«Տնտեսագիտության տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 53. Տող 53.
*Ջոն Նեվիլ Քեյնս «Քաղաքատնտեսության առարկան և մեթոդը»
*Ջոն Նեվիլ Քեյնս «Քաղաքատնտեսության առարկան և մեթոդը»
*Օգյուստ Կոնտ (1798-1857)
*Օգյուստ Կոնտ (1798-1857)
*Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Եր.: Տնտեսագետ, 2008.- 172 էջ

*Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.` տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի.-Եր., Տնտեսագետ, 2009.- 752 էջ:
[[Կատեգորիա:Տնտեսագիտություն]]
[[Կատեգորիա:Տնտեսագիտություն]]

07:19, 25 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-18 09:34:50 ֆորմատով

Տնտեսագիտության տեսություն, հասարակական գիտություն։ Տնտեսագիտության տեսություն առարկայի մասին պատկերացումները փոխվել են տնտեսական հարաբերությունների զարգացման ու տնտեսական գիտելիքների խորացմանը զուգընթաց։ Համարվում է, որ տնտեսագիտության տեսության առարկան կապված է մարդկանց տրամադրության տակ եղած ռեսուրսների սակավության և սահմանափակության հետ։ Տնտեսագետները ռեսուրսների սակավության կամ սահմանափակության տակ հասկանում են դրանց անբավարարությունը մարդկային բազմապիսի և բազմտիպ նպատակներին հասնելու համար։ Այդ դեպքում ենթադրվում է նաև, որ մարդկանց պահանջմունքները /իրենց զարգացման մեջ/, որոնք ընկած են մարդկային նպատակների հիմքում, սկզբունքայնորեն անսահմանափակ են։ Մարդկանց պահանջմունքները անսահմանափակ են և դրանց բավարարումը ռեսուրսների սահմանափակության պայմաններում առաջ է բերում ընտրության կամ այլըտրանքի խնդիրը՝ այսինքն նպատակների և ռեսուրսների օգտագործման տարբերակների ընտրության խնդիրը։ Ի վերջո մարդիկ ձգտում են առավելագույնս բավարարել իրենց պահանջմունքներն, ինչի պատճառով էլ մտնում են որոշակի հարաբերությունների մեջ։

Տնտեսագիտության տեսության ուսումնասիրությունը

Տնտեսագիտության տեսությունը ուսումնասիրում է մարդկանց տնտեսական վարքագիծը, այսինքն մարդկանց այն գործողությունները, որոնք առնչվում են արտադրության, բաշխման, փոխանակման և նյութական և ոչ նյութական բարիքների սպառման հետ մարդկային տնտեսական գործունեություն։ Մարդկանց տնտեսական գործունեությունը կարելի է սահմանել որպես գործունեություն, որն ուղղված է բարիքների հայթայթմանը կամ ձեռքբերմանը և ներառում է արտադրության, փոխանակության, բաշխման, և սպառման գործընթացները՝ հետևաբար նաև հարաբերությունները։

Տնտեսագիտության տեսության սահմանումը

Գոյություն ունեն տնտեսագիտության տեսության առարկայի բազմաթիվ սահմանումներ, որոնցից են՝

  • Տնտեսագիտության տեսությունը գիտություն է հարստության մասին։
  • Տնտեսագիտության տեսությունը գիտություն է, որն ուսումնասիրում է մարդկանց վարքագիծը կախված նրանց նպատակներից և սահմանափակ ռեսուրսների օգտագործման հնարավորությունների համապատասխանելիությունից։
  • Տնտեսագիտության տեսությունը գիտություն է արտադրության գործընթացում մրդկանց միջև առաջացող արտադրական հարաբերությունների մասին։

Սակայն կարելի է ասել որ, տնտեսագիտությունն ուսումնասիրում է մարդկանց տնտեսական գործունեությունն, այսինքն տարբեր նյութական և ոչ նյութական բարիքների արտադրության, փոխանակության, բաշխման և սպասարկման հարաբերությունները, որոնք առաջ են գալիս նպատակների և սահմանափակ ռեսուրսների օգտագործման տարբերակների այլընտրանքների պայմաններում։

