Նանդոր Վագներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նանդոր Վագներ
ճապ.՝ ワグナー・ナンドール
Ծնվել էհոկտեմբերի 7, 1922(1922-10-07)
ԾննդավայրՕրադյա, Ռումինիա
Մահացել էնոյեմբերի 15, 1997(1997-11-15) (75 տարեկան)
Վախճանի վայրըMooka, Տոտիգի (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, գծանկարիչ և գծանկարիչ
ԱշխատավայրԼունդի համալսարան
ԱմուսինChiyo Akiyama-Wagner?
 Nándor Wagner Վիքիպահեստում

Նանդոր Վագներ (հունգ.՝ Nándor Wagner, հոկտեմբերի 7, 1922(1922-10-07), Օրադյա, Ռումինիա - նոյեմբերի 15, 1997(1997-11-15), Mooka, Տոտիգի (պրեֆեկտուրա), Ճապոնիա), հունգարացի քանդակագործ, նկարիչ։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանդոր Վագները ծնվել է Օրադյա քաղաքում (ներկայումս Ռումինիայի կազմում է), ատամնաբույժի ընտանիքում։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը սովորել է Բուդապեշտի գեղարվեստի ակադեմիայում, պատերազմից հետո շարունակել է ուսումը։ Վագների ստեղծագործական կյանքը բաժանվում է երեք փուլերի՝ հունգարական (1945-1956), շվեդական (1956-1969) և ճապոնական (1970-1997)։ Նրա առավել հայտնի գործերից են չժանգոտող պողպատից քանդակները, որոնք ստեղծվել են հեղինակի՝ Շվեդիայում և Ճապոնիայում ապրելու տարիներին։

Նանդոր Վագները և նրա ճապոնուհի կինը՝ Տիյո Վագները, որ նույնպես քանդակագործ էր, հիմնադրել են Համաշխարհային մշակույթի ու զարգացման հետազոտական ինստիտուտը, որը հովանավորում է երիտասարդ տաղանդավոր նկարիչներին։ Նրանք Հունգարիայում հիմնադրել են հումանիտար ժառանգության ակադեմիան, որն աշխատում է 1999 թվականից։

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Նանդոր Վագները աշխատել է Բուդապեշտի իր արվեստանոցում և ստեղծել մի շարք խոշոր գործեր՝ «Ողբացող մայրը», բանաստեղծ Աթիլա Յոժեֆի քանդակը, «Corpus Hungaricum» կոմպոզիցիան։ 1955 թվականին ճարտարապետ Զոլկան Ֆարկասդիի հետ «Շատրվան՝ երեք տղաներով» քանդակի համար ստացել է առաջին մրցանակ։ Այդ քանդակը պետք է տեղադրվեր Բուդապեշտի Մարգիտ կամրջի մոտ։

1956 թվականին Հունգարական ապստամբության ժամանակ ընդգրկվել է «Նկարիչների հեղափոխական կոմիտեի» մեջ, որը պաշտպանում էր ապստամբներին։ Երբ խորհրդային զորքերը մտել են Հունգարիա և ճնշել ապստամբությունը, Վագներն ընտանիքի հետ արտագաղթել է Շվեդիա և աշխատանքային արվեստանով բացել Լունդում։ Հենց այս շրջանում էլ նա սկսել է կոմպոզիցիաներ ստեղծել չժանգոտող պողպատից (Լեհ զինվորների ռազմական հուշարձան, «Չորս երեխաների շատրվան», «Ծաղրածու», «Tranås»)։ Նանդոր Վագները ստեղծել է նաև գեղանկարներ, որոնք անվանել է «ֆրեսկոներ թղթի վրա»։ Շվեդայում նա զբաղվել է նաև արդյունաբերական դիզայնով և էրգոնոմիկայով, արտոնագրել է իր տեխնիկական որոշ մտահղացումներ, նկարչություն դասավանդել Լունդի գեղարվեստի ակադեմիայում։ Ակադեմիայում դասավանդելիս էլ ծանոթացել է ճապոնացի ուսանողուհի Տիյո Ակիյամայի հետ, որ հետագայում դարձել է նրա կինն ու ողջ կյանքի ուղեկիցը։

Վագների կյանքի երրորդ փուլն անցել է Ճապոնիայում։ Նրա գեղարվեստական առաջին սրահը բացվել է Մասիկո քաղաքում (Տոտիգի)։ Քանդակագործն սկսել է աշխատել կավով և արդեն 1970 թվականի վերջին ստեղծել իր «Մայր և զավակ» կոմպոզիցիան։ Նանդոր Վագների անունը կապվում է Ճապոնիայում մի շարք խոշոր գործերի ստեղծմանը․ վեցմետրանոց երկու քանդակներ չժանգոտող պողպատից տեղադրվել են Դոսոձինում («Ճանապարհորդների սուրբ հովանավոր») և Տոկիոյի «Նարիտա» միջազգային օդանավակայանում։ Քանդակագործությանը զուգահեռ՝ Վագները ստեղծել է նաև ջրաներկով նկարներ և կերամիկական գեղարվեստական իրեր։ Նշանավոր են նրա «Մետաքսի ճանապարհ» և «32 առարկա» շարքերը (1974-1975)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանդոր Վագներ» հոդվածին։