Շահույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շահույթ, տնտեսական գործունեության դրդապատճառ, արտադրության շարժիչ, որը մեծապես ազդում է արտադրության արդյունավետությունը բարձրացնելու, ռեսուրսների օգտագործման մակարդակի, դրանց այլընտրանքային հնարավորությունների վրա։ Շահույթը նպաստում է արտադրության նորացման, նաև՝ ներդրումներին, արտադրության թողարկան փոփոխություններին ու զբաղվածության կարգավորմանը։ Շահույթը առավել արդյունավետ ձևով լուծում է ռեսուրսների բաշխումը այլընտրանքային արտադրություններում։ Յուրաքանչյուր դեպքում կարևորվում է առանձին ճյուղերում կամ ձեռնարկություններում ներդրված կապիտալին համապատասխան ստացված շահույթի չափաբաժինը ընդունված է անվանել շահույթի նորմա։

Որպես տնտեսական կատեգորիա շահույթը արտահայտում է ձեռնարկատիրական գործունեության ընթացքում ստեղծված մաքուր եկամտի մեծությունը։ Ձեռնարկությունների մակարդակում մաքուր եկամուտը ընդունում է շահույթի տեսք։ Որպես ձեռնարկատիրական գործունեության գլխավոր արդյունք՝ շահույթը բավարարում է հենց ձեռնարկության, դրա աշխատողների և կառավարչական ապարատի պահանջմունքները։

Շահույթների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են շահույթի երեք տեսակներ.

  • Տնտեսական
  • Հաշվապահական
  • Նորմալ

Տնտեսական շահույթը այն եկամուտն է, որը մնում է բոլոր ծախսերը հանելուց հետո՝ լինեն դրանք դրամական, քողարկված կամ այլընտրանքային։

Հաշվապահական շահույթը մնում է ֆիրմայի ընդհանուր հասույթից նյութերի, կապիտալի, աշխատանքի արժեքը հանելուց հետո։ Ձեռնարկության ընդհանուր եկամտի մի մասը նորմալ շահույթն է։ Դա այն նվազագույնն է, որ անհրաժեշտ է ձեռնարկատիրոջը՝ տնտեսությունը վարելու համար։

Պլանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահույթի պլանավորումը կարևոր է այն առումով նաև, որ յուրաքանչյուր կազմակերպություն տնօրինում է սահմանափակ քանակությամբ նյութական և աշխատանքային ռեսուրսների, ունի տարբեր մասնագիտական ու որակավորման մակարդակով բնութագրվող աշխատանքային ռեսուրսներ և այլն, որոնք որպես կանոն, փոխադարձաբար միմյանցով շաղկապված ու փոխկապակցված են, և լուծելի՝ համակարգված մոտեցման դեպքում։ Ուստի այն հնարավորություն է տալիս ռեսուրսները ճիշտ ու արդյունավետ բաշխել, ձեռնարկության գործունեության արդյունքները մոտեցնելով օպտիմալ արժեքի։

Պլանային հաշվեկշռային շահույթը հաշվարկվում է հետևյալ տեսակներով՝

  • Շահույթ՝ արդյունաբերական բնույթի ապրանքների, արտադրանքի ու ծառայությունների իրացումից
  • Շահույթ՝ ոչ արդյունաբերական բնույթի ծառայությունների իրացումից,
  • Շահույթ՝ պլանավորվաղ արտաիրացումային գործառնություններից։

Շահույթի պլանավորման համար հաճախ կիրառվում է ապրանքի կենսապարբերաշրջանի գրաֆիկը։ Հաճախ հարկ է լինում շուկայում պահանջարկը բավարարելու ուղղությամբ կատարել որոշ փոփոխություններ նույնիսկ այն ապրանքների սպառողական հատկանիշներում որոնց սպառումը մոտ է հագեցման։ Տվյալ դեպքում պետք է ուսումնասիրվի և գնահատվի ապրանքի կենսապարբերաշրջանի փուլերը, որոնք հետևյալներն են՝

  • ապրանքի նախագծման ու մշակման փուլ
  • ապրանքի կամ ծառայությունների շուկա հանելու փուլ
  • ապրանքի իրացման աճի փուլ
  • հասունացման փուլ
  • անկման փուլ։

Ապրանքի մշակման փուլը ծախսատար է, հաջորդ փուլը՝ ևս ծախսատար է, բայց աճի փուլին զուգընթաց դրանք փոխհատուցվում են։ Իրացման աճի փուլում շահույթի ծավալի աճում է։ հասունության փուլում առաջ են գալիս մրցակիցներ և իհարկե դրանց հետ կապված դժվարություններ և հարկ է լինում կատարել լրացուցիչ ծախսեր և սկսում է շահույթի նվազումը, այնուհետև անկումը։ Ապրանքը եթե գտնվում է աճի փուլում այն հանգիստ կարող է ներգրավել շուկա։

Շահույթի գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով շուկայական հարաբերությունների գլխավոր կատեգորիա, շահույթը կատարում է մի շարք կարևորագույն գործառույթներ։

  • Շահույթը համարվում է ձեռնարկության տնտեսական գործունեության արդյունավետության գնահատման հիմնական ցուցանիշներից մեկը, որի տնտեսական դերի մասին վկայում է հենց շահութաբերության փաստը։
  • Շահույթը խթանում է տնտեսության զարգացումը։ Այն համարվում է ձեռնարկության սեփական կապիտալն ավելացնելու գլխավոր աղբյուրը։ Շուկայական հարաբերությունների պայմաններում կապիտալի սեփականատերերը և մենեջերները, հաշվի առնելով շուկայի զարգացման հեռանկարները, ներդրումային ռազմավարությունը մշակում են շահույթի հնարավորին չափ մեծ լինելու նպատակով։
  • Քանի որ շուկայական տնտեսության զարգացման շարժիչ ուժը և արտադրական կարողությունների ու թողարկվող արտադրատեսակների նորացման աղբյուրը շահույթն է, ապա աշխատավոր կոլեկտիվների համար այն համարվում է սոցիալական բարիքների հիմնական աղբյուրը։
  • Շահույթը համարվում է տվյալ երկրի տարբեր մակարդակների բյուջեների ձևավորման գլխավոր աղբյուրը։ Եկամուտները բյուջե են մուտքագրվում հարկերի, տնտեսական պատժամիջոցների տեսքով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բադանյան Լ., Կարճաժամկետ ֆինանսական կանխատեսումը արտադրական կազմակերպությունում, Երևան, 2000 թ.
  • Բայադյան Ա., Տնտեսվարող սուբյեկտնեի գործունեության ֆինանսական վերլուծության անհրաժեշտությունը, Ե., Ասողիկ 1996
  • Артеменко В. Г., Беллендир М. В., Финансовый анализ, Учебное пособие, М., 1997
  • Блауг М. Теория прибыли // Экономическая мысль в ретроспективе = Economic Theory in Retrospect. — М.։ Дело, 1994. — С. 424-430. — XVII, 627 с. — ISBN 5-86461-151-4.
  • Прибыль (экономич.) / Винокур Р. Д. // Большая советская энциклопедия։ в 30 т. / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М.։ Советская энциклопедия, 1975. — Т. 20։ Плата — Проб. — 608 с.
  • Яроцкий В. Г. Прибыль // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.