Տնտեսագիտության տեսության գործառույթներ

Տնտեսագիտության տեսությունը հնարավորություն է տալիս բացահայտելու սահմանափակ ռեսուրսների օգտագործման պայմաններում ձևավորված բազմաթիվ տնտեսական երևույթների` արժեք, գին, փող, կապիտալ, աշխատավարձ, տոկոս, շահույթ, ռենտա, գործազրկություն, տնտեսական աճ և անկում, սպառում, խնայողություն, ներդրում, հարկ, վարկ, ինչպես նաև բազմաթիվ կառույցների, օրինակ` արդյունքների, արժեթղթերի, փողի, կապիտալի, աշխատանքի, հողի շուկայի, բանկի, բորսայի բովանդակությունը: Այդ հասկացությունները և կառույցները ձևավորվել են հասարակության պատմական զարգացման որոշակի փուլում և ունեն իրենց բուն պատճառները: Այս երևույթները տնտեսական կյանքում որոշակի դերակատարություն ունեն: Այս ճանապարհով տնտեսագիտության տեսությունը բացահայտում է տնտեսական կյանքում տեղի ունեցող բազմաթիվ երևույթների (աշխատավարձ, տոկոս, շահույթ, ռենտա, ինֆլյացիա, գործազրկություն և այլն) բնույթը և դրանց միջև գոյություն ունեցող փոխառնչությունները: Տնտեսագիտության տեսության հիմնական գործառույթներն են՝ ճանաչողական, աշխարհայացքային, մեթոդաբանական։

Ճանաչողական գործառույթ

Տնտեսագիտության տեսության միջոցով բացահայտվում է տնտեսական երևույթների բովանդակությունը: Այս գիտության հետազոտության արդյունքները օգտագործվում են մյուս տնտեսական գիտությունների (ֆինանսներ, հաշվապահական հաշվառում, կառավարում, աշխատանքի տնտեսագիտություն, բնօգտագործման տնտեսագիտություն, շուկայագիտություն և այլն) կողմից: Տնտեսագիտության տեսությունը նախևառաջ ունի ճանաչողական գործառույթ: Այդ ճանապարհով ձեռք են բերվում գիտելիքներ, խորացվում են իմացության սահմանները, որոնք ձևավորում են համընդհանուր պատկերացում հասարակության զարգացման մի կարևորագույն ոլորտի` տնտեսական կյանքի մասին, ինչը գտնվում է անընդհատ փոփոխության մեջ:

Աշխարհայացքային գործառույթ

Տնտեսագիտության տեսությունն ունի նաև աշխարհայացքային գործառույթ։ Տնտեսական երևույթների, դրանց զարգացման միտումների և ներքին օրինաչափությունների մասին համընդհանուր պատկերացումները դառնում են հիմք մարդու աշխարհայացքի ձևավորման համար: Աշխարհայացքը հայացքների, տեսակետների և համոզմունքների ամբողջությունն է: Տնտեսագիտության տեսության միջոցով ձևավորվում են մարդկանց համոզմունքները տնտեսական երևույթների օրինաչափությունների, հասարակության զարգացման գործում դրանց ունեցած էական դերակատարության, կենսագործունեության մյուս ոլորտների վրա ունեցած ազդեցության մասին:

Մեթոդաբանական գործառույթ

Տնտեսագիտության տեսությունն ունի նաև մեթոդաբանական գործառույթ։ Մեթոդաբանություն հասկացությունը նշանակում է հետազոտության եղանակների ամբողջություն կամ «գիտություն մեթոդների մասին»: Մեթոդաբանությունը «կոչված է լուծելու հիմնական հարցը. իրականության ճանաչողության ինչպիսի գիտական եղանակների, հնարքների օգնությամբ է տնտեսագիտության տեսությունը հասնում այս կամ այն տնտեսական համակարգի գործառնության և հետագա զարգացման ճշմարտացի լուսաբանմանը»: Այս տեսանկյունից կարևոր է, թե ինչ ելակետային մոտեցումներ են կիրառվում ուսումնասիրության ժամանակ, որոնք ազդում են մեթոդների, հետևապես և մեթոդաբանության ընտրության վրա: Երևույթների ճանաչողությունը բարդ գործընթաց է: Բոլոր գիտությունների, այդ թվում նաև տնտեսագիտության պարագայում կիրառելի է մեթոդաբանության վերաբերյալ վերոնշյալ բնորոշումը, որը դառնում է ընդհանրական մյուս բոլոր տնտեսական գիտությունների համար:

Տնտեսագիտության տեսության մեթոդներ

Տնտեսությունը արտադրողների և սպառողների փոխհարաբերության վրա կառուցված համակարգ է: Դրա բնույթը և ներքին օրինաչափությունները բացահայտելու համար օգտագործվում են ճանաչողության մի շարք մեթոդներ կամ եղանակներ:

Գիտական վերացարկման (աբստրահման) մեթոդ

Ճանաչողության ընթացքում երևույթի բուն էությունը բացահայտելու համար պետք է անտեսել ոչ էական կամ երկրորդական հատկանիշները: Իրական կյանքում մարդիկ գործ ունենք բազմաթիվ երևույթների հետ գին, փող, աշխատավարձ և այլն, որոնք ունեն մի շարք հատկանիշներ: Գիտական վերացարկման մեթոդը պատասխանում է հետևյալ հարցերին ի՞նչ է իրենից ներկայացնում աշխատավարձը, որո՞նք են դրա գործառույթները, ինչու՞ աշխատավարձի մակարդակը կայուն չէ և այլն: Այս հարցերի պատասխանները տրվում են վերացարկման մեթոդի կիրառման միջոցով: Նույնը վերաբերում է մյուս երևույթներին` գնին, փողին, կապիտալին և այլն: Բոլոր արդյունքներն ունեն գին, որն արտահայտվում է դրամական միավորի (դրամ, դոլար, եվրո)որոշակի քանակությամբ 10 դրամ, 20 դոլար, 5 եվրո և այլն: Գիտական վերացարկման մեթոդը կիրառվում է բոլոր գիտություններում: Մաթեմատիկայում ցանկացած թվերի շարք, ֆունկցիա, թեորեմ գիտական վերացարկման արդյունք են. y=ƒ(x): Այս ֆունկցիոնալ կախվածության մեջ չի նշվում, թե x անկախ և y կախյալ փոփոխականները ինչպիսի երևույթների փոխհարաբերությանն են վերաբերում:

Վերլուծության (անալիզի) մեթոդ

Որևէ երևույթ տարբեր բաղադրամասերի ամբողջություն է: Օրինակ` մարդը` որպես կենդանի օրգանիզմ, իր տարբեր օրգանների փոխհարաբերությունների ամբողջությունն է: Մարդու անատոմիան ուսումնասիրում է նրա առանձին օրգանները, բացահայտում դրանց գործառույթները: Հասարակությունը` որպես մեկ ամբողջություն, բաղկացած է տարբեր սոցիալական խմբերից, քաղաքական և պետական հաստատություններից, կրթական և գիտական կենտրոններից, արտադրության տարբեր ոլորտներից և այլն: Ճանաչողության ժամանակ դրանք ուսումնասիրվում են առանձին, բացահայտվում են յուրաքանչյուրի դերն ու գործառույթները հասարակական կյանքում: Որևէ նյութի հատկություններն ուսումնասիրելիս այն բաժանում են մասերի (մոլեկուլների, ատոմների), բացահայտում դրանցից յուրաքանչյուրի հատկությունները: Ճանաչողության այս եղանակը կոչվում է վերլուծության մեթոդ:

Համադրության (սինթեզի) մեթոդ

Այս մեթոդի միջոցով ուսումնասիրվող երևույթը դիտարկվում է դրա տարբեր բաղադրամասերի` արդեն հայտնի հատկությունների ներքին փոխհարաբերության կամ միասնության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ճանաչելու երևույթի բուն էությունը` իբրև մեկ ամբողջություն: Այս տեսանկյունից համադրության մեթոդի կիրառումը պարունակում է փոխադարձ ազդեցությունների բարդ համակցություն: Համադրության մեթոդի միջոցով առանձին բաղադրամասերի փոխադարձ ազդեցության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու երևույթի վարքագիծը: Եթե այդ բաղադրամասերից որևէ մեկը փոփոխություն է կրում, ապա դա անմիջապես ազդում է ընդհանուր վարքագծի վրա: Երևույթի ընդհանուր հատկանիշն, իր հերթին, հակադարձ կապի սկզբունքով ներգործում է առանձին բաղադրամասերի վարքագծի վրա: Վերլուծության և համադրության մեթոդների միջոցով բացահայտվում են որևէ համակարգի (այդ թվում` նաև տնտեսական) օրինաչափությունները: Դրանից հետո հասարակության տարբեր հաստատություններ դիտարկվում են փոխադարձ ազդեցության և միասնության մեջ, որի արդյունքում հնարավոր է ուսումնասիրել դրանց բնույթը, ինչը ներկայացվում է տարբեր բնութագրումներով` ամբողջատիրական, բռնատիրական, ժողովրդավարական հասարակարգեր:

Մակածության (ինդուկցիայի) մեթոդ

Այս մեթոդի էությունն այն է, որ մասնավոր դեպքերից կատարվում են ընդհանրացումներ, ինչը բնորոշ է տվյալ երևույթին: Օրինակ` ուսումնասիրելով առանձին մարդկանց հոգեբանությունը, ձգտումները, բարոյական վարքագիծը, պահանջմունքների բնույթը, պարզ է դառնում, որ մարդուն բնորոշ են հոգեբանական և բարոյական վարքագծի մի շարք սկզբունքներ, որոնք ընդհանրական են բոլորի համար: Մակածության մեթոդը կիրառելի է ցանկացած երևույթի ճանաչողության համար: Բոլոր արդյունքները ունեն գին: Նշված մեթոդի միջոցով պարզվում է, թե ո՞րն է ընդհանրականը բոլոր արդյունքների գնի առումով, կամ ինչպե՞ս է ձևավորվում գինը: Դրա արդյունքում պարզվում է գին հասկացության էությունը:

Արտածման (դեդուկցիայի) մեթոդ

Այս մեթոդը մակածության հակառակ գործընթացն է․ ընդհանրական հատկանիշների բացահայտումից հետո ուսումնասիրվում են դրանց դրսևորումները մասնակի դեպքերում: Ըստ մակածության մեթոդի` ընդհանրականից պետք է հանգել մասնավորին: Այսպես` բացահայտելով մարդու պահանջմունքների բնույթը, առանձին սոցիալական խմբերի կամ առանձին անհատների տեսանկյունից դիտարկվում են դրանց որոշակի դրսևորումները: Պարզվում է, որ հավատացյալների կամ մտավորականների համար գերակշռում են հոգևոր պահանջմունքները` ի տարբերություն մյուս սոցիալական խմբերի: Կամ որևէ անհատ գերադասում է զբաղվել հոգևոր ոլորտի գործունեությամբ, իսկ մյուսը` զուտ տնտեսական: Այստեղ էական դեր է ունենում անձի գերադասելիությունը այս կամ այն պահանջմունքի նկատմամբ:

