Մալալա Յուսուֆզայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալալա Յուսուֆզայ
փուշթու՝ ملاله یوسفزۍ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 12, 1997
ԾննդավայրՄինգորա (Պակիստան
Քաղաքացիություն Պակիստան[1]
Կրոնսուննի իսլամ[2]
ԿրթությունEdgbaston High School? (2017)[1] և Լեդի Մարգարետ Հոլ (2020)[3]
Մասնագիտությունուսանող, բլոգեր
ԱմուսինAsser Malik?[4]
Ծնողներհայր՝ Ziauddin Yousafzai?, մայր՝ Toorpekai Yousafzai?
Պարգևներ և
մրցանակներ
2014 թվականի Խախաղության Նոբելյան մրցանակ, Սախարովի անվան մրցանակ
Կայքmalala.org
 Malala Yousafzai Վիքիպահեստում
Մալալա Յուսուֆզայը Եվրախորհրդարանում Սախարովի մրցանակն ստանալիս: Ձախից՝ նրա հայրը՝ Զիաուդդինը (2013 թվականի նոյեմբեր)
2013 թվականին Արգենտինայում անցկացվեց պոեզիայի միջազգային փառատոն՝ ի պատիվ Մալալա Յուսուֆզայի:

Մալալա Յուսուֆզայ (փուշթու՝ ملاله یوسفزۍ;[5])[6] հուլիսի 12, 1997(1997-07-12)[7][8][9][…], Մինգորա, Պակիստան), պակիստանցի ակտիվիստուհի, իրավապաշտպան, Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը, որը բարձր պարգևների և պատիվների արժանացել է իր հայրենիքում տիրող դաժան խտրականության պայմաններում իր առողջությունն ու կյանքը վտանգի ենթարկելով՝ մարդու իրավունքների պաշտպանության և հատկապես կանանց ու երեխաների կրթության գործը հայրենի Խիբեր Փախթունխվա տարածաշրջանի (Հյուսիսարևմտյան Պակիստան) Սվաթ հովտի բնակավայրերում կազմակերպելու համար, նույնիսկ այն ժամանակ, երբ այնտեղ իշխող թալիբան շարժման անդամները աղջիկներին արգելել են դպրոց հաճախել։ Նրա պայքարը միջազգային արձագանք է ստացել, և, ինչպես նշել է Պակիստանի վարչապետ Շահիդ Խաքան Աբասին, նա դարձել է հայրենի երկրի ամենանշանավոր քաղաքացին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալալան ծնվել է փուշթու ընտանիքում, Պակիստանի Խիբեր Փախթունխվա շրջանի Մինգորա գյուղում։ Նրա ծնողները շրջանի գյուղերում բացել ու վարում էին մի շարք դպրոցներ։ Հոր գաղափարներն ու մարդասիրական գործունեությունն են առանձնապես ոգեշնչել աղջկան, ում համար իդեալական կերպարներ էին հանդիսանում անկախ Պակիստան պետության հիմնադիր Մուհամեդ Ալի Ջինահը և Պակիստանի նախկին վարչապետ տիկին Բենազիր Բհուտոն, որը առաջին կին ղեկավարն է եղել գերակշռող մուսուլմանական բնակչությամբ երկրների ցանկում։

2009 թվականի սկզբներին, լինելով ընդամենը 11-12 տարեկան մի աղջնակ, Մալալան կեղծ անվան ներքո իր բլոգն է բացել ու վարել BBC Urdu-ի (BBC-ի ուրդուական ծառայության) համար՝ մանրամասնորեն նկարագրելով իր առօրյան, խոհերն ու ապրումները թալիբական տիրապետության շրջանում։ Հաջորդած ամռանը լրագրող Ադամ Բ. Էլիկը նրա մասին ծավալուն նյութ է պատրաստել New York Times թերթի համար՝ պատկերելով նրա կյանքը այն ծանր ժամանակներում, երբ զինյալներ էին ներխուժել գյուղ։ Այսպիսով՝ դեռ մանուկ հասակից Մալալան համբավ է ձեռք բերել, հարցազրույցներ տվել թերթերի, ամսագրերի, հեռուստատեսության ու ռադիոյի համար, և ակտիվիստ Դեսմոնդ Տուտուի կողմից նրա թեկնածությունն առաջադրվել է Երեխաների խաղաղության միջազգային մրցանակ շնորհելու համար:։

