Jump to content

Նոր Ջուղայի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրանում առաջին հրատարակչության հիմնադիր Խաչատուր Կեսարացու կիսանդրին նրա թանգարանի մուտքի մոտ, Նոր Ջուղա, Իրան, Սուրբ Ամենափրկիչ վանքի դիմաց

Նոր Ջուղայի հայկական տպագրություն, 1638 թվականին Խաչատուր Կեսարացու ջանքերով Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքում հիմնադրվել է տպարան, որն առաջինն էր Իրանում և առհասարակ ողջ Միջին Արևելքում։ Ե՛վ տպատառերը, և՛ տպագրական մամուլը պատրաստվել են տեղում՝ հայտնի մեխանիկ Հակոբջան Ջուղայեցու կողմից[1]։

Մինչև 1647 թվականը տպագրվել են Սաղմոսարան (1638), Խորհրդատետր (1641), «Հարանց վարք» (1641), Ժամագիրք (1642), Պարզատումար (1647), Աստվածաշունչ (1650, անավարտ), երեք դավանաբանական գրքեր՝ Աղեքսանդր Ջուղայեցու «Գիրք ատենական որ ասի վիճաբանական» (1687), «Գիրք ժողովածոյ ընդդէմ երկաբնակաց» (1683), Հովհաննես Ջուղայեցու «Գիրք համառօտ վասն իսկապէս և ճշմարիտ հաւատոյ» (1688), 1693 թվականին՝ «Կոնդակ», Մովսես Բջնեցու «Յաղագս կարգի կաթողիկոս ձեռնադրութեան» և այլն[1]։

Շուրջ երկդարյա դադարից հետո 1872 թվականին տպարանը վերագործարկվել է և գործում է մինչ այսօր. հրատարակել է ավելի քան 400 անուն գիրք, որոնց թվում են՝ Հարություն Տեր-Հովհանյանի «Պատմութիւն Նոր Ջուղայու, որ Ասպահան» (h 1-2, 1880-1881, վերահրատարակություն՝ h 1-2, 1980-1981), Արշակ Աթայանի «Սալմաստ» (1906), Արամ Երեմյանի «Սպահանի Փերիա գաւառը» (1919), «Աշուղ Հարթուն Օղլի» (1920) և «Պարսկահայ աշուղներ» (գիրք 2-3, 1920-1921), Հովհաննես Մալխասյանի և Նար–Դոսի կազմած «Գիր եւ կեանք» (1925) դասագիրքը, Եղիշե Մանճիկյանի «Յովհաննէս կաթողիկոս Օձնեցի» (1967), Լևոն Մինասյանի «Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանը» (1968), Գարեգին Սարգիսյանի «Հայոց «Փոքր ածուն» իրանեան հողին վրայ» (1971), «Նամակագրութեան կանոններ։ Ա, Բ, Գ» (1979-1985), «Իրանի հայկական եկեղեցիները» (1983), «Պատմութիւն Նոր Ջուղայի հայոց ազգային երկսեռ դպրոցների, 1880–1985» (1985), «Մէկ շաբաթ Հնդկաստանում» (1990), «Գրչութեան արւեստը Նոր Ջուղայում» (1991), «Առակաց գիրք» (1994), «Նոր Ջուղայի թատրոնը» (1995), «Հաղորդութեան խորհուրդը» (1998), Գրիգոր Նարեկացու «Խրատ ուղիղ հաւատի և առաքինի ու մաքուր վարքի մասին» (2003) և այլն։ Նույն տպարանում է տպագրվել նաև «Նոր-Ջուղայի լրաբեր» ամսաթերթը[1]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մինասեան Լ., Նոր Ջուղայի տպարանն ու իր տպագրած գրքերը, Նոր Ջուղա, 1972։
  • Իշխանյան Ռ., Հայ գրքի պատմություն, հ. 1, Երևան, 2012
  • Հայ տարագրութիւնն Իրանում. 1638-2011 (կազմողներ՝ Ա. Աղայան, Բ․ Տերտերյան), Թեհրան, 2012։
  • Դևրիկյան Վ., Հայ գիրքը աշխարհի խաչմերուկներում, մաս Բ, Երևան, 2014։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջ 820. ISBN 978-5-89700-042-5.