Նոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոյ (այլ կիրառումներ)
Հ. Այվազովսկի «Նոյը իջնում ա Արարատից»

Նոյ (եբրայերեն՝ נֹחַ‎, Նո՛ախ, Հին Կտակարանի Ծննդոց գրքում անունը բացատրվում է որպես «հանգիստ, մխիթարություն», ըստ այլ մեկնությունների՝ «նոր». հին հունարեն՝ Νῶε, արաբ․՝ نوح‎‎, Նուհ), հինկտակարանյան նահապետ։ Նոյի պատմությունը ներկայացվում է Ծննդոց գրքի 6–9 գլուխներում, որտեղ նա ջրհեղեղից փրկում է իր ընտանիքը (իր կնոջը, երեք որդիներին և նրանց կանանց) և կենդանիների բոլոր տեսակներին՝ կառուցելով Նոյյան տապանը։ Նա նաև հիշատակվում է որպես «առաջին այգեգործը» և «առաջին գինեգործ»։ Նոյը նաև բազմիցս հիշատակվում է Ղուրանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հին Կտակարանի պատումի՝ Նոյ Նահապետի օրոք երկրի վրա բազմացել էր մեղքը, մարդիկ գողանում, ստում, շնանում և անընդհատ այլ չարիքներ էին գործում։ Նրանք հեռացել էին Աստծուց և գործում էին նրա կամքին հակառակ։ Ապականված աշխարհը նորոգելու համար Նոյը մաքառում է շուրջ 120 տարի, բայց ապարդյուն։ Տերը տեսնելով, որ մարդկանց չարությունն ու այլասերվածությունը հսկայական չափերի են հասել, և նրանց սիրտն ու միտքը հակված են միայն չարիք գործելու, որոշում է վերացնել մեղսագործ մարդկությանը՝ շնորհ անելով միայն Նոյին և նրա ընտանիքին։ Նա միակ կատարյալ ու արդար մարդն էր ապականված, չարությամբ ու անիրավությամբ լի աշխարհում։

Վերահաս ջրհեղեղից փրկվելու համար, Աստծու հրահանգով և օգնությամբ, Նոյը կառուցում է եռահարկ նավ՝ տապան, և երբ սկսվում է ջրհեղեղը, նա կնոջ, 3 որդիների (Սեմ, Քամ, Հաբեթ) ու նրանց կանանց հետ մտնում է տապան՝ իր հետ վերցնելով նաև երկրի բոլոր ցամաքային կենդանի արարածներից ու թռչուններից մեկական զույգ՝ արու և էգ, իսկ «մաքուր» կենդանիներից 2-ական զույգ՝ Աստծուն զոհ մատուցելու համար։ Երկրորդ ամսի 27-ին ժայթքում են ստորգետնյա բազում աղբյուրներ, բացվում են երկնքի ջրվեժները, երկրի վրա 40 օր ու գիշեր անձրև է տեղում, ջուրը բարձրանում է և 150 օր ծածկում ցամաքը՝ ոչնչացնելով չարացած մարդկանց ու անմեղ անասուններին։

Երբ ջուրն սկսում է կամաց-կամաց հետ քաշվել, Նոյի տապանը հանգրվանում է Արարատ (Մասիս) լեռան վրա. դրա համար էլ Արարատ լեռն ընկալվում է որպես մարդկության փրկության խորհրդանիշ։

Հորդառատ անձրևների դադարից 40 օր անց Նոյը բացում է տապանի պատուհանը՝ տեսնելու համար, թե արդյո՞ք երկրի վրայից ջուրը քաշվել է, և արձակում է մի ագռավ, որը չի վերադառնում։ Ապա արձակում է աղավնի, որը, ոտք դնելու տեղ չգտնելով, վերադառնում է տապան։ 7 օր անց նորից է արձակում աղավնուն, որն այս անգամ վերադառնում է՝ կտցին ձիթենու շյուղ՝ կյանքի ավետիսը... Կյանքի 601-րդ տարում Նոյը դուրս է գալիս տապանից, զոհասեղան պատրաստում Արարատ լեռան վրա և գոհության պատարագ-ողջակեզ մատուցում Աստծուն։ Աստված օրհնում է Նոյին ու նրա որդիներին և ասում. «Ահա ես իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ և ձեզանից հետո՝ ձեր սերնդի հետ»։ Եվ երկնքում առաջին անգամ հայտնվում է ծիածանը՝ ի նշան այն բանի, որ Տերն այլևս չի կործանի աշխարհը։

Նոյի որդիներն ունեցել են շատ զավակներ, որոնցից սերել են բազմաթիվ ազգեր։ Հայ ժողովուրդը սերում է Նոյի Հաբեթ որդուց, որի ամնեահայտնի հետնորդն է հանդիսանում հայցող թագավոր Արա Գեղեցիկը։ Հիմք ընդունելով Աստվածաշունչը և պատմական այլ աղբյուրներ՝ Մովսես Խորենացին «Հայոց պատմության» մեջ ներկայացնում է Նոյի և նրա որդիների ազգաբանությունը՝ Հաբեթի ճյուղը հասցնելով մինչև Արա Գեղեցիկ։ Նոյի անվան հետ է կապվում հողագործության և գինեգործության առաջացումը։

Ըստ հրեա Հովսեպոս Փլավիոս և հույն Եվսեբիոս Կեսարացի պատմագիրների, ինչպես նաև ըստ հայկական ավանդությունների՝ Նախիջևան տեղանունը մեկնաբանվում է որպես Նոյի առաջին իջևանատեղի, որը համարվել է Հայկական լեռնաշխարհի ամենահին բնակատեղին և իբր հիմնվել է մ.թ.ա. 3669-ին՝ համաշխարհային Մեծ ջրհեղեղից հետո /տես՝ ՀՍՍՀ ԳԱ <<ՀՍՀ>> հոդ. Նախճավան/։ Հիմնվելով հնագույն այլ առասպելների վրա՝ Վարդան Արևելցին Նոյի գերեզմանատեղին հիշատակում է Վասպուրականի Նախճավանում, իսկ նրա կնոջ՝ Նոյեմզարի գերեզմանատեղին՝ Մարանդում։ Ավանդաբար Նոյի անվան հետ են կապված Ակոռի գյուղի, Առնոյոտն գավառի, Երևան քաղաքի, Նպատ լեռան և այլ անվանումներ։

Նոյ Նահապետի հիշատակը նշում են Ընդհանրական, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցիները։ Հայ եկեղեցին Էջմիածնի Մայր տաճարում, որպես սուրբ մասունք, պահում է Նոյյան տապանից փայտի մի կտոր. այն, ըստ ավանդության, Մասիսի լանջին հրեշտակից ստացել է Մծբին քաղաքի եպիսկոպոսը՝ սուրբ Հակոբ Մծբնացի հայրապետը։

Հայ պատմիչների վկայությամբ՝ Նախիջևան քաղաքում է գտնվել Նոյի գերեզմանը, իսկ նրա կնոջ գերեզմանը՝ մերձակա Մարանդ քաղաքում, որոնք հազարամյակներ շարունակ սրբավայրեր են եղել ոչ միայն քրիստոնյա, այլև մուսուլման եւ հուդայական հավատացյալների համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.sarc.am/2017/04// Արխիվացված 2017-05-18 Wayback Machine Ա․ ՎԱՐԴԱՆՅԱՆ Բանասիրական գիտությունների թեկնածու