Սուրբ Թեոդորոս վանք (Եղվարդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Թեոդորոս վանք
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեղագրությունք․ Եղվարդ, Կոտայքի մարզ, Հայաստան
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԹեմԿոտայքի թեմ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ7-րդ դար

Եղվարդի Սուրբ Թեդորոս վանք, Զորավար, հայկական կրոնական կառույց Հայաստանի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից մոտ 3 կմ հյուսիս-արևելք։ Կառուցվել է 7-րդ դարում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կաթողիկոս, պատմիչ Հովհաննես Ե Դրասխանակերտցու՝ Հայոց իշխան Գրիգոր Ա Մամիկոնյանը, Արուճի Ս. Գրիգոր եկեղեցին կառուցելուց հետո, 666–685 թվականներին «Եղիվարդ մեծ դաստակերտի արևելյան կողմում կառուցում է պայծառազարդ եկեղեցի և կուսակրոնների համար՝ կացարաններ»։

Եկեղեցու ներսը 7-րդ դարում նկարազարդվել է, որից միայն խորաններում հատվածներ են պահպանվել։ Դրանք հիմնականում զարդաձևեր են՝ իրականացված գորգային սկզբունքով, և իրենց գունային լուծումով սերտորեն առնըչվում են Արուճի Ս. Գրիգոր եկեղեցու որմնանկարների հետ։ 1191 թվականին վանքը ոմն Արտաշիրից որպես նվիրատվություն ստացել է այգի։

12-րդ դարում վանքն ունեցել է դպրոց և գրչատուն։ 1197 թվականին Սարգիս Կունտի աշակերտներ Դավիթն ու Ներսեսը գրչագրել են իրենց ուսուցչի «Մեկնութիւն Ավետարանին Ղուկասու» աշխատությունը։ 12-րդ դարում Հովհաննեսը և Վարդանը նորոգել են եկեղեցու որմնանկարները, Ենոք քահանան և Սիոնը վանքին են նվիրել իրենց հայրենական այգիները։

13-րդ դարում կառուցվել է վանքի միանավ, թաղածածկ մատուռը։ 1318 թվականին Ազիզբեկ և Վախախ ամուսինները վերանորոգել են մոնղոլական արշավանքներից ավերված վանքը։ 15-րդ դարում վանքում բազմաթիվ ձեռագրեր են ընդօրինակվել, գործել է դպրոցը, որի ուսուցչապետն է եղել Սիմեոն Րաբունապետը։

1628 թվականին վանքը նորոգվել է։ 1638 թվականին Եղվարդ ներխուժած թուրքական զորքն այրել է վանքը, որից հետո այն դադարել է եպիսկոպոսանիստ լինելուց։ 1735 թվականին Եղվարդի մոտ թուրք-պարսկական զորքերի ճակատամարտի հետևանքով այն ավերվել է ու լքվել։ 1975 թվականին եկեղեցու հյուսիսային կողմում, նրան կից, պեղումներով բացվել են քառախորան փոքր մատուռ-դամբարանի պատերը։

1980-ական թվականներին Սուրբ Թեոդորոս վանքը մասնակի նորոգվել է։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի դարչնագույն սրբատաշ տուֆով կառուցված եկեղեցին ունի ութախորան, կենտրոնագմբեթ, երկաստիճան ծավալով հորինվածք։ Ստորին ծավալն արտաքուստ 18-նիստանի է, ութ խոշոր, եռանկյունաձև կտրվածքով խորշերով, վերին ծավալը 12նիստանի թմբուկով գմբեթն է։ Հարդարանքի տարրերը (ցցուն, հյուսածո զարդադրվագով քիվ, տերևներով նռան քանդակներ, երկրաչափ. գեղազարդով կամարաղեղներ) կրում են Զվարթնոց տաճարի ձևերի ազդեցությունը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 313 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմութիւն, Երևան, 1996։
  • Էփրիկյան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 1, Վենետիկ, 1903։
  • Եղիազարյան Հ., Եղվարդի Մեծ և Փոքր վանքերը և գյուղի մյուս կարևոր հուշարձանները, «Էջմիածին», 1962, № 7:
  • Մաթևոսյան Կ., Եղվարդի Ս. Զորավար եկեղեցին և մենաստանը, «Էջմիածին», 1983, № 7: