Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեոնոր Ռուզվելտը ներկայացնում է Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված հիմնարար փաստաթուղթ, որը 48 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ ընդունվել է Գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի ընթացքում՝ (բանաձևի դասիչը՝ 217 A (III)) 1948 թ. դեկտեմբերի 10-ին Փարիզի Շայո պալատում։ Հռչակագիրը բաղկացած է 30 հոդվածներից, և մարդու բնական, անօտարելի իրավունքների առաջին ընդհանրական ամրագրումն է։ Հռչակագիրը և դրա հիման վրա մշակված երկու դաշնագրերը՝ Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը կազմում են «Մարդու իրավունքների միջազգային բիլլը» ։ Հռչակագիրը թարգմանվել է հարյուրավոր լեզուներով։


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու իրավունքների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում մարդիկ իրավունքներ ունեին միայն այն պատճառով, որ ինչ-որ խմբի, օրինակ՝ ընտանիքի, ցեղի, տոհմի մի մասն էին։ Հետո՝ մ.թ.ա. 539 թ., Կյուրոս Մեծը, գրավելով Բաբելոնը, կատարեց մի աննախաեպ քայլ՝ նա ազատեց բոլոր ստրուկներին։ Ավելին, նա հայտարարեց, որ մարդիկ իրենք պետք է ընտրեն իրենց կրոնը։ Կյուրոսի գլանը (կավե աղյուսը, որտեղ գրվում էին նրա հայտարարությունները) համարվում է պատմության մեջ մարդու իրավունքների առաջին հռչակագիրը։ Մարդու իրավունքների գաղափարը արագ տարածվեց Հնդկաստանում, Հունաստանում և, ի վերջո, Հռոմում։ Ահա կարևորագույն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակից ի վեր. 1215 թ.՝ Ազատությունների մեծ խարտիա – մարդկանց շնորհեց նոր իրավունքներ և թագավորին ստիպեց ենթարկվել օրենքին։ 1628 թ.՝ Իրավունքի մասին խնդրագիրը – ամրապնդեց մարդկանց իրավունքներն ու ազատությունները։ 1776 թ.՝ Ամերիկայի միացյալ նահանգների անկախության հռչակագիրը – հռչակեց «կյանքի, ազատության և երջանկության ձգտելու» հիմնարար իրավունքները։ 1789 թ.՝ Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը Ֆրանսիայում հայտարարեց, որ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև։ 1948 թ.՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը – առաջին փաստաթուղթը, որը պարունակում է աշխարհի բոլոր մարդկանց վերաբերող իրավունքներ։

Գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուզվելտի Չորս ազատությունները՝ խոսքի ազատություն, խղճի ազատություն, ազատություն կարիքից, ազատություն վախից

Լուսավորության դարաշրջանում սկսեցին հայտնվել գաղափարներ բնական իրավունքների մասին։ Այդ գաղափաների հիման վրա ստեղծվեցին և ընդունվեցին Իրավունքների մասին բիլլը Մեծ Բրիտանիայում, Իրավունքների մասին բիլլը ԱՄՆ-ում և Մարդու և քաղաքացու իրավուների մասին հռչակագիրը Ֆրանսիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ակնհայտորեն ցուցադրեց մարդու իրավունքների մասին համընդհանուր պայմանագրի անհրաժեշտությունը։ 1941 թ. Ֆրանկլին Ռուզվելտը իր «Երկրի իրավիճակի մասին» ելույթում կոչ արեց պահպանել չորս անհրաժեշտ ազատությունները՝ խոսքի ազատությունը, խղճի ազատությունը, ազատությունը կարիքից և ազատությունը վախից։ Սա նոր խթան դարձավ մարդու իրավունքների՝ որպես խաղաղության և պատերազմի ավարտի տեսլականի ձևավորման համար։ Երբ հասարակությանը հայտնի դարձան վայրագությունները, որոնք իրականացնում էր Նացիստական Գերմանիան, պարզ դարձավ, որ ՄԱԿ-ի Կանոնադրությունը բավարար հստակ չի սահմանում մարդու իրավունքները։ Անհրաժեշտ էր համընդհանուր պայմանագիր, որը կհռչակեր և կձևակերպեր անհատի իրավունքները։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամները քննարկում են մարդու իրավունքների մասին դաշնագիրը

1946 թ. միջազգային իրավունքի ոլորտում կանադացի մասնագետ Ջոն Համփրին հրավիրվեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից մարդու իրավունքների վարչության՝ Հռչակագրի առաջատար բաղադրիչի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար։ Նրա պարտականությունների մեջ էր մտնում համագործակցությունը Մարդու իրավունքների հանձնաժողովի հետ՝ ներկայացված աշխարհի տիպիկ պետությունների ամբողջ շրջանակի կողմից (Ավստրալիա, Բելգիա, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Միացյալ Թագավորություն, Չինաստան, Կուբա, Եգիպտոս, Հնդկաստան, Իրան, Լիբիա, Պանամա, ԽՍՀՄ, ԱՄՆ, Ուրուգվայ, Ֆիլիպիններ, Ֆրանսիա, Չիլի, Հարավսլավիա), որը շուտով սկսեց փաստաթղթի նախապատրաստական աշխատանքները, ինչն ի սկզբանե ենթադրվում էր անվանել Իրավունքների միջազգային օրինագիծ։

Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռչակագրի համար քվեարկությունը իրականացվում էր հոդված առ հոդված։ Հռչակագրի նախագծի 23-31 հոդվածները ընդունվեցին միաձայն։ Քննարկման արդյունքների համաձայն՝ հռչակագրի նախագծի 3-րդ հոդվածը համակցվեց 2-րդ հոդվածին։ Քննարկումների և հոդված առ հոդված քվեարկության ընթացքում բացահայտվեց արևմտյան պետությունների և խորհրդային բլոկի երկրների դիմադրությունը։ ՄԱԿ-ի խորհրդային պատվիրակության ղեկավար Անդրեյ Յանուարյեվիչ Վիշինսկին հռչակագրի մասին արտահայտվում էր հետևյալ կերպ. Չնայած որոշ առավելությունների՝ այս ծրագիրն ունի մի շարք խոշոր թերություններ, որոնց շարքում գլխավորը դրա ձևական-իրավական բնույթն է և ցանկացած միջոցառումների բացակայությունը նախագծում, որոնք կարող էին նպաստել այս ծրագրում հռչակված հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների իրականացմանը։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը վերջնական տարբերակով հաստատվեց 48 երկրների կողմից Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 183-րդ լիգայում, որը տեղի ունեցավ Շայլոթ պալատում (Փարիզ) 1948 թ. դեկտեմբերի 10-ին։ Բելառուսիայի ԽՍՀ-ն, Ուկրաինայի ԽՍՀ-ն, ՍՍՀՄ-ը, Չեխոսլովակիան, Լեհաստանը, Հարավսլավիան, ՀԱՄ-ն և Սաուդյան Արաբիան քվեարկության ժամանակ ձեռնպահ մնացին։ Հետևյալ երկրները քվեարկեցին Հռչակագրի օգտին՝ Աֆղանստան, Արգենտինա, Ավստրալիա, Բելգիա, Բոլիվիա, Բրազիլիա, Բուրմա, Կանադա, Չիլի, Չինաստան, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Կուբա, Դանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Էկվադոր, Եգիպտոս, Էլ Սալվադոր, Եթովպիա, Ֆրանսիա, Հունաստան, Գվատեմալա, Հայիթի, Իսլանդիա, Հնդկաստան, Իրան, Իրաք, Լիբանան, Լիբերիա, Լյուքսեմբուրգ, Մեքսիկա, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա, Նիկարագուա, Նորվեգիա, Պակիստան, Պանամա, Պարագվայ, Պերու, Ֆիլիպիններ, Թայլանդ, Շվեդիա, Սիրիա, Թուրքիա, Միացյալ Թագավորություններ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ուրուգվայ, Վենեսուելա։ Չնայած այն հանգամանքին, որ կանադացի Ջոն Համֆրին կենտրոնական դեր խաղաց այս գործընթացում՝ Կանադայի կառավարությունը սկզբում ձեռնպահ մնաց Հռչակագրի նախագծի օգտին քվեարկելուց, սակայն ավելի ուշ քվեարկեց նախագծի օգտին Գլխավոր ասամբլեայում։

Կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռչակագիրն ունի խորհրդատվական կարգավիճակ, բայց դրա հիմքում ընկած են մասնակիցների համար պարտադիր երկու պայմանագիր՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային համաձայնագիրը և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը։ Հռչակագրի առանձին դրույթներ, ինչպես օրինակ խոշտանգումների և ստրկության արգելքը, որպես իմպերատիվ նորմա՝ պարտադիր են։ Առանձին երկրներում Հռչակագիրը ճանաչվում է մասամբ։ Այս փաստաթուղթը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով (2009 թ. ավելի քան 350) և համարվում է ամենաշատ թարգմանվող փաստաթուղթը աշխարհում։ Էլեոնորա Ռուզվելտը Հռչակագիրն անվանել է «Ազատությունների մեծ կանոնադրություն» ողջ մարդկության համար (այդ իսկ պատճառով Հռչակագիրը երբեմն անվանում են Մարդու իրավունքների կանոնադրություն)։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համընդհանուր Հռչակագրի հիմքում ընկած կառուցվածքը ներկայացվեց իր երկրորդ նախագծում, որը պատրաստվել էր Ռենե Կասսինի կողմից։ Կասսինն աշխատել է առաջին նախագծից սկսած, որը պատրաստվել էր Ջոն Պետերս Համֆրիի կողմից։ Կառուցվածքի վրա իր ազդեցությունն է թողել Նապոլեոնի Օրենսգիրքը, այդ թվում՝ նախաբանը և ներածական ընդհանուր սկզբունքները։ Կասսինը համեմատում էր Հռչակագիրը հունական տաճարի սյունազարդ նախասրահի հետ, որն ունի հիմք, աստիճաններ, չորս սյուներ և վերնաճակատ։ 1-ին և 2-րդ հոդվածները հիմնարար բլոկերն են, իրենց արժանապատվության, ազատությանմ, հավասարության և եղբայրության մասին սկզբունքներով։ Նախաբանի յոթ կետերը, որոնցում շարադրվում են Հռչակագրի պատճառները, իրենցից ներկայացնում են աստիճանները։ Հռչակագրի հիմնական կառուցվածքը ձևավորում է չորս սյուները։ Առաջին սյունը (3-11 հոդվածները) կազմում են անձի իրավունքները, ինչպիսիք են կյանքի իրավունքը և ստրկության արգելումը։ Երկրորդ սյունը (12-17 հոդվածները) կազմում են անհատի իրավունքները քաղաքական ու քաղաքացիական հասարակության մեջ։ Երրորդ սյունը (18-21 հոդվածները) վերաբերում է հոգևոր, հասարակական և քաղաքական ազատություններին, ինչպիսիք են կրոնի ազատությունը և միություններ կազմելու իրավունքը։ Չորրորդ սյունը (22-27 հոդվածները) սահմանում է սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքները։ Կասսինի մոդելում Հռչակագրի վերջին երեք սյուները ապահովում են վերնաճակատը, որը կապակցում է ամբողջ կառուցվածքը։ Այս հոդվածները վերաբերում են անհատի պարտականություններին հասարակության նկատմամբ և ՄԱԿ-ի նպատակներին հակասող իրավունքների կիրառման արգելմանը։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը բաղկացած է նախաբանից և 30 հոդվածներից, որտեղ ամրագրված են առանց որևէ տարբերակման բոլոր տղամարդկանց և կանանց պատկանող մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ Համընդհանուր հռչակագիրը ճանաչում է, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամների անկապտելի արժանապատվության ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը։ Այն ճանաչում է յուրաքանչյուր մարդ արարածի անկապտելի իրավունքները, ներառյալ կյանքի, ազատության և սեփական անձի անձեռնմխելիության իրավունքը, հետապնդումից այլ երկրներում ապաստան փնտրելու և այդ ապաստանից օգտվելու իրավունքը, համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունքը, կրթության իրավունքը, մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը, խոշտանգումից և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը։ Այս անկապտելի իրավունքներից պետք է օգտվեն աշխարհի բոլոր տղամարդիկ, կանայք, երեխաները, ինչպես նաև հասարակության բոլոր խմբերը։

Նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Համընդհանուր հռչակագիրը սկսվում է նախաբանով՝ բաղկացած յոթ կետերից։ Նախաբանի յուրաքանչյուր կետ սահմանում է Հռչակագրկի ընդունման պատճառները։ Առաջին կետը հավաստում է, որ մարդկանց արժանապատվության ճանաչումը աշխարհի ազատության, արդարության և խաղաղության հիմքն է։ Երկրորդ կետը դիտարկում է, որ մարդու իրավունքների նկատմամբ քամահրանքն ու արհամարհանքը հանգեցրել են մարդկության խիղճը վրդովող բարբարոսական գործողությունների, և մարդկության վեհ նպատակն է հռչակված այնպիսի աշխարհի ստեղծումը, ուր մարդիկ կվայելեն խոսքի ու համոզմունքների ազատություն և զերծ կլինեն վախից ու կարիքից։ Երրորդ կետը նշում է, որ քանզի մարդիկ հարկադրված չեն ընդվզել բռնակալության ու ճնշման դեմ, մարդու իրավունքները պետք է պաշտպանվեն օրենքի իշխանությամբ։ Չորրորդ կետը մարդու իրավունքները կապում է ազգերի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման հետ։ Հինգերորդ կետը Հռչակագիրը կապում է ՄԱԿ-ի Կանոնադրության հետ, որը վերահաստատում է հավատը մարդու հիմնական իրավունքների, մարդ անհատի արժանապատվության ու արժեքի նկատմամբ։ Վեցերորդ կետը նշում է, որ ՄԱԿ-ի բոլոր անդամները պարտավոր են, Միավորված ազգերի հետ համագործակցելով, հասնել մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքի ու դրաց պահպանման։ Յոթերորդ կետը դիտարկում է, որ իրավունքների ու ազատությունների համընդհանուև ըմբռնումը վիթխարի նշանակություն ունի վերոնշյալ պարտավորության իրականացման համար։[3] Այս կետերը հաջորդում են «հայտարարությանը» Հռչակագրի մասին որպես «առաջադրանք բոլոր ժողովուրդներին ու ազգերին, որպեսզի յուրաքանչյուր անհատ և հասարակության յուրաքանչյուր մարմին» պետք է կրթության ու ուսուցման միջոցով նպաստի այս իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգալից վերաբերմունք և ազգային ու միջազգային առաջադիմական միջոցառումներով ապահովի դրանց համընդհանուր արդյունավետ ճանաչումն ու պահպանումը։[3]

Նշանակությունը և իրավական ուժը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գինեսի ռեկորդների գիրքը ՄԻՀՀ-ն համարում է «Ամենաշատ թարգմանված փաստաթուղթը» աշխարհում։ Նախաբանում կառավարությունները իրենց և իրենց ժողովուրդների վրա մեծ պատասխանատվություն են դնում, ինչն ապահովում է Հռչակագրում նշվող մարդու իրավունքների համընդհանուր և արդյունավետ ճանաչումն ու պահպանումը։ Էլեոնոր Ռուզվելտը աջակցեց ՄԻՀՀ-ի որպես հռչակագրի, այլ ոչ թե որպես պայմանագրի ընդունումը, քանի որ նա կարծում էր, թե այն նույն ազդեցությունը կգործի համաշխարհային հասարակության վրա, ինչպես Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը Միացյալ Նահանգների սահմաններում։ Այս հարցում նա չէր սխալվում։ Չնայած այն օրենքով չէր պարտադրվում՝ Հռչակագիրը ընդունվեց կամ ազդեցություն ունեցավ մեծ թվով ազգային սահմանադրությունների վրա սկսած 1948 թ.-ից։ Այն նաև ծառայում էր մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված աճող թվով ազգային, միջազգային օրենքների և պայմանագրերի, ինչպես նաև ռեգիոնալ, ազգային և ենթաազգային ինստիտուտների հիմքը։

Իրավական ուժը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնին պայմանագիր չհանդիսանալով՝ Հռչակագիը հստակորեն ընդունվեց «հիմնարար ազատություններ» և «մարդու իրավունքներ» հասկացությունների իմաստի սահմանման նպատակով, որոց հանդիպում ենք ՄԱԿ-ի Կանոնադրությունում, ինչը պարտադիր է բոլոր անդամ պետությունների համար։ Այս պատճառով Համընդհանուր հռչակագիրը Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար բաղադրիչ փաստաթուղթն է։ Բազմաթիվ միջազգային իրավաբաններ, ի լրումն, կարծում են, որ Հռչակագիրը ձևավորում է միջազգային իրավունքի մի մասը և հզոր գործիք է դիվանագիտական ու բարոյական ճնշման կիրառման մեջ՝ ուղղված այն կառավարությունների դեմ, որոնք ոտնահարում են նրա ցանկացած հոդվածը։ 1968 թ. ՄԱԿ-ի Միջազգային կոնֆերանսը Մարդու իրավունքների մասին տեղեկացրեց, որ այն «հանդիսանում է պարտավորություն միջազգային հանրության անդամների համար» ուղղված բոլոր անհատներին։ Հռչակագիրը որպես հիմք է ծառայել մարդու իրավունքների մասին ՄԱԿ-ի երկու պարտավորեցնող համաձայնագրերի համար՝ Միջազգային դաշնագիր քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին և Միջազգային դաշնագիր տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին, և Հռչակագրի սկզբունքները մանրամասն մշակվել են միջազգային պայմանագրերում, ինչպես օրինակ՝ Միջազգային կոնվենցիան ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին, Միջազգային կոնվենցիան կանանց նկատմամբ խտրականության վերացման մասին, ՄԱԿ-ի կոնվենցիան երեխաների իրավունքների մասին, ՄԱԿ-ի կոնվենցիան խոշտանգումների դեմ և շատ այլ համաձայնագրեր։ Հռչակագիրը շարունակում է լայնորեն վկայակոչվել կառավարություների, գիտնականների, փաստաբանների և սահմանադրական դատարանների ու անհատների կողմից, ովքեր դիմում են նրա սկզբունքներին իրենց կողմից ճանաչված մարդու իրավունքների պաշտպանության համար։

Արձագանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գովեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համընդհանուր հռչակագիրը գովասանքի է արժանացել մի շարք նշանավոր մարդկանց կողմից։ Չարլզ Մալիկը՝ լիբանանցի փիլիսոփա և դիվանագետ, այն անվանում էր «առաջին կարգի կարևորության միջազգային փաստաթուղթ», մինչդեռ Էլեոնորա Ռուզվելտը՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի (ՄԻՀ) առաջին նախագահը, որը մշակել էր Հռչակագիրը, հայտարարում էր, որ այն «ամենուր կարող է դառնալ միջազգային ազատությունների մեծ խարտիա բոլոր մարդկանց համար։» 10 դեկտեմբերի 1948 թ.: 1995 թ. հոկտեմբերի 5-ի ելույթում Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը ՄԻՀՀ-ն անվանեց «մեր ժամանակների մարդկային խղճի բարձրագույն դրսևորումներից մեկը»։ Եվ 2003 թ. դեկտեմբերի 10-ի հայտարարությունում Եվրոպական միության անունից Մարսելո Սպատաֆորան ասաց, որ «այն մարդու իրավունքները դրեց սկզբունքների և պարտավորությունների շրջանակի կենտրոնում՝ ձևավորելով փոխհարաբերությունները միջազգային հասարակության ներսում»։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամամետների քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական երկրները, ինչպիսիք են Սուդանը, Պակիստանը, Իրանը և Սաուդյան Արաբիան քննադատել են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը դրա ակընկալվող ձախողման համար՝ հաշվի առնելով իսլամական երկրների մշակութային և կրոնական համատեքստը, քանի որ նրանք պնդում էին, որ իրենց կառավարությունները հիմնված են Շարիաթի վրա։ 1982 թ. ՄԱԿ-ի Իրանի ներկայացուցիչը՝ Սաիդ Ռաջայ-Խորասսանին, ասաց, որ ՄԻՀՀ-ն «հրեա-քրիստոնեական ավանդույթների աշխարհիկ փոխըմբռնումն է», ինչը չի կարող իրականացվել մուսուլմանների կողմից՝ առանց խախտելու իսլամական օրենքը։ 2000 թ. հունիսի 30-ին իսլամադավան ազգերը, որոնք Իսլամական խորհրդակցության կազմակերպության անդամներ են (այժմ՝ Իսլամական համագործակցության կազմակերպություն) պաշտոնապես որոշեցին պաշտպանել Կահիրեի հռչակագիրը մարդու իրավունքների մասին իսլամում՝ այլընտրանքային փաստաթուղթ, որն ասում է, որ մարդիկ ունեն «արժանապատիվ կյանքի ազատություն և իրավունք՝ համաձայն իսլամական Շարիաթի», առանց որևէ խտրականության՝ կապված «ռասայի, մաշկի գույնի, լեզվի, սեռի, կրոնական հավատի, քաղաքական պատկանելության, սոցիալական կարգավիճակի կամ այլ նկատառումների» հետ։ Այնուամենայնիվ, Կահիրեյի հռչակագիրը քննադատվել է՝ ձախողելով կրոնական ազատության ամբողջական ճանաչումը որպես «հիմնարար և աննահանջ իրավունք»։

Ազատատենչների քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատականները և որոշ պահպանողականներ կարծում են, որ որոշակի իրավունքներ, որոնք պետք է ապահովվեն ուրիշների կողմից ուժային ներգործության միջոցով (օրինակ՝ հարկման), բացասում են այլ մարդկանց անօտարելի իրավունքները։ Ինչ վերաբերում է հռչակագրի 25-րդ հոդվածին անվճար բժշկական օգնության իրավունքի մասին, Էնդրյու Բիսելը (օբյեկտիվիզմի կողմնակից) պնդում էր, որ «Առողջապահությունը պարզապես ծառերի վրա չի աճում։ Եթե դա ստեղծված է, որպեսզի լինի որոշների իրավունքը, իմաստը ապահովելու այդ իրավունքը պետք է առգրավվի մյուսներից... ոչ ոք չի ցանկանա ստանալ բժշկական կրթություն, երբ տարիների ուսուցման և դասավանդման դիմաց տրվող վարձատրությունը արդարացիորեն չի փոխհատուցվում, հակառակը, հիվանդները կկարծեն, թե իրավունք ունեն ինչ-որ մեկի ջանքերի նկատմամբ, և կառավարությունը կստրկացնի հենց այն գիտելիքները, որոնցից կախված է հիվանդների կյանքը»։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլընտրանքային կրթության, մասնավորապես տգիտության շատ կողմնակիցներ համաձայն չեն 26-րդ հոդվածի հետ, որտեղ այն նախատեսում է, որ «…կրթությունը պետք է լինի պարտադիր»։ Ջոն Հոլթի և այլոց փիլիսոփայության մեջ պարտադիր կրթությունն ինքնին խախտում է մարդկանց իրավունքը խաղաղ կերպով հետապնդել իրենց սեփական շահերը.

Մարդու ոչ մի իրավունք, բացառությամբ կյանքի իրավունքն ինքնին, ավելի արմատական է համարվում քան սա։ Անձի կրթություն ստանալու ազատությունը իր մտքի ազատության մի մասն է կազմում, նույնիսկ ավելի հիմնական քան իր խոսքի ազատությունը։ Եթե մենք ինչ-որ մեկից խլում ենք նրա իրավունքը՝ որոշելու, թե ինչով նա կցանկանա հետաքրքրվել, մենք կործանում ենք նրա մտքի ազատությունը։ Ըստ էության, մենք ասում ենք՝ դու պետք է մտածես ոչ թե այն մասին, թե ինչն է քեզ հետաքրքրում և մտահոգում, այլ թե ինչն է հետաքրքրու ու անհանգստացնում մեզ:–Ջոն Հոլթ, Փախուստ մանկոիթյունից:

«Պարտադիր» բառը մեկ անգամ է օգտագործված ամբողջ փաստաթղթում։ «Պարտադրել» բառը օգտագործված է երկու անգամ, այնուամենայնիվ, երկու անգամ էլ բառն օգտագործված է բացասական իմաստով։

Իրավունք հրաժարվելու սպանելուց[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնպիսի խմբավորումներ, ինչպիսիք են Միջազգային համաներման կազմակերպությունը և Պատերազմի հակառակորդների միջազգային միությունը պաշտպանել են «Իրավունքը հրաժարվելու սպանելուց»։ Պատերազմի հակառակորդների միջազգային միությունը հայտարարել է, որ զինվորական ծառայությունից գիտակցված հրաժարվելը հիմնականում, բայց դեռևս ոչ հստակորեն, բխում է ՄԻՀՀ-ի 18-րդ հոդվածից՝ իրավունք մտքի, խղճի և կրոնի ազատության։ ՄԱԿ-ի շրջանակներում մի շարք քայլեր են ձեռնարկվել՝ այդ իրավունքը առավել ճշգրիտ դարձնելու համար, բայց այդ քայլերը սահմանափակվել են երկրորդական, առավել «անկարևոր» Միավորված ազգերի կազմակերպության փաստաթղթերով։ Այդ իսկ պատճառով Միջազգային համաներման կազմակերպությունը կցանկանար ունենալ այդ իրավունքը «սահամններից դուրս» և բացահայտորեն որպես առաջնային փաստաթուղթ, մասնավորապես ՄԻՀՀ-ն ինքնին։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված իրավունքներին ևս մեկը կարող է ավելանալ։ Դա «իրավունքն է հրաժարվելու սպանելուց»:– Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական, և Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր, Սին Մաքբրիդ, 1974 թ. Նոբելյան դասախոսություն

Բանգկոկի հռչակագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանգկոկի հռչակագրում, որն ընդունվել է 1993 թ.՝ ասիական պետությունների նախարարների հանդիպման ժամանակ՝ Մարդու իրավունքների համաշխարհային կոնֆերանսի նախօրեին, ասիական պետությունների կառավարությունները վերահաստատեցին իրենց պարտավորությունը Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքների նկատմամբ։ Նրանք ձևակերպեցին իրենց պատկերացումները մարդու իրավունքների փոխադարձ կախվածության ու անբաժանելիության մասին և ընդգծեցին մարդու իրավունքների համընդհանրության, օբյեկտիվության և ոչ ընտրողականության անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, այնուամենայնիվ, նրանք կարևորեցին ինքնիշխանության և անմիջամտելիության սկզբունքները՝ կոչ անելով ավելի մեծ ուշադրություն դարձնել տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներին, մասնավորապես՝ տնտեսական զարգացման իրավունքին, քաղաքացիական և քաղաքական իարվունքներին։ Բանգկոկի հռչակագիրը համարվում է ասիական արժեքների հեռանկարի ուղենշային արտահայտությունը, որն առաջարկում է մարդու իրավունքների համընդհանրության շարունակական քննադատություն։

Մարդու իրավունքների միջազգային օր[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թ., ի պատիվ Հռչակագրի, ՄԱԿ-ը հաստատեց Մարդու իրավունքների օրվան նվիրված տոնը, որը նշվում է դեկտեմբերի 10-ին։ Տոնին մասնակցում են մարդիկ, տարբեր համայնքային և կրոնական խմբեր, խորհրդարաններ, կառավարություններ և, իհարկե, ինքը Միավորված ազգերի կազմակերպությունը։ Յուրաքանչյուր տասը տարին մեկ ձեռնարկվում են քարոզարշավներ՝ նպաստելու Հռչակագրի և անմիջականորեն մարդու իրավունքների իրագործմանը։ 2007 թ. դեկտեմբերի 10-ին մեկնարկեց «Մարդկային արժանապատվություն և արդարություն բոլորիս համար» անունը կրող քարոզարշավը, որին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները։ Այն տևեց ուղիղ մեկ տարի՝ մինչև 60-րդ հոբելյանը։

Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Feldman, Jean-Philippe (1999 թ․ դեկտեմբեր). «Hayek's Critique of the Universal Declaration of Human Rights». Journal des Economistes et des Etudes Humaines. 9 (4). doi:10.2202/1145-6396.1172.
  • Nurser, John. "For All Peoples and All Nations. Christian Churches and Human Rights.". (Geneva: WCC Publications, 2005).
  • Universal Declaration of Human Rights pages at Columbia University (Centre for the Study of Human Rights), including article by article commentary, video interviews, discussion of meaning, drafting and history.
  • Introductory note by Antônio Augusto Cançado Trindade and procedural history on the Universal Declaration of Human Rights in the Historic Archives of the United Nations Audiovisual Library of International Law
  • George J. Andreopoulos and Richard Pierre Claude (eds.), Human Rights Education for the Twenty-First Century (1997).
  • Johannes Morsink. The Universal Declaration of Human Rights: Origins, Drafting, and Intent (1999). Pennsylvania Studies in Human Rights. University of Pennsylvania Press, 2000. ISBN 0812200411, ISBN 9780812200416. P. 396.
  • Mary Ann Glendon, A World Made New: Eleanor Roosevelt and the Universal Declaration of Human Rights (2001).
  • Paul Gordon Lauren, The Evolution of International Human Rights: Visions Seen (1998).
  • Richard Falk, On Humane Governance: Toward a New Global Politics (1995).
  • Susan Muaddi Darraj. The Universal Declaration of Human Rights. — (Milestones in modern world history). Chelsea House, Infobase Publishing, 2010. 129 p. ISBN 978-1-60413-494-0 (hardcover), ISBN 978-1-4381-3178-8 (e-book).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր» հոդվածին։