Չարլզ էդուարդ Ստյուարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ էդուարդ Ստյուարտ
Ծնվել է՝դեկտեմբերի 31, 1720(1720-12-31)[1][2]
ԾննդավայրPalazzo Muti, Հռոմ, Պապական մարզ
Մահացել է՝հունվարի 31, 1788(1788-01-31)[1][2] (67 տարեկան)
Վախճանի վայրPalazzo Muti, Հռոմ, Պապական մարզ
Vatican Grotto
Երկիր Մեծ Բրիտանիայի թագավորություն
ՏոհմՍտյուարտներ
գահի հավակնորդ և զորավար
ՀայրJames Francis Edward Stuart, Prince of Wales?[3]
ՄայրMaria Clementina Sobieska?[3]
ԵրեխաներCharlotte Stuart, Duchess of Albany?
Հավատքկաթոլիկություն
Պարգևներ
Կապիչի շքանշան
ՍտորագրությունИзображение автографа

Չարլզ Էդուարդ Լուի Ջոն Կազիմիր Սիլվեստեր Սևերինո Մարիա Ստյուարտ (անգլ.՝ Charles Edward Louis John Casimir Sylvester Severino Maria Stuart, դեկտեմբերի 31, 1720(1720-12-31)[1][2], Palazzo Muti, Հռոմ, Պապական մարզ - հունվարի 31, 1788(1788-01-31)[1][2], Palazzo Muti, Հռոմ, Պապական մարզ), կյանքի տարիներին Բրիտանիայում հայտնի էր որպես «երիտասարդ հավակնորդ» կամ «երիտասարդ ասպետ», իսկ հետագայում, մահվանից հետո՝ «գեղեցիկ արքայազն Չարլի» (անգլ.՝ Bonnie Prince Charlie), երկրորդ յակոբինյան հավակնորդն Անգլիայի, Շոտլանդիայի, Ֆրանսիայի և Իռլանդիայի Թագավորությունների գահի համար (որպես Չարլզ III) հոր մահվանից հետո (1766 թվական)։ Այս հավակնորդությունը հիմնված էր նրա՝ Ջեյմս Ֆրենսիս Էդուարդ Ստյուարտի ավագ որդին լինելու փաստի վրա։ Իր հերթին, Ջեյմս Ֆրենսիս Էդուարդ Ստյուարտը Ջեյմս VII-ի և II-ի որդին էր։ Չարլզն ամենից ավելի հայտնի է որպես 1745 թվականի Յակոբինյան անհաջող հեղաշրջման սադրիչ, մի քայլ, որով նա փորձում էր վերականգնել իր ընտանիքի՝ Մեծ Բրիտանիայի Թագավորության գահի հավակնությունը։ Ապստամբությունն ավարտվեց Կալոդենի ճակատամարտով, որտեղ Չարլզի գլխավորած շոտլանդացի աշխարհազորայինները պարտություն կրեցին՝ այդպիսով վերջ դնելով Յակոբինյանների շարժմանը։ Յակոբինյաններն աջակցում էին Չարլզին, քանի որ հույս ունեին դրանով հասնել հռոմեական կաթոլիկության նկատմամբ առավել բարեհաճ վերաբերմունքի և որովհետև հավատում էին «թագավորների աստվածային իրավունքին»։ Ապստամբությունից հետո Չարլզի փախուստը Շոտլանդիայից, նրան հետագայում ներկայացրեց ռոմանտիկ-հերոսական լույսի ներքո[4]։ 1759 թվականին նա ներգրավվեց Բրիտանիան գրավելու ֆրանսիական ծրագրի մեջ, որը ճնշվեց բրիտանական նավատորմի տարած հաղթանակներից հետո[5]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայազն Չարլզ Էդուարդ Ստյուարտ, Ջեյմս Ֆրենսիս Էդուարդ Ստյուարտ արքայազնի ավագ որդին, 1720-1788 թվականներ: Ուիլյամ Մոսմանի նկարը՝ 1750 թվական

