Հայկական ռոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
System of a Down

Հայկական ռոքը ռոք երաժշտության հայկական տարբերակն է, որ սկիզբ առավ 1960-ական թվականների կեսերից Հայկական ԽՍՀ-ում։ Երևանում, Լենինականում և Կիրովականում գործում էին համամիութենական մակարդակի մեծաթիվ ռոք-խմբեր և կատարողներ, այդ թվում Արթուր Մեսչյանի «Առաքյալները», «Կալեյդոսկոպ», «1+2», և Երևանի «Դինամո» դահլիճում տեղի էին ունենում միջհանրապետական ռոք-փառատոներ։ Չնայած հետագա պետական ճնշումներին և միջամտություններին (այսպես, Ստաս Նամինի խումբը 1980-ին արտաքսվեց Հայաստանից), 1980-ականներին հայտնվեցին նոր սերնդի հետաքրքիր խմբեր - «Ասպարեզը», որ ալբոմ թողարկեց սովետական «Մելոդիա» ֆիրմայում, և Արթուր Միտինյանի լեգենդար «Այասը» (Երևանի -"Rock, Rock, Rock" և Սիսիանի փառատոների հաղթող)։ Սիրված խմբերի թվում էին «Տարերքը», հետագայում ԱՄՆ տեղափոխված "Տեսիլքը" և Արթուր Սահակյանի «Մաքսիմումը» հարդ-ռոք հիթերի իր մեկնաբանություններով։

1982-ին Լիդայի (Բելառուսիա) Միջազգային փառատոնում մրցանակ շահեց Լենինականի «Բամբիռ» խումբը։

1986-ին հայտնվեց հայկական ռոքի թերևս ամենանշանակալի ու ազդեցիկ խումբը- «Ոստան Հայոցը», որ ընդմիջումներով գոյություն ունի մինչ օրս։ «Ոստան Հայոցի» նախընտրած ոճը իրենց իսկ շնորհիվ հայացված հարդ-ռոքն է։ Խմբի անդամներից Արեգ Նազարյանը Հայաստանի սիրված երաժիշտներից և հնչյունավորողներից է, «Կիլիկիա» նավի անձնակազմի անդամ, մեծ է նրա ներդրումը և հայկական ռոքի ու նրա արիական փիլիսոփայության կազմավորման գործում։

«Dumbarton Oaks»-ը հանրապետությունում առաջիններից մեկն էր, որ միախառնեց ռոքի ու դասականի տարրերը ինչպես ասենք "Once Upon a Time There Lived a Cadence" կոմպոզիցիայում։ Հետագայում ճանաչում ձեռք բերեցին «MDP» և «Oaksenham» խմբերը։

Սկսած 1980-ականներից սեփական երգերի կատարումներով հանդես է գալիս Վահան Արծրունին, որն իր ինքնատիպ ոճով ու հաճախակի համերգներով դարձավ Հայաստանում թե նրա սահմաններից դուրս ճանաչված արվեստագետ։ Արծրունին «Գաուդեամուս» երևանյան ռոք-փառատոների կազմակերպիչն էր, որտեղ հանդես էին գալիս «Ոստան Հայոցը», «Strangers»-ը, «Hieronymus Bosch»-ը, մոսկովյան «Կրեմատորին»։ Նրա հիմնած «Artsruni»-ն արժանացավ եվրոպական երաժշտագետների բարձր գնահատականին։

«Լավ Էլի»-ի ղեկավար Գոռ Մխիթարյանը հաջողության հասավ նաև ԱՄՆ-ում։

Ներկայումս ակտիվորեն գործող խմբերից են «The Kings' Cross»-ը, «Alter Ego»-ն, «Նաիրի»-ն և «Empyray»-ը, «Daeron»-ը, Դիվահարը։

Նոր սերնդի շատ ներկայացուցիչներ իրենց համարում են հայ-ամերիկյան «System of a Down»-ի հետևորդներ։ Երիտասարդների կողմից սիրված խմբերից են Դորիանսը, «The Beautified Project»-ը, «Սարդ»-ը, «Բամբիռ»-ը, «Աստծո Բանակը», «Որդան Կարմիր», «Ռեինկարնացիա»-ն և «Արամազդ» սփիդ-մեթալ խումբը։ Կան նաև հայկական բլեք մետալ խմբեր՝ Ռահվիրա, Blood Covenant, Դիվահար, Բոկռագ Death մետալ խումբը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ռոք խմբեր

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]