Հեգելականություն
Հեգելականություն, իդեալիստական փիլիսոփայական այն հոսանքների անվանումը, որոնք ելնում էին Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի ուսմունքից և զարգացնում նրա գաղափարները։ Ծագել է Գերմանիայում, XIX դ. 30—40-ական թթ.։ Կրոնի հարցերի շուրջը վիճաբանության ընթացքում առանձնացել են աջ հեգելականները (հին հեգելականներ), որոնք Հեգելին մեկնաբանում էին կրոնական ուղղադավանության ոգով (Կ. Հեշել, Հ. Հինրիխս, Հ. Գաբլեր), և օպոզիցիոն ձախ հեգելականները (երիտասարդ հեգելականներ՝ Դ. Շտրաուս, Ա. Ռուգե, Բ. Բաուեր, Լ. Ֆոյերբախ), որոնք ընդգծում էին պատմության մեջ սուբյեկտիվ գործոնի վճռական նշանակությունը՝ այն հակադրելով հեգելյան համաշխարհային ոգուն։ Միջանկյալ դիրք էր գրավում «ուղղափառ» հեգելականությունը, որը ձգտում էր պահպանել Հեգելի ուսմունքի «անաղարտությունը»։
19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին առաջացել է նեոհեգելականությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 330)։ |
|