Համանմանության (անալոգիայի) մեթոդ

Ըստ այս մեթոդի՝ որևէ գիտության մեջ բացահայտված օրինաչափությունը կիրառվում է մեկ այլ գիտության մեջ: Oրինակ` մարդու ռացիոնալ և իռացիոնալ վարքագիծը համեմատվում է մյուս գիտությունների (մաթեմատիկա, փիլիսոփայություն) համապատասխան հասկացությունների հետ: Կամ, օրինակ, ֆիզիկայի հավասարակշռության ուսմունքը նույնականացվում է տնտեսագիտության հավասարակշռության տեսության հետ: Արդյունքների փոխանակության համարժեքության սկզբունքը համեմատվում է Նյուտոնի երրորդ օրենքի հետ, համաձայն որի` ազդեցությունը հավասար է հակազդեցությանը (F=-F): Դրամաշրջանառությունը համեմատվում է մարդու արյան շրջանառության հետ և այլն:

Այլ հավասար պայմանների մեթոդ

Երևույթները միմյանց նկատմամբ գտնվում են փոխադարձ կապի և ազդեցության մեջ: Որևէ երևույթ մեկուսի հնարավոր չէ ուսումնասիրել: Այս հանգամանքը ճանաչողության ընթացքում ստեղծում է լուրջ դժվարություններ, որի պատժառով անհրաժեշտություն է առաջանում վերացարկման միջոցով նախևառաջ տվյալ երևույթն ուսումնասիրել մյուսների անփոփոխության պայմաններում: Կատարվում է որոշակի ենթադրություն այս կամ այն գործոնի անփոփոխության պարագայում: Օրինակ` եթե անհրաժեշտ է պարզել աշխատավարձի մակարդակի և գների փոխհարաբերությունը, ապա մյուս գործոնները, որոնք նույնպես կարող են ազդել աշխատավարձի վրա, մնում են անփոփոխ: Այսպիսով` կիրառվում է այլ հավասար պայմանների մեթոդը։

Մաթեմատիկական մեթոդ

Տնտեսական երևույթները գտնվում են սերտ փոխհարաբերության մեջ: Օրինակ` գնի բարձրացումը հանգեցնում է պահանջարկի նվազման: Աշխատավարձի նվազումը փոքրացնում է աշխատողների նյութական շահագրգռվածությունը: Այսինքն` տնտեսական երևույթների միջև առկա է ֆունկցիոնալ կախվածություն: Տվյալ դեպքում պահանջարկի փոփոխությունը կախված է գնի փոփոխությունից: Պահանջարկի փոփոխությունը կախված է նաև այլ գործոններից` մարդկանց եկամտից, ճաշակից և այլն: Եթե այս կամ այն արդյունքի նկատմամբ պահանջարկը նշանակենք Qով, իսկ դրա վրա ազդող գործոնները, համապատասխանաբար` X1 (գին), X2 (եկամուտ), X3 (ճաշակ) և այլն, ապա կունենանք հետևյալ ֆունկցիոնալ կախվածությունը՝ Q=ƒ(X1, X2, X3 … Xn): Մաթեմատիկական մեթոդի կիրառման մյուս կարևոր եղանակը վիճակագրությունն է, որը ուսումնասիրում է երևույթների` գների, աշխատավարձի, տարբեր տեսակի արդյունքների, զբաղվածության քանակական փոփոխությունը, ինչը հնարավորություն է տալիս բացահայտելու դրա բուն պատճառները: Մաթեմատիկական մեթոդի կիրառման եղանակներից են տնտեսամաթեմատիկական մոդելները: Մաթեմատիկական ապարատի միջոցով ներկայացվում է տնտեսական երևույթների փոխկապվածությունը առկա ռեսուրսների սահմանափակության պայմաններում և, ըստ առաջադրված նպատակի, փորձ է արվում գտնելու դրան հասնելու ռացիոնալ տարբերակը, ինչը հիմնականում կապված է ծախսերի նվազագույն մակարդակի ապահովման հետ: Oրինակ` եթե շուկայում առկա է այս կամ այն արդյունքի նկատմամբ պահանջարկ, ապա արտադրողները փորձում են ապահովել առավելագույն արդյունք` նվազագույն ծախսերով: Դրա համար կարելի է կազմել հետևյալ մոդելը. նվազագույն ծախսի ապահովումը համարել արտադրողների հիմնական նպատակը: Այդ ծախսերի ֆունկցիան կարելի է ներկայացնել հետևյալ ձևով` y=ƒ(x), որտեղ y-ը ծախսերի մակարդակն է` կախված արտադրանքի քանակությունից` x-ից: Իսկ ինչպես հայտնի է, ռեսուրսները սահմանափակ են: Երբ սահմանափակ ռեսուրսի քանակությունը B է, իսկ դրա ծախսը արտադրանքից կախված` F(x), ապա, F(x)≤B: Միևնույն ժամանակ` y=ƒ(x)→min: Սրանից կազմվում է տնտեսամաթեմատիկական մոդել. y=ƒ(x)→min F(x) ≤ B X ≥ O Այս մոդելի տնտեսագիտական բովանդակությունը հետևյալն է. գտնել X-ի (արտադրանքի) այն քանակությունը (B սահմանափակ ռեսուրսների պայմաններում), որը կարտադրվի նվազագույն ծախսերով: Նպատակին հասնելու տարբեր ճանապարհներ կան: Տնտեսամաթեմատիկական մեթոդը, փաստորեն, օգնում է դրանցից ընտրելու լավագույնը` օպտիմալը:

Քանակական փոփոխություններից որակականին անցնելու մեթոդ

Երևույթի քանակական որոշակիությունը գնահատվում է չափման համապատասխան համակարգի միջոցով: Տարբեր գիտություններ կիրառում են չափման որոշակի միավորներ կամ չափանմուշներ (էտալոններ), oրինակ` կիլոգրամ, վոլտ, օհմ, մետր և այլն: Տնտեսագիտության մեջ օգտագործվում են ինչպես նյութաիրային (X տոննա մետաղ, Y քանակությամբ մեքենա, N զբաղված աշխատողներ), այնպես էլ արժեքային (X դոլարի մետաղ, Y ռուբլու մեքենա, W դրամի աշխատավարձ) մեծություններ: Երևույթի որակական կողմն ընդգրկում է էական հատկությունները և կախված է քանակականի փոփոխությունից։ Քանակական փոփոխությունների արդյունքում ձեռք է բերվում որակական նոր իրավիճակ, ինչն էականորեն տարբերվում է նախորդից: Երբ գործազուրկների տեսակարար կշիռը աշխատունակ բնակչության մեջ սկսում է աճել և աստիճանաբար հասնել 10%-ի, դա վտանգավոր չի համարվում, երբ սկսում է գերազանցել 10%-ի սահմանը, վեր է ածվում լուրջ սոցիալական խնդրի և վտանգավոր դառնում տնտեսության կայուն զարգացման համար: Նույնը վերաբերում է գների աճին. երբ մոտենում է 10%-ի սահմանագծին, արդեն դառնում է մտահոգիչ, և պետությունը փորձում է դա կանխելու նպատակով իրականացնել համապատասխան միջոցառումներ: Քանակական փոփոխությունից որակականին անցման մեթոդը հնարավորություն է տալիս բացահայտելու տնտեսական երևույթների զարգացման ներքին օրինաչափությունների բովանդակությունը: Այդ մեթոդի արդյունավետ կիրառմանը նպաստում է մաթեմատիկական ապարատի օգտագործումը վիճակագրության, մաթեմատիկական մոդելների, գրա ֆիկական սկզբունքների ներդրմամբ:

Պատմականի և տրամաբանականի մեթոդ

Տրամաբանական մեթոդի միջոցով բացահայտվում է, թե ինչպե՞ս է ծագել փողը, ո՞րն է դրա էությունը և ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել: Երևույթների ծագումը և դրանց զարգացումը դիտարկվում է որոշակի տրամաբանական կամ պատճառական հաջորդականության գործընթացի մեջ: Տարբեր ազգերի և պետությունների գործունեության պատմական ընթացքի ուսումնասիրությամբ ի հայտ է բերվում այն ընդհանրականը, ինչը բնորոշ է գրեթե բոլոր երկրներին: Օրինակ` փողի ծագումը բացահայտելու համար ուսումնասիրելով բոլոր երկրների փորձը՝ արդյունքների փոխանակության զարգացման որոշակի փուլում առաջանում է միասնական արժեչափի ձևավորման անհրաժեշտությունը: Այդ միասնական արժեչափն էլ հենց փողն է: Միասնական արժեչափի` փողի ձևավորման տրամաբանական հիմքը տարբեր երկրներում եղել է փոխանակության հարաբերությունների զարգացումը: Պատմական մեթոդը հնարավորություն է տալիս դիտարկելու երևույթի ձևավորման, զարգացման և կերպափոխման ընթացքը պատմական գործընթացների հաջորդականության մեջ, իսկ տրամաբանական մեթոդի միջոցով բացահայտվում է դրա ներքին պատճառաբանվածությունը:

Ուղղակի և հետադարձ ազդեցության (կապի) մեթոդ

Բոլոր երևույթները փոխկապված են, և որևէ մեկի ազդեցությունը մյուսի վրա ժամանակի ընթացքում հանգեցնում է հետադարձ ազդեցության, ինչը կարող է տեղի ունենալ տարբեր ձևերով: Օրինակ` որևէ արդյունքի գնի փոփոխությունը ազդում է ոչ միայն այդ արդյունքի, այլև մյուսների պահանջարկի վրա: Դրանց պահանջարկի փոփոխությունը իր ներգործությունն է ունենում գների մակարդակի վրա, ինչն իր հերթին ազդում է այդ արդյունքների արտադրության վրա: Ժամանակի և տարածության մեջ դժվար է տարանջատել ուղղակի և հետադարձ ազդեցությունները, որովհետև դրանք գտնվում են օրգանական միասնության մեջ: Երևույթների միջև առկա փոխազդեցությունների տարբերակումը ուղղակիի և հետադարձի, կրում է պայմանական բնույթ: Տվյալ մեթոդի կիրառումը նպաստում է երևույթների հատկանիշների բացահայտմանը:

Վարկածի (հիպոթեզի) մեթոդ

Մեթոդների օգնությամբ ուսումնասիրելով երևույթը` պատճառահետևանքային կապերի համակարգում կատարվում են որոշակի եզրահանգումներ, որոնց ճշգրտության աստիճանը ստուգվում է գործնականում: Ճանաչողության այս եղանակը կոչվում է վարկածի մեթոդ: Վարկածի օրինակ կարող են ծառայել գների, աշխատավարձի, գործազրկության, տնտեսական աճի գնահատումները: Ադամ Սմիթի «անտեսանելի ձեռքի» տեսության համաձայն` տնտեսական արդյունավետության բարձր մակարդակը ապահովվում է շուկայական ինքնակարգավորման սկզբունքների կիրառման դեպքում, որի հիմքը տնտեսավարող սուբյեկտների ազատությունն է` արտադրանքի թողարկման, սեփականության ձևի ընտրության, գների և աշխատավարձի սահմանման, պայմանագրերի կնքման, իրացման շուկաների ընտրության և այլ գործընթացների առումով: Այս վարկածը ստուգվում է գործնական քայլերի, փաստերի միջոցով, ինչը հանգեցնում է նոր վարկածների ձևավորման և տարբեր տեսությունների ստեղծման:

Գրականություն

  • Ջոն Նեվիլ Քեյնս «Քաղաքատնտեսության առարկան և մեթոդը»
  • Օգյուստ Կոնտ (1798-1857)
  • Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Եր.: Տնտեսագետ, 2008.- 172 էջ
  • Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.` տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի.-Եր., Տնտեսագետ, 2009.- 752 էջ: