Հեղափոխական դեմոկրատիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեղափոխական դեմոկրատիա, ժողովրդավարության գաղափարական հոսանք, որը ենթադրում է զանգվածային հեղափոխության միջոցով սոցիալապես արդար հասարակության ստեղծումը։

Հանդես է գալիս որպես գյուղացիական հեղափոխության, արևմտամետության և ուտոպիստական սոցիալիզմի սկզբունքների համադրություն, որն ունի հակաֆեոդալական, հակակապիտալիստական, հակաիմպերիալիստական պայքարի բնույթ, ինչը հակազդում է ռեակցիոն ժողովրդավարությանը։

Հայ իրականության մեջ հեղափոխական-դեմոկրատական հոսանքը հանդես եկավ և ձևավորվեց XIX դարի կեսին, ներքին և արտաքին կեղեքիչների դեմ հայ ժողովրդի մղած սոցիալական և ազգային-ազատագրական պայքարի պայմաններում։ XIX դ. 50-60-ական թվականներին հայ հասարակական մտքի ամենախոշոր և կենտրոնական դեմքը հեղափոխական-դեմոկրատական ուղղության հիմնադիր Միքայել Նալբանդյանն էր։ Արևմտահայ դեմոկրատիայի ներկայացուցիչներն էին Ս. Ոսկանյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և ուրիշներ։ 1850-1860-ական թվականներին դեմոկրատական և լուսավորական շարժումը հայ ժողովրդի քաղաքական և գաղափարական հասունության արտահայտությունն էր, այն մեծ դեր կատարեց հայ ազատագրական պայքարի, հասարակական մտքի ու մշակույթի հետագա զարգացման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 344