Սուրբ Աստվածածին եկեղեցի (Սարակապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան, Սարակապ գյուղի արևելյան մասում
ԹեմՇիրակի թեմ
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակկանգուն
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ7-րդ դար
Կառուցման ավարտ1885-1887 թվականներ
Գմբեթ1
Շինանյութսև տուֆ

Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Հայաստանի Շիրակի մարզի Սարակապ գյուղի արևելյան։ Ընդգրկված Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին ավերակ վիճակում դարեր շարունակ ծածկված է եղել հողով և միայն 19-րդ դարի երկրորդ կեսին պատահականորեն հայտնաբերվել և 1885—1887 թվականներ, նորոգվել ու վերածվել է գործող եկեղեցու։ Հուշարձանի նախնական կառուցվածքից պահպանվել է վաղ միջնադարի հայ ճարտարապետությանը բնորոշ սև տուֆի, սրբատաշ, խոշոր քարերից կրաշաղախ՛ով շարված երկաստիճան որմնախարիսխը։ Վերակառուցման ժամանակ պատերը բարձրացվել են որմնախարսխի պարագծով, հետևաբար, նույնությամբ պահպանվել է հնագույն կառուցվածքի հատակագծային հորինվածքը։ Պատերի վերակառուցված մասերը նույնպես տեղական սև, սրբատաշ տուֆից են՝ կրաշաղախով։ Պատերի շարվածքի մեշ օգտագործվել են հին շենքի որոշ քարեր, որոնցից մեկի վրա կա 13-րդ դարի արձանագրություն։ Եկեղեցին վերակառուցվել է մինչև գմբեթի թմբուկի ստորին շարքերը։ Ներկայիս փայտյա հարթ ծածկը հենվում է չորս փայտյա սյուների վրա։ Սարակապի Սուրբ Աստվածածին եկեղեցու հատակագիծն ունի աստղաձև, կենտրոնաձիգ հորինվածք՝ սիմետրիկ արեվելք-արևմուտք առանցքին[1]։

Հատակագծային հորինվածքի հիմքում ընկած է հավասարաթև խաչը, որի չորս թևերը ներսոլմ ավարտվում են աբսիդներով, իսկ դրսից ունեն ուղղանկյուն եզրանկար։ Միայն արևելյան՝ բեմի խաչաթևը դրսից բազմանիստ է (եռանիստ)։ Սակայն, ի տարբերություն քառախորան հուշարձանների, Սարակապի եկեղեցում աբսիդների միջև իրականացված են լրացուցիչ ծավալներ, որի պատճառով հիմնական՝ քառախորան հորինվածքի խաչաթևերը հեռացված են միմյանցից։ Կառույցի հյուսիս-արևմտյան և հարավարևմտյան անկյուններում այս լրացուցիչ ծավալներն ունեն մոտավորապես եռանկյան տեսք (ավելի ճիշտ՝ սեղանի և եռանկյան զուգակցման ձև), իսկ հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան անկյուններում այդ լրացուցիչ ծավալները հանդես են գալիս որպես անցում, նախամուտք դեպի բեմի աբսիդի երկու կողմերում գտնվող ավանդատները[2]։ Վերջիններս ուղղանկյուն են, թաղածածկ և արևելյան կողմում ավարտվում են կիսաշրջանաձև աբսիդներով։ Ավանդատների առկայության պատճառով Սարակապի հուշարձանը սիմետրիկ չէ հյուսիս-հարավ առանցքին։ Սակայն կարելի է ենթադրել, որ սկզբնական հորինվածքում ավանդատներ չեն եղել, այլ դրանք ավելացվել են 19-րդ դարի վերակառուցման ընթացքում։ Եռանկյունաձև ծավալների մասնակի արտահայտվելը հուշարձանի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան անկյուններում և խաչաթևերի երկարությունների հավասարությունը, որի հետևանքով ավանդատները դեպի արևելք զգալիորեն դուրս են բեմի աբսիդի արևելյան ճակատի հարթությունից։ Հնագույն որմնախարիսխը տեղում երևում է մինչև ավանդատները։

Սարակապի եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավից և արևմուտքից։ Այժմյան մուտքերը կամարակապ վերջավորությամբ ուղղանկյուն բացվածքներ են՝ երկու կողմերում պարզունակ իմպոստներով։ Լուսամուտները սակավաթիվ են, սակայն բավական լայն։ Եկեղեցու ներքին տարածությունը լուսավորվում է բեմի, հարավ-արևելյան անկյան և եռանկյունաձև ծավալների արևմտյան պատերում տեղադրված լուսամուտներով (մեկական նեղ լուսամուտ ունեն նաև ավանդատները)։ Հուշարձանը զուրկ է հարդարանքից։ Ողջ պարագծով, նույն բարձրությամբ ընթացող քիվը բաղկացած է սոսկ կորագիծ վերջավորությամբ սալիկից[3]։

Եկեղեցու հորինվածքի մեջտեղում բարձրացել է գմբեթը, որի թմբուկը հիմքում ութանկյուն է եղել։ Գմբեթատակ ութանկյունը ստացվում է աբսիդների և եռանկյունաձև խորշերի անկյունների միջև ձգվող կամարներով։ Սակայն այդ ութանկյունը կանոնավոր չէ, որը բխում է հյուսիսային և հարավային աբսիդների անկանոնությունից (դրանք հատակագծում ոչ թե կիսաշրջանաձև են, այլ՝ կիսաձվաձև)։ Պետք է ենթադրել, որ դա 19-րդ դարի վերակառուցման ժամանակ աբսիդների կիսաշրջանաձև նախնական հատակագծերի աղավաղման հետևանք է։ Գմբեթարդներով են ծածկվում ինչպես խաչաթևերի չորս աբսիդները, այնպես էլ եռանկյունաձև խորշերը[4]։

Սարակապի հուշարձանի արտաքին տեսքը բխում է ներքին տարածական հորինվածքից և միանգամայն հարազատ է նրան։ Եռանկյունաձև խորշերը դրսից ունեն նույն եզրագիծը, իսկ խաչաթևերը ոչ թե կիսաշրջանաձև են, այլ ուղղանկյուն։ Եռանկյունաձև ծավալները ստեղծում են լույս ու ստվերի ուժեղ խաղ և զգալիորեն աշխուժացնում հուշարձանի զուսպ արտաքին կերպարը։ Այս նպատակին են ծառայում նաև դրանց և խաչաթևերի անկյուններում իրականացված փոքր, եռանկյունաձև կտրվածքով որմնասյուները, որոնք եղել են և նախնական հորինվածքում (այդ ելուստները արտահայտվում են նաև հնագույն որմնախարսխում)։ Խաչաթևերի անկյուններում նման ելուստների առկայությունը բնորոշ Է վաղ միջնադարի հայ ճարտարապետությանը և հանդիպում են հատկապես փոքր խաչաձև գմբեթավոր եկեղեցիներում (Փարպի,Ծփնի, Զարինջա, Քարաշամբ, Արտաշավան)։

Եռանկյունաձև լրացուցիչ ծավալների հիմնական նպատակը կառույցի ներքին, տարածության ընդարձակումն Է։ Խաչաթևերի միմյանցից հեռացնելը հնարավորություն Է տվել ներսում ստանալ բավական մեծ, առանց հենակետերի միասնական տարածություն՝ ծածկված գմբեթով (վերջինիս ներքին տրամագիծը հասնում Է մոտ 8 մետրի)։ Միաժամանակ եռանկյունաձև ծավալները լրացուցիչ կոշտություն, կայունություն են հաղորդում կառույցի ողջ ծավալատարածական հորինվածքին, դրանով իսկ բարձրացնելով նրա սեյսմակայունությունը։ Սարակապի հուշարձանի հորինվածքի ստեղծման համար ելակետ Է հանդիսացել վաղ միջնադարից Հայ ճարտարապետությանը քաջ հայտնի քառախորան եկեղեցու տիպը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովսեփ Եղիազարյան, Շիրակի Լեռնահովտի պատմական հուշարձանները, Երևան, 1975, էջ 54
  2. Հովսեփ Եղիազարյան, Շիրակի Լեռնահովտի պատմական հուշարձանները, Երևան, 1975, էջ 55
  3. Գ. Գրիգորյան, Վազ միջնադարի հայկական քառախորան հուշարձանները (ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր», 1976, հ 1),
  4. Տիրան Մարության, Ավանի տաճարը և համանման հուշարձանները, Երևան, 1976։