Ջակարտայի արվեստի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջակարտայի արվեստի տուն
Տեսակբազմաֆունկցիոնալ թատերական-համերգային համալիր
Երկիր Ինդոնեզիա
Գտնվելու վայրըԿենտրոնական Ջակարտա
Կայքgedungkesenianjakarta.co.id(ինդ.)
 Gedung Kesenian Jakarta Վիքիպահեստում

Ջակարտայի արվեստի տուն (ինդոն.՝ Gedung Kesenian Jakarta), պատմականորեն հայտնի է Վելտեվրեդեն թատրոն (Schouwburg Weltevreden) անվանումով, համերգասրահ Ջակարտայում, Ինդոնեզիայում, կառուցվել է Հոլանդական Օստ Ինդիայի գաղութացման տարիներին։ Գտնվում է Ջակարտայում Իստիկլյալ մզկիթի և Ջակարտայի տաճարի մոտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բատավիայում (գաղութացման տարիներին այդպես էր կոչվում Ջակարտան) թատրոն կառուցելու միտքն առաջացել է քաղաքի գեներալ նահանգապետի մոտ, ով այդ ժամանակ Հերման Դանդելսն էր։ Այն իրականցվել է Ստէմֆորդ Ռաֆֆլզի օգնությամբ, ով հայտնի էր տեղական մշակույթն ուսումնասիրելու և պահպանելու իր մեծ ցանկությամբ։ 1814 թվականին Ռաֆֆլզը պատվիրում է «Venue զինվորական թատրոն» անունով բամբուկից շենք կառուցել Վաթերլոյի մոտ (Ջակարտայի հրապարակի մոտ, այժմ հայտնի է որպես Lapangan Banteng անունով)[1]. Այն կառուցվել է անգլիացի զինվորների կողմից և նախատեսված էր 250 հոգու համար[2]։ Բատավիայի առաջին թատրոնն աշխատել է 1881-1816 թվականներին և զվարճացրել է բրիտանացի զինվորներին։ 1816 թվականի օգոստոսին այստեղ է վերադառնում Հոլանդական Օստ Ինդիայի տիրապետությունը և Բատավիան նորից ընկնում է Նիդերլանդների նահանգապետների տիրապետության տակ։ 1817 թվականի ապրիլի 21-ին հոլանդացի կատարողների սիրողական ելույթները նորից վերադառնում են շենք։ 1820 թվականին բամբուկե շենքի դրությունն սկսում է վատթարանալ, իսկ 1821 թվականի հոլանդական գաղութային իշխանությունների օգնությամբ այն փոխարինվում է առավել հաստատուն կառույցով։ Կապալառուն Լի Ատիխեն էր, ով քաղաքի հին հատվածից շինանյութ էր բերում` նոր թատրոն կառուցելու համար։ Թատրոնի շենքի շինարարությունը տևել է 14 ամիս։ Նոր թատրոնը կառուցվել է նեոդասական ոճով և կոչվել է Վելտեվրեդեն Թատրոն (Schouwburg Weltevreden), ժողովրդի շրջանում հայտնի է որպես «Կատակերգությունների տուն» (Gedung Komedi) անվանումով։ Թատրոնում առաջին բեմադրված առաջին ներկայացումը եղել է Վիլյամ Շեքսպիրի Օթելլո ներկայացումը։

Շենքը 19-րդ դարի վերջին

19-րդ դարի կեսերին Վելտեվրեդեն Թատրոնի զարգացումը դանդաղ էր առաջ ընթանում, դժվար էր շահույթ ստանալ, քանի որ Բատավիայում քիչ էին եվրոպացի օպերային երգչուհիները, իսկ նվագախումբն ամբողջական չէր։ Պետությունը 1848-1892 թվականներին հովանավորել է թատրոնը։ Ի սկզբանե թատրոնի շենքի ներսի լուսավորությունն իրականացվում էր մոմերի ու կերոսինային լամպի միջոցով։ Շենքում էլեկտրականությունն առաջին անգամ օգտագործվել է 1882 թվականին, սակայն գազի լամպերն օգտագործվել են մինչև 1910 թվականը։ 1926 թվականին, Ինդոնեզիայի ազգային վերածննդի ժամանաշրջանում, շենքն օգտագործվել է Երիտասարդության առաջին կոնգրեսի ժամանակ։ Ճապոնական շրջափակման տարիներին, 1942-1945 թվականներին շենքը ժամանակավոր օգտագործվել է որպես զինվորական շտաբ։ 1943 թվականին թատրոնն օգտագործվել է Սին Սեկիզու (Sin’tsu Cekizyoo) անվամբ։ Անկախության ձեռքբերման ժանանակ շենքն օգտագործվել է որպես Սենիման Մերդեկա («Անկախ նկարիչներ») անվանումով հայտնի երիտասարդ նկարիչների հանդիպման վայր, որոնց մեջ էին Ռոսիխան Անվարը, Ուսմարյա Իսմայիլը, Էլ-Հաքիմն ու Հասսինը։ 1945 թվականի օգոստոսի 29-ին, Ինդոնեզիայի անկախության հռչակումից 12 օր անց Ինդոնեզիայի առաջին նախագահ Սուկարնոյի երդմնակալությունն անց է կացվել այս շենքում։ 1951 թվականին թատրոնի շենքն օգտագործվել է որպես Ինդոնեզիայի համալսարանի իրավունքի և տնտեսագիտության ֆակուլտետ։ 1957-1961 թվականներին շենքն օգտագործվել է Ինդոնեզիայի ազգային թատերական ակադեմիայի կողմից։ 1970 թվականին շենքը վերաձևափոխվել է և դարձել է կինոթատրոն, որը ցուցադրում էր չինական ֆիլմեր։ Այդ ընթացքում այն նաև հայտնի էր Քաղաքային թատրոն անունով[3]։ 1984 թվականին որոշում է կայացվել շենքը վերադարձնել իր սկզբնական նշանակությանը։ Դրա վերակառուցումն արժեցել է 3 միլիարդ ռուպի։ 1987 թվականի սեպտեմբերի 5-ին այն վերանվանվել է Ջակարտային Գեդունգ Կեսենիան։

Կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր շենքը կազմված է նեոդասական ոճի բաց դահլիճներից, 475 մարդ տեղավորող գլխավոր համերգասրահն ունի պատշգամբ։ Նախասրահը կառուցված է 19X79 ֆուտ չափսերով։ Նախասրահով է անցնում դեպի հանդիսասրահ գնացող ճանապարհը, որտեղ, ըստ անհրաժեշտության, կարող է ավելացվել 5 նստատեղ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jakarta.go.id • Detail | Encyclopedia». jakarta.go.id. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  2. «Wisata sejarah di Jakarta». indotravelers.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  3. Tempo. — Badan Usaha Jaya Press Jajasan Jaya Raya, 1973. — 948 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջակարտայի արվեստի տուն» հոդվածին։