Հակոբ Պարոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Պարոնյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 19, 1843 |
Ծննդավայր | Ադրիանապոլիս, Ադրիանապոլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 27, 1891 (47 տարեկան) |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Գերեզման | Ստամբուլ |
Մասնագիտություն | երգիծաբան, վիպասան, գրող և խմբագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ուշագրավ աշխատանքներ | Պաղտասար աղբար և Մեծապատիվ մուրացկաններ |
Աշխատավայր | Մեղու, Փորձ, Խիկար և Մասիս |
Հակոբ Պարոնյան Վիքիքաղվածքում | |
Հակոբ Պարոնյան Վիքիդարանում | |
Hagop Baronian Վիքիպահեստում |
Հակոբ Պարոնյան (նոյեմբերի 19, 1843, Ադրիանապոլիս, Ադրիանապոլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մայիսի 27, 1891, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]), հայ գրող-երգիծաբան և լրագրող, XIX դարի երկրորդ կեսի հայ գրականության, հատկապես ռեալիստական արձակագրության ներկայացուցիչներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարոնյանը ծնվել է Ադրիանապոլիս քաղաքում։ Դեռ մանուկ հասակից զրկվել է հորից, մեծացել և սովորել է մոր հոգատարությամբ։
Պարոնյանի մանկության մասին քիչ տվյալներ կան։ Նրա՝ մանկական հասակում ստացած տպավորությունները մեզ հասել են Պարոնյանի ինքնակենսագրական բնույթի ակնարկներից։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթությունը հիմնականում ստացել է իր ծննդավայրի Արշակունյան վարժարանում։ Այնտեղ հայոց լեզվի հետ սովորում է նաև ֆրանսերեն, իտալերեն և բուլղարերեն։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1857 թվականին, ընդունվում է Ադրիանապոլսի հունաց մայր վարժարանը՝ հունարենի մեջ հմտանալու համար։ Պարոնյանը զբաղվում է նաև ինքնակրթությամբ, առանձնապես ուսումնասիրում է հայոց պատմությունն ու հայ գրականությունը, հին հունական փիլիսոփաների ու գրողների երկերը և եվրոպական հեղինակների ստեղծագործությունները։
Կարճ ժամանակ անց նա հեռանում է հունաց մայր ուսումնարանից ու աշխատանքի անցնում մի դեղագործի մոտ որպես աշակերտ։ Դրա հետ միասին նա կարդում է բնախոսության ու բժշկության վերաբերյալ մի շարք գրքեր և ավելի ընդլայնում իր մտահորիզոնը։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1863 թվականին Պարոնյանը մեկնում է Պոլիս։ Այնտեղ երկար ժամանակ աշխատանք չի գտնում։ Ի վերջո աշխատանք է գտնում հեռագրատանը։ 1868 թվականին նորից վերադառնում է Ադրիանապոլիս, մի քանի տարի հետո վերադառնում Պոլիս, նախ աշխատում հեռագրական գործակալություններում, ապա մասնավոր դասեր տալիս մեծահարուստ Մանուկյանների տանը (Պեշիկթաշում)։ Այնուհետև Պարոնյանը նշանակվում է դասատու Սկյուտարի ճեմարանում կամ Ճերմակ դպրոցում, որտեղ նրան աշակերտում է Պետրոս Դուրյանը։
