Հովհաննես Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Այվազյան
Ծնվել էնոյեմբերի 7, 1947(1947-11-07) (76 տարեկան)
ԾննդավայրՓոքր Խանչալի, Վրաստան
ԿրթությունՀԱՊՀ (1971)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1998)
Մասնագիտությունքիմիկոս, խմբագիր և հրատարակիչ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ և Հայկական հանրագիտարան հրատարակչություն
Պարգևներ և
մրցանակներ

Հովհաննես Մնացականի Այվազյան (նոյեմբերի 7, 1947(1947-11-07), Փոքր Խանչալի, Վրաստան), հայ հրատարակիչ, խմբագիր, քիմիական գիտությունների դոկտոր (1998)։ «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» գլխավոր խմբագիր-տնօրեն (1999-ից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԵՊԻ քիմիա-տեխնոլոգիական ֆակուլտետը (1971)։ 1972–74-ին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Գորիսի ֆիզիկատեխնիկական կենտրոնում, 1974–79-ին՝ Փորձարարական կենսաբանության ինստիտուտում, 1979–99-ին՝ Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալ։

Այվազյանի գլխավորությամբ հրատարակվել են «Տնային տնտեսության» (1997), «Հանրամատչելի բժշկական» (2001), «Քրիստոնյա Հայաստան» (2002), «Հայ Սփյուռք» (2003), «Հայաստանի բնաշխարհ» (2006), «Ով ով է. հայեր» կենսագրական երկհատոր (2005–07), «Դպրոցական մեծ» (քառահատոր, 2007–10), «Հայաստան» (2012), «Հայ գրքի և գրքարվեստի» (2015), «Հայ երաժշտության» (2019), «Հովհաննես Թումանյան» (2020) հանրագիտարանները, «Հանրագիտական բառարանը» (հ. 1, 2016, հ. 2, 2018)։

Աշխատանքները վերաբերում են հայկական քիմիական անվանակարգության խնդիրներին, հայ ազգային-ազատագրական պայքարին՝ Առաջին համաշխարհային և Ղարաբաղյան պատերազմի տարիներին։ Մասնավորապես, «Զորավար Անդրանիկ և Հովհաննես Թումանյան» (2004) մենագրության մեջ Այվազյանը հարուստ փաստական նյութի հիման վրա ներկայացրել է նույն ճակատագրով ապրող 2 մեծերի փոխհարաբերությունների պատմությունը, մանրամասնորեն անդրադարձել է 1918-ի Ղարաքիլիսայի հերոսամարտի օրերին Անդրանիկ Զորավարի՝ Դսեղում տեղակայված զորաջոկատի գործողություններին, Անդրանիկի՝ Զանգեզուր տեղափոխվելուց հետո նրանց նամակագրությանը։ Աշխատության մեջ ուշագրավ փաստեր կան նրանց անձնական մտերմության մասին, որոնք չեն խզվել Անդրանիկի արտերկիր մեկնելով։ Հետաքրքրական է, որ Զորավարի ողջերթի հանդիսությունը Թիֆլիսում կազմակերպել է Թումանյանը, իսկ Վրաստանի ԱԳ նախարար Եվգենի Գեգեչկորիի հետ հանդիպմանը նա՝ որպես թարգմանիչ, ուղեկցել է Անդրանիկին։

Ղարաբաղյան ազատագրական պատերազմում գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի գործունեությանն են նվիրված հեղինակի 3 գրքեր։

Եղել է «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության (1994–2006), այդ միության «Ասպնջակ» պաշտոնաթերթի խմբագրական խորհր­դի (2001–06) նախագահ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական քիմիական անվանակարգության բարեփոխման հիմնախնդիրները, Երևան, 1998 (համահեղինակ)։
  • Հաղթանակած բանակի գեներալը, Երևան, 2001։
  • Զորավար Անդրանիկ և Հովհաննես Թումանյան, Երևան, 2004։
  • Հաղթանակի և վերհուշի ճամփաներով, Երևան, 2006։
  • Մի հայտնագործության պատմություն, Երևան, 2008։
  • Հարսանիք, Երևան, 2008։
  • Աշխարհի յոթ հրաշալիքներ և... Հայաստան, Երևան, 2005 («Դպրոցական հանրագիտարան մատենաշարով»)։
  • Տիեզերք, Երևան, 2008 («Դպրոցական հանրագիտարան մատենաշարով»)։
  • Էկոլոգիա, Երևան, 2010 («Դպրոցական հանրագիտարան մատենաշարով»)։
  • Հաղթելու արվեստը, Երևան, 2011։
  • Օրերի անձանձիր հոլովույթում, Երևան, 2015։
  • Ձեռքս բաց մի թող, Երևան, 2019։
  • Հրաշք լիներ..., Երևան, 2022։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ «Երախտագիտության» մեդալ (2017)։
  • ՀՀ ԳԱԱ «Վաստակագիր» (2017)։
  • ԵՊՀ ոսկե մեդալ (2017)։
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ (2013)։
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե (2012) և «Գրիգոր Նարեկացի» (2015) մեդալներ։
  • Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի հուշամեդալ (2002)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]