանիզմում նյութափոխանակության համար: Այս բոլորը խիստ կարևոր են ատամների ճիշտ սաղմնավորման և հետագա ձևավորման համար: Զանգվածային կանխարգելման հիմնական ձևը արտադրությունում աշխատող մարդկանց որոշակի խմբերի, դպրոցական, մանկապարտեզի երեխաների, հղի կանանց բերանի խոռոչի հիվանդությունների բուժումն է: Բերանի խոռոչի բուժումը բնակչության դիսպանսերացման բաժիններից է:

Խմելու ջրում ֆտորի անբավարարության դեպքում կատարում են ջրի ֆտորացում (ատամները մշակում ֆտորային մածուկներով, նշանակում հակաոսկրափուտային սննդակարգ), իսկ ավելցուկի դեպքում (կարող է քայքայել արծնը)՝ ջրի աղբյուրների ֆտորազերծում: