Սուրբ Աստվածածնի վանք (Մեծոփավանք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծոփավանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՄեծ Հայքի Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառ, Ականց (Արճեշ) գյուղաքաղաքից մոտ 14 կմ հյուսիս-արևմուտք
Հիմնական ամսաթվերը1120
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1120 թվական
Հիմնադրված1120
Քարտեզ
Քարտեզ

Մեծոփավանք, Սբ. Աստվածածնի վանք, հայկական վանք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառում, Ականց (Արճեշ) գյուղաքաղաքից մոտ 14 կմ հյուսիս-արևմուտք։ Անվանումն ստացել է վանքից վերև գտնվող Մեծոփ (մեծ փոս) լճակի անունից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ արձանագրությունների՝ Մեծոփավանքը կառուցվել է 1120 թվականին։ 1201 թվականին Աստվածատուր Արճիշեցին կառուցել է վանքի Ս. Աստվածածին եկեղեցին։ Եկեղեցուց արևելք գտնված երկու մատուռներից մեկը կոչվել է Սբ. Հակոբ։ Մեծոփավանքը եղել է գավառի առաջնորդանիստ։

12-րդ դարի վերջից վանքում գործել է դպրոց։ 13-րդ դարի սկզբին այն ղեկավարել է «յոյժ իմաստուն և գիտնական» Թովման, իսկ դարավերջին (մինչև 1337 թվականը)՝ Գլաձորի համալսարանի սան Մխիթար Սասնեցին։ Նրան գործակցել է դասակից Հովհաննես Ոսպնակեր Արճիշեցին։ Իր ծաղկմանն է հասել 14-րդ դարում։ Այստեղ ապրել և գործել են բարձրակիրթ կրոնավորների մի քանի սերունդներ։ Մխիթար Սասնեցու օրոք Մեծոփավանքի դպրոցը, Գլաձորի համալսարանի ղեկավարությամբ, պայքարել է միարարների դեմ։

14-րդ դարի վերջին դպրոցի վարդապետը եղել է Տաթևի համալսարանի սան, Հովհան Որոտնեցու աշակերտ Հովհաննես Մեծոփեցին, որը վերակառուցել է Մեծոփավանքը և օժանդակ շինություններ կառուցել։ 1408 թվականին Գրիգոր Տաթևացին վանքում հիմնադրել է բարձր տիպի դպրոց (160 աշակերտով և 8 վարդապետով), որտեղ ավելի ուշ րաբունապետ են եղել Գրիգոր Խլաթեցին ու Թովմա Մեծոփեցին։

Մեծոփավանքի դպրոցը փաստորեն Խառաբաստավանքի և Տաթևի վանքի բարձր տիպի դպրոցների շարունակությունն էր։ Այստեղ գրվել ու ընդօրինակվել են մի շարք մատյաններ (Քարոզգիրք, Ճաշոց, Ավետարան, Հայսմավուրք, Շարակնոց, Ժամագիրք, «Գիրք հարցմանց», «Դավթի լուծմունք ճառից Աստուածաբանի», «Կարմիր Ավետարան» և այլն)։

Վանքն ունեցել է հարուստ մատենադարան. դպրոցում ծաղկել է հատկապես գրչության և մանրանկարչության արվեստը։ Սաներից հայտնի են 22 գրիչներ՝ Հովհաննես Մանկասարենցը, Հունանը, Հակոբը, Հովհաննես Բաղիշեցին, Պետրոսը, Թովման, Ղազարը, Մկրտիչը, Զաքարիան, Հակոբ Բերկրեցին, Կարապետ Վանեցին, Ստեփանոսը, Հայրապետը, Ներսեսը, Հովհաննես Արծկեցին, Կիրակոս Բանասերը և ուրիշներ, որոնցից մեզ է հասել շուրջ 200 ձեռագիր։

Մանրանկարիչներից հայտնի է վանքի դպրոցի սան Մինաս ծաղկողը, որին աշակերտել են նշանավոր ծաղկողներ Կարապետ Բերկրեցին, Կարապետ Աղթամարցին։ Հայտնի է նաև Հայրապետ կազմողը։ Այստեղ խմբագրվել, սրբագրվել, մեկնվել են բազում երկեր, շարադրվել պատմություններ, տոմարագիտության, գրչության արվեստի, երաժշտության վերաբերյալ երկեր, նկարազարդվել, կազմվել, նորոգվել են բազմաթիվ գրքեր։ Անապահով է եղել Մեծոփավանքի դպրոցը. մի քանի անգամ տեղափոխվել է մե՛րթ Բաղեշ, մե՛րթ Մշո Ս. Առաքելոց վանք։

16-րդ դարում Մեծոփավանքն այրվել է։ 18-րդ դարում հիշվում է միայն Մեծոփավանքի մատենադարանը, որը կողոպտվել է 1895 թվականին։ Պահպանված 100 ձեռագրերը 1915 թվականին անցել են քրդերի ձեռքը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մաթևոսյան, Արտաշես (2002). Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ. էջ 714.