Պոլսում Պարոնյանը կապվում է դեմոկրատական հոսանքի ներկայացուցիչների, մասնավորապես Հարություն Սվաճյանի հետ։ Սվաճյանի հրավերով սկզբում աշխատակցում է «Մեղու» երգիծաթերթին, իսկ հետո դառնում է նրա խմբագիրը (1872-1874 թվականներ)[2][3]։ 1874-1877 թվականներին խմբագրում է «Թատրոն» թերթը։ Բացի այդ` նա հեղինակն է հայ մանկական առաջին պարբերականի՝ «Թատրոն. բարեկամ մանկանց» պատկերազարդ երկշաբաթաթերթի (1874-1877), որի նպատակն էր «գրական ծաղկոց մը հիմնել սակս փոքրիկ տղայոց և աստ կրկնել հանապազ այն բարոյական և կրթական դասերը, որով միայն կարելի է պատվավոր մարդ և ներհուն քաղաքացի ըլլալ»[4]։
«Թատրոնի» փակումից հետո Պարոնյանը մի որոշ ժամանակ աշխատակցում է նաև «Մասիս» թերթին, ապա «Փորձ» հանդեսին։ Սակայն խմբագիրները, վախենալով Պարոնյանի կծու երգիծանքի ու խիստ քննադատության հետևանքներից, նրա գրած նյութերին տեղ չեն տալիս իրենց պարբերականներում։
Մեծ ջանքեր գործադրելով՝ Պարոնյանը կարողանում է հրատարակել «Խիկար» հանդեսը (1884-1888 թվականներ), սակայն թուրքական կառավարությունը մյուս հայ պարբերականների հետ միասին փակում է նաև այդ հանդեսը[5]։
Դրամատուրգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու տերով ծառա մը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր գրական գործունեությունը Պարոնյանն սկսել է թատերգությամբ։ Առաջին նախափորձը «Երկու տերով ծառա մը» (1865 թվական) կատակերգությունն է։ Նրա գլխավոր հերոսը Կոմիկ անունով մի ստահակ է, որ միաժամանակ ծառայելով երկու տիրոջ, փորձում է խառնակել հարաբերությունները և տիրանալ վաճառականի աղջկան։
Ատամնաբույժն արևելյան
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ատամնաբույժն արևելյան» (1868) կատակերգությունում զավեշտն ստանում է սոցիալական բովանդակություն։ Նյութական շահի վրա կառուցված անհամապատասխան ամուսնություններն անխուսափելիորեն իրենց դրաման են ստեղծում ընտանեկան հարաբերություններում։
Պաղտասար աղբար
[խմբագրել | խմբագրել կոդը]1886 թվականին Պարոնյանը գրում է «Պաղտասար աղբար» կատակերգությունը։ Դա հայ դրամատուրգիայի ամենակատարյալ ստեղծագործություններից մեկն է, որը մշտապես տեղ է գտել ազգային թատրոնի խաղացանկում։ Այն գեղարվեստական հետաքրքիր կառուցվածք ունի։ Դա յուրատեսակ բախում է Պաղտասարի և իրականության միջև, որտեղ նա հանդես է գալիս որպես միջոց և նպատակ՝ հասարակական կյանքի արատավոր հարաբերությունները մերկացնելու համար։
Բախումը սկիզբ է առնում առաջին տեսարանից։ Պաղտասար աղբարի կինը՝ Անույշը, սիրային կապերի մեջ էր Կիպարի հետ, և զավեշտալին այն էր, որ Պաղտասարը ընտանեկան այդ գաղտնիքը հայտնում է հենց Կիպարին՝ նրա օգնությամբ բացահայտելու կնոջ անհավատարմությունը։ Ապա ասպարեզ են գալիս փաստաբան Օգսենը, դատաստանական խորհրդի անդամներ Փայլակը, Երկաթը, Սուրը, սպասուհի Սողոմեն, դրացիները՝ ստահակների մի ամբողջ հավաքածու, որոնք, կեղծիքի ու բանսարկության որոգայթի մեջ առնելով Պաղտասարին, փորձում են շպարել ճշմարտությունը։
Կատակերգության որոշ մեկնաբաններ Պաղտասարի կերպարի մեջ նշմարում են բուրժուական ընտանիքի արատավոր բարքերի արտահայտություն, ոմանք էլ նրան ներկայացնում են որպես միամիտ մի անձնավորություն, որը խաղալիք է դառնում բանսարկուների և ստահակների սարքած խաղերին։ Դրանք սխալ մեկանաբանություններ են, քանի որ Պաղտասարը «խաղում է» կատակերգությունը, իսկ իրականում նա բարձր է կանգնած իր միջավայրից և իր պահվածքով ի ցույց է դնում ապազգայնացված ստահակների խեղկատակությունը։
