Հացահատիկի էլևատոր
Հացահատիկի էլևատոր (լատին․՝ elevator – բարձրացնող), հացահատիկի ընդունման, կշռման, չորացման, մաքրման և բեռնման ու բեռնաթափման սարքավորումներով համալրված հացահատիկի մեծ զանգվածների պահպանման կառույց, մեքենայացված աշտարակային տիպի հացահատիկապահեստարան։
Ըստ նշանակության՝ տարբերում են՝ հացահատիկի ընդունման Էլևատոր (15–100 հազար տոննա տարողությամբ), որը տնտեսություններից ընդունում է հացահատիկ, մաքրում խառնուկներից, չորացնում, պահում, բեռնում և ուղարկում է սպառողներին, արտադրող Էլևատոր (10–15 հազար տոննա), որը կառուցում են աղացներին, համակցված կերերի գործարաններին կից, փոխբեռնման և նավահանգստային Էլևատոր (50–250 հազար տոննա), որը կառուցում են հացահատիկը մի տեսակի փոխադրամիջոցից մյուսին փոխբեռնող՝ խոշոր երկաթուղային կայարաններում, ծովովային և գետային նավահանգիստներում։
Էլևատորը հաճախ կատարում է մի քանի գործողություններ. օրինակ՝ արտադրող Էլևատորը կարող է հացահատիկն ընդունել երկաթուղային փոխադրամիջոցից, պահել, ուղարկել ձեռնարկություն և կատարել հացահատիկի ընդունման գործողություններ։ Էլևատորի տեխնոլոգիան և փոխադրամիջոցային հիմնական սարքավորումները տեղադրվում են աշխատանքային շինությունում (հացահատիկաչորացուցիչները հաճախ տեղակայում են Էլևատորի կամ սիլոսի մասնաշենքի մոտ)։ Հացահատիկը պահում են միաձույլ կամ հավաքովի երկաթբետոնե (30 մ և ավելի բարձրությամբ, 6–9 մ տրամագծով) կլոր, հազվադեպ՝ քառակուսի (3x3 մ չափերով) տարողություններում։ Էլևատորը համալրվում է նաև հացահատիկաչորացուցիչ ագրեգատներով։ Ընդունման բունկերներից հացահատիկը շերեփավոր փոխակրիչներով (նորիաներով) բարձրացվում է շինության վերնամասը, մաքրվում է խառնուկներից, չորացվում և տարվում է դեպի հացահատիկը հորերի (աշտարակների) մեջ լցնող, դրանց վերևում տեղադրված փոխադրիչները։ Հորերից (աշտարակներից) հացահատիկի զանգվածը փոխադրիչների վրա բեռնաթափվում է այդ հորերի (աշտարակների) հատակին գտնվող ձագարներով համալրված ճեղքերից։ Հորերի մի մասը համալրված է հացահատիկի վարակազերծման և ակտիվ օդափոխության սարքավորումներով։ Հացահատիկի զանգվածի ջերմաստիճանը վերահսկվում է տարբեր մակարդակներում դրված ջերմաստիճանացույցներով։
Ժամանակակից Էլևատորներում մեքենաներն ու մեխանիզմները կառավարվում են կենտրոնական կարգավորիչ վահանակից։ Խոշոր Էլևատորներում օգտագործվում են համակարգիչներ, որոնք հնարավորություն են տալիս կառավարել հացահատիկի բեռնումն ու բեռնաթափումը, հետևել մեխանիզմների աշխատանքին։ Չոր, մաքրված հացահատիկը պահպանելու համար Էլևատորներում օգտագործվում են 1–18 մ տրամագծով և 12 մ բարձրությամբ պողպատե և 5,7 մ տրամագծով ու 10,8 մ բարձրությամբ ալյումինե տարողություններ։ Կան մինչև 40 մ տրամագծով և մինչև 16 մ բարձրությամբ տարողություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |