Յարոսլավ Ստեցկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յարոսլավ Ստեցկո
Դիմանկար
Ծնվել էհունվարի 19, 1912(1912-01-19)[1]
ԾննդավայրՏերնոպոլ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհունիսի 15, 1986(1986-06-15) (74 տարեկան), հուլիսի 5, 1986(1986-07-05)[2] (74 տարեկան) կամ ապրիլի 5, 1986(1986-04-05)[3] (74 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԳերեզմանՎալդֆրիդհոֆ գերտեզմանատուն
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
ԿրթությունԿրակովի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՅարոսլավա Ստեցկո
Զբաղեցրած պաշտոններնախագահ և կուսակցության առաջնորդ
ԿուսակցությունOUN?
 Yaroslav Stetsko Վիքիպահեստում

Յարոսլավ Սեմյոնի Ստեցկո (ուկրաիներեն՝ Ярослав Семенович Стецько. հունվարի 19, 1912(1912-01-19)[1], Տերնոպոլ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հունիսի 15, 1986(1986-06-15), հուլիսի 5, 1986(1986-07-05)[2] կամ ապրիլի 5, 1986(1986-04-05)[3], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ուկրաինական ազգայնական կազմակերպության (ՈւԱԿ) ակտիվ գործիչ, Ստեպան Բանդերայի առաջին տեղակալ, 1941 թ. հունիս-հուլիս ամիսներին՝ Ոկրաինական պետական կառավարման նախագահ, 1944 թ. դեկտեմբերին հիմնադրել և մինչև իր մահը ղեկավարել է Ժողովուրդների հակաբոլշևիկյան բլոկը, 1968 թվականից ղեկավարել է ՈւԱԿ-ի կենտրոնական ղեկավար մարմինը՝ Провод-ը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յարոսլավ Ստեցկոն ծնվել է 1912 թվականի հունվարի 19-ին Տերնոպոլ քաղաքում (նախկին Ավստրո-Հունգարիա, ներկայումս՝ Ուկրաինայի Հանրապետություն), ուկրաինացի կաթոլիկ քահանայի ընտանիքում։ Ծնողները ցանկանում էին, որ իրենց տղան բարձրագույն կրթություն ստանա, ոչինչ չէին խնայում դրա համար, և Յարոսլավը ոչ միայն Տերնոպոլի բարձրագույն դպրոցը՝ գիմնազիան ավարտեց և այն էլ՝ գերազանց գնահատականներով, այլև իրավունք ու փիլիսոփայություն ուսումնասիրեց Կրակովի և Լվովի համալսարաններում՝ ավարտելով բուհը 1934 թվականին։

Սկսած վաղ պատանեկան հասակից՝ նա ակտիվորեն մասնակցել է ուկրաինական ազգայնական կազմակերպությունների գործունեությանը։ Անդամակցել է երեք տարբեր կազմակերպությունների՝ «Ուկրաինսկա նացիոնալիստիչնա մոլոդ»-ին («Ուկրաինական ազգայնական երիտասարդություն»), որի վարչությունում ընդգրկվեց 1932 թվականին, «Ուկրաինական զինվորական կազմակերպությանը» և Ուկրաինական ազգայնական կազմակերպությանը (ՈւԱԿ)։ 1932 թվականից Ստեցկոն ՈւԱԿ-ի վարչության անդամ էր, գաղափարախոսական աշխատանքների գծով խորհրդական, մի շարք ազգայնական պարբերական հրատարակությունների խմբագիր։

1934 թվականին՝ այն բանից հետո, երբ ուկրաինացի ազգայնականները սպանեցին Բրոնիսլավ Պեռնեցկուն, լեհական իշխանությունները բանտարկեցին Յարոսսլավ Ստեցկոյին՝ նրա հակալեհական գործունեության համար և դատապարտեցին հինգ տարվա ազատազրկման, բայց այդ ժամկետը հետագայում կրճատվեց, և նա համընդհանուր համաներման արդյունքում 1937 թվականին ազատ արձակվեց։ 1938 թվականի հունվարին ՈւԱԿ-ի և ՈւԶԿ-ի հիմնադիր, գնդապետ Ե. Կոնովալեցը Ստեցկոյին հանձնարարեց կազմակերպել ՈւԱԿ-ի հերթական համագումարը, որը նա հաջողությամբ իրականացրեց։ 1939 թվականին մասնակցեց ՈւԱԿ-ի՝ Հռոմում անցկացված վեհաժողովին։ Հենց այս ժամանակ հակասություններ առաջացան նորընտիր ղեկավար Ա. Մելնիկի և նրան ընդդիմացող Ս. Բանդերայի միջև։ Ստեցկոն անցավ վերջինիս կողմը, դարձավ նրա աջակիցը[4][5][6]։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեցկոն այն անձանց թվում էր, ում նախաձեռնությամբ 1940 թվականի փետրվարին Կրակովում կազմավորվեց ՈւԱԿ-ի հեղափոխական վարչությունը (Բանդերայի կողմնակիցներից), իսկ այդ նույն տարվա ապրիլին տեղի ունեցած ՈւԱԿ-ի «Մեծ» անվանված համագումարում նա ընտրվեց ՈւԱԿ-ի ղեկավար Ս. Բանդերայի տեղակալ։ Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի և այլ աղբյուրների տվյալներով՝ ՈւԱԿ-ի ղեկավարները նացիստական Գերմանիայի հետախուզության ղեկավարության հետ հանդիպումներ են ունեցել դեռևս 1941 թվականի սկզբներին, համատեղ քննարկել «Նախտիգալ» և «Ռոլանդ» գումարտակների կազմավորմանն առնչվող հարցեր։ 1941-ի գարնանը ՈւԱԿ ղեկավարությունը գերմանացիներից երկուսուկես միլիոն մարկ գումար է ստացել ԽՍՀՄ տարածքում քայքայիչ գործողություններ իրականացնելու համար։

ԽՍՀՄ-ի վրա Գերմանիայի հարձակումից անմիջապես հետո Բանդերան ու Ստեցկոն հայտնվեցին ԽՍՀՄ տարածքում, հունիսի 29-ին իրենց համակիրների խմբի հետ ժամանեցին Լվով, որտեղ գերմանացիները կալանավորեցին Բանդերային ու տարան Կրակով, իսկ Ստեցկոն հենց հաջորդ օրը՝ 1941 թվականի հունիսի 30-ին հրավիրեց Ուկրաինայի ազգային ժողովի նիստ, որը նույն օրն ևեթ հռչակեց, թե՝ նոր կազմավորված ուկրաինական պետությունը «ուկրաինական ժողովրդի առաջնորդ Ստեպան Բանդերայի առաջնորդությամբ», Մեծ Գերմանիայի հետ միասին նոր կարգ է հաստատելու ամբողջ աշխարհում։ Հայտարարվեց Ստեցկոյի գլխավորությամբ նոր կառավարության՝ Ուկրաինայի պետական վարչության կազմավորման մասին։

Նացիստները ծրագրել էին սկզբնական շրջանում թույլ տալ, որ ի հայտ գա այդ կարգի մի թվացյալ անկախ պետություն (դա արտացոլված է Ռոզենբերգի «Ընդհանուր հրահանգներ արևելյան գրավյալ տարածքներում ռայխի բոլոր ներկայացուցիչներին» վերնագիրը կրող հուշագրում, որտեղ նշված է. «Ուկրաինան պետք է լինի անկախ պետություն՝ Գերմանիայի հետ դաշնակցությամբ»[7], և նրա իսկ՝ հունիսի 20-ի ճառում[8]։ Գեստապոյի և «Աբվեր»-ի աստիճանավորները իրենց պաշտպանության տակ էին վերցրել Բանդերային ու նրա հետևորդներին՝ ձգտելով նրանց օգտագործել իրենց նպատակների իրագործման համար։

1941 թվականի հուլիսի 5-ին անհայտ անձի կողմից մահափորձ կատարվեց Ստեցկոյի նկատմամբ, բայց վերջինս բոլորովի չտուժեց. մահացավ միայն նրա ավտոմեքենայի վարորդը[9]։ Արդեն իսկ այդ ժամանակ՝ Բանդերայի և Մելնիկի կողմնակիցների միջև վաղուց ծայր առած հակառակությունը զինված բախումների բնույթ էր ստացել։ Գերմանացիները երկու ղեկավարներին էլ տնային կալանքի ենթարկեցին Կրակովում, բայց Մելնիկին շուտով ազատ արձակեցին, իսկ Բանդերային տեղափոխեցին Բեռլին՝, որ պարզաբանումներ ներկայացնի։ Դրանից հետո պահանջեցին, որ դադարեցնի գործողությունները Մելնիկի խմբի դեմ, չեղյալ հայտարարի հունիսի 30-ին իր ստորագրած ակտը։ Հուլիսի 14-ին Բանդերային ևս ազատեցին կալանքից, բայց թույլ չէին տալիս դուրս գալ Բեռլինից, այն դեպքում, երբ Ստեցկոն ազատ ելումուտ էր անում։ Ուկրաինայից նրանց մոտ էին գալիս և ազատ տեսակցում էին տեղեկություններ բերող համակիրներ, և իրենք էլ համապատասխան գրություններ, նամակներ, հրահանգներ էին ուղարկում Ուկրաինա, հեռվից հեռու ղեկավարում աջակիցների գործողությունները[10][11]։ Միմյանց հերթ չտալով՝ նրանք տասնյակ առաջարկություններ էին ներկայացնում նաև նացիստական վերադաս զանազան կազմակերպությունների, համագործակցության բնագավառներ և ուղիներ, հանգամանալի ծրագրեր ներկայացնում։

Այն բանից հետո, երբ Մելնիկի խմբի երկու առանցքային անդամներ սպանվեցին, և կասկածն ընկավ Բանդերայի կողմնակիցների վրա, Բանդերային ու Ստեցկոյին 1941 թվականի սեպտեմբերի 15-ն նետեցին Բեռլինի կենտրոնական՝ Շպանդաու բանտը (ըստ այլ աղբյուրների՝ Ալեքսանդրպլաց բանտը)։ Այստեղ նրանց պահեցին մինչև 1942 թվականի հունվար ամիսը, այնուհետև տեղափոխեցին Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար, ընդ որում՝ պահում էին այդ ճամբարի տարածքում՝ Ցելենբաուում հատուկ բարձրաստիճան քաղբանտարկյալների համար կառուցված բարաքում[12]։ Ըստ մեկ այլ վարկածի՝ գերմանացիները նրանց բանտարկել են այն բանի համար, որ հրաժարվել են չեղյալ հայտարարել Ուկրաինան անկախ պետություն հռչակելու մասին՝ ամիսներ առաջ ընդունված օրենսդրական ակտը /թեև, անկախ այդ հանգամանքից, նրանք, դրժելով իրենց խոստումերը, Ուկրաինայի տարածքում անկախ պետության փոխարեն կազմավորեցին կազմավորեցին միայն գեներալ-նահանգապետություն/:

1944 թվականի ապրիլին հանդիպում կազմակերպվեց նրանց և գերմանացի հռչակված հետախույզ Օտտո Սկորցենիի միջև, որպեսզի սրընթաց առաջացող խորհրդային զորքերի դեմ դիվերսիաներ իրականացնելու պլաններ մշակեն համատեղ։ Այդ նույն տարվա սեպտեմբերին գերմանական իշխանությունները ազատ արձակեցին Բանդերային ու Ստեցկոյին՝ հուսալով, որ սրանք կկարողանան ուկրաինացի տեղաբնակներին ոտքի հանել ու պայքարի մղել խորհրդային զորքերի դեմ։ Գերմանացիների համաձայնությամբ Բանդերան իր կազմակերպության շտաբը հիմնեց Բեռլինում։ Գերմանական ռազմական ավիացիան զենք-զինամթերք, սնունդ և այլ անհրաժեշտ նյութեր էր մատակարարում խորհրդային զինվորներին թիկունքից հարվածող բանդերական ջոկատներին, ստորաբաժանումներին։ Սրանց ահաբեկչական ու դիվերսիոն գործողությունները հիմնականում ղեկավարում էին հատուկ վարժեցված գերմանացի գործակալներ ու հետախույզներ, բայց որոշ դեպքերում, ընդհուպ մինչև 1945 թվականի սկիզբը, ՈւԱԿ-ի պարագլուխներ էլ էին ներգրավվում։ 1945 թվականի ապրիլին Ստեցկոն Բոհեմիայում ծանր վիրավորվեց դաշնակից զորքերի ավիացիայի կողմից նացիստական ավտոշարասյան ռմբակոծության ժամանակ (ըստ մեկ այլ վարկածի՝ Բոհեմիայի անտառներում «Վերվոլֆի» բազաների կազմակերպմանը մասնակցող Ստեցկոն դեպի ամերիկացիների ճամբարը փախչելու ժամանակ է վիրավորվել)։

1945 թվականի սկզբներին Արևմտյան Ուկրաինայում տեղի ունեցավ ՈւԱԿ-ի ղեկավարության հանդիպում, որտեղ որոշվեց, որ Բանդերայի ու Ստեցկոյի վերադարձը Ուկրաինա թե՛ քաղաքական և թե՛ նրանց անվտանգության տեսակետից նպատակահարմար չէ։ Այդ նույն տարվա մարտ ամսին Վիեննայում տեղի ունեցավ Բանդերայի հանդիպումը Արևմտյան Ուկրաինայի ՈւԱԿ-ի լիազոր ղեկավարների՝ Վ. Օխրիմովիչի, Մ. Պրոկոպի, Դարյա Ռեբետի, Մ. Լեբեդի միջև, որի արդյունքը եղավ ՈւԱԿ-ի արտասահմանյան կենտրոնի հիմնումը։

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո էլ Յարոսլավ Ստեցկոն շարունակեց ակտիվ քաղաքական գործունեությունը։ 1946 թվականին նա հիմնեց Ժողովուրդների հակաբոլշևիկյան բլոկը, որի նախագահը մնաց մինչև իր մահը։ 1971 թվականին այդ կազմակերպության ներկայացուցչությունը բացեց Թայվանի մայրաքաղաք Թայբեյում (մինչ այդ երկար ժամանակ համագործակցում էր Թայվանում գործող Չինական հակակոմունիստական լիգայի հետ)։ Ստեցկոն ամենագործուն մասնակցությունն ունեցավ 1970 թվականին Տոկիոյում Համաշխահային հակակոմունիստական լիգայի կազմակերպմանը, որի վարչության անդամը մնաց ցմահ։ 1968 թվականին ընտրվեց ՈւԱԿ-ի վարչության նախագահ (դարձյալ ցմահ)։

Ամերիկացի հետազոտող Ռաս Բելանտի ներկայացրած փաստերի համաձայն՝ Ստեցկոն օգտվում էր ԱՄՆ ղեկավարության աջակցությունից։ Ռոնալդ Ռեյգանի նախագահության օրոք Սպիտակ տունը նրան մասնակից էր դարձնում որոշ գործերի՝ համարելով քաղաքական լուրջ առաջնորդ։ Նրա պատվին մինչև անգամ հատուկ ճաշկերույթ է կազմակերպվել, որին մասնակցել են անձամբ Ռ. Ռեյգանը, փոխնախագահ Ջորջ Բուշ Ավագը, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջին Քրքպատրիկը[13]։ Յարոսլավ Ստեցկոն մահացել է 1986 թվականի հուլիսի 5-ին Մյունխենում, հուղարկավորվել այդ քաղաքի Վալդֆրենդհոֆ գերեզմանատանը։ Նրա՝ 1951 թվականին հրատարակած «Երկու հեղափոխություն» գիրքը այսօր էլ շարունակում է մնալ «Համաուկրաինական «Սվոբոդա» միություն» քաղաքական կուսակցության գաղափարախոսության անկյունաքարը։

Հակասեմիտիզմը[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի օգոստոսին գրած ինքնակենսագրության մեջ, որը պիտի ներկայացներ նացիստական իշխանություններին, Յարոսլավ Ստեցկոն մի շարք հակահրեական մտքեր է արտահայտել, որոնցից հետագայում էլ չի հրաժարվել։ Մասնավորապես՝ նա պնդել է, որ մարքսիզմը համարում է հրեական մտքի ծնունդ, հրեաների աջակցությամբ մոսկովյան-ասիական ժողովուրդը այդ գաղափարախոսությունը գործի է դրել, Մոսկվան ու հրեաներն են բոլշևիկյան միջազգային, համաշխարհային գաղափարների կրողներն ու առաջ տանողները։ Ու թեև ինքը Ուկրաինայի բռնադատման մեջ Մոսկվային, իբրև թշնամու, ավելի շատ է մեղադրում, քան հրեաներին, այդուհանդերձ բացարձակապես վստահ է, որ հրեաները, առանց որևէ կասկածի նշույլի անգամ, վնասակար դեր են խաղացել Մոսկվայի կողմից Ուկրաինայի ստրկացման գործում։ Ստեցկոն այնուհետև պնդում էր, որ բացարձակապես ճիշտ ու խրարուսելի է համարում հրեաների բնաջնջումը գերմանացիների կողմից և գտնում էր, որ դա առավել ճիշտ ու ռացիոնալ է, քան հրեաներին ուծացնելը, ձուլելը։

Գործունեության արդի գնահատականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային տարիներին ինչպես ընդհանրապես բոլոր բանդերականների, այնպես էլ Ստեցկոյի գործունեությունը ամենասուր քննադատության էր ենթարկվում պաշտոնական գաղափարախոսության կողմից ԽՍՀՄ ողջ տարածքում, այդ թվում՝ նաև Ուկրաինայում։ Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ուկրաինայում վերաբերմունքն ու կարծիքները շեշտակի փոփոխություն կրեցին։ 2007 թվականի մայիսի 16-ին Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Յուշչենկոն արձակեց մի հրաման, ըստ որի՝ հանրապետության մայրաքաղաք Կիևում պետք ՝ ստեղծվեր Ստեցկոյի ընտանիքին նվիրված թանգարանն, ուկրաինական քաղաքներում նրա պատվին պիտի փողոցներ անվանակոչվեին, տեղադրվեին հուշարձաններ[14]։

Ներկայումս Յարոսլավ Ստեցկոյի հուշարձաններ տեղադրված են հետևյալ վայրերում.

Լվովի մարզի Ստառի քաղաքում (բրոնզե կիսանդրի՝ գրանիտե պատվանդանի վրա/

Տերնոպոլ քաղաքում (բրոնզե կիսանդրի՝ գրանիտե պատվանդանին)

Տերնոպոլի մարզի Պոդվոլոչիսկի շրջանի Կամենկի գյուղում (բրոնզե կիսանդրի՝ բարձր պատվադանի վրա)

Տերնոպոլի մարզի Վելիկի Գլուբոչյոկ գյուղում (բրոնզե արձան՝ գրանիտե պատվանդանին)

Լվովի մարզի Վոլյա Զադերեվեցկայա գյուղում (Ուկրաինայի անկախության համար պայքարած մարտիկների ծառուղում տեղադրված ճերմակաքար հուշասյուներից մեկի վրա զետեղված է Յարոսլավ Ստեցկոյի բրոնզե խորաքանդակը)[15]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. Дюков А. Р. Второстепенный враг. ОУН, УПА и решение «еврейского вопроса». Монография / Послесл. Ю. Шевцова. — М.: Regnum, 2008. — 152 с. — 2000 экз. — ISBN 978-5-91150-028-3. — Цитата на стр. 22. Ученые Института истории Украины Национальной академии наук Украины указывают на то, что последовательно употребляемый Дюковым вариант перевода украинского «жиди» как «жиды» без соответствующего историко-лингвистического комментария является некорректным, формируя заранее предопределённое автором восприятие
  5. Г. Касьянов, В. Смолій, О. Толочко. Україна в російському історичному дискурсі: проблеми дослідження та інтерпретації / Ін-т історії України НАН України. — Київ: Ін-т історії України НАН України. — С. 101—102. — 128 с.(ուկր.)
  6. Украïнське державотворення. Акт 30 червня 1941. С. 77; ЦДАВОВ. Ф. 3833. Оп. 1. Д. 12. Л. 10.
  7. Exhibit USA-144 (Document 1030-PS) IMT Vol III p. 356
  8. IMT Vol XI p. 478
  9. ОУН в 1941 році
  10. В подписанном Стецько немецком переводе текста фрагмент с «истреблением», «экстерминацией» и «ассимиляцией» опущен, а последнее предложение выглядит следующим образом: «Я придерживаюсь мнения, что в борьбе с евреями на Украине следует использовать немецкие методы».
    Karel Berkhoff, Marco Carynnyk. The Organization of Ukrainian Nationalists and Its Attitude toward Germans and Jews: Iaroslav Stets’ko’s 1941 Zhyttiepys // Harvard Ukrainian Studies. — Vol. 23 (1999). — Nr. 3/4. — PP. 149—184. — PP. 152—153, 162, 167.
  11. Дюков А. Р. Второстепенный враг. ОУН, УПА и решение „еврейского вопроса“. Монография / Послесл. Ю. Шевцова. — М.: Regnum, 2008. — 152 с. — 2000 экз. — ISBN 978-5-91150-028-3. Цитата на стр. 16.
  12. Karel Berkhoff, Marco Carynnyk. The Organization of Ukrainian Nationalists and Its Attitude toward Germans and Jews: Iaroslav Stets’ko’s 1941 Zhyttiepys // Harvard Ukrainian Studies. — Vol. 23 (1999). — Nr. 3/4. — PP. 149—184.
  13. Seven Decades of Nazi Collaboration: America’s Dirty Little Ukraine Secret | The Nation
  14. Виникла помилка!
  15. «У Кам’янках відновили пам’ятник Ярославові Стецьку» Արխիվացված 2015-02-14 Wayback Machine (ուկր.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]