Այլ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարոնյանի ստեղծագործության ամենածավալուն բաժինը լրատվական երգիծանքն է։ Այս տեսակետից հատկապես ուշագրավ են «Կսմիթներ» և «Հոսհոսի ձեռատետրը» երգիծապատումները։
Պարոնյանը հայտնի է եղել նաև իբրև դրամատուրգ և արձակագիր, գրել է նաև բանաստեղծություններ։ Պարոնյանի այլ գործերից առավել հայտնի է «Ազգային ջոջեր» դիմանկարների շարքը, որտեղ հեղինակը սուր լեզվով նկարագրել է ժամանակի այնպիսի գործիչների, ինչպիսիք են Ծերենցը, Գրիգոր Արծրունին, Քրիստոստուր Ղազարոսյանը, Նար Պեյը, Անտոն Հասունյանը և այլք։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1888 թվականին թուրքական կառավարության կողմից հայ պարբերականները փակելուց հետո Պարոնյանը զրկվում է գրական աշխատանք կատարելու հնարավորությունից։ Գումար աշխատելու համար հաշվապահ է աշխատում։ Սակայն այդ աշխատանքը նյութապես չի ապահովում նրան։ Հյուծող հիվանդությունը՝ թոքախտը, արդեն վերջնականապես քայքայել էր նրա օրգանիզմը։ Պարոնյանը վախճանվում է 1891 թվականի մայիսի 27-ին, Կ․ Պոլսում։ Պոլսահայ գաղթօջախն անմիջապես զգաց հանճարի կորստյան մեծության սարսափը... Անբացատրելի մի տխրությամբ համակվեցին անգամ երգիծաբանի անողոք գրչի տակ քանիցս ծաղրված «ազգային ջոջերը», և հանկարծ նիրհած խիղճն արթնացավ նրանց սրտերում. հրաժեշտի իր խոսքով հանդես եկավ Նար-Պեյ Սրբազանը՝ ընդգծելով, որ «յուր գործեր անմահ կը մնան և պետք է գիտնալ օգտվիլ անոր թողած արդար քննադատություններեն, որպեսզի կարենա հանդարտ հանգչիլ յուր գերեզմանին մեջ»[6]։
Հիմնական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ատամնաբույժն արևելյան»
- «Պաղտասար աղբար»
- «Շողոքորթն»
- «Երկու տերով ծառա մը»
Ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ»
- «Քաղաքավարության վնասները»
Լրագրական արձակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հոսհոսի ձեռատետր»
- «Ծիծաղ»
- «Կսմիթներ»
- «Նետ»
- «Քաղաքական»
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբ Պարոնյանի անունն է կրում Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկը, Երևանի № 59 հիմնական դպրոցը, Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը։
1965 թ. Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Ազատության պողոտայի թիվ 12 և 14 բնակելի շենքերի միջև, տեղադրվել է Հակոբ Պարոնյանի հուշարձանը։ Քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է։
2018 թվականի դեկտեմբերի 28-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հակոբ Պարոնյանի ծննդյան 175-ամյակը» թեմային։ 230 անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող Հակոբ Պարոնյանը՝ իր ձեռագրերի և հերոսների խորապատկերին (դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի)[7]։
