Ձիթենի եվրոպական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձիթենի եվրոպական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Բոգածաղկավորներ
Ընտանիք Ձիթենազգիներ
Ցեղ Ձիթենի
Տեսակ Ձիթենի եվրոպական
Լատիներեն անվանում
Olive europaea
Արեալ
պատկեր

Ձիթենի եվրոպական (լատին․՝ Olive europaea), ձիթենազգիների ընտանիքի, ձիթենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար ծառ է՝ 10-15 մ բարձրությամբ, որը հաճախ թփանման տեսք է ունենում։ Ճյուղերը հակադիր դասավորություն ունեն, հազվադեպ՝ օղակներում 3-ական կամ միայնակ, կտրվածքում համարյա կլորավուն, թեթևակի սպիտակ թեփուկավոր, ծածկված են կանաչաարծաթավուն, ավելի ուշ՝ մոխրագույն կամ դեղնավուն կեղևով, ծեր տարիքում մուգ մոխրագույն են, խոր ճաքճքված։ Համեմատաբար վատ պայմաններում աճող անհատների ճյուղերը ծածկված են գուղձիկներով։ Տերևները նշտարաձև են կամ երկարավուն-էլիպսաձև (յուվելինարները երկարավուն-ձվաձև), 5-10 սմ երկարությամբ և 1-2 սմ լայնությամբ, սրածայր, հազվադեպ՝ տափակ կամ փոսիկավոր, ամբողջաեզր, դեպի ցած ոլորված եզրերով, կաշվեկերպ, վերևի կողմից՝ մուգ կանաչ, հարթ, նոսր, աստղաձև, սպիտակ թեփուկապատ, ներքևի կողմից՝ սպիտակ մազմզուկապատ, գորշավուն, կարճ 0,2-0,5 սմ երկարությամբ կոթուններով։

Ծաղկաբույլերը պարզ կամ հուրանանման բազմածաղիկ ողկույզներ են, որոնք տերևածոցերում հակադիր են դասավորված։ Ծաղիկները մանր են, 0,3-0,5 սմ երկարությամբ, բուրումնավետ, երկսեռ, հազվադեպ բաժանասեռ, կանոնավոր, որոնցից շատերը չեն պտղաբերում, վաղաժամ թափվում են։ Ծաղկակոթունները կարճ են։ Բաժակը լայն զանգականման է թաղանթանման, ձուլաթերթ, 4 կիսաձվաձև, ոլորված բլթակներով, չթափվող։ Պսակը սպիտակավուն է կամ կանաչավուն, 4 կլորաձվաձև, ոլորված բաժիններով։ Առէջները կարճ են պսակից։ Վարսանդն ունի կլորավուն, երկբուն, վերնադիր սերմնարան, յուրաքանչյուր բնում 2-ական սերմնաբողբոջներով, որոնցից միայն մեկս է զարգանում որպես սերմ։ Սռնակը կարճ է, հազիվ է դուրս գալիս պսակի խողովակից։ Սպին փոսիկավոր է, երկբլթականի։

Պտուղը միասերմ կորիզապտուղ է՝ 1 -2 սմ երկարությամբ (կուլտուրական ձևերինը՝ 2-4 սմ), գնդաձև կամ երկարավուն-էլիպսաձև, բութ կամ սրածայր, մսալի, հասունացման սկզբում կանաչադեղնավուն, այնուհետև՝ կարմրավուն կամ մանուշակագույն, լրիվ հասունացած վիճակում համարյա սև։ Պտղամիսը յուղալի է, սպիտակավուն։ Կորիզը միասերմ է, երկարավուն, անհարթ, երբեմն՝ հարթ մակերեսով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբերին։ Արխեոֆիտ է, որի մշակության պատմությունը անցնում է 4000 տարուց։ Բարենպաստ պայմանների դեպքում մշակության մեջ ապրում է 2000 և ավելի տարի։ Հայտնի են մինչև 4 մ բնի տրամագծով ծառեր։ Առանց վնասվելու կարող է դիմանալ մինչև -16 °C-ի սառնամանիքներին։ -18-20°Օ-ը այս բույսի համար կրիտիկական է համարվում։ Համեմատաբար երաշտադիմացկուն է, կրասեր։ Աչքի է ընկնում բարձր աղադիմացկունությամբ և պահանջկոտ է կալիումի նկատմամբ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Միջերկրական ծովի շրջանում, ժայռոտ, կրաքարերով հարուստ լեռնալանջերում, ծովի մակարդակից մինչև 500 մ բարձրությունների վրա։ Լավ է աճում գետահովիտների խոր, ալյուվիալ, փուխր հողերում։ Ամենատիպիկ մերձարևադարձային բույսն է, որը չի պտղաբերում արևադարձային շրջաններում և չի ծաղկում բարեխառն գոտու պայմաններում։

Հայաստանում մշակվում է անհիշելի վաղ ժամանակներից։ Հույն աշխարհագրագետ-ճանապարհորդ Ստրաբոնը մեր թվարկության առաջին դարում այցելելով Հայաստանով գրում է, որ Արարատյան դաշտում ամենուրեք ձիթենի էին մշակում, որը առատ բերք էր տալիս։ Այս հիշատակումը բավականին հետաքրքիր է այն իմաստով, որ ներկայումս Արարատյան դաշտի պայմաններում (բաց գրունտում) ձիթենի աճեցնել հնարավոր չէ, լրիվ ցրտահարվում է։

Ներկայումս ձիթենու արդյունաբերական տնկարկներ կային Նոյեմբերյանի շրջանի Բագրատաշենի նախկին «Զեյթուն» ժողտնտեսությունում («Զեյթուն» ձիթենու անվանումներից մեկն է), որոնք զգալի քանակությամբ բերք են տալիս։ Ձիթենին լավ է աճում և զարգանում, առատորեն պտղաբերում է նաև Իջևանում, Այգեհովիտում։ Միանգամայն հեռանկարային է Մեղրու շրջանի ցածրադիր գոտու համար։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղները արտակարգ հարուստ են ճարպայուղերով։ Պահածոային սորտերը պարունակում են 30-50, իսկ յուղայինները՝ 50-70 տոկոս ճարպեր (չոր նյութի հաշվով)։ Բացի այդ, պտուղներում պարունակում է միջին հաշվով 10,9 % սպիտակուցներ, իսկ պտղամսում 7,8 % շաքարներ (գլխավորապես գլյուկոզա), ինչպես նաև 2-1 0 % դառը գլյուկոզիդ-օլեուրոպեին, քիչ քանակությամբ կարմիր պիգմենտ, պտղակեղևում՝ էմուլսինա ֆերմենտը։ Պտուղներում և այլ օրգաններում պարունակում է նաև մաննիտ։

Ձիթապտղի յուղը օգտագործվում է ոչ միայն սննդի և հրուշակեղենի, պահածոների արտադրության մեջ, այլ նաև բժշկության բնագավառում, որպես ստամոքսաաղիքային, ռախիտի, թոքախտի, դիստրոֆիայի և անեմիայի բուժման միջոց։ Օգտագործվում է նաև ստամոքսի թթվության բարձրացման, ինչպես նաև գեղձաքարային հիվանդությունների դեպքում։ Լայն կիրառում ունի նաև բնափայտը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 261։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձիթենի եվրոպական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձիթենի եվրոպական» հոդվածին։