Նորիկ Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նորիկ Մուրադյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 26, 1941(1941-07-26) (82 տարեկան)
ԾննդավայրՄառնեուլ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍիբիրի պետական տեխնոլոգիական համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ, քաղաքական գործիչ և գործարար

Նորիկ Գրիգորի Մուրադյան (հուլիսի 26, 1941(1941-07-26), Մառնեուլ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խոշոր արդյունաբերական, քաղաքական գործիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, բարեգործ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորիկ Մուրադյանը ծնվել է 1941 թվականի հուլիսի 26-ին Վրաստանի Մարնեուլ քաղաքում՝ Կարսի Թայլամուտ գյուղից գաղթած Գրիգոր Մուրադյանի բազմազավակ ընտանիքում։ 1947 թվականին ընտանիքով տեղափոխվել և բնակություն են հաստատել Սպիտակ քաղաքում։ Սովորել է Սպիտակի թիվ 2, այնուհետև՝ 3 դպրոցում, զուգահեռ ավարտել է Երևանի մեքենաշինության տեխնիկումը։ 1957-1960 թվականներին աշխատել է Սպիտակի շաքարի գործարանում, սկզբում որպես փականագործ, հետո՝ բրիգադիր, արտադրամասի վարպետ։

1963-1966 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Միութենական նշանակության օբյեկտների շինարարությանը։ Զորացրվելուց հետո, 1966-1972 թվականներին մասնակցել է Սպիտակի «Կոնդիցիոներ» գործարանի հիմնադրմանը, որտեղ աշխատել է որպես վարպետ, արտադրամասի պետ։

1972 թվականին Կրասնոյարսկի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է տեխնոլոգ-ինժեների որակավորում և 1973 թվականին վերադառնալով Սպիտակ, աշխատանքի անցել Սպիտակի կաշվի փոխարինիչների գործարանում, որպես գլխավոր տեխնոլոգ։

1974 թվականին Սպիտակում հիմնադրել է Կիրովականի կարի արտադրական միավորման մասնաճյուղ, որտեղ աշխատել է որպես տնօրեն, իսկ 1981-1988 թվականներին՝ որպես Սպիտակի կարի արտադրական միավորման (ՍԿԱՄ) գլխավոր տնօրեն։ Այդ տարիներին ՍԿԱՄ-ը դառնում է ՀԽՍՀ խոշորագույն և առաջատար ձեռնարկություններից մեկը, շուրջ 10 000 աշխատողներով և 40 մասնաճյուղերով, 150 միլիոն ռուբլի համախառն արտադրանքով։ Մասնաճյուղեր են բացվում ոչ միայն Սպիտակի շրջանի գրեթե բոլոր բնակավայրերում, այլև Ստեփանավանում, Լեռնային Ղարաբաղում։ Միաժամանակ մեծ ուշադրության է արժանանում աշխատավորների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը։ Սեփական շինարարական տրեստի կողմից կառուցվում են բնակելի շենքեր, մանկապարտեզներ, հանգստյան տներ,ջերմոցային տնտեսություն և այլն։ Բնակարաններ են տրամադրվում նաև Ադրբեջանից փախստականներին, հատկացվում օգնություն։ Օգնություն է տրամադրվում նաև Լեռնային Ղարաբաղին։

Ն.Մուրադյանը 1988-1990 թվականներին նշանակվել է Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղար, իսկերկրաշարժից հետո էպիկենտրոնում երկրաշարժի հետևանքների վերացման շտաբի պետ։

Երկրաշարժի զոհերի հուշարձանը Սպիտակում
Երկրաշարժի զոհերի հուշարձանը Սպիտակում

Երկու տարիների ընթացքում Սպիտակում ստեղծվում է հզոր շինարարական բազա քաղաքի վերակառուցման համար, կազմավորվում են 7 շինարարական տրեստներ, 4 երկաթ/բետոնի կոմբինատներ, ներկրվում է 7000 մեքենա-մեխանիզմներ, 3500 կռունկներ։ Սկսվում է շինարարությունը կամ վերականգնվում են 22 արտադրական ձեռնարկություններ, այդ թվում Սպիտակի թռչնաբուծարանը՝ գերմանական կոնստրուկցիաներով, ՍԿԱՄ-ը՝ 3 միլիոն դոլարի ներկրված կարի մեքենաներով, մեխանիկական գործարանը և այլն։ Սակայն հետագա տարիներին, ինչպես հանրապետության ամբողջ արդյունաբերությունը, այդ ամենը թալանի ենթարկվեց, յուրացվեց տնօրենների ու իշխանավորների կողմից։

1989-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ ժողպատգամավոր, 1991-1993 թվականներին՝ ՌԴ Ժողտնտեսության ակադեմիայի պրոֆեսոր, մինչև 2010 թվականը՝ գիտխորհրդի անդամ։ 1993-1997 թվականներին եղել է ՌԴ արտաքին առևտրի նախարարի տեղակալ, կազմակերպել է Հայաստանին օգնության տրամադրում։ 1998 թվականից մինչև այժմ հանդիսանում է «Ինվեստվնեշտորգ» միավորման տնօրեն, Հանդիսանում է «Սպիտակսկիյ Մեմորիալ» ֆոնդի ղեկավար։ Պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով։

2015 թվականի դեկտեմբերի 7-ին, Նորիկ Մուրադյանի նախաձեռնությամբ, Սպիտակում բացվեց երկրաշարժի հետևանքները վերացրած զինվորներին նվիրված հուշարձան[2]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Спитак - эпицентр землетрясения: факты[3]
  • Խաչքար

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Мурадян Норайр Григорьевич». Վերցված է 28/08/2020-ին.
  2. Սովետական զինվորի ուրվականը Սպիտակում
  3. «Мурадян, Норик Григорьевич - Спитак - эпицентр землетрясения: факты / - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.