«Ութձայն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Ութձայն''', ավանդական ձայնեղանակների համակարգ միջնադարյան քրիստոնեական երաժշտական արվեստում։ ...»:
(Տարբերություն չկա)

06:23, 22 Հուլիսի 2013-ի տարբերակ

Ութձայն, ավանդական ձայնեղանակների համակարգ միջնադարյան քրիստոնեական երաժշտական արվեստում։ Կապված է Հին աշխարհի մի շարք ժողովուրդների, այդ թվում և հայերի մոտ խոր անցյալում ձևավորված տիպական ձայնեղանակների մասին ուսմունքին։ Վերջինս մ․ թ․ առաջին դարերում (մինչև IV դ․ սկիզբը) քրիստոնեական պաշտամունքային երաժշտության մեջ վերաձեավորվել է որպես ութձայն, թեպետ իրականում միավորել է ութից շատ ավելի մեծ թվով հիմնական և օժանդակ ձայնեղանակներ։

Ութձայնը որպես կազմավորված համակարգ կիրառվել է IV դարից։ Այն արտացոլող և գիտությանը հայտնի հնագույն մատյանները երկուսն են․ V դ․ սկզբին (Աստվածաշնչի հայերեն թարգմանությունից հետո) կազմված հայոց հնագույն Սաղմոսարան֊ժամագիրքը՝ իր ութ կանոններով, որոնցից յուրաքանչյուրին համապատասխանել է մի ձայնեղանակ, և VI դ․ սկզբին Սևերիոս Անտիոքացի պատրիարքի կազմած հոգևոր ինքնուրույն երգերի ժողովածուն՝ ութ ձայնեղանակներն ընդգրկող ներքին հատուկ բաժանումով։ Սկզբնական շրջանում ութձայնի տեսական հիմունքներն այս կամ այն չափով ընդհանուր են եղել քրիստոնյա ժողովուրդների համար (հատկապես Մերձավոր Արևելքում)։ ժամանակի ընթացքում, սակայն, նախ առանձնացել են արևմտյան և արևելյան քրիստոնյա մշակույթներին հատուկ ութձայները, հետո՝ արևելյան քրիստոնեական երաժշտարվեստի սահմաններում տարանջատվել են մի շարք ազգայն ութձայներ (XV դ․ ձևավորվել է նաև ռուսականը և այլն)։

Արևելյան քրիստոնեական երաժշտության պատմական զարգացման դասական շրջանում (մինչև XV դ․ կեսերը), իր մեղեդիական մեծ հնարավորություններով և ազգային վառ ինքնատիպ գծերով բյուգանդականի կողքին արժանի տեղ է գրավել հայկ․ ութձայնը։ Տակավին հեթանոսական Հայաստանում տեսական միտքը տարբերել է չորս հիմնական ձայնեղանակներ՝ տիպական մյուս մեղեդիները այս կամ այն կերպ խմբելով դրանց շուրջ։ IV հարյուրամյակի ընթացքում հոգևոր պաշտամունքային երաժշտության մեջ կատարվել են լուրջ տեղաշարժեր, որոնց գիտությունը արձագանքել է գրերի գյուտից հետո։ Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը վերանայել են ձայնեղանակների մասին հայկական հին ուսմունքը և վերակարգավորել գլխավորապես աստվածաշնչային երգերի (սաղմոսներ, մարգարեական օրհնություններ և տիրամոր օրհնություն) բնագրերի հետ զուգորդվող տիպական մեղեդիները՝ խմբագրելով հայկական ութձայնի առաջին խոշոր հատվածը (չորս բուն, չորս կողմ և երկու ստեղի եղանակներով, որն արդեն իսկ դուրս է գալիս ութի սահմաններից)։

