Շխմուրադի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շխմուրադի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան ՀՀ, Տավուշի մարզ, գ. Վերին Ծաղկավան
Հասցեգյուղից 6-7 կմ ամ[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակկիսավեր
Կազմված էԳավիթ, Գավիթ, Գերեզմանոց, Եկեղեցի Սբ. Աստվածածին և Մատուռ «Խորանիկ»
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ՃարտարապետԳրիգոր
Ճարտարապետական տիպկենտրոնագմբեթ եկեղեցի գավիթներով
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Հիմնադրված12-13-րդ դդ.
Գմբեթ1
Քարտեզ
Քարտեզ
 Shkhmurad Monastery (khatchkars) Վիքիպահեստում

Շխմուրադի վանք, վանքային համալիր Հայաստանի Վարագաջուր (Հախում) գետի ձախ ափին, գեղեցիկ հովտում, Ծաղկավան գյուղից 6-7 կմ հարավ-արևմուտք[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի համալիրը կառուցվել է 12-13-րդ դդ.։ Ուշագրավ է գավթի արևելյան կողմում խորանի ճակատային քարին գրված արձանագրությունը.

Յամի Կ. երորդի, Ե երորդի նորո շրջակայիս տէր Գրիգոր շինեցի խորանիկս աստուածաբնակ հրամանաւ Սադորնո մեծի իշխանի վասն յիշտակի ննջելեոց իւրոց, եւ յաւիտենականութիւն անձին իւրոյ, որք սպասաւորէֆ ի սմա, զիս զտէր Գրիգոր եւ զծնողս իմ, ձաղաւթս յիշեսջիք ընդ նմին եւ այլ զազգատոհմն...[3]

Ճակատի հյուսիսային փոքր խորանի ճակատին.

Յանուն Աստուծոյ եւ Դանիէլ եւ Այլարայ միաբանէցաք վանքս եւ տուաք յայտնութեամբ ժամհերայ տղին...[3]

Ուշագրավ է այն, որ երևելի խաչարձանը կանգուն է տաճարի հարավարևմտյան կամարակապ ճակատին։ Վանքի խորանը շինել է վարպետ Գրիգորը։ Շխմուրադը եղել է Վարագաջուր գետի վերին և միջին հոսանքի գյուղերի բնակչության համար մշակութային և լուսավորութան կենտրոն, նշանավոր ուխտատեղի։ Շխմուրադի համալիրը քիչ ուսումնասիրված վանքերից է։ Սադորն իշխանը Կայենի և Մահկանաբերդի տերն էր՝ Արծրունու որդին։ Վանքային համալիրն ունեցել է շրջապարիսպ և միաբանների խցեր, որոնք այժմ քանդված են։ Վանքի արևելյան կողմում, ոչ այնքան հեռու, կա գյուղատեղի և Շխմուրադ անունով գերեզմանատուն։

Վանքի տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ հարթությունը, որի վրա կառուցված է վանքը, նեղ շերտով ձգվում է արևմուտքից արևելք։ Դրա բնական սահմաններն են կազմում արևմուտքից՝ հսկա, աշտարակաձև քարափը, հյուսիսից՝ խիստ թեքությամբ իջնող սարի ստորոտով անցնող ճանապարհը, հարավից՝ քարափի դիմացի ձորակը, իսկ արևելքից՝ գետակի ձորը, երկուսն էլխորն ընկած և դժվարամատչելի, ծառերով ու մացառներով ծածկված ափերով։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիրը հայտնի է «Շխմուրատի վանք» անունով, սակայն սա վանքի պատմական անունը չէ։

Մակար եպիսկոպոս Բարխուդարյանը հիշատակում է.

«Վանքիս արևելյան կողմում, ոչ այնքան հեռվի, կա գյուղատեղի և հանգստարան Շխմուրատ անուն»
- Արցախ, Բաքու, 1895 թվական, էջ 336

Գյուղատեղիի հետքերս մինչև այսօր պահպանվել են, բայց աննկատելի դրությամբ։ Հին քարտերում պահպանված տեղեկություններից երևում է, որ 1930-ական թվականներին եղել են տների, ջրաղացների և գերեզմանների հետքեր 12-17-րդ դարերից։ Գյուղատեղիում հայտնաբերվել են թոնիրներ, պղնձե ամաններ։ Վանքի արևելյան կողմում գտնվող սարալանջին ավերակ ամրոցը կոչվել է «Շխմուրատ», որը հայտնի է նաև «Խազնաքար» անունով։

«Շխմուրատ» ոչ թե վանքի անունն է, այլ նրա շրջակա բնակավայրի, որի անունով էլ վանքը կոչվել է «Շխմուրատ»։

Վանքի անվան մասին հիշատակություն կա նրա վիմագրության մեջ երեք արձանագրություններում, որտեղ վանքը կոչվում է «Աստվածածին»։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը համեստ չափեր ունեցող չորս կառույցների միաձույլ մի ամբողջություն է։ Հուշարձանների կառուցողները նպատակ չեն ունեցել որևէ բանով մարդկանց զարմացնելու կամ պարծենալու։

Վանական համալիրը կազմված է եկեղեցուց, դրան արևմուտքից կից ժամատնից, հարավից կից գավթից և եկեղեցուն ու գավթին կից «Խորանիկ» կոչվող կառույցից։

Առաջին երեք՝ գլխավոր, կառույցները կառուցված են սրբատաշ քարից, իսկ «Խորանիկը»՝ անտաշ և կիսատաշ քարերից, կրով ծեփված։

Բացի այդ կառույցներից վանական համալիրը ունեցել է նաև օժանդակ շենքեր, միաբանության համար բնակարաններ, պարիսպ և այլն։ Ներկայումս դրանցից քարակույտներ են մնացել՝ վանքի արևելյան կողմում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Շխմուրադի վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Վանական համալիրի գլխավոր կառույցն է՝ երկարավուն, քառակուսի հատակագծով։ Երկարությունն արտաքուստ՝ 8.3 մետր, իսկ լայնությունը՝ 6.55 մետր։ Պատերի հաստությունը 65 սմ-70 սմ է։ Արևելյան ճակատում, աբսիդի և դրան կից խորանների (ավանդատների) միացման գծի վրա, պատի մեջ կան երկու եռանկյունաձև խորշեր, որոնց կողերը պատի խորքում միանում են կիսաշրջանաձև գոգավորությամբ։ Գոգավության ծայրերին և խորշերի արտաքին անկյուններում, վերից վար իջնող զույգ անկյունավոր կարվածքների մեջ տեղավորված են մեկական գլաններ։ Այդ խորշերնիրենց համեստ, բայց ճաշակով կատարված ձևավորությամբ, եկեղեցու շենքի միակ զարդարանքն ենկազմում՝ դրսից։ Տանիքի խաչաձև դասավորված սագերի կենտրոնում ութ կողանի գմբեթն է բարձրանում։ Գմբեթի վեղարի և սագերի երեսպատ սալերը թափված են, վեղարինն ամբողջովին, իսկ սագերինը մասամբ, տեղ-տեղ թափված են նաև գմբեթի թմբուկի և պատերի վերին շարքի քարերը։ Ընդհանուր առմամբ եկեղեցու շենքը, մյուսների համեմատությամբ, ավելի լավ դրության մեջ է։

Ներսից եկեղեցին խաչաձև է։ Խորն ընկած աբսիդի երկու կողմերում կան երկու զույգ երկհարկ փոքրիկ խորաններ։ Վերին հարկի խորանների աստիճաններով բարձրացող մուտքը բեմից է, իսկ ցածի խորաններինը բացվում են եկեղեցու մեջ։

Աբսիդի երկու ծայրերին և հյուսիսային ու հարավային պատերին կից դրված մույթերի վրայից բարձրանում են գմբեթակիր կամարները:Այդ մույթրի արևմտյան զույգը (պատերին կցված) խորանների արևմտյան ճակատից հեռու են 2.28 մետր, իսկ եկեղեցու արևմտյան պատից՝ 1.4 մետր։

Բեմը բարձր է և արևելյան զույգ մույթերի (աբսիդի ծայրի) գծից դուրս ընկած։

Եկեղեցու լուսավորությունը աղոտ է։ Մեկական կարճ ու նեղ (դրսից բացվածքի լայնքը 11 սմ-20 սմ է), դեպի ներսը լայնացող լուսամուտներ կան գմբեթի չորս գլխավոր ճակատներին, աբսիդի և խորանների արևելյան և եկեղեցու հյուսիսային պատերի մեջ։

Եկեղեցին ունի երկու մուտք, որոնցից գլխավորը՝ արևմտյանը՝ բացվում է ժամատան մեջ, իսկ երկրորդը հարավից՝ գավթի մեջ։ Ժամատան մեջ բացվող մուտքը լայն է, բացվածքը եկեղեցու մեջ 1.3 մետր, իսկ ժամատան կողմից՝ 3.6 մետր, որը բազմաթիվ անկյունավոր կրտվածքներով և կիսագլաններով է զարդարված։ Դա եկեղուցու շենքի երկրորդ զարդարանքն է։

Ժամատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շխմուրադի վանքի ժամատունը ներսից

Կառուցված է եկեղեցու արևմտյան պատին կից։ Այդ պատը ծառայում է իբրև արևելյան պատ ժամատան համար։ Մի պարզ, իրար համարյա հավասար կողեր ունեցող կառույց է, երկարությունը արտաքինից 10.33 մետր է, իսկ լայնությունը 10.49 մետր է։ Տանիքի ծանրությունը կրող կամարները հաստատված են երկու սյունների, եկեղեցու արևմտյան պատին կից դրված երկու մույթերի, ժամատան արևմտյան պատին կից զույգ կիսամույթերի և հյուսիսային ու հարավային պատերի մեջ եղած կալունակների վրա։ Այդ կալունակներն ավելի դեկորատիվ բնույթ են ունեն և փագի ծանրությունը այդ երկու կողմերում, հիմնականում պատերն են կրում։ Զույգ սյուները տեղավորված են ժամատան ընդլայնական առանցքին մոտ։ Երդիկի վրանաձև թաղը նստած է այդ սյուների և եկեղեցու պատին կից դրված մույթերի վրայից բարձրացող կամարների վրա, այդ պատճառով էլ ժամատան արևելյան կեսն ավելի է լուսավորված քան արևմտյանը։

Ժամատան մուտքը տեղավորված է հարավային պատի արևմտյան ծայրին։

Կտուրը ծածկված է հողի հաստ շերտով։

Քանդված են երդիկի բացվածքի վերին շարքերի քարերը և հյուսիս-արևմտյան անկյունի թաղը։

Գավիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շխմուրադի վանքի գավիթն ու եկեղեցու մուտքը
Շխմուրադի վանքի գավթի արևելյան պատը արտաքուստ

Կառուցված է եկեղեցու հարավային պատին կից, այդ կողմից բացվող մուտքի առաջ։ Արտաքուստ գավթի չափերն են, երկարությունը՝ 7.4 մետր, իսկ լայնությունը՝ 6.76 մետր։ Պատերի արտաքին երեսպատ քարերը թափված լինելու պատճառով բերված չափերը մոտավոր ճշտությամբ են հաշվված։ Գավիթի սեփական մի ամբողջ պատ ունի մենակ՝ հարավայինը։ Հյուսիսային պատ օգտագործված է եկեղեցու հարավային պատից 7.4 մետրը, սկսած դրա արևմտյան ծայրից, իսկ արևմուտքից և արևելեքից գավթի սեփական պատամասեր են կազմում ժամատան արևելյան պատամասի և «Խորանիկի» արևմտյան պատի։

Գավթի ներսում, արևմտյան և արևելյան պատերին կիս դրված են երկուական մույթեր, որոնցից հյուսիսային զույգը, որն ավելի մեժ չափեր ունի, կցված են եկեղեցու հարավային պատին, իսկ հարավային զույգը՝ նույն կողմի պատից քիչ հեռու է տեղավորված։ Տանիքը հաստատված է եղել այդ մույթերի բարձրացող կամարների վրա։ Տանիքն ու կամարները ներկայումս քանդված են։

Պատերի քանդված լինելու պատճառով, այժմ դժվար է որոշոլ, թե գավթի մուտքը որ կողմից է եղել։

Խորանիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կառույցը իրենից մատուռ է ներկայացնում։ Կառուցված է եկեղեցու հարավային պատի արևելյան ծայրի ու գավթի արևելյան պատի միացման անկյունում։ Չափերը ներքուստ եղել են 3.75 մ x 1.8 մ։ Արտաքին չափերից միայն արևմտյան պատի երկարությունն է որոշված՝ 3.8 մետր։

Կառույցից մնացել է արևմտյան պատն ամբողջովին, որի մեջ մուտքն է, բացված գավթի ներսից, հյուսիսային պատը, որը ներկա դրությամբ 3.9 մետր դուրս է ընկած եկեղեցու արևելյան ճակատի գծից և մի փոքրիկ կտոր հարավային պատից, կից արևմտյան պատին։ արևելյան պատն ամբողջովին քանդված է։ Հյուսիսային պատի մեջտեղում՝ ներսից, պահպանվեէ 28 սմ լայնությամբ կիսամույթը, որի վրա է նստած եղել տանիքի թաղը գոտկող կամար։

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շխմուրադի վանքը արձանագրություններով այնքան էլ հարուստ չէ։ Պահպամված արձանագրությունների թիվը 15 հատ է, որոնցից մի մասը հողմնահարված է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավրենտի Միրզոյան, Տավուշ, Երևան, «Ասողիկ», 2010 — 856 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Հնամենի Շխմուրադի վանքը փլվում է
  3. 3,0 3,1 Մակար եպս. Բարխուտարեանց, Աղուանից երկիր և դրացիք, Արցախ։ Երևան, Գնաձասար, 1999, էջ 331