Չարլզը ծնվել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմի Պալացո Մուտի պալատում, 1720 թվականի դեկտեմբերի 31-ին[6], որտեղ նրա հորն ապաստան էր տվել Հռոմի Կղեմես XI պապը։ Իր գրեթե ողջ մանկությունը Չարլզն անցկացրել է Հռոմում և Բոլոնիայում։ Նա ավագ թագաժառանգի՝ Ջեյմսի (աքսորված Ջեյմս VII և II Ստյուարտ արքայի որդու) և Մարիա Կլեմենտինա Սոբեսկայի որդին էր։ Մարիա Սոբեսկան նշանավոր Յան Սոբեսկիի թոռնուհին էր, որը պատմության մեջ հայտնի դարձավ 1683 թվականին Վիեննայի ճակատամարտում Օսմանյան Թուրքիայի դեմ տարած հաղթանակի շնորհիվ։ Չարլզը Հռոմում արտոնյալ մանկություն էր վայելում. նա դաստիարակվում էր կաթոլիկ ընտանիքում՝ շրջապատված սիրով և հոգատարությամբ, որտեղ, սակայն, շատ էին լինում աղմկոտ վիճաբանություններ։ Որպես Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի գահի օրինական ժառանգներ՝ համաձայն Յակոբինյան ժառանգորդության, նրա ընտանիքն ապրում էր հպարտության զգացումով՝ հավատալով թագավորների աստվածային իրավունքին։ Ստյուարտների համար ընտանիքում ամենօրյա մշտական խոսակցության թեման Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի գահին վերստին տիրանալն էր, որը հատկապես դրսևորվում էր Չարլզի հոր մռայլ և կռվարար տրամադրություններում[7]։ Չարլզի պապը՝ Անգլիայի Ջեյմս II և Շոտլանդիայի Ջեյմս VII արքան, կառավարեց 1685 թվականից մինչև 1688 թվականը[6]։ Նրա իշխանությունը դադարեցվեց, երբ Պառլամենտը գահազրկեց նրան և արքայի փեսային՝ հոլանդացի բողոքական Վիլհելմ III Օրանացուն և նրա կնոջը՝ արքայադուստր Մարի Ստյուարտ II-ին՝ արքայի ավագ դստերը, հրավիրեց փոխարինելու նրան՝ որպես անգլիական գահի տիրակալ՝ 1688 թվականի Պանծալի հեղափոխությունից հետո։ Շատ բողոքականներ, այդ թվում նաև մեծ թվով նշանավոր պառլամենտականներ մտահոգվում էին, որ Ջեյմս արքան նպատակ ունի Անգլիայում վերահաստատել կաթոլիկությունը։ Ջեյմս արքայի աքսորումից հետո յակոբինյանները ձգտում էին Ստյուարտներին վերադարձնել Անգլիայի և Շոտլանդիայի գահը, որոնք 1707 թվականին միավորվել էին որպես Մեծ Բրիտանիա։ Չարլզ Էդուարդը կարևոր դեր էր խաղում այս նպատակին հետամուտ լինելու մեջ։ 1734 թվականին Չարլզ Էդուարդն առաջին անգամ մասնակցեց պատերազմական գործողությունների՝ ֆրանսիացիների և իսպանացիների մղած Սիգե Գայտայի ճակատամարտում։ 1744 թվականին Չարլզի հայրը կարողացավ ձեռք բերել ֆրանսիական կառավարության աջակցությունը, որից հետո Չարլզը մեկնեց Ֆրանսիա՝ 1744 թվականին ֆրանսիական բանակը Անգլիա առաջնորդելու նպատակով։ Այս ներխուժումը, սակայն, երբեք չիրականացավ, քանի որ Անգլիա ուղղված նավատորմը ճանապարհին փոթորկի հանդիպելով ցաքուցրիվ եղավ։ Մինչև որ նավատորմը կվերակազմավորվեր, բրիտանական նավատորմը հարձակում գործեց, որը մոլորեցրեց նրանց և ստիպեց հետ քաշվել նեղուցից[8]։ Մինչդեռ, աննկուն Չարլզը որոշել էր ցանկացած գնով շարունակել ուղիներ փնտրել բրիտանական գահի վրա Ստյուարտների հաստատման համար։

1745[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակոբինների դրոշը 1745 թվականին
Չարլզ արքայազնը մարտի դաշտում

1743 թվականին Չարլզի հայրը նրան ռեգենտ-արքայազնի կարգավիճակ շնորհեց՝ արտոնելով գործել իր անունից։ Տասնութ ամիս անց նա ֆրանսիական մի զորախմբի գլուխ անցած խռովություն բարձրացրեց՝ նպատակ ունենալով Անգլիայի և Շոտլանդիայի գահը վերադարձնել հորը։ Չարլզը միջոցներ հայթայթեց այդ նպատակի համար երկու նավեր սպառազինելու՝ «Էլիզաբեթ» և «Դյութել», որոնք նրան և իր զորախմբին հաջողությամբ հասցրին Էրիսկեյ նավահանգիստ՝ 1745 թվականի հուլիսի 23-ին։ Չկարողանալով ուժեղ փոթորկից վնասված ֆրանսիական նավատորմի աջակցությունը ստանալ, Չարլզը մեկնեց Շոտլանդիա՝ զորախումբ հավաքելու։ Այդ ժամանակ Շոտլանդիայում դեռևս մեծ թիվ էին կազմում յակոբինների համակիրները՝ թե՛ կաթոլիկ և թե՛ բողոքական։ Չարլզը հույս ուներ նրանց աջակցությամբ ապստամբություն բարձրացնել ամբողջ Բրիտանիայով մեկ։ Շուտով նա Գլենֆինանում բավականաչափ աշխարհազորայիններ հավաքեց, որը բավական էր դեպի Էդինբուրգ արշավելու համար։ Քաղաքը, որի քաղաքագլուխն էր Էդինբուրգի լորդ Արչիբալդ Ստյուարտը, շուտով անձնատուր եղավ։ Էդինբուրգում գտնվելու ընթացքում նկարիչ Ալան Ռամսեյը ստեղծեց Չարլզի դիմանկարը[9], որը պահպանվել է Ուեմիսի դքսի հավաքածուում՝ Գոսֆորդ Հաուզում։ 1745 թվականի սեպտեմբերի 21-ին Փրեստոնպանսի ճակատամարտում Չարլզը ջախջախեց Շոտլանդիայի միակ կառավարական բանակը, որն առաջնորդում էր գեներալ Սըր Ջոն Քոուփը։ Այդ սարսափելի պարտությունը յակոբիններից անմահացել է «Ջոննի Քոուփ» երգում։ Մինչև նոյեմբեր Չարլզը մոտավորապես 6000 աշխարհազորայինների գլուխ անցած արդեն արշավում էր դեպի հարավ։ Գրավելով Կարլայլը, նրա բանակը հասավ մինչև Դերբիշայրի Սվորկսթոն կամուրջ։ Այստեղ, չնայած Չարլզի առարկություններին, նրա զինակիցներից շատերը, հաշվի առնելով անգլիացիների և ֆրանսիացիների աջակցության պակասը, ինչպես նաև տեղի տալով այն շշուկներին, որ կառավարական ուժերը վերակազմավորվել են, վերադարձան Շոտլանդիա։ Յակոբինները կրկին ուղղվեցին դեպի հյուսիս, մի հաղթանակ ևս տարան Ֆոլկիրկ Մյուրի ճակատամարտում, սակայն հետո հետապնդվեցին Ջորջ II-ի որդու՝Քամբերլենդի դուքս Ուիլյամ Օգոստոսի կողմից, որը հասավ նրանց 1746 թվականի ապրիլի 16-ին՝ Կալոդենի ճակատամարտում։

