«Ցորեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
հետ եմ բերում ջնջված հատվածը
Տող 98. Տող 98.
| [[Թուրքիա]] || 17032 || 18015 || 21000
| [[Թուրքիա]] || 17032 || 18015 || 21000
|}</div>
|}</div>

==Ցորենի տեսակների պահպանությունը Հայաստանում==−
Ցորենի Վավիլովի, [[Արարատի մարզ|Արարատ]]յան, վայրի միահատիկ և ուրարտու տեսակները գրանցված են [[ՀՀ Կարմիր գիրք|ՀՀ Կարմիր գրք]]ում։ Էրեբունի և [[Խոսրովի անտառ արգելոց]]ներում աճող պոպուլացիաները պահպանվում են պետության կողմից։


== Տես նաև ==
== Տես նաև ==

13:57, 19 Մարտի 2014-ի տարբերակ

Ցորեն
Triticeae
Փափուկ ցորեն (Triticeae aestivum)՝ ցեղի տիպիկ ներկայացուցիչը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Հացածաղկավորներ
Ընտանիք Հացազգիներ
Ցեղ Ցորեն
Լատիներեն անվանում
Triticum
L., 1753
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ
Սեկցիաներ
Արեալ
պատկեր
Առաջացման (դեղին) և մշակման տարածքները


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 42236
NCBI 4564
EOL 108051

IPNI19220

Ցորեն, (լատին․՝ Triticum), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի խոտաբույսերի ցեղ։ Ընդգրկում է ավելի քան 25 վայրի և մշակովի տեսակ։ Հայաստանում տարածված է 13 տեսակ։ Տեսակները բաժանվում են 3 գենետիկական՝ դիպլոիդ, տետրապլոիդ, հեքսապլոիդ խմբերի, որոնք միմյանցից տարբերվում են սոմատիկ բջիջներում եղած քրոմոսոմների թվով։

Հացահատիկային բույսեր

Երկրագնդի ցամաքը զբաղեցնում է շուրջ 13,6 մլրդ․ հա․ տարածք, որից առայժմ մոտ 1 մլրդ․ հա․ մարդ օգտագործում է գյուղատնտեսական նպատակներով։ Մշակվում է բույսերի ավելի քան 400 տեսակ, որոնց ցանքատարածքի մեծ մասը զբաղեցնում են հացահատիկային բույսերը՝ ցորենը,աշորան, գարին, հաճարը, վարսակը, կորեկը, եգիպտացորենը, սորգոն, բրինձը, հնդկացորենը։ Նշված բույսերը (բացի հնդկացորենից) պատկանում են հացազգիների ընտանիքին և ունեն մի շարք ընդհանուր բուսական հատկություներ։ Մեր օրերում հացահատիկը ոչ միայն կարևորագույն սննդամթերք է, այլև՝ անասնապահության զարգացման հիմք։ Հացահատիկային հիմնական բույսը ցորենն է, որից պատրաստում են հաց, մակարոնի և ձավարի բազմաթիվ տեսակներ, հրուշակեղեն և այլն։ Ցորենից ստացվում է սպիրտ, օսլո, սոսինձ և այլ արտադրանքներ։ Ցորենը պարունակում է 12-25% սպիտակուց, 60-64% ածխաջրեր, 2% ճարպ, 2% թաղանթանյութ, ֆոսֆոր, երկաթ, կալցիում և վիտամիններ։ Մարդը ցորենը սկսել է մշակել շատ հնագույն ժամանակներից։ Սովետական Միությունումկատարված հնագիտական պեղումները ցույց են տվել, որ ցորենի մշակությունը հայտնի է եղել մեր թվարկությունից 3000-5000 տարի առաջ Թուրքմենստանի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, ՈՒկրաինայի ներկայիս տարածքներում: Կա ցորենի 15 տեսակ, դրանից մարդն ընտել և մշակում է երկուսը` կարծր և փափուկ տեսակները: Հատուկ արժեք է ներկայացնում կարծր ցորենը, որի հատիկը ավել հարուստ է սպիտակուցային նյութերով: Եթե փափուկ ցորենի մեջ,սպիտակուցի պարունակությունը հասնում է 10-17%, կարծրինը հասնում է 24-25%: Ամենաբարձր որակի մանրաձավարեղենը, մակարոն-վերմիշելները և հրուշակեղենի տեսակները ստանում են կարծր ցորենի ալյուրից:

Տեսակներ

Դիպլոիդ խմբի մեջ մտնում են երկու վայրի՝ վայրի միահատիկ ցորեն (Triticum boeoticum), վայրի ուրարտական ցորեն (Triticum urartu), և մեկ մշակովի՝ միահատիկ ցորեն (Triticum) տեսակները։ Տետրապլոիդ խմբի մեջ մտնում են․ վայրի տեսակներից՝ արարատյան ցորեն (Triticum araraticum), վայրի հաճարը (Triticum dicoccoides), մշակովիներից՝ Տիմոֆևևի ցորեն (Triticum timopheevi), կոլխիդական երկհատիկ ցորեն (Triticum palao colchicum), սովորական հաճարը (Triticum dicoccum), կովկասյան ցորեն (Triticum persicum), կարծր ցորեն (Triticum durum), տուրգի դում կամ անգլիական ցորեն (Triticum turgidum), արևելյան ցորեն (Triticum էսranicum), լեհական ցորեն (Triticum polonicum), հաբեշական ցորեն (Triticum aethiopicum), սպահանական ցորեն (Triticum ispahanicum)։ Հեքսապլոիդ խմբի մեջ մտնում են․ մշակովի տեսակներից՝ մախի ցորեն (Triticum macha), կիսահաճարը կամ ճոնը (Triticum spelta), փափուկ ցորեն (Triticum aestivum), կունդիկ ցորեն (Triticum compactum), կլորահատիկ ցորեն (Triticum sphaerococcum), Վավիլովի կամ Վանի ցորեն (Triticum

Ծագում

Ցորենի շատ տեսակների հայրենիքը Հայաստանն է։ 1930-ական թթ. ՀՀ-ում (Կարմիր բլուր) հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են ցորենի ածխացած հատիկներ, և պարզվել է, որ 2,5 հազար տարի առաջ այս տարածքում (Արարատյան դաշտում) մշակվել են միահատիկ ցորեն և ցորեն փափուկ (Triticum aestivum) տեսակները։ Ցորենի ածխացած հատիկներ են հայտնաբերվել նաև Արարատի, Արմավիրի, Տավուշի մարզերում։ Մ. Թումանյանը հայտնաբերել է (1930-ական թթ.) վայրի ցորենի միահատիկ, ուրարտական, Արարատյան տեսակները և Վավիլովի կամ Վանի ցորեն (Triticum vavilovi) ու կիսահաճարը (Triticum spelta), իսկ Բ. Գարասեֆերյանն ու Պ. Ղանդիլյանը Վայոց ձորի, Արարատի և այլ մարզերում՝ վայրի ցորենի բազմաթիվ տարատեսակներ։ Վայրի հացազգի (ցորեն, գարի, աշորա, այծակն) բույսերը պահպանելու համար Կոտայքի և Արարատի մարզերի սահմանագծում ստեղծվել է Էրեբունի արգելոցը։

Ցորենի էնդեմիկ տեսակների և տարատեսակների քանակով Անդրկովկասն ամբողջ աշխարհում աչքի է ընկնում իր բազմազանությամբ, դրա շնորհիվ Էլ Անդրկովկասը համարվում է ցորենի ձևառաջացման ինքնուրույն առաջնային կենտրոն։ Ցորեն տարածված է երկրագնդի բոլոր մայրցամաքներում։ Լայնորեն մշակվում է միայն կարծր և փափուկ ցորեն։ Ցորենի մշակման հյուսիսային սահմանը հասնում է մինչև հյուսիսային լայնության 76° 44՝ (Մուրմանսկի մարզ), իսկ հարավային սահմանն ընդգրկում է Ավստրալիայի, Աֆրիկայի և Ամերիկայի հարավային տարածքները։ Ցորեն առավելապես տափաստանային բույս է, բայց մշակվում է նաև նախալեռնային և լեռնային պայմաններում մինչև 4 հազար մետր բարձրություններում (Հայաստանում՝ մինչև 2,6 հազար մ բարձրության վրա)։

Նկարագրություն

Ցորենի արմատային համակարգը փնջաձև Է, զարգանում է հիմնականում վարելաշերտում։ Ցողունը գլանաձև է, 40-130 սմ բարձրությամբ։ Տերևը նշտարաձև է։ Ծաղկաբույլը բարդ հասկ է, առանցքը՝ ծնկաձև։ Ծնկաձև ելուստում նստած է հասկիկ՝ 3-5 ծաղիկներով։ Հասկիկը կազմված է 2 հասկիկային թեփուկներից, ծաղիկը՝ արտաքին և ներքին ծաղկային թեփուկներից։ Քիստավոր ցորենի արտաքին թեփուկն է քիստ կրում։ Պտուղը հատիկ է, կազմված՝ թաղանթից, էնդոսպերմից, սաղմից։ 1000 հատիկի զանգվածը 20-50 գ է (երբեմն մինչև 70 գ)։ Ցորենը միամյա բույս է։ Ունի հիմնականում 2 կենսաբանական խումբ՝ աշնանացան և գարնանացան։ Հայաստանում ցորենի տեղական սորտերից կան երկցան տեսակներ՝ Սպիտակահատ, Կարմիր կունդիկ, Գալգալոս։ Ցորենի սերմերն սկսում են ծլել 1-2°C ջերմաստիճանի պայմաններում, ծլելու լավագույն ջերմաստիճանը 12-15°C է։ Ձյան շերտի բացակայության դեպքում աշնանացան ցորենը ոչնչանում է -16-18°C սառնամանիքներից, 20 սմ ձյան շերտի տակ դիմանում է մինչև -20°C, իսկ 30-60 սմ ձյան շերտի տակ՝ -40°C-ին։ Գարնանացան ցորենի ծիլերը դիմանում են -13°C սառնամանիքներին, իսկ թփակալման փուլում՝ -8-9°C, ծաղկման ու հատիկալիցքի փուլում՝ ֊1-2°C սառնամանիքի պայմաններում վնասվում է։ Հայաստանում աշնանացան ցորենի վեգետացիայի տևողությունը Արարատյան դաշտում 260-270 օր է, Սիսիանում՝ 300 օր, Վարդենիսում՝ 310-315 օր, գարնանացան ցորենինը՝ Սիսիանում՝ 117-120 օր, Վարդենիսում՝ 122-128 օր։ Ցորենը պահանջկոտ է խոնավության և պարարտանյութերի նկատմամբ։ Ցորենը կարևորագույն պարենային կուլտուրա է։

Օգտագործում և քիմիական բաղադրություն

Էրեբունի արգելոցում աճող վայրի ցորենը՝ Triticum araraticum

Օգտագործվում է հացի, ձավարի, մակարոնի, հրուշակեղենի արտադրության մեշ։ Ցորենից ստանում են նաև սպիրտ, օսլա, դեքստրին, սոսինձ և այլն։ Հատիկը, աղացման թափոնները արժեքավոր կեր են, հումք են համակցված կերերի համար։ Ցորենը սննդարար է, կալորիականությունը բարձր է, պարունակում է սպիտակուցներ (10-25%), ածխաջրեր (60-64%), ճարպեր (շուրջ 2%), թաղանթանյութ, վիտամիններ, ֆերմենտներ, հանքային նյութեր։ Ծղոտն օգտագործում են որպես ցամքար և կեր, նաև թղթի, ստվարաթղթի և այլնի արտադրության համար։