2019 թվականի հոկտեմբերի 5-ին Ստամբուլի Շիշլիի Ազգային գերեզմանատան հրապարակում Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի նախագահությամբ տեղի է ունեցել հանճարեղ երգիծաբանի արձանի բացման արարողությունը[8]։
Պարոնյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարոնյանը միշտ պիտի փայլի իր սեռին մեջ թե՛ իմացական սուր կարողությամբ, թե՛ երգիծաբանական բեղուն հմտությամբ և թե՛ լեզվական ընտիր, վճիտ բացատրությամբ։ - Մատթեոս Մամուրյան
|
Պարոնյանի ծաղրը՝ երբեմն խիստ և անողոք, մեծ մասամբ՝ ավելի նուրբ, հումորով լի, գրեթե բարեհոգի, բայց և այնպես միշտ դիպուկ և շեշտակի, շոշափում է հայկական կյանքի գրեթե բոլոր բացասական երևույթները։ - Յուրի Վեսելովսկի[9]
|
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդության մեջ սիրելու համար կապրինք, իսկ ծերության մեջ՝ ապրելու համար կըսիրենք։ - [10]
|
Պարզությունն ու ճշմարտությունը այնպիսի գեղեցկություններ են, որ ամեն բանի մեջ կփնտրվին ամեն բանէ առաջ[11]։ - Ընտիր երկեր, Հատոր Բ, 1955, Երևան, էջ 35
|
Երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ատամնաբոյժն Արևելեան, Կ. Պոլիս, 1868, 128 էջ։
- Ազգային ջոջեր, մաս Ա, Կ. Պոլիս, 1879, էջ 1–160:
- Ազգային ջոջեր, մաս Բ, Կ. Պոլիս, 1880, էջ 161–320:
- Ազգային ջոջեր, մաս Գ, Կ. Պոլիս, 1880, 48 էջ։
- Պտոյտ մը Պօլսոյ թաղերու մէջ, Կ. Պոլիս, 1880, 224 էջ։
- Ծիծաղ, Կ. Պոլիս, 1883, 480 էջ։
- Մեծապատիւ մուրացկաններ, Կ. Պոլիս, 1887, 148 էջ։
- Ազգային ջոջեր, Թիֆլիս, 1891, 384 էջ։
- Մեծապատիւ մուրացկաններ, Թիֆլիս, 1891, 164 էջ։
- Հոսհոսի ձեռատետրը։ Պտոյտ մը Պօլսոյ թաղերու մէջ։ Խիկարի գուշակութիւնք, Թիֆլիս, 1892, 440 էջ։
- Մեծապատիւ մուրացկաններ, Թիֆլիս, 1895, 164 էջ։
- Ազգային ջոջեր, Թիֆլիս, 1896, 404 էջ[12]։
- Արևելեան ատամնաբոյժ, Թիֆլիս, 1899, 160 էջ։
- Երկասիրութիւններ, հատ. Ա. Ծիծաղ, Թիֆլիս, 1899, 480 էջ։
- Երկասիրութիւններ, հատ. Բ. Ատամնաբոյժն արևելեան, Թիֆլիս, 1899, 160 էջ։
- Երկասիրութիւններ, հատ. Գ. Քաղաքաւարութեան վնասները, Թիֆլիս, 1900, 224 էջ։
- Հոսհոսի ձեռատետրը։ Պտոյտ մը Պօլսոյ թաղերու մէջ։ Խիկարի գուշակութիւնք, Թիֆլիս, 1900, 440 էջ։
- Մեծապատիւ մուրացկաններ, Թիֆլիս, 1900, 164 էջ։
- Քաղաքավարութեան վնասները, Թիֆլիս, 1901։
- Մեծապատիւ մուրացկաններ, Կ. Պոլիս, 1909, 103 էջ։
- Մեծապատիւ մուրացկաններ, Կ. Պոլիս, 1910։
- Ամբողջական երկեր, հատ. Ա. Մեծապատիւ մուրացկան-ները, Կսմիթներ, Կ. Պոլիս, 1910, 176 էջ։
- Ամբողջական երկեր, հատ. Բ. Պաղտասար աղբար, Պռոյգ, Կ. Պոլիս, 1910, 112 էջ։
- Ամբողջական երկեր, հատ. Գ. Ատամնաբոյժն արևելեան, Կ. Պոլիս, 1910, 208 էջ։
- Ամբողջական երկեր, հատ. Դ. Ազգային ջոջեր, Կ. Պոլիս, 1912, 348 էջ։
- Շողոքորթը, Կ. Պոլիս, 1920, 56 էջ։
- Ամբողջական երկեր, հատ. Ա. Ազգային ջոջեր, Կ. Պոլիս, 1924, 276 էջ։
- Ընտիր յերկեր, պրակ 1, Մոսկուա, 1927։
- Ընտիր յերկեր, պրակ 2. Ատամնաբույժն արևելյան, Պաղտասար աղբար, Քաղաքավարության վնասները, Մոսկուա, 1927։
- Ընտիր յերկեր, պրակ 3. Ազգային ջոջեր, Հոսհոսի ձեռատետրը, Ծիծաղ, Մոսկուա, 1927։
- Մեծապատիվ մուրացկաններ, Յերևան, 1928, 144 էջ։