Կալոդենի ճակատամարտ

Անտեսելով իր գեներալներից մեկի՝ Լորդ Ջորջ Մյուրեյի խորհուրդը, Չարլզը որոշեց ճակատամարտ տալ բաց, ազատ դաշտում, որտեղ նրա աշխարհազորայինները ենթարկվեցին գերազանց զինված կառավարական զորքի գնդակոծությանը։ Չարլզը ղեկավարում էր իր բանակը զորաջոկատների հետևից, որտեղ նա չէր կարող տեսնել, թե ինչ է կատարվում։ Հույս ունենալով, որ Քամբերլենդի բանակը առաջինը կհարձակվի, նա իր բանակը տեղակայեց այնպես, որ այն կարող էր ենթարկվել բրիտանական թագավորական հրաձիգների կրակին։ Տեսնելով իր սխալը նա արագ հարձակման հրաման տվեց, սակայն նրա սուրհանդակը սպանվեց նախքան հրամանը տեղ հասցնելը։ Յակոբինների հարձակումը հանդիպեց մինչև ատամները զինված թագավորական հրացանակիրների և թնդանոթների հակահարձակմանը։ Քամբերլենդի զինվորները անխնա կոտորեցին յակոբիններին, որի համար նա շոտլանդացի լեռնցիների կողմից արժանացավ «մսագործ» մականվանը։ Լորդ Ջորջ Մյուրեյը հաջողեցրեց մի խումբ յակոբինների հասցնել Ռաթվեն՝ մտադիր լինելով շարունակել մարտը։ Չարլզը, այնուամենայնիվ, մտածելով, որ իրեն դավաճանել են, որոշում է հրաժարվել հետագա պայքարից։ Այդ ընթացքում Չարլզին և Լորդ Մյուրեյին օգնություն էր ցուցաբերում երիտասարդ ասպետ Ջեյմսը՝ Ասպետ Ջոնսթոնը, որը հետագայում գրի է առնում այդ իրադարձությունները իր «Ապստամբության հուշեր (1745-1746)» գրքում։ Չարլզի փախուստի մասին հետագայում բազմաթիվ ավանզրույցներ հորինվեցին, ինչպես նաև «The Skye Boat Song» ժողովրդական երգը։ Թաքնվելով շոտլանդական ճահճուտներում Չարլզը միշտ կառավարական զինվորների նշանառության տակ էր գտնվում։ Թեպետ շատ լեռնցիներ գիտեին նրա թաքստոցի տեղը և ժամանակ առ ժամանակ օգնում էին նրան, ոչ-ոք երբևէ չփորձեց մատնել նրան՝ հակառակ կառավարականների առաջարկած 30.000 ֆունտ ստերլինգ պարգևի[10]։ Չարլզն ուներ բազմաթիվ աջակիցներ, ներառյալ Դոնալդ Մաքլոուդը, կապիտան Ֆելիքս Օ'Նիլը[11] և Ֆլորա ՄաքԴոնալդը, որն օգնեց Չարլզին փախչել Սքայ կղզի՝ նրան կնոջ հագուստներ հագցնելով և ներկայացնելով որպես իր աղախին Բեթի Բարկ[12][13]։ Այսպես նա խուսափեց գերի ընկնելուց և ֆրանսիական մի հածանավով սեպտեմբերին հասավ Ֆրանսիա։ Տանուլ տալով յակոբինյան պայքարը, Չարլզն իր մնացած ամբողջ կյանքն անցկացրեց Եվրոպայում, բացառությամբ Լոնդոն կատարած մի շտապ այցելությունից։

Հետագա Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլեմենտինա Վոլկինշոու, Չարլզի սիրուհին 1752-1760 թվականներին և նրա դստեր՝ Շառլոտ Ստյուարտի մայրը
Չարլզ Էդուարդ Ստյուարտը ծեր տարիքում
Շառլոտ Ստյուարտ, Դուգլաս Համիլտոնի նկարը
Չարլզի կինը՝ արքայադուստր Լուիզա Ստոլբերգցի-Գեդերն
Մարիա-Վիկտորիա, Չարլզի թոռնուհին՝ Շառլոտ Ստյուարտի ավագ դուստրը

Վերադառնալով Ֆրանսիա, Չարլզը մի քանի սիրավեպեր ունեցավ, որոնցից մեկը իր առաջին զարմուհի Մարիա Լուիզա դե լա Տուր դ'Օվերնի հետ։ Այդ կապի արդյունքում նրանք վաղամեռիկ որդի ունեցան (1748-1749)։ Չարլզը մի քանի տարի ապրեց իր շոտլանդուհի սիրուհու՝ Կլեմենտինա Վոլկինշոուի հետ, որին հանդիպել էր 1745 թվականի ապստամբության տարիներին։ 1753 թվականին զույգը դուստր ունեցավ՝ Շառլոտ Ստյուարտ, հետագայում՝ Ալբանիայի դքսուհի։ Չարլզի ձախողված ծրագրերը նրա մոտ խմելու հակում առաջացրեցին, որը չէր կարողանում հաղթահարել։ Դրա հետևանքը եղավ այն, որ սիրուհին և դուստրը լքեցին Չարլզին և նրա հոր՝ Ջեյմսի թողտվությամբ հեռացան նրանից։ Հետագայում Չարլզի դուստրը՝ Շառլոտը երեք ապօրինի երեխա ունեցավ Բորդոյի արքեպիսկոպոս Ֆերդինանդ Մաքսիմիլիան Մերիդես դե Ռոհանից, որը լինելով ընտանիքի կրտսեր որդին դարձել էր կուսակրոն հոգևորական ուստիև ամուսնանալու իրավունք չուներ։ Կլեմենտինան Չարլզի համակիրներից շատերի կարծիքով Բրիտանիայի Հանովերյան կառավարության լրտեսն էր[14]։ Իր պարտությունից հետո Չարլզը Անգլիայում դեռևս մնացած իր յակոբինյան համակիրներին համոզում էր, որ թեև ընդունում է, որ որպես կաթոլիկ ինքն անկարող եղավ նվաճել Անգլիայի և Շոտլանդիայի գահը, սակայն կցանկանար որպես բողոքական թագավորեր Բրիտանիայում։ Ուստի, 1750 թվականին նա ծպտված մեկնեց Լոնդոն և ներկայանալով բողոքական համայնքին, հայտնեց, որ ինքը ցանկանում է անգլիական բողոքականություն ընդունել։ Նրան մկրտում է իր վաղեմի յակոբին համակիրներից մեկը՝ եպիսկոպոս Ռոբերտ Գորդոնը, որի տանը Չարլզը իջևանում էր Լոնդոնում եղած ժամանակ; Չարլզի այս քայլը, սակայն, որևէ քաղաքական հետևանք չունեցավ և այն ժամանակ, երբ նա պատրաստվում էր օրինական ամուսնություն կնքել, կրկին կաթոլիկություն էր դավանում։ 1759 թվականին, յոթնամյա պատերազմի ամենաթեժ պահին, Չարլզին կանչեցին Փարիզ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Էթյեն Ֆրանսուա դե Շուազյոլի հետ հանդիպման[15]։ Չարլզը, սակայն, լինելով չափազանց իրատեսական իր սպասելիքներում, չկարողացավ լավ տպավորություն թողնել։ Շուազյոլը ծրագրում էր Անգլիայի վրա լայնածավալ հարձակում ձեռնարկել՝ 100.000 -անոց բանակով[16], այսպես նա հույս ուներ Չարլզի գլխավորությամբ ավելացնել յակոբինների թիվը։ Այնուամենայնիվ, նա այնքան էր հիասթափվել Չարլզից, որ բոլորովին հրաժարվեց յակոբինների օժանդակությունից[17]։ 1759 թվականի ֆրանսիական ներխուժումը, որը Չարլզի վերջին իրական հնարավորությունն էր Ստյուարտների արքայատոհմի համար Բրիտանիայի գահին վերստին տիրանալու համար, վերջնականապես խափանվեց Կիբերոն ծոցի և Լագոսի ճակատամարտերում ֆրանսիական նավատորմի կրած պարտությամբ։ 1766 թվականին մահացավ Չարլզի հայրը։ Հռոմի Կղեմես XIII պապը, որն ընդունել էր Ջեյմսին որպես Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավոր, նույնը չարեց Չարլզի նկատմամբ։

Անգլիայի թագավորական զինանշանը Ֆլորենցիայի Պալացո դի Սան Կլեմենտ պալատում

1772 թվականին Չարլզն ամուսնանում է արքայադուստր Լուիզա Ստոլբերգցի-Գեդերնի հետ։ Նրանք նախ ապրում էին Հռոմում, ապա 1774 թվականին տեղափոխվեցին Ֆլորենցիա, որտեղ նա ձեռք բերեց Պալացո դի Սան Կլեմենտ պալատը՝ որպես իր նստավայր։ Պալատն այսօր հայտնի է նաև «Հավակնորդի պալատ» անվամբ՝ ի պատիվ Չարլզ Էդուարդ Ստյուարտի։ Ֆլորենցիայում Չարլզը սկսեց օգտագործել «Ալբանիայի կոմս» տիտղոսը։ Այս տիտղոսը հաճախ է գործածվել Եվրոպական տպագիր մամուլում, իսկ նրա կնոջը՝ Լուիզային գրեթե միշտ կոչել են «Ալբանիայի կոմսուհի»։ 1780 թվականին Լուիզան լքեց Չարլզին։ Նա պնդում էր, որ ամուսինը դավաճանում է իրեն. ժամանակակիցները հիմնականում հավատում էին Լուիզային, նույնիսկ չնայած այն փաստին, որ Լուիզան ինքը սիրային հարաբերությունների մեջ էր իտալացի բանաստեղծ կոմս Վիտորիո Ալֆիերիի հետ[18]։ 1783 թվականին Չարլզը ստորագրում է որդեգրման փաստաթուղթ իր ապօրինի դստեր՝ Շառլոտ Ստյուարտի համար, որը ծնվել էր 1753 թվականին՝ Չարլզի և Կլեմենտինա Վոլկինշոուի կապի արդյունքում։ Չարլզը Շառլոտին տվեց նաև «Ալբանիայի դքսուհի» տիտղոսը և «Նորին թագավորական մեծություն» աստիճանը, թեև դրանք երբևէ Շառլոտին չտվեցին գահը ժառանգելու որևէ արտոնություն։ Հետևյալ հինգ տարիներին Շառլոտը հոր հետ ապրում էր Ֆլորենցիայում։

Մահ և հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզը մահացավ Հռոմում, 1788 թվականի հունվարի 31-ին, 68 տարեկան հասակում սրտի կաթվածից[19]։ Նրան նախ թաղեցին Ֆրասկատի տաճարում, որտեղ նրա եղբայրը՝ Հենրի Բենեդիկտ Ստյուարտն էր եպիսկոպոսը։ Երբ 1807 թվականին մահացավ Հենրին, Չարլզի աճյունը, բացի սրտից, տեղափոխեցին Վատիկանի Սուրբ Պետրոսի Բազիլիկայի դամբարան, որտեղ հողին հանձնեցին եղբոր և հոր կողքին։ Նրա մայրը նույնպես թաղված էր այնտեղ։ Չարլզ Էդուարդ Ստյուարտի սիրտը մնաց թաղված Ֆրասկատի տաճարում, որտեղ տեղադրված է փոքրիկ հուշարձան։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 Kindred Britain
  4. McLynn, Frank. Charles Edward Stuart: a tragedy in many acts
  5. McLynn Charles Edward Stuart pp. 449–54
  6. 6,0 6,1 «Charles Edward Stuart – Jacobites, Enlightenment and the Clearances – Scotland's History». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. «Who was Bonnie Prince Charlie?». Essortment.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.
  8. Longmate p. 149
  9. «Lost Bonnie Prince Charlie portrait found in Scotland». BBC News. 2014 թ․ փետրվարի 22. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
  10. Michael Hook and Walter Ross, The 'Forty-Five. The Last Jacobite Rebellion (Edinburgh: HMSO, The National Library of Scotland, 1995), p27
  11. Ó Fiaich, Tomás (1974). «The O'Neills of the Fews». Seanchas Ard Mhacha. 7 (2): 312.
  12. «Charles Edward Stewart: The Young Pretender». The Scotsman. UK. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.
  13. Queen Anne and the 1707 Act of Union Արխիվացված 14 Փետրվար 2007 Wayback Machine ALBA—The Escape of the Young Pretender
  14. McLynn (1759) p. 78
  15. McLynn (1759) p. 82
  16. McLynn (1759) p. 81
  17. McLynn (1759) p. 84
  18. Mayne, Ethel Colburn (1909 թ․ մայիսի 6). Enchanters of Men (Second ed.). London: Methuen & Co. էջ 206. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
  19. Anonymous. «Bonnie Prince Charlie». History.co.uk. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանը
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ էդուարդ Ստյուարտ» հոդվածին։