Միշել Մերսյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Մերսյե
ֆր.՝ Michèle Mercier
Ծնվել էհունվարի 1, 1939(1939-01-01)[1][2][3][…] (85 տարեկան)
ԾննդավայրՆիս, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի, սցենարիստ և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Արվեստի և գրականության շքանշանի սպա Արվեստների և գրականության շքանշանի ասպետ և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
l3m.free.fr

Միշել Մերսյե (ֆր.՝ Michèle Mercier, իրական անունը՝ Ժոսլին Իվոն Ռենե Մերսյե, հունվարի 1, 1939(1939-01-01)[1][2][3][…], Նիս, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[4]), ֆրանսիացի դերասանուհի։ Ընդհանուր առմամբ նկարահանվել է 55 կինոնկարում և երեք հեռուստասերիալում։ Արժանացել է Արվեստների և գրականության շքանշանի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Մերսյեն ծնվել է ֆրանսիացու և իտալուհու ընտանիքում։ Մանկության տարիներին հրապուրվել է պարերով։ 1957 թվականին նա արդեն Նիսի օպերային թատրոնի բալետի պարուհի էր։ Մորիս Շևալյեն հանդիպելով երիտասարդ պարուհուն, նրան կանխագուշակել է մեծ հաջողություն։ 17 տարեկանում մեկնել է Փարիզ, չնայած, որ ծնողները դեմ էին և ցանկանում էին, որ իրենց դուստրը ժառանգեր ընտանիքին պատկանող դեղաբանական ընկերությունը։ Սկզբում նա պարում էր բալետմայստեր Ռոլան Պետիի խմբում, իսկ հետո «Էյֆելյան աշտարակի բալետ» պարային խմբում։ Փարիզում ծանոթացել է Չարլի Չապլինի հետ, ով նրան խորհուրդ է տվել սովորել անգլերեն լեզուն և փորձել նկարահանվել կինոյում։ Երբ պարային խումբը լուծարվեց, Մերսյեն ուղևորվեց Լոնդոն։ Այնտեղ սովորել է դերասանի վարպետություն, սակայն շուտով վերադարձել է հայրական տուն։

Միշել Մերսյեի կինոդեբյուտը կայացել է 1957 թվականին, երբ նկարահանվել է «Դռան բռնակի պտույտը» կինոնկարում։ Ֆիլմի ռեժիսորը նրան հանդիպել էր Նիսում։ Պրոդյուսերները հավանություն չէին տվել Ժոսլին անվանը և այն փոխվեց Միշելի։ Պաշտոնապես այդ անունը վերցվել էր ի պատիվ հայտնի դերասանուհի Միշել Մորգանի, սակայն հանգամանքների բերումով այնպես էր ստացվել, որ Միշել էր նաև նրա կրտսեր քրոջ անունը, ով մանուկ հասակում մահացել էր տիֆից։

Դեբյուտից հետո հաջորդեցին մի շարք ֆիլմեր՝ ռոմանտիկ կատակերգություններ, ամերիկյան սարսափ-ֆիլմեր, կատակերգություն Բոբ Հոուպի հետ և փոքրիկ դերեր Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա» (1960 թ.) և Անատոլ Լիտվակի «Արդյոք դուք սիրում եք Բրամսին» (1961 թ.) կինոնկարներում։ Քննադատները կարծիքներ են հայտնել դերասանուհու անբռնազբոսիկ շարժումների, կինոխցիկի առջև անկաշկանդ պահվածքի, վառ արտաքինի և գեղեցիկ կազմվածքի վերաբերյալ։ Թատրոնի բեմում նրա դեբյուտը կայացել է 1958 թվականին՝ «Ահա և թխահերը» ներկայացման մեջ, սակայն բեմական կարիերան այդպես էլ զարգացում չունեցավ։

Շուտով Միշել Մերսյեն մեկնեց աշխատելու Մեծ Բրիտանիա, իսկ հետո Իտալիա, որտեղ մեկ տասնյակից ավել իտալական ակնարկներում նկարահանվելով, նա դարձավ ամենահայտնի ֆրանսիական դերասանուհին Իտալիայում։ Այստեղ Միշել Մերսյեն խաղացել է ռոմանտիկ, արկածային, կատակերգական, դետեկտիվ և այլ ժանրերի կինոնկարներում։ Նրան արդեն ճանաչում էին բազմաթիվ երկրներում, սակայն հարազատ Ֆրանսիայում շատ քչերը գիտեին նրա մասին։

1963 թվականին ռեժիսոր Բեռնար Բորդերին առաջարկեց Միշել Մերսյեին, նկարահանվել Անն և Սերժ Գոլոն զույգի «Անժելիկա» վեպի մոտիվներով նկարահանվող պատմական ֆիլմի գլխավոր դերը։ Ֆիլմում նկարահանվելու առաջարկից հրաժարվել էին Բրիժիտ Բարդոն, Կատրին Դենյովը և Ջեյն Ֆոնդան։ Միշելն հաջողությամբ անցավ փորձերը և ստացավ XVII դարի պատմականորեն կեղծ կերպարի դերը, ով բոլոր հասանելի միջոցներով պայքարում էր իր կանացի երջանկության համար։ Ֆիլմում նրա խաղընկերը Ռոբեր Հոսեյնն էր։ 1964-1968 թվականներին Անժելիկայի մասին թողարկվեց ընդհանուր առմամբ հինգ ֆիլմ ` «Անժելիկան՝ հրեշտակների մարքիզուհին» (1964 թ.), «Հիասքանչ Անժելիկան» («Ցասկոտ Անժելիկան» 1965 թ.), «Անժելիկան և թագավորը» (1966 թ.), «Անսաստելի Անժելիկան» (1967 թ.) և «Անժելիկան և սուլթանը» (1968 թ.)։ Այս դերը դերասանուհուն համաշխարհային ճանաչում բերեց։

Անժելիկայից հետո դերասանուհին փորձում էր ազատվել այդ կերպարից, քանի որ 1960-ական թվականների վերջից, համաշխարհային հանդիսատեսի կողմից Միշել Մերսյեն ընկալվում էր առաջին հերթին որպես Անժելիկա։ Նա էկրանին հայտնվեց մարմնավաճառուհու դերում, հանդես գալով «Երկնային ամպրոպ» (1965 թ.) ֆիլմում ` Ժան Գաբենի հետ միասին, իսկ Քրիստիան-Ժակի «Երկրորդ ճշմարտություն» (1966 թ.) ֆիլմում նա հանդես է եկել մարդասպանի կերպարով։ Ամեն դեպքում Անժելիկայից հետո, նրա բոլոր դերերը մնում էին աննկատ։ ԱՄՆ-ում նկարահանված «Բոլորին չես հաղթի» (1970 թ.) կինոնկարը, որտեղ նրա խաղընկերներն էին Թոնի Քերթիսը և Չարլզ Բրոնսոնը, նույնպես հաջողություն չունեցավ։

Տարիներ անց Միշել Մերսյեն իր աստղային դերի մասին արտահայտվել է հետևյալ կերպ. «Մի կողմից նա ինձ բերեց անհավանական հռչակ, իսկ մյուս կողմից ռեժիսորները բացի Անժելիկայից, իմ մեջ չէին տեսնում ուրիշ որևէ մեկին։ Այնպես որ, Անժելիկան ինձ համար և ճակատագիր է, և հաղթանակ, և անեծք»։ «Մարդիկ իմ մասին խոսում են, ինչպես Անժելիկայի մասին, չնայած, որ ես խաղացել եմ մի քանի տասնյակ այլ կանանց տարբեր դերեր։ Ես երկար տարիներ է, ինչ փորձում էի մոռանալ նրա մասին, սակայն այժմ թվում է, որ նա իմ փոքրիկ քույրն է, ով միշտ պատրաստ է օգնել ինձ։ Ես սովորել եմ ապրել նրա հետ միասին»։

Միշել Մերսյեն նկարահանվել է նաև «Հրեշտակը երկրի վրա» (1959 թ.), «Վախի երեք դեմքերը» (1963 թ.), «Ավագ Ֆերշոն» (1963 թ.), «Սև արև» (1966 թ.), «Աշխարհի հնագույն մասնագիտությունը» (1967 թ.), «Պարան և կոլտ» («Գերեզմանոց առանց խաչերի» 1968 թ.), «Լեդի Համիլթոնի սիրեկանները» (1968 թ.), «Ոսկե այրին» (1969 թ.) և այլ ֆիլմերում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Մերսյեի հավաստմամբ, անձնական երջանկություն նա երբեք չի ունեցել, չնայած որ ամուսնացած է եղել չորս անգամ ` երկու անգամ պաշտոնապես և երկու անգամ` փաստացի։ 1961 թվականին ամուսնացել է ռեժիսորի օգնական Անդրե Սմագիի հետ։ Վերջինս հարբեցող էր և ամուսնալուծվել են 1965 թվականին։ 1970 թվականին ամուսնացել է մրցարշավորդ Կլոդ Բուրիլոյի հետ, սակայն վերջինս մի օր անհետացավ, տանելով իր հետ դերասանուհու թանկարժեք զարդերն ու գումարները։ Նրանք բաժանվեցին 1976 թվականին։

1984 թվականին, Միշել Մերսյեն հեռացավ կինոյից, որպեսզի ամբողջովին տրվի անձնական կյանքին։ Կրկին կինոնկարահանման հրապարակ վերադարձավ 14 տարի անց։ 1999 թվականին, ֆինանսական դժվարությունների պատճառով, նա վաճառքի հանեց իր անձնական իրերը և Անժելիկայի հագուստները, որոնք ժամանակին գնել էր կինոստուդիայից։ Նա սիրավեպ է ունեցել նաև իտալական արքայազնի հետ, սակայն երեք տարի անց նրանք բաժանվել են։ Միշել Մերսյեն երեխաներ չի ունեցել։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1957 Դռան բռնակի պտույտը Retour de manivelle Ժաննա
1957 Տուր ինձ հնարավորություն Donnez-moi ma chance Նիկոլ Նոբլե
1959 Լուկրեցիա Բորջիայի գիշերները Le notti di Lucrezia Borgia Դիանա դ'Ալվա
1959 Հրեշտակը երկրի վրա Ein Engel auf Erden Ավգուստա դե Մյունխենբերգ
1960 Սատանայական պար Le Saint mène la danse Դանի
1960 Ահա և թխահերը La brune que voilà Սոֆի
1960 Կրակեք դաշնակահարի վրա Tirez sur le pianiste Կլարիսա
1960 Նշանառության գիծ La ligne de mire Էլեն
1961 Արդյոք դուք սիրու՞մ եք Բրամսին Goodbye Again Մեյսի 3
1961 Մոլեգնություն Մաքսանենգների ծովածոցում Fury at Smugglers' Bay Լուիզա Լեժեն
1961 Ալադինի արկածները Le meraviglie di Aladino արքայադուստր Զայնա
1962 Ծովային վրիժառուները Il giustiziere dei mari Ջենիֆեր
1962 Մռնչացող տարիներ Gli anni ruggenti Էլվիրա
1962 Սատանայական կղզու գերուհին Le prigioniere dell'isola del diavolo Մարտինա Ֆոշե
1963 Սիմֆոնիա սպանդի համար Symphonie pour un massacre Մադլեն Կլավե
1963 Վախի երեք դեմքերը I tre volti della paura Ռոզի
1963 Ավագ Ֆերշոն L'aîné des Ferchaux Լու
1963 Տիկնիկը La pupa Տիկնիկ
1963 Հրեշը I mostri Մարի
1964 Բարձրագույն անհավատարմություն Alta infedeltà Կլարա
1964 Հինգշաբթի Il giovedì Էլզա
1964 Մեծ գործ A Global Affair Լիզետա
1964 Ամառային անմտություն Frenesia dell'estate Ժիժի
1964 Սեր` չորս սեզոնների համար Amore in 4 dimensioni Լուիզա
1964 Վիա Վենետո Via Veneto -
1964 Անժելիկան՝ հրեշտակների մարքիզուհին Angélique, marquise des anges Անժելիկա Սանսե դե Մոնտելու
1965 Հիասքանչ Անժելիկան Merveilleuse Angélique Անժելիկա
1965 Կազանովա 70 Casanova '70 Նոել
1965 Երկնային ամպրոպ Le tonnerre de Dieu Սիմոնա Լեբոշե
1966 Անժելիկան և թագավորը Angélique et le roy Անժելիկա
1966 Երկրորդ ճշմարտություն La seconde vérité Նատալի Նեվիլ
1966 Մեր ամուսինները I nostri mariti Օլգա
1966 Ինչպես ես սովորեցի սիրել կանանց Come imparai ad amare le donne Ֆրանցիսկա
1966 Սև արև Soleil noir Քրիստինա Ռոդյե
1967 Աշխարհի հնագույն մասնագիտությունը Le plus vieux métier du monde Բրիտ
1967 Անսաստելի Անժելիկան Indomptable Angélique Անժելիկա
1968 Անժելիկան և սուլթանը Angélique et le sultan Անժելիկա
1968 Լեդի Համիլթոնի սիրեկանները. Ճանապարհ դեպի բարձրաշխարհիկ կյանք Le calde notti di Lady Hamilton Էմմա Համիլթոն
1968 Պարան և կոլտ (Գերեզմանոց առանց խաչերի) Une corde, un Colt Մարիա Կեյն
1969 Ոսկե այրին Une veuve en or Դելֆինա
1970 Բոլորին չես հաղթի You Can't Win 'Em All Այլա
1971 Սարդի գրկում (Կարմիր մահվան դիմակը) Nella stretta morsa del ragno Էլիզաբեթ Բլեկվուդ
1971 Կամա-ակամա Per amore o per forza Արաբելլա
1971 Սկանդալ Հռոմում Roma bene Վիլմա Ռապի
1971 Մակեդոնական գործողություն (Խառնախորտիկ) Macédoine Կատերինա
1972 Նախնիների կանչը The Call of the Wild Կալիոպա Լորեն
1977 Աշխարհի կանայք Les femmes du monde Դանիելա Ռավեն
1979 Երկաթե ձեռքով Գյոց ֆոն Բեռլիխինգենը Götz von Berlichingen mit der eisernen Hand Ադելաիդա, կոմսուհի վան Վոլդորֆ
1980 Հաղթական կամար Arch of Triumph -
1984 Ջին տոնիկ Jeans Tonic Միշել Դաբրե
1998 Կողմնորոշիչ La rumbera Ռաքելը ծեր տարիքում
2003 Գեղեցկության սրահը Il bello delle donne Նաոմի
2004 Կարմիր կապելլա Красная капелла Էլենը ծեր տարիքում
2004 Կոստյա Գումանկովի փարիզյան սերը Парижская любовь Кости Гуманкова ֆրանսուհի
2005 Վեներան և Ապոլոնը Vénus & Apollon Նիկոլ Դոմոնտ
2011 Նրանք, ովքեր սիրում էին Ռիխարդ Վագներին Celles qui aimaient Richard Wagner Բրիջիտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119073560 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Մերսյե» հոդվածին։