Պոտսդամի կոնֆերանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում են՝ Կլեմենտ Էթլին, Էրնեստ Բևինը, Վյաչեսլավ Մոլոտովը, Իոսիֆ Ստալինը, Ուիլյամ Դեհին, Ջոզեֆ Դեյվիսը, Ջեյմս Բիրնսը և Հարրի Տրումենը
Իոսիֆ Ստալինը և Հարրի Տրումենի հանդիպումը Պոտսդամի կոնֆերանսի շրջանակներում[1]

Պոտսդամի կոնֆերանս[2][3][4][5] (անգլ.՝ Potsdam Conference), կոնֆերանս, որը տեղի է ունեցել 1945 թվականի հուլիսի 17-ից օգոստոսի 2Գերմանիայի Պոտսդամ քաղաքում։ Կոնֆերանսի աշխատանքները կայացել են Ցեցիլիենհոֆ պալատում, որին մասնակցել են հակահիտլերյան կոալիցիայի երեք խոշոր երկրների առաջնորդները՝ որոշելու հետպատերազմյան Եվրոպայի հետագա ճակատագիրը։ Պոտսդամի կոնֆերանսը դարձավ վերջինը «Մեծ եռյակի» առաջնորդներ Իոսիֆ Ստալինի, Ուինսթոն Չերչիլի և Հարրի Տրումենի համար։ Կոնֆերանսի վերջին օրերին Չերչիլին փոխարինեց Կլեմենտ Էթլին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա երրորդ և վերջին հանդիպումն էր «Մեծ եռյակի» առաջնորդներ Իոսիֆ Ստալինի, Ուինսթոն Չերչիլի և Հարրի Տրումենի միջև։ Առաջին երկուսը տեղի էին ունեցել Թեհրանում (Իրան) և Յալթայում (ԽՍՀՄ)։ Կոնֆերանսի նպատակը պարտված Երրորդ Ռայխի քաղաքական և տնտեսական հետագա ճակատագրի որոշումն էր։ Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են նաև հարցեր, որոնք վերաբերում էին պարտված երկրների քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքին, ռազմական հանցագործների պատժին, ինչպես նաև կրթական և դատական համակարգերում փոփոխությունների իրականացմանը։

Պոտսդամի կոնֆերանս․ ձախից աջ՝ Ուինսթոն Չերչիլ, Հարրի Տրումեն և Իոսիֆ Ստալին

Կոնֆերանսին մասնակցել են՝

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատվիրակությունները ժամանեցին հուլիսի 15-ին։ Կոնֆերանսի նախօրեին Չերչիլը և Տրումանը առանձին-առանձին այցելել էին Բեռլին՝ տեսնելու Երրորդ Ռայխի ավերված մայրաքաղաքը, որը մի քանի տարի շարունակ սարսափի մեջ էր պահում ողջ Եվրոպան։

ԽՍՀՄ պատվիրակությունը՝ Իոսիֆ Ստալինի գլխավորությամբ հուլիսի 16-ին ժամանեց Բեռլին, որտեղ նրանց դիմավորեց Արևմտյան ռազմաճակատում խորհրդային զորքերի գլխավոր հրամանատար մարշալ Գեորգի Ժուկովը։

Հուլիսի 17-ին ժամը 12։00-ին տեղի ունեցավ քննարկում մի կողմից Ստալինի և Մոլոտովի, իսկ մյուս կողմից Հարրի Տրումանի և ԱՄՆ պետքարտուղար Բիրնսի միջև։ Թարգմանչի դերում հանդես է եկել ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի փորձագետ-խորհրդատու Սերգեյ Գոլունսկին։ Զրույցի ընթացքում Տրումանը Ստալինին վստահեցրեց, որ «նա ուրախ է ծանոթանալ պրն․ Ստալինի հետ և ցանկանում է հաստատել նրա հետ «այնպիսի բարեկամական հարաբերություններ, ինչպիսին ունեցել է գեներալիսիմուս Ստալինը նախագահ Ռուզվելտի հետ»։ Թրումենը հավատացած է, որ աշխարհի ճակատագիրը գտնվում է երեք գերտերությունների ձեռքում»։ Ստալինը պատասխանեց, որ «Սովետական կողմը մշտապես պատրաստ է առաջ շարժվել ԱՄՆ-ի հետ միասին»[6]։

Հուլիսի 26-ին Մեծ Բրիտանիայում հայտարարվեցին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որի արդյունքում բրիտանական պատվիրակությունը սկսեց ղեկավարել Կլեմենտ Էթլին։ Չերչիլը հուլիսի 28-ին լքեց կոնֆերանսը։

Պատվիրակությունների տեղակայումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեցիլիենհոֆ պալատը, որտեղ տեղի են ունեցել կոնֆերանսի աշխատանքները

Կոնֆերանսի անցկացման համար հատկացվեց Ցեցիլիենհոֆ պալատի 176 սրահներից 36-ը։ Պատվիրակությունները տեղավորվել էին Պոտսդամի Բաբելսբերգ շրջանում։ Սովետական պատվիրակությունը տեղավորվեց գեներալ Էրիխ Լյուդենդորֆին պատկանող վիլլայում։ Ամերիկացիների աշխատանքային սենյակը կրոնպրինցին պատկանող ընդունելության սրահն էր։ Իսկ բուն աշխատանքային սենյակը օգտագործվում էր սովետական պատվիրակության կողմից։

Ներկայումս Ցեցիլիենհոֆում գործում է Պոտսդամի կոնֆերանսի թանգարանը, որտեղ ցուցադրվում է կոնֆերանսի աշխատանքային գործընթացի գերակշռող հատվածը։

Ղեկավարների միջև փոխհարաբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղրիմի կոնֆերանսին հաջորդած հինգ ամիսների ընթացքում մեծ փոփոխություններ էին տեղի ունեցել աշխարհում, որոնք էապես իրենց ազդեցությունն են ունեցել ղեկավարների միջև հարաբերությունների վրա։

1. Խորհրդային Եվրոպան օկուպացրել էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպան
Հուլիսին Կարմիր բանակը հաջողությամբ վերահսկում էր Մերձբալթիկան, Լեհաստանը, Չեխոսլովակիան, Հունգարիան, Բուլղարիան և Ռումինիան։ Այս երկրների բնակիչները, վախենալով ստալինյան զորքերի հաջող առաջխաղացումից, գաղթում էին Արևմտյան Եվրոպայի երկրներ, ինչն էլ էլ նպաստում էր այդ երկրների սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը։ Իոսիֆ Ստալինի անմիջական հանձնարարությամբ կոմունիստական կառավարություն էր ձևավորվել Լեհաստանում։ Ստալինը նշում էր, որ Արևելյան Եվրոպայում խորհրդային վերահսկողության առկայությունը պաշտպանում է տարածաշրջանը հնարավոր հարձակումներից և ավելացնում, որ խորհրդային ազդեցության տարածումն Արևելյան Եվրոպայի երկրներում միանգամայն օրինական է[7]։

2. Մեծ Բրիտանիան ուներ նոր վարչապետ
Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունների արդյուքները հայտնի դարձան կոնֆերանսի ընթացքում։ Պահպանողական կուսակցությունը՝ Ուինսթոն Չերչիլի գլխավորությամբ իր տեղը զիջեց Լեյբորիստական կուսակցությանը, որը գլխավորում էր Կլեմենտ Էթլին։ Արդյունքում, կոնֆերանսում բրիտանական պատվիրակությունը սկսեց ղեկավարել Կլեմենտ Էթլին։ Ուինսթոն Չերչիլը, ի տարբերություն ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի, այլ մոտեցում ուներ ԽՍՀՄ նկատմամբ։ Նա կարծում էր, որ Ստալինը «բռնապետի կերպարանքով հրեշ է, ով ղեկավարում է զզվելի համակարգը»[8]։

3. ԱՄՆ-ն ուներ նոր նախագահ, իսկ պատերազմը դեռ ընթացքի մեջ էր
Նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը մահացավ 1945 թվականի ապրիլի 12-ին։ Փոխնախագահ Հարրի Տրումենը ստանձնեց նախագահի լիազորությունների կատարումը։ Նա մասնակցել է «Հաղթանակ Եվրոպայում» և «Հաղթանակ Ճապոնիայում» տոնակատարություններին։ Ողջ պատերազմի ընթացքում Ռուզվելտը անընդհատ շեշտում էր, որ չպետք է թույլ տալ Ստալինին առաջընթաց ունենալ Արևելյան Եվրոպայում։ Նա նշում էր. «Ես մեծ կասկածներ ունեմ մարդու այդպիսի տեսակի նկատմամբ, ինչպես որ Ստալինն է» և մեկնաբանում էր. «Ես կարծում, որ եթե մի բան նվիրեմ Նրան, ապա փոխադարձ նվիրատվություն հաստատ չեմ ստանա»[9]։

Հարրի Տրումենը ավելի կասկածամիտ մոտեցում ուներ կոմունիստական հասարակարգի նկատմամբ, քան Ռուզվելտը։ Տրումենը և նրա խորհրդականները գտնում էին, որ սովետական գործողությունները Արևելյան Եվրոպայում ագրեսիվ էքսպանսիոնիզմի վառ դրսևորումներ են և հակասում են Ղրիմի կոնֆերանսի պահանջներին, որն ընդունվել էր նույն տարվա փետրվարին։ Պոտսդամի կոնֆերանսը առաջին և վերջին անգամն էր, երբ Հարրի Տրումենը հանդիպեց Իոսիֆ Ստալինին[10][11]։

Վերջնական որոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիան օկուպացնելու նպատակով՝ դաշնակիցները առաջնորդվում էին ապանացիստականացման, ապառազմականացման, ժողովրդավարացման, ապակենտրոնացման և ապակարտելիզացման կարգախոսներով։ Առանցքային էր նաև Գերմանիայի միասնականության հարցը։

Պոտսդամի կոնֆերանսի որոշմամբ Գերմանիայի արևելյան սահմանները տեղափոխվեցին արևմուտք՝ դեպի Օդեր-Նեյսե հատվածը, ինչը 25%-ով կրճատեց երկրի սահմանները 1937 թվականի համեմատությամբ։ Նոր սահմաններից արևելք ընկած տարածքներն էին Արևելյան Պրուսիան, Սիլեզիան, Արևմտյան Պրուսիան և Պոմերանիան։ Սրանք հիմնականում գյուղատնտեսական տարածքներ էին, բացառությամբ Վերին Սիլեզիայի, որը Գերմանիայի ծանր արդյունաբերության մեծությամբ երկրորդ կենտրոնն էր։ Գերմանիայի կողմից արևելքում զավթված տարածքների մեծ մասը վերադարձվեց Լեհաստանին։ ԽՍՀՄ կազմի մեջ մտավ Արևելյան Պրուսիայի մեկ երրորդ մասը՝ Քյոնիգսբերգ մայրաքաղաքով, որը հետագայում անվանափոխվեց Կալինինգրադի։ 1946 թվականի մարտից ձևավորվեց Կալինինգրադի մարզը։

Հուլիսի 22-23-ին Ստալինը և Մոլոտովը տարածքային պահանջներ ներկայացրեցին Թուրքիային։ Մասնավորապես Ստալինը պահանջում էր Բոսֆորիի և Դարդանելի նեղուցների ազատականացումը և Արևմտյան Հայաստանի միավորումը ՀԽՍՀ-ին։ Այս պահանջները չպաշտպանվեցին ամերիկյան և բրիտանական պատվիրակությունների կողմից, սակայն վերջնական որոշման մեջ հստակ նշված էր, որ նեղուցների հարցը կարելի է ցանկացած պահին վերանայել՝ հաշվի առնելով թուրքական կողմի կարծիքը։

Նշանակվեցին ռեպարացիոն վճարումներ։

Պոտսդամի կոնֆերանսի ընթացքում Ստալինը հաստատեց ԽՍՀՄ մոտեցումը այն մասին, որ ոչ ուշ, քան Գերմանիայի կապիտուլիացիայի օրվանից երեք ամսվա ընթացքում, ԽՍՀՄ-ն պետք է պատերազմ հայտարարեր Ճապոնիային։ Ճապոնիայի հետ պատերազմող ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Չինաստանը նույնպես ստորագրեցին Պոտդամի հռչակագիրը (հրապարակված հուլիսի 26-ին)՝ պահանջնելով Ճապոնիայից շուտափույթ կապիտուլյացիա։ 1945 թվականի օգոստոսի 8-ին Խորհրդային Միությունը պատերազմ հայտարարեց Ճապոնիային։

Համաձայնագրի համաձայն Կորեան բաժանվեց երկու մասի, որի արդյունքում հյուսիսային հատվածը անցավ սովետական, իսկ հարավային հատվածը ամերիկյան խնամակալության ներքո, չնայած ողջ կոնֆերանսի ընթացքում կորեական հարցը չի բարձրացվել։

Ամենաթեժ հարցերից մեկը, որը քննարկվել է կոնֆերանսի ընթացքում, գերմանական պահպանված նավատորմի բաժանումն էր[12]։

Կոնֆերանսի վերջին օրը պատվիրակությունների ղեկավարները ընդունեցին հետպատերզմական խնդիրների լուծման հռչակագիր, որն էլ 1945 թվականին համաձայնեցվեց Ֆրանսիայի հետ, քանի որ վերջինս չէր հրավիրվել կոնֆերանսին։ Կոնֆերանսի ընթացքում մի շարք հակասություններ են եղել մասնակիցների միջև, ինչի վերջնարդյունքն էլ եղավ Սառը պատերազմը։

Միջուկային զենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնֆերանսի նախօրեին ԱՄՆ-ն կատարեց Միջուկային զենքի առաջին փորձարկումը Նյու Մեքսիկո նահանգում։ 1945 թվականի հուլիսի 24-ին Պոտսդամում Տրումանը «տեղեկացրեց» Ստալինին, որ ԱՄՆ-ն արդեն ունի «հզոր կործանարար ազդեցությամբ զենք»։ Ուինսթոն Չերչիլը իր հուշերում գրել է, որ Ստալինը ծիծաղել է, սակայն չի հետաքրքրվել մանրամասներով[13]։ Դրանից Չերչիլը և Տրումանը եկել են այն եզրակացության, որ Ստալինը ոչինչ չհասկացավ և տեղյակ չէ դեպքերի զարգացումից։ Ժամանակակից որոշ հետազոտողներ կարծում են, որ դա ուղղակի Ստալինի կողմից խաղ է եղել։ Հենց նույն գիշեր Ստալինը հրամայեց Մոլոտովին խոսել Իգոր Կուրչատովի հետ՝ արագացնելու ատոմային ռումբի պատրաստման գործընթացը։

Նախորդ խոշոր կոնֆերանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոտսդամի կոնֆերանսին ԽՍՀՄ պատվիրակության հատուկ գնացքը բերվել է ոչ թե զրահագնացքով, այլ քարշակով։
  • Բրիտանական պատվիրակությունը ժամանել է ինքնաթիռով․ իսկ ամերիկյան պատվիրակությունը հատել է Ատլանտյան օվկիանոսը «Քուինսի» կրեյսերով և հասել մինչև Ֆրանսիա, իսկ այնտեղից նախագահական «Սուրբ կով» անունը կրող ինքնաթիռով թռել Բեռլին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Description of photograph Արխիվացված 2018-07-17 Wayback Machine, Truman Library.
  2. «Avalon Project - A Decade of American Foreign Policy 1941-1949 - Potsdam Conference». Avalon.law.yale.edu. Վերցված է 2013 թ․ մարտի 20-ին.
  3. Russia (USSR) / Poland Treaty (with annexed maps) concerning the Demarcation of the Existing Soviet-Polish State Frontier in the Sector Adjoining the Baltic Sea 5 March 1957 (retrieved from the UN Delimitation Treaties Infobase, accessed on 18 March 2002)
  4. "Potsdam-Conference" Encyclopædia Britannica
  5. «BBC Fact File: Potsdam Conference». Bbc.co.uk. 1945 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 20-ին.
  6. «Запись беседы Председателя Совета Народных Комиссаров СССР с президентом США». М.: Издательство политической литературы, 1984. 1945 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
  7. Leffler, Melvyn P., "For the South of Mankind: The United States, the Soviet Union and the Cold War, First Edition, (New York, 2007) pg 31
  8. Miscamble 2007, էջ. 51
  9. Miscamble 2007, էջ. 52
  10. Harry S. Truman, Memoirs, Vol. 1: Year of Decisions (1955), p.380, cited in Lenczowski, American Presidents, p.10
  11. Nash, Gary B. "The Troublesome Polish Question." The American People: Creating a Nation and a Society. New York: Pearson Longman, 2008. Print.
  12. «Доклад специальной комиссии по выработке рекомендаций относительно распределения германского военно-морского и торгового флота». М.: Издательство политической литературы, 1984. 1945 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
  13. Никитчук И. И. Сталин и советский атомный проект(ռուս.) // Марксизм и современность : журнал. — 2000. — № 1 (15). — С. 178—179.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոտսդամի կոնֆերանս» հոդվածին։