Մշակման տարածք

Ցորեն հնագույն կուլտուրա է։ Այն հայտնի էր Առաջավոր Ասիայում (Իրաք, Սիրիա, Իրան) և Թուրքմենիայում մ․ թ․ 6-7 հազար տարի, Եգիպտոսում՝ 4 հազար տարի առաջ, Չինաստանում սկսել են մշակել մ․ թ․ 3 հազար տարի առաջ։ Անդրկովկասում ցորենը հայտնի էր մ․ թ․ 5-4 հազար տարի առաջ։ Ամերիկա է տարվել 17-րդ դարում․։ 1939-1941 թվականներին Հայաստանում (Կարմիր բլուր) հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է հացահատիկի ածխացած հատիկներ։ Մ․ Գ․ Թումանյանի ուսումնասիրություններից պարզվել է, որ դրանք ցորենի հատիկներ են և որ 2,5 հազար տարի առաջ այս տարածքում մշակվել է (Triticum aestivum), որը մինչ այժմ էլ մշակվում է Արարատյան դաշտում։ 1978 թվականին ցորենի համաշխարհային ցանքատարածությունը (առավելապես ԽՍՀՄ, Չինաստան, ԱՄՆ, Հնդկաստան, Կանադա) 232 մլն հա էր, միջին բերքատվությունը՝ 19 ց/հա։

Մշակումը Հայաստանում

ՀՀ-ում շրջանացված են ցորենի աշնանացան՝ Բեզոստայա 1, Միրոնովսկայա 808, Կանգուն 20, Սպիտակահատ տեղական, Արմյանկա 60 և այլն, գարնանացան՝ Գալգալոս (Քռիկ), Նոր կունդիկ, Շիրակի 1 և այլ սորտեր։ ՀՀ-ում ցորենի հիմն, ցանքատարածությունները կենտրոնացված են Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի և այլ մարզերում։ 1970-ին արտադրության մեջ ներդրվել է ցորենի և աշորայի խաչաձևումից ստացված նոր բույս՝ Տրիտիկալե (Triticale), որի աշնանացան սորտերը բարձր բերքատու են։

Արտադրությունը

Ցորենի տեսակներ, Մասկլեի «Atlas des plantes de France», 1891 թվականի գրքից
Ցորենի արտադրությունը ըստ տարեթվի(FAOSTAT)
հազար տոննա
Երկիր 1985 1995 2005
Չինաստան 85807 102211 96160
Հնդկաստան 44069 65767 72000
ԱՄՆ 65975 59404 57106
Ռուսաստան 21000 30119 45500
Ֆրանսիա 28784 30880 36922
Կանադա 24252 24989 25547
Ավստրալիա 15999 16504 24067
Գերմանիա 13802 17763 23578
Պակիստան 11703 17002 21591
Թուրքիա 17032 18015 21000

==Ցորենի տեսակների պահպանությունը Հայաստանում==− Ցորենի Վավիլովի, Արարատյան, վայրի միահատիկ և ուրարտու տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Էրեբունի և Խոսրովի անտառ արգելոցներում աճող պոպուլացիաները պահպանվում են պետության կողմից։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Watson L., Dallwitz M. J. (2010-04-23). «Triticum L.». The grass genera of the world: descriptions, illustrations, identification, and information retrieval; including synonyms, morphology, anatomy, physiology, phytochemistry, cytology, classification, pathogens, world and local distribution, and references (անգլերեն). Institute of Botany, Chinese Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին. Վերցված է 2011-12-14-ին.
  2. NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0. Entry for Triticum L.(անգլ.)

Գրականություն

  • Մաթևոսյան Ա․, Բուսաբուծություն, 2 վերամշկված և վերափոխված հրատարակություն, Երևան, 1977,
  • Туманян М․ Г․, Избр․ труды, Е․, 1957, (ռուս.)
  • Пшеница в СССР, под ред․ П․ М․ Жуковского, М․—Д․, 1957, (ռուս.)
  • Вавилов Н․ И․, Мировые ресурсы сортов хлебных злаков, зерновых, бобовых, льна и их использование в селекции․ Пшеница, М․—Д․, 1964, (ռուս.)
  • Жуковский П М․, Культурные растения и их сородичи, 3 перераб․ и доп․ изд․, Д․, 1971։ (ռուս.)

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։