- Յերկերի լիակատար ժողովածու, հատ. I. Մեծապատիվ մուրացկաններ, Քաղաքավարության վնասները, Խիկարի գուշակությունք, Յերևան, 1931, 272 էջ։
- Յերկերի լիակատար ժողովածու, հատ. II. Պաղտասար Աղբար, Ատամնաբույժն արևելյան, Շողոքորթ, Պռույգ, Յերկու տիրոջ ծառա մը, Յերևան, 1932, 288 էջ։
- Յերկերի լիակատար ժողովածու, հատ. III. Ազգային ջոջեր, Յերևան, 1932, 268 էջ։
- Մեծապատիւ մուրացկաններ, Սօֆիա, 1933, 115 էջ։
- Յերկերի լիակատար ժողովածու, հատ. IV. Կսմիթներ, Հոսհոսի ձեռատետրը, Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ, Յերևան, 1934, 292 էջ։
- Մեծապատիվ մուրացկաններ, Յերևան, 1934, 152 էջ։
- Քաղաքավարության վնասները, Յերևան, 1934, 192 էջ։
- Յերկերի լիակատար ժողովածու, հատ. V. Ծիծաղ, Յերևան, 1935, 280 էջ։
- Յերկերի լիակատար ժողովածու, հատ. VI. Առտնին տեսարաններ, Յերևան, 1935, 328 էջ։
- Յերկերի լիակատար ժողովածու, հատ. VII. Մանր յերկեր, Յերևան, 1936, 328 էջ։
- Յերկերի լիակատար ժողովածու, հատ. VIII. Կսմիթներ, Յերևան, 1936, 464 էջ։
- Հոսհոսի ձեռատետրը և Խիկարի գուշակութիւնք, Գահիրէ, 1936, 160 էջ։
- Մեծապատիվ մուրացկաններ, Յերևան, 1936, 88 էջ։
- Յերկերի լիակատար ժողովածու, հատ. IX. Խայթվածք, Յերևան, 1938, 400 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. X. Խիկարին հետ, Երևան, 1947, 400 էջ։
- Խնդալով, Պոսթըն, 1947, 215 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. XI. Ասկե-անկե, Երևան, 1948, 278 էջ։
- Մեծապատիվ մուրացկաններ, Երևան, 1950, 88 էջ։
- Ազգային ջոջեր, Պէյրութ, 1951, 296 էջ։
- Հոսհոսի ձեռատետրը, Պէյրութ, 1952, 136 էջ։
- Ընտիր երկեր, հատ. 1. Մեղու, Թատրոն, Կսմիթներ, Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ, Ազգային ջոջեր, Մեծապատիվ մուրացկաններ, Հոսհոսի ձեռատետրը, Երևան, 1954, 576 էջ։
- Շողոքորթը, Իսթանպուլ, 1954, 56 էջ։
- Քաղաքավարութեան վնասները, Գահիրէ, 1954, 160 էջ։
- Ընտիր երկեր, հատ. 2. Ծիծաղ, Քաղաքավարության վնասները, Առտնին տեսարաններ, Խիկար, Օրագրությունք Խիկարի, Նետ, Դիտողությունք Խիկարի, Քանի մը խոսք առ տիկին պատմություն, Գրպանի տետրս, Խոսակցություն մեռելոց, Պաղտասար Աղբար, Երևան, 1955, 644 էջ։
- Մեծապատիւ մուրացկաններ, Պէյրութ, 1955, 120 էջ։
- Մեծապատիւ մուրացկաններ, Վենետիկ, 1955, 108 էջ։
- Քաղաքաւարութեան վնասները, Պէյրութ, 1955, 97 էջ։
- Երկեր. Կսմիթներ, Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ, Ազգային ջոջեր, Մեծապատիվ մուրացկաններ, Քաղաքավարության վնասները, Պաղտասար Աղբար, Երևան, 1958, 500 էջ։
- Մեծապատիվ մուրացկաններ, Երևան, 1958, 88 էջ։
- Քաղաքավարության վնասները, Երևան, 1959, 72 էջ։
- Մեծապատիվ մուրացկաններ, Երևան, 1961, 88 էջ։
- Մեծապատիւ մուրացկաններ։ Քաղաքաւարութեան վնասները։ Առտնին տեսարաններ։ Պաղտասար Աղբար, Իսթանպուլ, 1961, 416 էջ։
- Ազգային ջոջեր։ Պտոյտ մը Պօլսոյ թաղերու մէջ, Իսթանպուլ, 1962, 388 էջ։
- Մեծապատիւ մուրացկաններ, Գահիրէ, 1962, 144 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 1. Երկու տերով ծառա մը, Ատամնաբույժն արևելյան, Շողոքորթն, Պաղտասար աղբար, Պռույգ, Երևան, 1962, 464 էջ։
