Սուրբ Աստվածածին եկեղեցի (Գնդեվազ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Գնդեվազ)
Եկեղեցի

Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին

ՏեղադրությունՀայաստան Հայաստան Վայոց Ձորի մարզ,
Գնդեվազ
ԱշխարհՍյունիք նահանգ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿիսավեր
Ակտիվ էՈչ
Ժառանգության կարգավիճակումՏեղական նշանակություն ունեցող պատմամշակութային հուծարձան
Ճարտարապ. տիպԲազիլիկ եկեղեցի
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ1686 թվական
Կառուցման ավարտ1686 թվական
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Գնդեվազ) (Հայաստան)##
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Գնդեվազ) (Հայաստան)
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Գնդեվազ) (Վայոց ձորի մարզ)##
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Գնդեվազ) (Վայոց ձորի մարզ)
Վիքիպահեստում

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արփա գետի ձախակողմյան սարավանդի վրա՝ Գնդեվազ գյուղում (նախկինում Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում), որը համաձայն Ստեփանոս Օրբելյանի, հիմնադրել է Սյունյաց Սմբատ իշխանի կինը՝ Սոփի (Սոփիա) իշխանուհին[1][2]։ Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի հյուսիսարևմտյան մասում, փոքրիկ բլրի վրա, մի վայրում, որը նախկինում կոչվում էր «տաճկաց թաղ»։ Ըստ արևմտյան մուտքի բարավորի արձանագրության՝ կառուցվել է 1686 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի հյուսիսարևմտյան մասում, փոքրիկ բլրի վրա, մի վայրում, որը նախկինում կոչվում էր «տաճկաց թաղ»։ Ըստ արևմտյան մուտքի բարավորի արձանագրության՝ կառուցվել է 1686 թվականին։

1920-ական թվականների սկզբին, կիսելով այլ բազմաթիվ եկեղեցիների ճակատագիրը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին վերածվում է գյուղական պահեստի։ Աղոթասրահը, ավագ խորանն ու արևմտյան մուտքի բարավորը պատվում են սվաղի շերտով՝ իրենց տակ թողնելով որմնանկարներն ու վիմական արձանագրությունը։

1950-ական թվականների կեսերին գյուղի բնակիչների հորդորով պահեստը հանվում է։ Եկեղեցին մասամբ սկսում է ծառայել իր հոգևոր նպատակներին՝ այստեղ կատարվում էր հանգուցյալների հոգեհանգիստը։

Գյուղի բնակչության նախաձեռնությամբ և միջոցներով, որմնանկարները բացելու նպատակով քերվում է պատերի վրայի սվաղի շերտը (բացառությամբ ավագ խորանի), ինչի հետևանքով մեծ վնաս է հասցվում որմնանկարներին։

Հյուսիսային նավի ծածկի խոնարհված (մինչև 1870-ական թվականներ) կենտրոնական հատվածը, որը բնակիչները ծածկել էին փայտով, խորհրդային շրջանում փլուզվում է։ Գյուղի բնակիչների մետաղյա խողովակների և շվելերների կիրառմամբ վերականգնվում են փլուզված հատվածը, որը սակայն 2006 թվականին փլուզվում է, ինչպես նաև հյուսիսային պատի միջնամասը։ Մոտ մեկ տասնամյակ անց՝ 2015 թվականին, փլվում է նույն հյուսիսային նավի ծածկի արևմտյան հատվածը՝ հսկայական անցք բացելով եկեղեցու տանիքին, իսկ դրանից մեկ տարի անց՝ 2016 թվականին, հարավային նավի ծածկի արևմտյան հատվածը։ Եկեղեցին հայտնվում է խիստ անմխիթար վիճակում. վթարային հատվածները շարունակում են ընդլայնվել, իսկ բաց հատվածներից ներս թափանցած անձրևաջրերն ու խոնավությունը մեծ վնաս են հասցնում որմնանկարներին։

Վկայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Արտաքինից անշուք, իր ճարտարապետությամբ գրեթե աչքի չընկնող այս եկեղեցին, սակայն, խիստ հետաքրքրական է իր որմնանկարներով։ Եկեղեցու վերաբերյալ քիչ տեղեկություններ են պահպանվել։ Մեզ հայտնի առաջին անդրադարձը Սարգիս արք. Ջալալյանցի համառոտ հիշատակությունն է

«Ի շինամիջի, ի վայելուչ տեղւոջ կառուցեալ կայ սագաշէն եկեղեցի ’ի վերայ չորից յարմարադիր սեանց ’ի Պետրոս վարդապետէ ’ի թուին Հայոց ռճլէ, որոյ երկարութիւնն քսան և չորս քայլ, և լայնութիւնն տասն և ինն»։
- Սարգիս Սանահնեցի Ջալալեանց, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Բ, Տփխիս, 1858, էջ 144

2. Գրող, ազգագրագետ և բժիշկ Գաբրիել Տեր-Հովհաննիսյանը (Քաջբերունի) գրում է.

«Տաճկական թաղի մեջ կանգնած է կրաշաղախ անտաշ քարից շինած եկեղեցին չորս սիւնի վերայ, հարաւային և արևմտեան դռներով։ Սիւների վերայ դեռ ևս նշմարելի են սրբերի իւղաներկ մաշուած պատկերների հետքերը։ Քրիստոսի խաչելութեան վերայ երևում են լատինական տառերը I. N. H. S. այն է սկզբնական տառերը «Յիսուս Նազովրեցի Թագաւոր Հրէից» բառերի։ Կոպիտ պատկերները նկարած են յունական ոճով և զգեստով։ Եկեղեցու հիւսիսային կամարաշէն տանիքը խոնարհուած է և փայտով կարկտած։ Այս ընդարձակ եկեղեցին, ինչպես ցույց է տալիս արևմտեան դրան արտաքին կողմի արձանագրութիւնը, շինել է Պետրոս վարդապետը 1135 հայոց թուականին, այսինքն 190 տարի մեզանից առաջ՝ իւր ծնողաց՝ Ովանէսի և Խանումի յիշատակի համար։ Արձանագրությունը այս է. «Ես անարժան Պետրոս վարդապետ շինեցի Սուրբ Աստուածածնի եկեղեցիս վասն փրկութեան հոգւոյ իմոյ և ծնողացն Ովանէսին և Խանումին. թվ. ՌՃԼԵ (1135)»։ Հայերի ժամասացութիւնը կատարվում է այս եկեղեցու մէջ»։
- Քաջբերունի, Ճանապարհորդական նկատողութիւնք (Փորձ, Տփխիս, 1877-1878, հ. IV, էջ 353

3. Ղևոնդ Ալիշանը, հիմնվելով Քաջբերունու տվյալներին, տեղեկացնում է.

«Ի ՀՍուրբ գեղջն երեւին աւերակք բերդի. յարեւելակողմն՝ հին գերեզմանատուն և խաչվէմք. իսկ ի գիւղամիջին՝ ի թուրքաբնակ թաղին՝ կայ եկեղեցի մի ոչ վաղեմի, անտաշ քարամբք եւ պատկերանկար որմովք, որոյ և հիւսիսային մասն վերնայարկին քակտեալ անկեալ էր, և արդ փայտիւ կարկատեալ է. ի վերայ դրանն արձանագրեալ է հետեւեալ բանս թուականաւ 1686 ամի. Ես անարժան Պետրոս վարդապետ շինեցի Սուրբ Աստուածածնի եկեղեցիս վասն փրկութեան հոգւոյ իմոյ եւ ծնողացն Ովանէսին եւ Խանումին. Թվ. ՌՃԼԵ.
- Հ. Ղեւոնդ Մ. Ալիշան, Սիսական. տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենետիկ, 1893, էջ 103

4. Երվանդ Լալայանը գրում է.

«Գնդեվազ գիւղը բաժանուած է երկու առանձին մասի, հայկական և թըրքական։ Վերջինիս մէջ է գտնւում հայկական մի հին եկեղեցի սև քարերով շինած, որի դռան վերայի արձանագրութիւնից երևում է, որ շինել է Պետրոս վարդապետը 1686 թուին։ Հայերը սրա հիւսիսային քանդուած մասը վերանորոգելով՝ նոր եկեղեցի շինելու հոգսից ազատուել են»
- Լալայեան Ե., Շարուր-Դարալագեազի գաւառ (Ազգագրական հանդէս, գիրք XII, Թիֆլիս, 1904, էջ 255

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցված է թեք՝ հյուսիսից հարավ իջնող տեղանքի վրա։ Արևելք-արևմուտք առանցքը բավականին մեծ շեղվածություն ունի՝ մոտ 23˚:

Արտաքին չափսերն են՝

  • հյուսիսային կողմ՝ 21.8 մ,
  • արևմտյան կողմ՝ 14.5 մ,
  • հարավային կողմ՝ 23.6 մ,
  • արևելյան կողմ՝ 14.6 մ։

Հանդիպակաց կողմերի այս անհամապատասխանության պատճառը եկեղեցու կառուցման ժամանակ հատակագծի սխալ նշահարումն է. շինարարության ընթացքում արևմտյան և արևելյան պատերը կառուցվել են միմյանց ոչ զուգահեռ, զգալիորեն «ներս ընկած», ինչի հետևանքով հատակագիծը ստացել է սեղանի տեսք։ Բացի այդ, արևելյան պատը հյուսիսայինի հետ հատման կետից մոտ 3մ հեռավորության վրա շեղվում է դեպի արևմուտք՝ եկեղեցու հատակագիծը դարձնելով արդեն հնգանկյուն։ Արտաքին անկանոն համամասնությունների ուղղակի հետևանք են ներքին անկանոն համամասնությունները, որոնք նկատելի են հատկապես հյուսիսային և հարավային պատերի՝ միջմույթային տարածություններում։

Թե ճարտարապետությամբ և թե շինարվեստով Սուրբ Աստվածածին եկեղեցին գրեթե նույնական է Սյունիքում (որը ներառում էր և Վայոց ձորը) 17-18-րդ դարերի լայն տարածում գտած եռանավ բազիլիկներին (Եղեգիսի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Լորի Սուրբ Գևորգ եկեղեցի, Լիճքի Սուրբ Կարապետ և այլն)։

Որմածքը՝ արտաքին երեսները շարված են քարի շարվածքով, իսկ դրանց արանքում լցված է բուտոբետոն։ Օգտագործվել է սրբատաշ մոխրագույն բազալտ (անկյունաքարեր, մույթեր, որմնամույթեր, կամարներ, բեմ, մուտքերի և լուսամուտների շրջանակներ), կոպտատաշ կապտավուն բազալտ (արտաքին պատերի արտաքին երեսներ) և անմշակ կապտավուն բազալտ (արտաքին պատերի ներքին երեսներ, թաղերի ծածկեր)։

Ալվանքի Կուսանաց անապատ

Ճարտարապետական հորինվածքով եկեղեցին սովորական եռանավ բազիլիկ կառույց է՝ երկթեք տանիքով, աղոթասրահը երեք նավերի բաժանող երկու զույգ «T»-աձև մույթերով և ավագ խորանին կից երկու ավանդատներով։ Միջին՝ գլխավոր նավի լայնության հարաբերակցությունը կողայինների նկատմամբ մոտավորապես 2։1 է (4.95:2.45մ), բարձրության հարաբերակցությունը՝ մոտավորապես 1.3։1 (6.30:4.80մ)։ Չորս մույթերի միջև եղած հեռավորությունը գրեթե հավասար է (ընդլայնական հատվածը ընդամենը 10սմ-ով է պակաս երկայնականից), ինչի հետևանքով, Մալևի (Մեղրիի մոտ) Կուսանաց անապատի բազիլիկի նման, այստեղ ևս գմբեթատակ քառակուսի է[3]։

Աղոթասրահում, կողային նավերի լայնական կամարներից բացի, մնացյալ բոլոր կամարները սլաքաձև են, ինչը խիստ հազվադեպ է պատահում Սյունիքի 17-18-րդ դարերի եկեղեցիների դեպքում։ Եռանավ բազիլիկներում այսպիսի կամարներ տեսնում ենք նաև Հոստինի կիսաքանդ եկեղեցում, սակայն միայն գլխավոր նավի լայնական կամարներում Արևելյան աբսիդը, հավանաբար, շինարարությունը կարճ ժամկետում ավարտելու նպատակով, չի պսակվել գմբեթարդով։

Եկեղեցին ունի երկու շքամուտք՝ արևմուտքից և հարավից։ Սլաքաձև կամարով ու պարանահյուս գոտիով պսակված արևմտյան շքամուտքի բարավորին կառույցի միակ վիմական արձանագրությունն է, որին դեռ կանդրադառնանք։ Հարավայինը, որը փոքր-ինչ ավելի նեղ է, ունի կիսաշրջան կամար՝ երիզված նույնատիպ պարանահյուս գոտիով։ Վերոնշյալ գոտիները, հարավարևմտյան մույթի արևմտյան երեսին քանդակված խաչն ու քառաթև ծաղկազարդն էլ ներկայացնում են ամբողջ կառույցի քանդակազարդ դեկորատիվ մասը, եթե, իհարկե, պատերի սվաղի տակ այլ զարդաքանդակներ չեն գտնվում։

Եկեղեցին լուսավորվում է կամարով պսակված և դեպի ներս լայնացող տասը լուսամուտներով. երկուական՝ հյուսիսային և հարավային պատերին, երեքական՝ արևմտյան պատին և մեկական՝ ավագ խորանի կենտրոնում և ավանդատներում։ Հյուսիսային պատի մեկ և արևմտյան պատի երկու լուսամուտների բացվածքները խորհրդային տարիներին քարերով շարվել ու փակվել են, այդպես էլ մնում են մինչ օրս:Ներսի կողմից եկեղեցում առկա են տասներկու որմնախորշեր, որոնցից մեկը (հյուսիսային պատի մեջ) ծառայել է որպես մկրտության ավազան, մյուսները՝ որպես պահարաններ. չորս որմնախորշ առկա է աղոթասրահում (երկուսը՝ հյուսիսային, երկուսը՝ հարավային պատին), չորսը՝ ավագ խորանում, մեկը՝ հյուսիսային և երկուսը՝ հարավային ավանդատներում։ Առանձնապես հետաքրքիր է հարավային ավանդատան հյուսիսային (հյուսիսարևելյան անկյանը կից) որմնախորշը՝ մոտ երկու մետրի հասնող իր խորությամբ։ Խորանալով՝ որմնախորշի բարձրությունը չի փոխվում. այն վերևից ծածկված է հարթ քարերով, սակայն որմնախորշ-պահարանին ոչ բնորոշ խորությունն ու հատակագիծը կարծես հուշում են դրա առաստաղից վեր գտնվող ևս մի դատարկ տարածության մասին։ Իր դիրքով և ձևով այս որմնախորշը հիշեցնում է Շատիվանքի Սուրբ Սիոն եկեղեցու հարավային գաղտնախուցը։ Վերջինիս մուտքը ավագ խորանի որմնախորշի միջով էր։ Սուրբ Աստվածածնի պարագայում, ցավոք, ավագ խորանը ծածկված է սվաղի շերտով, ինչը հնարավորություն չի տալիս ստուգելու նույնպիսի մի որմնախորշի և գաղտնախցի առկայությունը։

Որմնանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջանի որմնանկարները 18-19-րդ դարերի հայ որմնանկարչության ամենայուրահատուկ և բարձրարժեք դրսևորումներից են։ Ստեղծման ստույգ ժամանակաշրջանը բավական դժվար է որոշել. որմնանկարների մասին առաջին հիշատակությունը Վաղ շրջանի որմնանկարներն արվել են ամենաուշը 19-րդ դարի սկզբին, իսկ որ առավել հավանական է՝ 18-րդ դարում։ Հարավարևմտյան մույթի հյուսիսային երեսին երևում են Սուրբ Ստեփանոսի քարկոծման (վերին հատվածում) և «Հոգեգալուստ» (ստորին հատվածում) տեսարանները։ Հարավարևելյան մույթի հյուսիսային երեսին «Ծննդյան» տեսարան է։ Հարավարևմտյան մույթի արևմտյան երեսին ևս երկու որմնանկար է առկա. վերին հատվածում Սուրբ Գևորգն է՝ ձիավորի տեսքով, ներքևում՝ Միքայել հրեշտակապետը։ Հյուսիսարևելյան մույթի արևմտյան երեսին՝ «Հարությունը», իսկ հյուսիսարևմտյան մույթի հարավային երեսին՝ «Համբարձումը» որմնանկարներն են։ Հարավարևելյան մույթի արևմտյան երեսին երկու որմնանկար է առկա. վերին մասում պատկերված է «Ավետումը», ստորին մասում «Խաչելությունն» է։

# Պատկեր Անուն Նկարագրություն
1
Երկու սրբերի պատկերներ
Երկու սրբերի պատկերներ Ավագ խորանի որմնանկարներից տեսանելի են միայն ձախակողմյան հատվածի երկու պատկերները, որոնք ի հայտ են եկել վերջերս՝ այդ հատվածի սվաղի թափվելու շնորհիվ։ Վերին հատվածում պատկերված կերպարը նստած է, աջ ձեռքին՝ գիրք։ Գլխի հատվածը չի պահպանվել։ Ներքևի որմնանկարի սուրբը պատկերված է կանգնած վիճակում։ Տեսանելի են միայն գլխի և իրանի ձախակողմյան մասերը (մնացյալ հատվածըը դեռևս գտնվում է սվաղի տակ)։

Ավագ խորանին կից, արևելյան պատի հարավային որմնամույթին ևս մի սրբի պատկեր է, աջ ձեռքին գավազան է, ձախին՝ Ավետարան։ Որմնանկարի վերին հատվածը չի պահպանվել։

2
Ծնունդ
«Ծնունդ» Կենտրոնական մասում պատկերված են Մարիամ Աստվածածինը, բարուրում պառկած մանուկ Հիսուսն ու հայացքը վերջինիս հառած հրեշտակը։ Տիրամայրը նստած է, մարմնով թեքվել է դեպի Հիսուսը։ Հագին մոխրագույն քիտոն է և կապույտ թիկնոց։ Աջ կողմում երեք մոգերն են։ Ճաղատ ու սպիտակամորուս ծերունին Գասպարն է, որը ծնկի է իջել, ընծան դրել գետնին և աջ ձեռքը մեկնել դեպի Հիսուսը։ Գասպարի հետևում կանգնած են Բաղդասարն ու Մելքոնը, երկուսն էլ թագերով՝ որպես թագավորներ, ձեռքերում պահած իրենց ընծաները։ Ինչպես և սովորաբար՝ Բաղդասարը պատկերված է թխադեմ երիտասարդի տեսքով, անմորուս է, Մելքոնը ավելի չափահաս է՝ սև մորուքով և երկար մազերով։ Աստվածածնի թիկունքում պատկերված են երկար, սպիտակ մորուքով, տարակուսանք արտահայտող դեմքով Հովսեփն ու մի հովիվ, նրանց գլխավերևում՝ մեկ եզ և մեկ ավանակ։ Տեսարանի ամենավերին մասում ճառագող աստղն է՝ որպես աստվածահայտնության նշան։ Որմնանկարը ներկա վիճակում բավական հողմահարված է, սակայն կերպարների արտահայտչականությունն ու խորությունը այժմ էլ հիացնում են դիտողին։
3
Մկրտություն
Մկրտություն Հյուսիսարևելյան մույթի հարավային երեսին պատկերված է «Մկրտության» տեսարանը։ Այս որմնանկարը ևս շատ վատթար վիճակում է (ստորին մասը չի պահպանվել, իսկ պահպանվածն էլ մեզ է հասել խիստ խամրած գույներով)։ Կենտրոնական հատվածում Հովհաննես Մկրտիչն է՝ երկար մազերով ու մորուքով. երկու ձեռքերն առաջ պարզած՝ նա խեցիով ջուր է լցնում Հիսուսի վրա. հանգամանք, որ առավել բնորոշ է արևմտյան պատկերագրությանը (հայկական հուշարձաններում Հովհաննես Մկրտիչը հիմնականում պատկերվում է ձեռքը Հիսուսի գլխին դրած՝ նրան օրհնելիս)։

Հիսուսը կոնքակապով է, սև, երկար մազերով ու մորուքով, հայացքը փոքր-ինչ ցած է խոնարհել։ Նա աջ ձեռքը դրել է կրծքին, ձախը՝ ուղղել դեպի Հովհաննես Մկրտիչը։ Հիսուսի հետևում տեսնում ենք երեք անձանց՝ չափահասի, երիտասարդի և պատանու կերպարներով։ Հովհաննես Մկրտչի հետևում, փոքր-ինչ դեպի ցած պատկերված է մեջքը դեպի մկրտությունն ուղղած Ադամը, որի միայն ուրվագծերն են մնացել։ Ադամի դիմաց Հովհաննես Մկրտչի խոսքերը խորհրդանշող ծառն է, որի մոտ, հավանաբար, նկարված է եղել նաև կացինը։ Տեսարանի ամենավերին մասում Հայր Աստվածն է՝ սպիտակամորուս ծերունու տեսքով, օրհնող աջը վեր պահած, իսկ Նրանից ներքև աղավնակերպ Սուրբ Հոգին է, որ իջնում է Հիսուսի վրա։ Աղավնուց ցած օդում սավառնող հրեշտակներն ու քերովբեներն են, որոնք հետևում են մկրտությանը։

4
Սուրբ Ստեփանոս Նախավկա
Սուրբ Ստեփանոսի քարկոծում Սուրբ Ստեփանոս Նախավկան պատկերված է անմորուս երիտասարդի տեսքով, աջ ձեռքը՝ վեր պահած, հագին՝ երկար շագանակագույն զգեստ։ Նրանից ձախ պատկերված են երեք քարկոծողները. երկուսը՝ քարը ձեռքներին, պատրաստվում են նետել, իսկ մեկը կռացած՝ փորձում է գետնից քար վերցնել։
5
Հոգեգալուստ
Հոգեգալուստ «Հոգեգալուստը» եկեղեցու վաղ շրջանի որմնանկարներից համեմատաբար առավել լավ պահպանվածն է, և այս առումով էլ իր արտահայտչականությամբ, կերպարների մշակվածությամբ և անձնավորվածությամբ, գույների խորությամբ ու հարստությամբ, կարելի է ասել, առավել չափով է ի ցույց դնում այն վիթխարի կորուստը, որն ունեցել ենք ի դեմս այս եկեղեցու թե՛ վերջնականապես կորսված և թե՛ վնասված ու հողմահարված որմնանկարների։

Ի տարբերություն եկեղեցու, և առհասարակ նոր շրջանի հայ որմնանկարչության հուշարձանների մեծ մասի, որոնք հիշեցնում են հաստոցային գեղանկարչության գործեր, «Հոգեգալուստը» ավելի շատ նմանվում է սրբապատկերի։ Որմնանկարի կենտրոնում նստած, ձեռքերը խաչաձև կրծքին դրած Տիրամայրն է։ Հայացքը տխրադեմ է ու մտածկոտ, աչքերը՝ ցած խոնարհած։ Նրա աջ և ձախ կողմերում խմբված են առաքյալները, յուրաքանչյուր կողմում վեց հոգի։ Առաքյալներից գրեթե յուրաքանչյուրի համար նկարիչը կերտել է անհատական դիմագիծ ու խառնվածք, ինչի շնորհիվ ընդհանուր տեսարանը բավական իրական տպավորություն է թողնում։ Աջ կողմում գտնվող խմբից իր՝ համեմատաբար բարձր դիրքով և մեծ չափերով առանձնանում է Հովհաննես առաքյալը, որը պատկերված է երիտասարդի տեսքով, մյուսները հիմնականում միջին տարիքի են։ Բացի այդ, առաքյալներից միայն Հովհաննեսն է կրում լուսապսակ։ Տիրամոր գլխավերևում աղավնակերպ Սուրբ Հոգին է։ Վերևից իջնող սուրբ կրակները, որոնք սովորաբար պատկերվում են տվյալ տեսարանում, այս դեպքում բացակայում են։

6
Սուրբ Գևորգ
Սուրբ Գևորգ Սուրբ Գևորգը պատկերված է սև մորուքով, գլխարկով, նետերով լի կապարճը մեջքին գցած, աջ ձեռքով բռնած մոխրագույն ձիու սանձը, ձախով՝ գավազանը։ Ձախ հատվածում սևաներկ արձանագրությունն է՝ «ՍԲ ԳԷՈՐԳ»։ Եկեղեցու վաղ շրջանի որմնանկարների մեջ սա միակ պահպանված արձանագրությունն է։
7
Միքայել հրեշտակապետ
Սուրբ Միքայել հրեշտակապետ Միքայել հրեշտակապետը լուսապսակով է, երկարամազ, թևերը պարզած են, և աջ ձեռքով բռնել է կշեռքը։ Որմնանկարը ներկայումս խիստ հողմահարված վիճակում է։
8
Խաչելություն
Խաչելություն «Խաչելության» տեսարանի կենտրոնական հատվածում խաչված Քրիստոսն է՝ կոնքակապով, գլուխը թեքած աջ (երեսի հատվածը միտումնավոր քերված է)։ Ձախ կողմում աղոթողի դիրքով պատկերված է Մարիամ Աստվածածինը, աջ կողմում՝ Հովհաննես Ավետարանիչը։ Ստորին հատվածի՝ երկու ձեռքով խաչափայտը գրկած կինը, հավանաբար, Մարիամ Մագդաղենացին է։ Խաչի տակ Ադամի գանգն է։ Քրիստոսի երկու կողմերում սավառնում են քերովբեներն ու այլ հրեշտակներ։
9
Հարություն
Հարություն Հյուսիսարևելյան մույթի արևմտյան երեսին է պատկերված «Հարության» տեսարանը, որի կենտրոնում՝ ամպերի մեջ Քրիստոսն է։ Նա աջ ձեռքը օրհնության նշանով պարզել է վեր, ձախ ձեռքում գավազանն է։ Ստորին հատվածում բացված սարկոֆագն է, աջ կողմում՝ կապտագույն զգեստներով հրեշտակը, որն աջ ձեռքով կարծես մատնացույց է անում հառնող Տիրոջը։
10
Համբարձում
Համբարձում Պատկերված է հյուսիսարևմտյան մույթի հարավային երեսին։ Վերին մասում, ամպերի վրա կանգնած է Քրիստոսը՝ առանց մանդոռլայի, կապույտ քիտոնով և կարմիր թիկնոցով։ Նրա աջ և ձախ կողմերում չորսական քերովբեներ են, որոնք Տիրոջն ուղեկցում են դեպի երկինք։ Ներքևի հատվածում տասներկու առաքյալներն են։ Ստորին հատվածում «Ծննդյան» որմնանկարում պատկերված զարդագոտին է։
11
Սուրբ Սարգիս
Սուրբ Սարգիս Պատկերված է հյուսիսարևմտյան մույթի արևմտյան երեսի որմնանկարում։ Զորավարը պատկերված է աշխետ ձին հեծած, սաղավարտով, զրահով և թիկնոցով։
12
Աստվածամոր անբասիր սիրտը
Աստվածամոր անբասիր սիրտ Որմնանկարը պատկերվել է 1906 թվականին։ Կենտրոնում Աստվածամայրն է՝ ձեռքը դրած կրծքին։ Նրա երկու կողմերում հրեշտակներ են, որոնք կարծես ձեռքերով պահել են Աստվածամորը։ Նկարի ստորին մասում թևերը տարածած մի քերովբե է, որից ներքև էլ պատվիրատուին հիշատակող արձանագրությունն է. «Յիշատակէ Հանգուցեալ տէրուհի Գայեանի Տէր-Կարապետեանցի 1906 ամի»։ Այս որմնանկարն արված է վաղ շրջանի մի այլ որմնանկարի վրա, որի հետքերը երևում են վերին աջ անկյունում։
13
Ավետում
Ավետում Որմնանկարի ձախ կողմում, ոսկեգույն զգեստներ հագած, ծնկի իջած Գաբրիել հրեշտակապետն է, որն աջ ձեռքը օրհնության նշանով ուղղել է դեպի Մարիամը, իսկ ձախ ձեռքին ծաղիկներ են։ Աջ կողմում ոսկեզօծ լուսապսակով, կարմրավուն քիտոնով ու կապույտ թիկնոցով Մարիամն է՝ նստած դազգահի առաջ, դեմքն ուղղած դեպի Գաբրիելը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ստեփաննոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, h. Ա, Փարիզ, 1859, էջ 307
  2. Առաքել վարդապետ Դաւրիժեցի, Պատմութիւն, Վաղարշապատ, 1884, էջ 38
  3. Հասրաթյան Մ., Սյունիքի XVII-XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Ե., 1973, էջ 75