Հովհաննես Կարապետի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Կարապետի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԼուսաշող[1] և Շաղափ[2]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Ներկա վիճակկիսավեր
Մասն էԳյուղատեղի «Չիմանդարա»
Կազմված էԵկեղեցի Սբ. Աստվածածին (Սպիտակավոր), Զանգակատուն, Դամբանատուն, Բնակելի շինություններ, Տնտեսական շինություններ, Գերեզմանոց և Պարիսպ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ13-րդ դար
Կառուցման ավարտ1301 թվական
Գմբեթ1
Շինանյութկաթնադեղնագույն հանքաքար և գորշ բազալտ
Քարտեզ
Քարտեզ
 Saint Karapet of Janjrlu Վիքիպահեստում

Հովհաննես Կարապետի վանք, վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան Հայաստանի Արարատի մարզի Լուսաշող գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, Մոշաղբյուր գյուղատեղիում, Ուրծի լեռների հյուսիսային փեշին, Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պամական աղբյուրները ոչ մի տեղեկություն չեն հաղորդում վանական համալիրի մասին. այն աչքաթող են արել նաև ճանապարհորդներն ու տեղագիրները, միայն Ղևոնդ Ալիշանը թռուցիկ ձևով հիշատակում է նրա անունը[3][4]։ Հուշարձանների վրա փորագրված սակավաթիվ արձանագրություններն էլ, անգամ աղոտ կերպով, լույս չեն սփռում նրա անցյալ պատմության վրա։ Արձանագրություններից մեկի համաձայն վանքը հիմնել են Օրբելյանները 14-րդ դարի սկզբներին, որպես իրենց տոհմական գերեզմանատեղի։ Այդ ժամանակ Ուրծաձոր գավառը գտնվում էր Օրբելյանների իշխանության ներքո։ Մյուս արձանագրությունները նվիրատվական են։ 1593 թվականը կրող մի այլ արձանագրությունում փորագրված է, որ այդ ժամանակ շեն է եղել վանքը։ 1725 թվականը կրող արձանագրությունից հասկացվում է, որ այդ ժամանակ վանքը եղել է ավերակ և լքված վիճակում։ Վանքը և նրան մոտիկ գտնվող մյուս վանքերը ավերվել են 1679 թվականի մեծ երկրաշարժից։

1896 թվականին կառուցված վանքի միաբանության բնակելի շենքերը, 1897 թվականին կառուցված վանքի պարիսպը և 1898 թվականին՝ հացահատիկի հողերը, հավանական են դարձնում, որ վանքը 19-րդ դարի վերջերին որոշ ժամանակով վերականգնվել է։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննու Սուրբ Կարապետ վանքը բաղկացած է մեկ եկեղեցուց, զանգակատնից, դամբանատնից, պարսպապատ է, պարսպից ներս պահպանվել են վանքի միաբանության բնակելի շենքերի մնացորդները և փոքրիկ գերեզմանոցը։

Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու անվանումը հիշատակվում է ներսում՝ հարավային պատին փորագրված արձանագրության մեջ, որի համաձայն այն կառուցել է Տարսայիճ Օրբելյան իշխանի որդի Ջալալ իշխանի կին Գոնցան 1301 թվականին։ Հիմնադիրն է Կիրակոս վարդապետ Գետկեցին, ճարտարապետը՝ Բուտը։

Եկեղեցին գմբեթավոր է, որն ունի քիչ երկարաձիգ ուղիղ քառանկյունի հատակագիծ։ Հարավային և հյուսիսային պատերը ներսից՝ արևմտյան ծայրերին մոտիկ, ունեն ելուստներ, որոնց կից, ինչպես և արևելյան աբսիդիեզրերից ձգվող կիսասյուները միանալով կամարներով, իրենց վրա են կրում գմբեթը՝ կլոր թմբուկով և սրածայր վեղարով։

Բարավորի բարձրաքանդակը

Արևելյան ծայրում տեղադրված է կիսակլոր աբսիդը՝ բարձր, ներս ընկած բեմով, վերջինիս վրա կառուցված է պատարագամատույցի քարե սեղան՝ կամարակապ բացվածքներ ունեցող ծածկապատով։ Բեմի հարավային և հյուսիսային կողմերում տեղադրված են երկհարկանի խորաններ, ստորին հարկի խորանների մուտքերը բացվում են դեպի արևմուտք՝ եկեղեցու մեջ, իսկ վերին հարկի խորանները՝ բեմի վրա, ուր բարձրանում էեն եռաստիճան քարե սանդուխքներով։ Ստորին հարկի խորանների արևելյան պատերի մեջ փորված են կիսակլոր փոքրիկ աբսիդներ, վերին հարկի խորաններն աբսիդներ չունեն։ Աբսիդի կողերի պատերի մեջ կան մեկական մեծ խորշեր, նույնաձև մեկական փոքր խորշեր էլ կան բոլոր խորանների հարավային պատերի մեջ։

Միակ մուտքը արևմտյան կողմից է՝ կիսակլոր ճակատակալ մեծ քարով և գծավոր զարդեր ունեցող շրջանակով։ Մուտքի ճակատակալ քարը պատած է բարձրաքանդակ, շատ գեղեցիկ և նուրբ մշակված սրբապատկերներով, ուր, ծաղկեհյուս-մանրանկար ֆոնի վրա Մարիամ Աստվածածինը բազմած բարձի վրա՝ մանուկ Հիսուս Քրիստոսը գրկին, իսկ կողքերին մի-մի հրեշտակ կանգած և ձեռները տարածած դեպի տիրամայրը։ Դրանցից վերև պատկերված է Ադամը, շուրջ ավետարանիչների կենդանակերպերի նշանները, աջ կողմում մեծ տառերով գրված է ԱԴ։ Ճակատակալ քարի վրա եղած արձանագրությունից տեղեկացվում է, որ այս բարձրաքանդակի հեղինակն է Սարգիս վարդապետը։

Յուրաքանչյուր պատի կենտրոնական մասում բացվում է մեկական երկար ու նեղ լուսամուտ, դրանց համապատասխան մեկական լուսամուտներ էլ բացվում են գմբեթի թմբուկի մեջ և մեկական փոքր լուսամուտներ էլ յուրաքանչյուր խորանի արևելյան պատի մեջ։ Արևելյան և հարավային պատերից բացվող լուսամուտները կամարակապ գագաթով են և ունեն գծավոր շրջանակներ, մյուս բոլոր լուսամուտներն ուղղանկյուն են և առանց շրջանակի։ Գմբեթի թմբուկի լուսամուտների կողքերին մեծ տառերով փորագրված են հետևյալ փակագրերը․ հյուսիսային կողմում ՏԻ ՅՇ, արևմտյան կողմում ՓՈ ՇՉ, հարավային կողմում ՉԱ ԳՀ, արևելյան կողմում ԿՈ (վերջին երկու տառը հողմահարված լինելու հետևանքով չի կարդացվում)։

Եկեղեցու ներսում ընկած է մի մեծ քար, որի մի կողքի վրա եղած բարձրաքանդակը պատկերում է թևատարած արծիվը՝ խոյը ճանկերում բռնած։ Այդ բարձրաքանդակ պատկերը հանդիսանում է Պռոշյանների տոհմանիշը։

Ժամատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է եկեղեցու արևմտյան կողմում, կիսավեր վիճակում։ Կառուցման ստույգ ժամանակը և թե ովքեր են եղել նրա կառուցողները, պարզ չէ, հուշարձանի վրա փորագրված նվիրատվական արձանագրությունից պարզ է դառնում, որ այն կառուցվել է 14-րդ դարում, մինչև 1346 թվականը։

Ժամատան հատակագիժի արտաքուստ ուղիղ քառանկյունի է, ներսից խաչաձև՝ ուղղանկյուն խաչթևերով։ Ծածկը թաղակապ է՝ գավիթների ծածկի նմանությամբ, առանց տանիքի կենտրոնում եղած լուսանցքի։ Միակ մուտքը հյուսիսային կողմից է՝ եկեղեցու մուտքի դիմաց, գորշագույն բազալտի սլաքաձև գագաթ ունեցող ճակատակալ քարով։ Արևելյան պատի մեջ բացվում է մի երկար ու նեղ լուսամուտ և մի կլոր լուսանցք։ Նույնաձև մի երկար ու նեղ լուսամուտ էլ բացվում է հարավային պատի մեջ։ Տանիքի վրա հետագայում կառուցված է մատուռանման մի փոքրիկ շենք։ Պատերի արտաքին անկյունները գլանաձև են։ Ամբողջ շենքը կառուցված է կաթնադեղնագույն հանքաքարի մաքուր տաշված քարերով՝ կրաշաղախով մածուցված։ Հյուսիսային պատի վրա նկատելի է ուժեղ ճեղք, որը, հավանաբար, հետևանք է 1679 թվականի երկրաշարժի։ Հատակը ծածկված է փլատակներով, այդ իսկ պատճառով նրա ներսի բովանդակությունը պարզ չէ։

Զանգակատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է ժամատան արևմտյան կողմում՝ նրան կից այնպես, որ վերջինիս արևմտյան պատը ընդհանուր է երկու շենքերի համար։ Անհայատ է կառուցողի անունը և կառուցման ճշգրիտ ժամանակը։ Հավանաբար կառուցվել է 14-րդ դարում։

Զանգակատունը կենտրոնագմբեթ, երկհարականի կառույց է՝ հետաքրքրական կառուցողական ձևերով։ Հատակագիծը արտաքուստ քառակուսի է, ներսից խաչաձև՝ ուղղանկյուն, կարճ խաչթևերով։ Երկու հարկերի ծածկն էլ թաղակապ է, վերին հարկի տանիքի կենտրոնում բացվում է կլոր մեծ անցք, որի վրա որպես ծածկույթ կառուցված է եղել սյունազարդ գմբեթ։ Վերջինիս սյուների բները գլանաձև են, ունեն ուղղանկյուն խարիսխներ ու խոյակներ, որոնց անկյունները զարդարված են ստալակտիկ քանդակներով (գմբեթն ամբողջովին քանդված է, միայն սյուների խարիսխներն են պահպանվել՝ կլոր անցի շուրջը)։

Ստորին հարկը մուտք չի ունեցել, այլ ժամատան արևմտյան պատը քանդել և փոքրիկ մուտք են բացել դեպի զանգակատան ստորին հարկ։ Վերին հարկի մուտքը արևմտյան կողմից է, ուր բարձրանալիս են եղել փայտյա սանդուխքով։ Երկու երկար ու շատ նեղ լուսամուտներ բացվում են ստորին հարկի հարավային պատի մեջ, մի փոքրիկ, ուղղանկյուն լուսամուտ էլ բացվում է վերին հարկի արևմտյան պատի մեջ՝ մուտքի վերևում։ Զանգակատան շենքի կառուցումը հարմարեցված է այնպես, որ ժամատան տանիքի վրա կառուցված մատռանման կառույցը ծառայի զանգակատան վերին հարկի համար աբսիդ։

Զանգակատան ամբողջ շենքը կառուցված է կաթնադեղնագույն հանքաքարի մաքուր տաշված քարերով՝ կրաշաղախով մածուցված։ Պատերը հարթ են, առանց զարդաքանդակների, մուտքի ճակատակալ քարը և կողերի ամբողջական քարերը գորշ բազալտից են։ Սալահատակված է եղել, վերին հարկի տանիքը և գմբեթի վեղարը պատված է եղել սալաքարերով։ Շենքը կիսավեր վիճակում է, քանդված մասերը թափված են տեղում՝ փլատակների ձևով։

Պարիսպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձգվում է հուշարձանների խմբի շուրջը՝ քառանկյունի ձևով, արևելքից դեպի արևմուտք երկարությամբ։ Պատերը շարված են տեղական անմշակ լեռնաքարերով, ցեխով։ Գլխավոր մուտքը հարավային կողմից է, որի մոտ ընկած մի փոքրիկ քարի վրա փորագրված է․ «շինեցավ 1897 ամի»։ Հավանական է, որ այն եղած լինի մուտքի վերևում կամ կողքին և անկասկած վերաբերվում է պարսպի կառուցմանը։

Միաբանության բնակելի շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում են պարսպի ներսում, վանքի հուշարձանների խմբի արևմտյան կողմում։ Բոլոր շենքերն էլ շարված են նույն տեղական անմշակ լեռնաքարերով՝ ցեխով, եղել են փայտածածկ։ Կառուցված են 1896 թվականին, որի վերաբերյալ արձանագրությունը փորագրված է զանգակատան արևմտյան կողմում գտնվող սենյակի արևելյան պատի մեջ դրված մի փոքրիկ քարի վրա, հետևյալ ձևով, «շինեցավ 1896 ամի»։

Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքն ունեցել է իր առանձին ջրմուղը, ջուրը կավե թրծած խողովակներով բերված է եղել արևմտյան կողմից, ուր պարսպից ներս, անմիջապես արևմտյան պատին կից պահպանվել է ջրամբարը՝ ներսից ծեփած կրաշաղախով։ Վերջինիս արևելյան պատի տակ դրված է քարից փորված մեծ ավազանը։ Պարսպից դուրս, գլխավոր մուտքի հարավային կողմում քիչ ներքև նկատվում են քարից փորված ջրի մեծ ջրավազաններ՝ հավանաբար անասուններին ջրելու համար։ Պարսպի ներսում, վանքի հուշարձանների և միաբանության բնակելի շենքերի արանքում պահպանվել է հացահատիկի ամբարը՝ կարասաձև հորի նման, քարաշար, ներսից կրաշաղախով սվաղած։ Բերանի եզրին դրված մի քարի վրա փորագրված է․ «շինեցավ 1898 ամի»։

Հովհաննու Կարապետ վանքին մոտիկ գտնվող Մոշաղբյուր գյուղում և նրա շրջակայքում տարածվում են բազմաթիվ գերեզմանոցներ՝ մահարձաններով ու կոթողներով և առանձին՝ շքեղորեն քանդակազարդ խաչքարեր, նկատելի են նաև սահմանանիշ քարեր։ Առանձնապես ընդարձակ է գյուղի հարավային կողմում գտնվող գերեզմանոցը, ուր կան բազմաթիվ մահարձան-խաչքարեր, որոնք պատած են զանազան ձևերի նուրբ մշակված զարդաքանդակներով։ Հատկապես հետաքրքիր ու արժեքավոր են տապանաքարերի վրա քանդակված կենցաղային պատկերները։

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  3. Ղևոնդ Ալիշան, «Այրարատ, բնաշխարհ Հայաստանեայց», Վենետիկ, 1890 թվական, էջ 445
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Կարապետի վանք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 562
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։