- Անհայտ էջեր և աֆորիզմներ, Երևան, 1964, 220 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 2. Ազգային ջոջեր, Երևան, 1964, 408 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 3. Մեծապատիվ մուրացկաններ, Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ, Քաղաքավարության վնասները, Երևան, 1964, 424 էջ։
- Մեծապատիւ մուրացկաններ, Պէյրութ, 1964, 120 էջ։
- Քաղաքաւարութեան վնասները, Պէյրութ, 1964, 154 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 4. Քաղաքական, Կսմիթներ, Խտղտում, Հոսհոսի ձեռատետրը, Լուսարարի նամակները, Երևան, 1965, 576 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 5. Ծիծաղ, Այլաբանական այլ երկեր, Երևան, 1965, 400 էջ։
- Պաղտասար Աղբար, Պէյրութ, 1965, 92 էջ[13]։
- Երկերի ժողովածու, հատ. 6. Կենցաղային երգիծանք, Երևան, 1968, 440 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 7. Մանր երկեր, Խայթվածք, Փոխառություն, Երևան, 1969, 474 էջ։
- Երկեր. Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ, Ազգային ջոջեր, Մեծապատիվ մուրացկաններ, Քաղաքավարության վնասները, Ատամնաբույժն Արևելյան, Պաղտասար Աղբար, Երևան, 1969, 784 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 8. Մեղու, Երևան, 1972, 552 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 9. Թատրոն, Երևան, 1975, 392 էջ։
- Երկեր. Մեծապատիվ մուրացկաններ, Ազգային ջոջեր, Կսմիթներ, Հոսհոսի ձեռատետրը, Երևան, 1976, 192 էջ։
- Քաղաքավարության վնասները, Երևան, 1976, 132 էջ։
- Մեծապատիւ մուրացկաններ, Պէյրութ, 1977, 96 էջ։
- Մժղուկ։ Թմբուկ, Երևան, 1977, 88 էջ։
- Լեռը մարգարէին քով չ՛երթայ նէ՛ մարգարէն լեռան քով կ՛երթայ։ Ալաֆրանկա, Պէյրութ, 1978, 96 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 10, Երևան, 1979, 780 էջ։
- Երկեր. Ազգային ջոջեր, Մեծապատիվ մուրացկաններ, Քաղաքավարության վնասները, Ատամնաբույժն Արևելյան, Պաղտասար աղբար, Երևան, 1979, 668 էջ։
- Մեծապատիւ մուրացկաններ, Վենետիկ, 1981, 108 էջ։
- Մեծապատիւ մուրացկաններ։ Պտոյտ մը Պօլսոյ թաղերու մէջ, Պէյրութ, 1981, 141 էջ։
- Պաղտասար Աղբար, Երևան, 1985։
- Երկեր, Երևան, 1987, 360 էջ։
- Հոսհոսի ձեռատետրը, Անթիլիաս, 1989, 124 էջ։
- Յեղափոխականը, Լոս Անճելըս, 1990, 104 էջ։
- Մեծապատիւ մուրացկաններ, Անթիլիաս, 1991, 101 էջ։
- Քաղաքավարութեան վնասները, Հալէպ, 1992, 176 էջ։
- Մեծապատիւ մուրացկաններ, Լոս Անջելես, ա. թ., 112 էջ։
- Երկեր, հատ. Ա. Անժամանցելի երգիծանք, Ազգային ջոջեր, Պտոյտ մը Պոլսոյ թաղերուն մէջ, Հոսհոսի ձեռատետրը, Անթիլիաս, 1995, 416 էջ։
- Երկեր, հատ. Բ. Մեծապատիւ մուրացկաններ, Պաղտասար աղբար, Քաղաքավարութեան վնասները, Առտնին տեսարաններ, Անթիլիաս, 1995, 344 էջ։
- Պտոյտ մը Պօլսոյ թաղերու մէջ, Հալէպ, 2002, 200 էջ։
- Մեծապատիւ մուրացկաններ, Անթիլիաս, 2003, 101 էջ[14]։
- Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 208 էջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գառնիկ Ստեփանյան, Հակոբ Պարոնյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1956, 183 էջ։
- Գևորգ Մադոյան, Հակոբ Պարոնյան, Հայպետհրատ, 1960,189 էջ[15]։
- Գառնիկ Ստեփանյան, Հակոբ Պարոնյան (կյանքը և հրապարակախոսությունը), Երևան, 1964, 276 էջ։
- Հայ նոր գրականության պատմություն, հատ. 3, Երևան, 1964, էջ 421-499։
- Թ. Գ. Ջուհարյան «Հայ Գրականություն», Երևան, 1990։
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 4, Երևան, 2003։
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 ПАРОНЯ́Н Акоп Ованесович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1975. — Т. 19. — С. 226–227.
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄԵՂՈՒ». Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան».
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԹԱՏՐՈՆ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԽԻԿԱՐ». Վերցված է 2023 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Մակարյան, Ալբերտ (2018). Կրկին Պարոնյանի հետ. Երևան: Անտարես. էջեր 11–12. ISBN 978-9939-76-210-4.
- ↑ «Մեծանուն հայեր. Հակոբ Պարոնյանի ծննդյան 175-ամյակը». www.haypost.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Ստամբուլում բացվել է Հակոբ Պարոնյանի արձանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Հայկական հանրագիտարան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed. (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 20.
- ↑ 11,0 11,1 Հայկական ՍԱՌ ԳԱ թղթակից - անդամ Մ. Մ. Մկրյան. «Հոդվածներ և հաղորդումներ. Հակոբ Պարոնյան (Ծննդյան 120-ամյակի առթիվ)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Հակոբ, Պարոնյան (2015 թ․ հոկտեմբերի 9). Ազգային ջոջեր. Aegitas. ISBN 9781772468052.
- ↑ Հակոբ, Պարոնյան (2015 թ․ հոկտեմբերի 9). Պաղտասար աղբար. Aegitas. ISBN 9781772467925.
- ↑ Հակոբ, Պարոնյան (2015 թ․ ապրիլի 29). Մեծապատիվ Մուրացկաններ. Aegitas. ISBN 9781772467093.
- ↑ Մադոյան, Գևորգ (1960). Հակոբ Պարոնյան. Հայպետհրատ.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Պարոնյանը գրապահարանում Արխիվացված 2020-07-03 Wayback Machine
- Հակոբ Պարոնյան
- Հակոբ Պարոնյանը՝ մեծ տերությունների դիվանագիտության քննադատ
- Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Պարոնյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Պարոնյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Պարոնյան» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 19 ծնունդներ
- 1843 ծնունդներ
- Ադրիանուպոլիս քաղաքում ծնվածներ
- Մայիսի 27 մահեր
- 1891 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայկական գիր և գրականություն
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- 19-րդ դարի հայ գրողներ
- Անձինք Էդիրնեից
- Արևմտահայ դրամատուրգներ
- Արևմտահայ երգիծաբաններ
- Թուրքահայ արձակագիրներ
- Թուրքահայ լրագրողներ
- Հայ ուսուցիչներ
- Հայ տղամարդ գրողներ
- Հայ ֆելիետոնիստներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Օսմանյան կայսրության անձինք