«Գրաբար»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը փոփոխում է․: it:Grabarit:Lingua armena classica
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: fa:ارمنی کلاسیک
Տող 84. Տող 84.
[[eo:Klasika armena lingvo]]
[[eo:Klasika armena lingvo]]
[[et:Vanaarmeenia keel]]
[[et:Vanaarmeenia keel]]
[[fa:ارمنی کلاسیک]]
[[fr:Arménien classique]]
[[fr:Arménien classique]]
[[gl:Grabar]]
[[gl:Grabar]]

18:12, 14 հունվարի 2013-ի տարբերակ

Գրաբար, հայոց հին գրական լեզուն, գործածության մեջ է եղել 5-րդ դարից մինչև 19-րդ դարի կեսը` գործառույթի ոլորտների աստիճանական սահմանափակումով:


Գրաբարի շրջափուլերի մասին

Գրաբարի պատմությունը բաժանվում է երկու մեծ դարաշրջանների` հինհայերենյան և ետհինհայերենյան: Հինհայերենյան դարաշրջանն սկսում է 5-րդ դարի սկզբից (գրերի գյուտից) մինչև 11-րդ դարը: Երկրորդ դարաշրջանն ընդգրկում է 11-19 դդ.:

Առաջին դարաշրջանում գրաբարը հայ ժողովրդի ընդհանուր լեզուն էր, իր երկու տարբերակով (գրական ու խոսակցական) և բարբառային որոշ տարբերակային ձևերով: Այս դարաշրջանի գրաբարը բաժանում են դասական կամ մեսրոպյան, հնում` «ոսկեդարյան» (գրերի գյուտից մինչև 5-րդ դարի կեսը), ետդասական կամ ետմեսրոպյան, հնում` «ետոսկեդարյան» (5-րդ դարի երկրորդ կեսից մինչև 8-րդ դարի կեսերը) և ետին կամ նախամիջին (8-10 դդ.) շրջանների: Առաջին երկու շրջաններին բնորոշ է գրաբարի և խոսակցական լեզվի, որպես մեկ լեզվի գրական ու խոսակցական տարբերակների, միասնությունը: Երկրորդ շրջանին բնորոշ է նաև գրական լեզվի մեջ գիտական լեզվի տարբերակի ձևավորումը և առանձնացումը, որ բնութագրվում է հունաբանությամբ: Երրորդ շրջանի գրաբարը բնորոշվում է հունաբանության սահմանափակումով ու հաղթահարումով, ժողովրդական-խոսակցական լեզվի ավելի ու ավելի զգալի ներթափանցումներով արվեստականությամբ:

Երկրորդ դարաշրջանում գրաբարը, զրկված իր խոսակցական հիմքից, գործածվում է իբրև մեռած լեզու: Նրա գործառության ոլորտները մերթ սեղմվում, մերթ ընդարձակվում են հասարակական-պատմական պայմանների ու մշակույթի զարգացման ընթացքի հետ: 19-րդ դարի կեսից մինչև 20-րդ դարի սկիզբը գրաբարը գործածվում էր որոշ հայագիտական օջախներում, մինչդեռ կյանքի մյուս ոլորտներում լայնորեն գործածվում է աշխարհաբար գրական լեզուն իր երկու` արևելահայ և արևմտահայ տարբերակներով: Մեր օրերում գրաբարը գործածվում է որպես եկեղեցական լեզու (աղոթք, սաղմոս, շարական և այլն), կաթողիկոսական գրություններում (կոնդակ, ուղերձ և այլն:[1]

Հնչյունաբանություն

Տառերի արտասանություն

Գրաբարի այբուբենը գրեթե նույնն է, ինչ որ աշխարհաբարինը, միայն պետք է նկատի ունենալ, որ գրաբարի այբուբենում եղած ւ-ը (հյուն) որպես առանձին տառ աշխարհաբար-ի հայաստանյան վերափոխված արդի այբուբենից դուրս է հանված, իսկ այն շարունակւում է գործածվել այլուր: Հին գրաբարում չի եղել ֆ հնչյուն և տառ, այն այբուբենի մեջ է մտել միջնադարում. միջնադարում է մտել նաև օ տառը: (Գրաբարի հին այբուբենն է` ա, բ, գ, դ, ե, զ, է, ը, թ, ժ, ի, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, ո, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, ու, փ, ք):

Գրաբարի ուղղագրությունն ու արտասանությունը լեզուն գրի առնվելու սկզբնական շրջանում` 5-րդ դարում, ճշտիվ համապատասխանել են միմյանց, այսինքն, ամեն մի հնչյուն գրվել է միայն մեկ տառով, և ամեն մի տառ ունեցել է միայն մեկ հնչյուն (արտասանություն): Հետագայում շատ բառերի մեջ այս կամ այն հնչյունը կամ հնչյունները պատմականորեն փոխվել են, բայց ուղղագրությունը մնացել է նույնը:[2]

Յ տառը բառասկզբում արտասանվում է հ, որ պահպանվում է բարդության և ածանցման մեջ. օրինակ` յորդ-հորդ, յոգնակի-հոգնակի, յայտնի-հայտնի, անյայտ-անհայտ: Բառավերջում յ-ն չի արտասանվում` ընծայ, տղայ, ձուլածոյ-ընծա, տղա, ձուլածո: Բացառություն են կազմում մի քանի միավանկ բառեր, որոնց վերջում յ-ն արտասանվում է` հայ, նայ, վայ, խոյ, Նոյ:

Ւ (ւ) տառը բառավերջում, երկու ձայնավորների միջև և ւո կապակցության մեջ արտասանվում է վ: Օրինակ` նաւ, թիւ, հիւանդ, որդւոց - նավ, թիվ, հիվանդ, որդվոց:

Ու տառը ձայնավորից առաջ արտասանվում է վ: Օրինակ` նուազ-նվազ, լեզուի-լեզվի: Բացառություն են կազմում ու լծորդությամբ բայերի անցյալ անկատար ձևերը, որոնց մեջ ու տառը հաջորդ ձայնավորից առաջ պահում է ձայնավոր ու հնչյունը: Օրինակ` հեղուի, հեղուիր, հեղուարք արտասանվում է նույն կերպ կամ հեղույի, հեղույիր, հեղույաք:

Երկբարբառներ

Հնչյունափոխություն

Ձևաբանություն

Հոլովում

Անվանական հոլովում
Դերանվանական հոլովում

Խոնարհում

Գրաբարով ստեղծված 5-րդ դարի նշանավոր երկերը

5-րդ դարի գրականությամբ վավերացվեց հայ պետականության ավելի քան վեց հարյուր տարվա ընթացքում հղկված հայերենը, որը կատարելագործվելով՝ դարեր շարունակ օգտագործվեց որպես համաժողովրդական լեզու, որով գրվեցին պատմական, փիլիսոփայական, գիտական, գեղարվեստական բազմաթիվ երկեր: Այն լեզուն, որը գրավոր դարձավ 5-րդ դարում, հետագայում կոչվեց գրաբար:

5-րդ դարի հայ գրականության ամենանշանավոր դեմքերն են եղել Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը ու նրանց առաջին աշակերտները՝ Եզնիկ Կողբացին ու Կորյունը: Նրանց երկերով է սկզբնավորվում հայ դպրությունը:

Սահակ Պարթևի անունով պահպանված են գլխավորապես կանոնական գործեր, որոնց մեջ շարադրված է եկեղեցու պաշտոնյաների պարտականությունները: Սահակ Պարթևի անունով մնացել են նաև երկու թղթեր և մի քանի երգեր:

Մեսրոպ Մաշտոցի երկերից պահպանված է ճառերի մի ժողովածու՝ «Յաճախապատում ճառք» վերնագրով, որը վերագրվել է Գրիգոր Լուսավորիչին: Այս ժողովածուից բացի, Մեսրոպ Մաշտոցի անունով մնում են նաև մի շարք հոգևոր երգեր:

Եզնիկ Կողբացին 5-րդ դարի ամենանշանավոր մատենագիրներից է: Նրա անունով մեզ է հասել «Եղծ աղանդոց» նշանավոր երկը, որի մեջ հեղինակը հենվելով Աստվածաշնչի և կուռ տրամաբանության վրա հերքում է ժամանակի աղանդները:

Կորյունի անունով մեզ հասել է «Վարք Մաշտոցի» աշխատությունը, որը գրված է 5-րդ դարի քառասունական թվականներին: Դա պատմական մեծ արժեք ունեցող երկ է, որի մեջ ներկայացված են գրերի ստեղծման հանգամանքները:

5-րդ դարի հայ գրականության մեջ բացառիկ նշանակություն ունեն նաև պատմական մի շարք այլ գործեր: Այդ երկերից ժամանակագրական առումով առաջինը համարվում է Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոց» աշխատությունը, որը բաղկացած է երեք մասից:

Հայ ժողովրդի ամբողջական պատմություն գրելու փորձ արել է Փավստոս Բուզանդը: Նրա Պատմությունը բաժանվում է դպրությունների, որոնցից մեզ հասել են Գ-Զ դպրությունները: Բուզանդի «Պատմութիւն Հայոց» գրքի մեզ հասած հատվածները ընդգրկում են մոտ հիսուն տարվա պատմություն` 4-րդ դարի երեսնական թվականներից մինչև ութսունական թվականները:

5-րդ դարի հայ ամենաականավոր պատմագիրը եղել է Մովսես Խորենացին, որը մեծ համարում է ունեցել ինչպես հայ, այնպես էլ հարևան երկրների պատմագիրների մեջ: Նրա անունով մեզ հասել են մի շարք երկեր, որոնց մեջ ամենանշանավորը «Պատմութիւն Հայոց» գիրքն է, որն իր գիտականությամբ, կուռ կառուցվածքով և քաղաքական նպատակասլացությամբ շատ բարձր է և չի կարելի համեմատել միջնադարի մյուս պատմագիրների երկերի հետ: Մովսես Խորենացին իր Պատմությունը գրում է Սահակ Բագրատունու հանձնարարությամբ: Խորենացին գրավոր աղբյուրներ օգտագործելու հետ միասին մեծ չափով օգտվել է նար ժողովրդական բանահյուսությունից: Պատմության մեջ շարադրված է հայ ժողովրդի պատմությունը` իր կազմավորման ժամանակաշրջանից մինչև Արշակունիների թագավորության անկումը:

Հայ պատմագրության ամենապայծառ դեմքերից է եղել Եղիշեն, որի անունով մեզ հասել են մի շարք աշխատություններ, որոնց մեջ ամենարժեքավորը «Պատմութիւն Վարդանանց» գիրքն է, որը իր մի շարք դրական հատկություններով կարելի է համեմատել Մովսես Խորենացու Պատմության հետ:

5-րդ դարի հայ պատմիչների վերջին ներկայացուցիչը եղել է Ղազար Փարպեցին, որից մեզ են հասել թղթեր և Պատմութիւն Հայոց աշխատությունը:

5-րդ դարի գրականությունը հարուստ է նաև թարգմանական գործերով. Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, նրանց ավագ աշակերտները՝ Հովնան Եկեղյացին, Հովսեփ Պաղնացին, Եզնիկ Կողբացին, Կորյունը, Մուշեն, Աբրահամ Խոստովանողը կամ Զենեկացին և այլոք, որոնց մասին տեղեկություններ չկան, թարգմանական մեծ աշխատանք են ծավալել:[3]

Աղբյուրներ

  1. ՀՍՀ, հ.3. Երևան: ՀՍՍՀ ԳԱ. 1977. էջ էջ 190:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. Պ.Ե. Շարաբխանյան. Գրաբարի դասընթաց. Երևան: ԵՊՀ հրատ. էջ էջ 132:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. Ս.Ղ.Ղազարյան (1981). Հայոց լեզվի համառոտ պատմություն. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ էջ 74-83.