Մորսկե Օկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մորսկիե Օկոից)
Մորսկե Օկո
Տեսակլիճ, տուրիստական վայր և տեսարժան վայր
ՄայրցամաքԵվրոպա
Երկիր Լեհաստան
ՎարչատարածքԳմինա Բուկովինա Տատրզանսկա
Երկարություն0,862 կմ
Լայնություն0,566 կմ
ԲԾՄ1395,4 մետր
Խորություն50,8 մետր
Շրջանագծի երկարություն2,45 կմ
Մակերես0,3493 կմ²
Ծավալ9,935 խորանարդ հեկտոմետր
ԼեռնաշղթաԿարպատյան լեռներ
Ավազանի երկիր Լեհաստան
Քարտեզ
Քարտեզ

Մորսկե Օկո (լեհ.՝ Morskie Oko), լիճ Լեհաստանում` Մալոպոլսկոե վոևոդությունում։ Այն խոշորագույնն է և խորությամբ չորրորդը Տատրաներում։ Լիճը գտնվում է Տատրաներ ազգային պարկում` Մենգուշովեցկի լեռնազանգվածի ստորոտին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիճը շրջապատող լեռները մոտ 1.000 մ բարձրություն ունեն նրա մակերևույթից։ Նրանցից մեկը` Ռիսին (լեհ.՝ Rysy) (2499 մ) լեհական Տատրաների ամենաբարձր գագաթն է։ Մենգուշովեցկի գագաթների հարևանությամբ վեր է խոյանում Մնիխ լեռագագաթը (2068 մ)։ Լճի շուրջն աճում են մեծ թվով եվրոպական սոճիներ[1]։

Անցյալում Մորսկե Օկո լիճն ունեցել է մեկ այլ անվանում` «Ռիբյե» (բառացի` Ձկնային), քանի որ ձկան մեծ պաշար ուներ, ինչը հազվադեպ է Տատրաներում։ Թափանցիկ ջրերում նկատելի են կարմրախայտներ։ «Մորսկե Օկո» անվանումն առաջացել է հին լեգենդից, որի համաձայն` լիճը ծովի հետ կապված է ստորերկրյա ջրանցքով[2]։

Զբոսաշրջության ու երկրաբանության լեհական ընկերության տնակը գտնվում է լճի հյուսիսային ափի մորենում։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1405 մ բարձրության վրա` հանդիսանալով հնագույն շալեներից մեկը Տատրաներում։ Տնակը կոչվել է հասարակական գործիչ, հրապարակախոս, գիտնական Ստանիսլավ Ստաշիցի անունով, ով լճի ուսումնասիրությամբ է զբաղվել 1805 թվականին։ Այդ տնակը զրոյական կետ է համարվում Ռիսի լեռ և Շպիգլյասովի զառիթափ բարձրանալու համար։ Հարևանությամբ գտնվում է Ստարե Սխրոնիշկո շինությունը, որը տնակի հետ համարվում է պատմության հուշարձան։

Մորսկե Օկոն Տատրաների առավել տեսարժան վայրերից է, ուր տարեկան այցելում են 40.000 զբոսաշրջիկներ։ Մոտակա ճանապարհից ոտքով լիճ բարձրանալը տևում է մոտ երկու ժամ։ Շատ զբոսաշրջիկներ ճանապարհորդության համար ընտրում են ձիով ուղևորությունը. ձի տրամադրում են տեղի բնակիչները` գուրալները։ Ձմռանը ճանապարհի փոքր հատվածը անցնում է ձնահյուսի վտանգ ունեցող մասով։ Այդ հատվածը ցուրտ է մնում նույնիսկ ամռանը։ Լճում լողանալն ու կարմրախայտներին կերակրելը արգելված է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորսկե Օկոն հիշատակող ամենավաղ ձեռագրերը վերաբերում են 1575 թվականին։ 19-րդ դարի վերջին Գալիցիայի ու Հունգարիայի միջև վեճ է ծագում լճի պատկանելության շուրջ։ Գրաց քաղաքի դատարանը հարցը վճռում է լեհական կողմի օգտին։ Այդ որոշումն ընդունվում է Օսվալդ-Մարիան Բալցերի շնորհիվ, ով ներկայացնում էր Գալիցիայի շահերը։

Մորսկե Օկոն 19-րդ դարի կեսին զբոսաշրջության համար կրկին բացահայտում է լեհ բժիշկ Տիտուս Հալիբինսկին։ Առաջին տնակն այս կողմերում կառուցվում է 1836 թվականին, ինչը, սակայն, այրվում է 1865 թվականին։ Երկրորդ տնակը կառուցվում է 1874 թվականին և այրվում 1898 թվականին։ 1902 թվականին Զակոպանեում ճանապարհ է բացվում, որը ստանում է «Օսվալդ Բալցերի ճանապարհ» անվանումը։ 1933 թվականից ինքնիշխանության ձեռքբերման հետ լիճը պատկանում է Լեհաստանին։

Մորսկե Օկոն ներշնչանքի աղբյուր է հանդիսացել արվեստի շատ գործիչների համար։ Նրանցից են նկարիչներ Վալերի Էլիաշ-Ռաձիկովսկին, Լեոն Յան Վիչուլկովսկին, բանաստեղծներ Վինցենտի Պոլը, Ադամ Ասնիկը, Կազիմեժ Պշերվա-Տետմայերը, Ֆրանցիշեկ Նովիցկին, Յան Կասպրովիչը, կոմպոզիտոր Զիգմունդ Նոսկովսկին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Grzegorz Barczyk, Ryszard Jakubowski (red.), Adam Piechowski, Grażyna Żurawska։ Bedeker tatrzański. Warszawa։ Wydawnictwo Naukowe PWN, 2000. ISBN 83-01-13184-5.
  • Józef Nyka։ Tatry polskie. Przewodnik. Wyd. XV. Latchorzew։ Trawers, 2007. ISBN 978-83-60078-04-4.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորսկե Օկո» հոդվածին։