Հայկ Նիկողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Նիկողոսյան
Ծնվել էապրիլի 19, 1955(1955-04-19) (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1978) և Մոսկվայի Պ.Ա. Գերցենի ուռուցքաբանության հետազոտական ինստիտուտ (1981)
Մասնագիտությունբժիշկ, պետական գործիչ և քաղաքական գործիչ
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1990)
ԱշխատավայրԱկադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Եյլի համալսարան, ՀՀ ԱՆ և Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Հայկ Արայի Նիկողոսյան (ապրիլի 19, 1955(1955-04-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), առողջապահության կազմակերպիչ, պետական գործիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1993): ՀՀ առողջապահության նախարար (1998-2000)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Նիկողոսյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 19-ին, Երևան քաղաքում։ 1978 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1978-1981 թվականներին սովորել է Մոսկվայի ուռուցքաբանության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1982 թվականից եղել է «Դիագնոստիկա» բժշկական միավորման կազմակերպիչներից և հիմնադիր ղեկավարը։ 1982 թվականին ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1982-1987 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ տարածքում առաջին հանրապետական ախտորոշիչ կենտրոնը, 1987-1990 թվականներին եղել ԽՍՀՄ առողջապահության նախարարության համապատասխան խորհրդի անդամ, համակարգել է խորհրդային նախկին տարածքում ախտորոշիչ կենտրոնների ստեղծման աշխատանքը։ 1989 թվականին եղել է 1988 թվականի աղետալի երկրաշարժից տուժածներին օգնություն ցույց տալու նպատակով ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական հետազոտությունների ադմինիստրացիայի (NASA) կազմակերպած «ԱՄՆ-Հայաստան» առաջին տրանսատլանտյան բժշկական արբանյակային հեռուստակամրջի համաղեկավար։ 1988-1992 թվականներին ղեկավարել է «Դիագնոստիկա» բժշկական միավորումը, 1992-1998 թվականներին եղել է նույն միավորման խորհրդի նախագահը։ 1990 թվականին Մոսկվայի Սեմաշկոյի անվան հանրային առողջության և առողջապահության կառավարման համամիութենական ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` ստանալով առողջապահության կազմակերպման գծով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1993 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ 1992-1994 թվականներին եղել է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) տնօրենների խորհրդի և ԱԱԻ գիտական խորհրդի նախագահ։ 1991-1998 թվականներին ղեկավարել է ԱԱԻ ախտորոշման ամբիոնը[1]։

1995 թվականին հրավիրվել է ԱՄՆ` գիտական, այնուհետև նաև դասախոսական աշխատանքի։ 1996-1997 թվականներին եղել է ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանի «Արևելք-Արևմուտք» գիտական կենտրոնի հրավիրված պրոֆեսոր։ 1997 թվականին ընտրվել է առողջապահական գիտությունների գծով Եվրոպական միության փորձագետ։ 1998 թվականին եղել է միջազգային հեռուստաբժշկական համագործակցության գծով ԱՄՆ-ի Յեյլի համալսարանի հրավիրված պրոֆեսոր։ 1995-1999 թվականներին եղել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաբժշկական խորհրդի, 1997-2000 թվականներին` Ռուսաստանի էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ և բժշկական ախտորոշման հայկական միության նախագահ։ Միջազգային մի շարք բժշկագիտական ասոցիացիաների անդամ է։ 1998-2000 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարը։ 2000-2007 թվականներին զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակում (նստավայրը` Կոպենհագեն, Դանիա), որոնցից վերջինը եղել է ոչ տարափոխիկ հիվանդությունների և կենսաձևի բաժնի ղեկավարի պաշտոնը։ 2007 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ծխախոտի դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայի մշտական քարտուղարության ղեկավարն է (նստավայրը` Ժնև, Շվեյցարիա)[2]։

Աշխատանքները վերաբերում են ՀՀ-ում առողջապահության զարգացման միջազգային նվաճումներին, նոր տնտեսագիտական չափորոշիչների, բժշկական ապահովագրության մեխանիզմների ներդրման, հանրային առողջապահական և ոչ տարափոխիկ հիվանդությունների կանխարգելման խնդիրներին[3]։

2017 թվականից սկսած Նիկողոսյանը հանդիսանում է Գլոբալ առողջապահության կենտրոնի ավագ գիտաշխատող, Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Գրում և դասախոսում է միջազգային մակարդակով գլոբալ առողջապահության ոլորտում[4][5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք դուստր։

Պաշատոնավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Գագիկ Ստամբոլցյան
ՀՀ առողջապահության նախարար
Հայկ Նիկողոսյան

1998-2000
Հաջորդող
Արարատ Մկրտչյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՌԵԿՏՈՐՆԵՐ ԵՎ ՏՆՕՐԵՆՆԵՐ | Առողջապահության ազգային ինստիուտ». nih.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  2. Հայկ Նիկողոսյանի մասին Երևանի պետական բժշկական համալսարանի կայքում(չաշխատող հղում)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 226։
  4. «Graduate Institute bio».(չաշխատող հղում)
  5. «ResearchGate profile».