Այս շրջանում արդեն, սկսված լինելով նաև հայկական հոգևոր ինքնուրույն երգերի (հետագայում շարական անվանված)՝ կցուրդների հորինումն ու եկեղեցում ազատ կատարումը (հրապարակումը), Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի նախաձեռնությամբ կազմվել է հայկական ութձայնի երկրորդ (ավելի փոքրաչափ) հաավածը ես՝ այսպես կոչված սկսվածքների համակարգը։ Սկսվածքներին կարևոր դեր է հատկացվել պաշտոներգության մեջ։ Դրանց օգնությամբ մենակատար-խմբավարը իրականացրել է անցումները սաղմոսներից դեպի կցուրդների խմբական երկդաս կատարումը։ Բացի այդ, սկսվածքների դրության միշոցով դպիրները տիրապետել են գործնական երգեցողությանն ու տեսությանը։ Ավելի ուշ, հայ հոգևոր ինքնուրույն երգի զարգացմանը զուգընթաց ստեղծվել են հայկական միջնադարյան երաժշտա֊ծիսական հիմնական մատյաններին` (նրանցում ընդգրկված երգի տեսակներին) վերաբերող ութձայնի նոր հատվածներ։ Շարակնոցի արդեն բազմացած նյութերի ընտրության, խմբագրման և համապատասխան ձայնեղանակների զատորոշման հարցերով VII դ․ զբաղվել է Շիրակի դպրեվանքի առաջնորդ Բարսեղ ճոնը (ստեղծելով «Ճոնընտիր» կոչված ժողովածուն)։

VIII դ․ սկզբին Ստեփանոս Սյունեցքւ երկրորդը կանոնացրել է ընտրված կցուրդ-շարականները և խմբագրել վերջիններիս կապված ութձայնը, բաղկացած հիմնական ութ եղանակներից, նույնչափ «դարձվածքներից» և նրանց շուրջ խմբված մոտ 40 տիպական մեղեդիներից։ XII դ․ Ներսես Շնորհալին տեսականորեն իմաստավորել է «ծանր» (նոր տիպի), «ստեղի» և «զարտուղի» կոչված ձայնեղանակները։ XIII դ․ կիլիկյան մի շարք նշանավոր երաժշտապետների ջանքերով խազգրքերում ութ հիմնական նորակերտ ձայնեղանակներից յուրաքանչյուրի շուրջ խմբվել են տասը և ավելի «մանրուսման» երգեր։ XIII—XIV դդ․ Կիլիկիայում և Կենտրոնական Հայաստանում հատուկ ուշադրության առարկա են դարձել նաև Գանձարան ժողովածուի բաղադրիչները։ XIV դ․ վերջին — XV դ․ սկզբին Տաթևի համալսարանի երաժշտական մասնաճյուղում Գրիգոր Տաթևացու ղեկավարությամբ ընդհանուր հայտարարի են բերվել հայկական ութձայնի տեսությանն ու գործնականին վերաբերող դրույթները, որից մի հակիրճ ամփոփում է հասել մինչև Գ․ Գապասաքալյանը, Հ․ Լիմոնճյանը, Ն․ Թաշճյանն ու մեր օրերը։ Հայկական ութձայնի մշակվել է միջնադարյան վանքերին կից դպրոցներում և համալսարաններում։ Այն խմբագրողները եղել են երաժիշտ-վարդապետներ, որոնց մտահոգության գլխավոր առարկան, գուցեև հաճախ, ներկայացրել է հայ եկեղեցական երաժշտությունն ու նրա կարգավորությունը։ Այնուամենայնիվ, սխալ կլիներ հայկական ութձայնը քննել հին ու միջնադարյան հայ աշխարհիկ երաժշտությունից անկախ։

Հայ եկեղեցին, հիմնական ձայնեղանակները սկզբից ևեթ փոխառնելով սեփական ժողովրդի աշխարհիկ (գյուղական, քաղաքային և գուսանական) երգարվեստից ու հետագայում ևս մշտապես սնվելով աշխարհիկ երգ-երաժշտության լեզվական հարստություններից, իր տեսական նվաճումներով առարկայորեն ընդհանրացրեւ է հայ ժողովրդական֊ազգային երաժշտության ելևէջային կողմին հատուկ ոճական օրինաչափությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։