2012 թվականի հոկտեմբերի 9-ին, երբ Մալալան իր երկու ընկերուհիների հետ քննություն հանձնելուց հետո ավտոբուսով հայրենի գյուղ էր վերադառնում, թալիբ մի հրաձիգ մահափորձ կատարեց նրանց նկատմամբ՝ ինքնաձիգից կրակ բացելով նրանց ուղղությամբ, դրանով իսկ ցանկանալով պատժել աղջիկներին՝ նրանց ակտիվիստական գործունեության համար։ Կրակահերթ արձակելուց հետո հրաձիգն անհետացավ, իսկ Մալալան գիտակցությունը կորցրած՝ տապալվեց ցած. գնդակը դիպել էր նրա գլխին։ Աղջկան արագ փոխադրեցին Ռավալպինդիի համբավավոր հիվանդանոցներից մեկը, բայց, չնայած պակիստանցի լավագույն բժիշկների գործադրած ջանքերին, նա գիտակցության չէր գալիս, և վիճակը մնում էր ծայրահեղ ծանր։ Ի վերջո հնարավոր եղավ աղջկան փոխադրել Մեծ Բրիտանիա՝ Բիրմինգհեմի Եղիսաբեթ թագուհու անվան հիվանդանոց։ Խիզախ աղջնակի կյանքի համար պայքարը հուզել էր աշխարհի տարբեր ծայրերում ապրող հազարավոր մարդկանց, որոնք իրենց աջակցությունն ու հնարավոր ամեն ինչով օգնելու պատրաստակամությունն էին հայտնում։ Deutsche Welle2013 թվականի հունվարին գրեց, որ Յուսուֆզայը կարող է ճանաչվել որպես աշխարհի ամենահռչակավոր պարմանուհին։

Մահափորձից մի քանի շաբաթ անց մուսուլման հիսուն հեղինակավոր ղեկավար կրոնավորներից բաղկացած մի խումբ հրապարակայնորեն դատապարտեց աղջնակի նկատմամբ իրագործված հաշվեհարդարը և ֆաթվա հայտարարեց նրանց դեմ, ովքեր փորձել էին սպանել նրան։ Թալիբանի պաշտոնյաները ի պաասխան դրա՝ նորանոր մեղադրանքներ ու սպառնալիքներ հնչեցրին Մալալայի հասցեին՝ հասկացնել տալով, որ երկրորդ մահափորձն են ծրագրել և դա վավերացրել են կրոնական երդումով։ Ինչպես և պետք էր սպասել, այդ հայտարարությունները միջազգային դատապարտման արժանացան։

Ապաքինվելուց հետո Յուսուֆզայը դարձավ կրթության իրավունքի համար պայքարող ամենաականավոր ակտիվիստներից մեկը, եթե ոչ ամենաականավորը։ Նա հիմնեց շահույթ չհետապնդող Malala Fund հիմնադրամը։ 2013 թվականին նրա հեղինակակցությամբ լույս տեսավ «Ես Մալալան եմ» (անգլ.՝ «I am Malala») գիրքը, որը դարձավ համաշխարհային բեսթսելլեր։ 2012 թվականին նրան շնորհվեց Պակիստանի խաղաղության պատանեկան ազգային մրցանակը, որը շնորհվում էր առաջին անգամ։ Հաջորդ տարի ակտիվիստ աղջիկն արժանացավ Անդրեյ Սախարովի մրցանակի, որը մարդու իրավունքների համար նրա ակտիվ պայքարի գնահատականն էր։ Իսկ 2014 թվականին տասնյոթամյա Մալալա Յուսուֆզայը, Քայլաշ Սաթյարթիի հետ, ստացավ խաղաղության Նոբելյան մրցանակ՝ դառնալով Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը։ 2015 թվականին նրա մասին նկարահանված «Նա կոչեց ինձ Մալալա» փաստավավերագրական կարճամետրաժ կինոնկարը ներկայացվեց համապատասխան անվանակարգում Օսկար մրցանակի։ Time ամսագրի 2013, 2014, 2015 թվականների համարները Մալալային ներկայացրեցին որպես աշխարհի ամենաազդեցիկ անձանցից մեկի։

2017 թվականին Յուսուֆզային շնորհվեց Կանադայի պատվավոր քաղաքացու կոչում, նա դարձավ Կանադայի Համայնքների պալատին ուղերձ հղած ամենաերիտասադ անձնավորությունը։

2013-2017 թվականներին Մալալան հաճախել է Էգբասթոնի ավագ դպրոցը։ Ներկայումս նա փիլիսոփայություն, քաղաքագիտություն և տնտեսագիտություն է ուսումնասիրում Օքսֆորդի համալսարանի Lady Margaret Hall-ում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.bbc.co.uk/news/world-asia-23241937
  2. https://www.reuters.com/article/pakistan-malala-idLTAKBN1H61LT-OUSLT
  3. https://www.bbc.co.uk/news/uk-england-oxfordshire-53107764
  4. https://www.hindustantimes.com/world-news/mala-yousafzai-activist-and-nobel-laureate-gets-married-in-birmingham-101636503284554.html
  5. Memmot, Mark (2012 թ․ հոկտեմբերի 9). «Taliban Say They Shot Teenaged Pakistani Girl Who Exposed Their Cruelty». NPR. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  6. «Биография Малалы Юсуфзай». РИА Новости (ռուսերեն). 10.10.2013.
  7. Internet Movie Database — 1990.
  8. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  9. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալալա Յուսուֆզայ» հոդվածին։