Մարիինյան գիմնազիա (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիինյան գիմնազիա
Տեսակդպրոց
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1861
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Մարիինյան գիմնազիա (ռուս.՝ Мариинская гимназия), Ռուսաստանի հարավի ամենահին ուսումնական հաստատությունն է, որը հիմնադրվել է 1861 թվականին, Տագանրոգում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1861 թվականի օգոստոսի 30-ին Տագանրոգում բացվել է կանանց առաջին ուսումնարանը[1]։ 1862 թվականին այնտեղ արդեն սովորել են 74 աշակերտուհիներ։ 1864 ուսումնական տարում ուսումնարանը վերափոխվել է Մարիինյան գիմնազիայի, որը գտնվում էր կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի գերատեսչության ներքո[1]։ Գիմնազիա կարող էին ընդունվել 8 տարեկանից բարձր ցանկացած դասի աղջիկներ, անկախ դավանանքից և քաղաքացիությունից, ովքեր կարող էին գրել և կարդալ ռուսերեն[2]։

Գիմնազիայում ուսուցանվող առարկաները դասակարգվում էին պարտադիրի` Աստծո օրենք, ռուսաց լեզու, քերականություն և բանահյուսություն, թվաբանություն, աշխարհագրություն, բնական պատմության և ֆիզիկայի նախնական հիմունքներ, վայելչագրություն, ձեռագործություն և ոչ պարտադիրի՝ ֆրանսերեն և հունարեն, նկարչություն, պար, երգեցողություն[2]։ Պարտադիր առարկաների գծով ուսման վարձը բարձր դասարաններում սահմանված էր տարեկան 30 ռուբլի, իսկ կրտսեր դասարաններում` 15 ռուբլի։ Ոչ պարտադիր առարկաների գծով ուսման վարձը բոլոր դասարաններում սահմանված էր տարեկան 15 ռուբլի[2]։ Ծնողները, ովքեր ի վիճակի չէին վճարել ուսման վարձը, հոգաբարձուների խորհրդին պետք է ներկայացնեին ընտանիքի աղքատության վերաբերյալ վկայական՝ տրված աշխատանքի վայրի ղեկավարության կողմից, այնուհետև նրանց խնդրանքով ազատվում էին ուսման վարձից[2]։

Գիմնազիայում կային երկու նախապատրաստական դասարաններ (ավագ և կրտսեր)[2]։ 7-րդ դասարանն ավարտելուց հետո, գիմնազիայի աշակերտուհիների մի մասը կարող էր իր ուսումը շարունակել 8-րդ դասարանում։ Դրա համար 8-րդ դասարանի աշակերտուհիները կարող էին ընտրել մաթեմատիկական կամ հումանիտար թեքումով դասարաններ[2]։ Ծնողներն իրավունք ունեին հետևելու իրենց երեխաների առաջադիմությանը և վարքին, այդ նպատակով յուրաքանչյուր աշակերտուհու ամիսը մեկ անգամ տրվում էր տեղեկագիր որում նշվում էին ուսման և վարքի բոլոր գնահատականները։ Դասերի ընթացքում և դասերից դուրս աշակերտուհիների վարքին հետևում էին գիմնազիայի տնօրենի կողմից նշանակված դաստիարակչուհիները։ Նրանք զբաղվում էին նաև աշակերտուհիների ընթերցանության կազմակերպմամբ և դասատուների բացակայության ընթացքում դասերը կրկնելով[2]։ Ուսման գործընթացի, ինչպես նաև գիմնազիական կյանքի վրա ընդհանուր առմամբ մեծ ազդեցություն ուներ հոգաբարձուների խորհուրդը, որը բաղկացած էր քաղաքի հարգված քաղաքացիներից[2]։

Սկզբում գիմնազիան տեղակայված էր վարձակալված տան մեջ, բայց հետագայում պարզվեց, որ այն փոքր է և հարց առաջացավ սեփական գիմնազիայի շենքի շինարարության վերաբերյալ։ Կրթական հաստատության հոգաբարձուների խորհուրդը Պ. Ֆ. Պերուշկինի գլխավորությամբ, նախաձեռնեց գիմնազիայի շինարարությունը և շուտով հաստատվեց քաղաքային ճարտարապետի կողմից կազմված 50 հազար ռուբլի արժեքով նախահաշիվը։ Նոր շենքը օծվեց 1875 թվականի ուսումնական տարվա նախօրյակին։ Պ. Ֆ. Պերուշկինի նվիրաբերած գումարներով, դասասենյակների համար ձեռք բերվեց կահույք և ուսումնական ձեռնարկներ[1]։ Պերուշկինի կողմից 1870 թվականի վերջին կատարված նվիրատվությունների հաշվին, Մարիինյան կանանց գիմնազիային կից կառուցվեց Մարիա Մագդալենայի անվան տնային եկեղեցի[[3]:

1896 թվականի սեպտեմբերի 1-ին երկաթուղային բանվորների և ծառայողների նախաձեռնությամբ, որոնց ղեկավարում էր ուղեմասի պետ Ե. Ի. Տրիկը, բացվեց քառամյա ուսուցմամբ ուսումնարան[4]։

1918 թվականին Մարիինյան կանանց գիմնազիայի շենքը հանձնվեց քառամյա ուսուցմամբ երկաթուղային ուսումնարանին, որը հետագայում ստացավ նոր անվանում, աշխատանքային № 6 յոթնամյա դպրոց։ 1935 թվականին դպրոցը վերափոխվում է տասնամյա ուսուցմամբ միջնակարգ ուսումնական հաստատության։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նախկին գիմնազիայի ընդարձակ շենքում հոսպիտալ բացվեց։

1945-1952 թվականներին դպրոցում սովորում էին միայն աղջիկներ, իսկ այն տեղակայված էր այդ պահին գոյություն չունեցող կանանց քառամյա ուսումնարանում։ 1954 թվականին երկաթուղային դպրոցը նորից վերադարձավ իր շենքը, բայց արդեն № 15-ի տակ։

Գիմնազիայի շենքը պահպանվել է մինչ օրս։ Դա իրենից ներկայացնում է 1870-1890 թվականների ռուսական ճարտարապետության «աղյուսային ոճի» բնորոշ օրինակ։ Հատակագծման համաչափությունը ընդգծվում է ուղղանկյուն վերնաճակատներով, «հստակ ռիթմով իրար հաջորդող կիսաշրջանաձև և ուղղանկյուն պատուհաններով, կենտրոնական մասում գտնվող գլխավոր մուտքով, որի վերևում տեղակայված է ընդարձակ հանդիսադահլիճը»[1]։

Ժամանակակից Մարիանյան գիմնազիան 1990-ական թվականների սկզբին № 15 երկաթուղային դպրոց-գիմնազիայից վերափոխվեց Տագանրոգ կայարանի[4]։ Այն սկիզբ է առնում Ռուսաստանի հարավում գտնվող երկու հնագույն ուսումնական հաստատություններից, Մարիինյան կանանց գիմնազիայից և երկաթուղային ուսումնարանից։ Այժմ այն գտնվում է Կոմսոմոլսկայա նրբանցքի և Չեխովի փողոցի անկյունում։

Գիմնազիայի ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Мариинская гимназия». mariinskaya.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Мариинская гимназия Таганрог история учебных заведений Ростовской области». www.donvrem.dspl.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  3. Таганрог. Домовая церковь Марии Магдалины при Мариинской женской гимназии.
  4. 4,0 4,1 Левашова М. Н. Мариинская гимназия // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 475. — ISBN 978-5-88040-064-5.
  5. 5,0 5,1 Шмульян Г. Т. Заслуженные учителя России // Вехи Таганрога. - 2010. - № 45. - С. 27-31.