Արթուր Ոսկանյանի նախագահի մտահղացմամբ 2012 թ.-ի հոկտեմբերին ստեղծվեց «Ուրարտու» անվանումով ֆուտբոլային ակումբը։ Այդ ժամանակ Մոսկվայի «Դինամոյի» մանեժում հավաքագրվեցին և իրենց առաջին մարզումները սկսեցին «Ուրարտուի» կազմի թեկնածուները։ Նույն տարվա դեկտեմբերի 10-ին ակումբը «ՖԱ ՈՒՐԱՐՏՈՒ ՍՊԸ» անվանումով պաշտոնապես գրանցվեց պետռեգիստրում։
2013 թ.-ի հունվարի 4-ից հավաքագրված ֆուտբոլիստների հետ Մոսկվայում կանոնավոր մարզումներից ու փորձարկվողներից ընտրություն կատարեց «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնած երևանցի մասնագետ Արմեն Սանամյանը, ով հատկապես երիտասարդների հետ աշխատելու զգալի փորձ ունի։
Նրա ղեկավարությամբ «Ուրարտուն» արդեն հունվարի 6-ին Մոսկվայի «Դինամոյի» մանեժում ամբողջական կազմով իր առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց։ Սանամյանի սաները տպավորիչ խաղով (2։1 հաշվով) հաղթեցին Մոսկվայի «Կվազարին», որը պատրաստվում էր մասնակցել ՌԴ-ի 3-րդ դիվիզիոնի առաջնությանը։ Մրցակցի ներուժի մասին պատկերացում կազմելու համար նշենք, որ 2012 թ.-ի դեկտեմբերի 15-ին «Կվազարը» ընկերական խաղում 3։1 հաշվով առավելության էր հասել Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմի նկատմամբ։ «Կվազարի» նկատմամբ տարած հաղթանակը նորաստեղծ «Ուրարտուի» պատմության մեջ տոնած առաջին հաղթանակն էր։ «Ուրարտուի» կազմում առաջին գոլի հեղինակը դարձավ ՌԴ-ի քաղաքացիություն ունեցող 21- հարձակվող Սևադա Կարապետյանը։
Արմեն Սանամյանի օգնականների պարտականությունները ակումբի ստեղծման ժամանակից կատարում էին գլխավոր մարզչի օգնական Կամո Մահտեսյանն ու դարպասապահների մարզիչ Արթուր Ավագյանը, ովքեր հետագայում նրա հետ տեղափոխվեցին Մարտունու «Ալաշկերտ»։
2013 թ.-ի հունվարից մինչև մարտ ամիսը «Ուրարտուն» Երևանում ամբողջական կազմով ուսումնամարզական հավաք, մարզումներ ու մի շարք ստուգողական հանդիպումներ ունեցավ, այդ թվում նաև ՀՀ բարձրագույն խմբի ներկայացուցիչներ՝ Դիլիջանի «Իմպուլսի» և Երևանի «Արարատի» հետ։
2013-ի մարտի 7-20-ը «Ուրարտուն» ուսումնամարզական հավաք անցկացրեց Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, որտեղ նաև Բելառուսի 1-ին և 2-րդ խմբի թիմերի հետ 5 ստուգողական հանդիպում ունեցավ։ Այստեղ «Ուրարտուն» իր ակտիվում 3։2 հաշվով հաղթանակ գրանցեց Մինսկի «Զվեզդա-ԲԳՈՒ»-ի հետ միջազգային ընկերական խաղում։
Մինչև 2013 թ.-ի մայիս ամիսը «Ուրարտուն» Արմեն Սանամյանի ղեկավարությամբ 20 ստուգողական հանդիպում անցկացրեց տարբեր ներուժի տեր մրցակիցների հետ, որոնցից 9-ում հաղթեց, 6-ում պարտվեց, իսկ 5 խաղում էլ ոչ-ոքի արձանագրվեց և այդ ընթացքում խփեց 33, ու բաց թողեց 34 գնդակ։
Մայիսին Արմեն Սանամյանի՝ «Ալաշկերտ» տեղափոխությունից հետո մայիսի 4-ին «Ուրարտուն» մեկ հանդիպում անցկացրեց «Ալաշկերտի» հետ ( 2։4 ) գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Մահտեսյանի ղեկավարությամբ։
Ակումբի ստեղծման օրվանից «Ուրարտուի» ավագի պարտականությունը կատարում է ՀՀ երիտասարդական հավաքականում հանդես եկած կենտրոնական պաշտպան 25-ամյա Կարեն Խաչատրյանը։
Մայիսի 7-ից «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց հանրապետության ամենափորձառու մասնագետներից մեկը՝ ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ 53-ամյա Սուրեն Բարսեղյանը, ով ՀՀ ազգային հավաքականը գլխավորել է 1998-1999 թթ.՝ «ԵՎՐՈ-2000»-ի շրջափուլում։ Բարսեղյանը գլխավոր մարզչի պարտականություն է կատարել նաև Աբովյանի «Կոտայք», Կապանի «Գանձասար», Երևանի «Ուլիս», «Միկա», ինչպես նաև Լիբանանի մի շարք ակումբներում։
Բարսեղյանի ղեկավարությամբ «Ուրարտուն» 3 հանդիպում անցկացրեց, որից 2-ում հաղթեց, մեկում՝ պարտվեց։ Հունիսի 19-ին փորձառու մասնագետը հրավիրվեց գլխավորելու Ասիայի Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությանը մասնակցել պատրաստվող Լիբանանի չեմպիոն Բեյրութի «Սաֆան»։ Այդ ընթացքում «Ուրարտուն» ժամանակավորապես գլխավորեց Բարսեղյանի օգնականի պարտականությունը ստանձնած Երևանի «Արարատի» նախկին խաղացող, մինչև 17 տարեկանների ՀՀ հավաքականի և Դիլիջանի «Իմպուլս-2»-ի նախկին գլխավոր մարզիչ, 54-ամյա Սամվել Պողոսյանը։ Վերջինիս ղեկավարությամբ «Ուրարտուն» 2 հանդիպում անցկացրեց, և 2-ում էլ հաղթեց՝ Երևանի «Փյունիկ-96»-ին( 3։1) և ՀՀ նախկին չեմպիոն «Ուլիսին»( 2։0)։ Սակայն Լիբանանում ինչ-ինչ պատճառով գործարքը չկայացավ, և Սուրեն Բարսեղյանը վերադարձավ Երևան ու հուլիսի 1-ից կրկին անցավ «Ուրարտուի» գլխավոր մարզչի պարտականություններին կատարմանը։
Ակումբի կազմակերպչական բնույթի բոլոր հարցերը պատշաճ մակարդակով ու նախանձախնդրորեն կատարում է «Ուրարտուի» գործադիր տնօրեն Արտակ Մելիքյանը։
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն: