Կրակե շապիկ (վեպ)
Կրակե շապիկ | |
---|---|
Հեղինակ | Վարդգես Պետրոսյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Էջեր | 592 |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման տարեթիվ | 1986 |
Վիքիքաղվածք | Կրակե շապիկ |
«Կրակե շապիկ», ականավոր հայ գրող Վարդգես Պետրոսյանի վեպ[1]։ Հրատարակվել է 1986 թվականին։ Վեպը գրական մամուլում տպագրվել է «Դատարկ աթոռներ ծննդյան տոնին» վերնագրով։ Վեպում կան պետրոսյանական բազմաթիվ մտքեր և աֆորիզմներ[2][3]։
Վեպի հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի հերոսները բազմաթիվ են և ներկայացնում են տարբեր ոլորտներ։ Տարբեր հերոսների բնավորությունների, աշխատանքային գործունեության, ապրելու և կյանքին վերաբերվելու փիլիսոփայությունների համադրմամբ հեղինակին հաջողվում է ներկայացնել 1980-ական թվականների երևանյան և շրջանային խորհրդային կյանքը՝ սրանց զուգահեռ ներկայացնելով նաև տարբեր գաղթօջախներում բնակվող հայերի առօրյան, առկա հիմնախնդիրներն ու կյանքի դժվարությունները, հայրենիքից հեռու գտնվելու պատճառներն ու հետևանքները սերունդների վրա։ Սերունդների և ծնողների բախման միջոցով հեղինակը ցույց է տալիս հայապահպանության հիմնահարցը գաղթօջախներում։ Մի դեպքում ծնողներն են հեռանում հայկական արմատներից ու իրականությունից (Սիրակ Վահանյան), փոխարենը երեխաներն են ձգտում հայրենիք (Սիրակ Վահանյանի երեխաներ), մեկ այլ դեպքում՝ հակառակը։
Վեպում զուգահեռ նկարագրվում են երկու տարբեր ժամանակաշրջաններ. հիմնական գործողությունները կատարվում են 1980-ականներին, սակայն, վեպի միջանկյալ գլուխներում մեջբերվում են Մուստաֆա Նեդիմի «Հայ եղեռնը. իմ վկայությունները» գրքից հատվածներ։ Սրանով հեղինակին հաջողվում է 1980-ականներին սփյուռքահայերի առջև ծառացած հիմնախնդիրները կապել հիմնական պատճառի՝ հայերի ցեղասպանության և դրա հետևանքների հետ։ Մեկ ընտանիքի՝ Վահանյանների և նրանց հետ կապված ազգականների կյանքով հեղինակը ցույց է տալիս ողջ հայ ազգին բնորոշ մեկ հիմնահարց, այն է՝ բարեկամների, ազգականների սփռված լինելն աշխարհով մեկ և գաղթօջախներում առկա հայապահպանության հիմնահարցը։ Գլոբալ առումով, մեկ ընտանիքի ներկայացմամբ ցուցադրվում է հայ ազգի ամբողջական կերպարը. եղեռն, գաղթ, սփյուռք, հայապահպանություն, տարբեր երկրներում ապրող հայերի կողմից նյութական և հոգեկան արժեհամակարգերի տարբեր ընկալումներ և այլն։
Նունե տատիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպում քիչ է հանդիպում, շատ քիչ երկխոսություններում է մասնակցում, սակայն նրա բարեկամների, մյուս հերոսների միջոցով ամբողջովին տրվում է Նունե Վահանյան-Մուղնեցյանի հավաքական կերպարը. մեղմ, զուսպ, ընտանիքին նվիրված, գաղթից փրկված, հսկայական գերդաստանի մեծ մայր, որ ներկայումս ուղղակի տենչում է մեկ բան՝ տեսնել իր սիրասուն զավակին, Վարուժանի հորը՝ Արմենակ Վահանյանին, որը պատերազմից հետո հաստատվել է Հարավային Ամերիկայում և իր ծննդյան օրը տեսնել աշխարհով մեկ սփռված բերակամներին։ Մարմնով չորացած տատիկը մի անկյուն ուներ, որտեղ առանձնանում էր ու ինքն իր հետ կիսում իր ցավը։ Այս անկյունում նրա մահացած և ներկա բոլոր հարազատների նկարներն էին, որոնց հետ խոսում էր ու մորմոքում։ Նրա՝ 19-րդ դարից եկող տատիկի 85-ամյակի տոնակատարության շուրջն են զարգանում վեպում ընթացող գործողությունները։ Նրա ընտանիքի պատմությունը ամբողջ հայ ազգի պատմություն է. բարեկամները ցրված են որջ աշխարհով մեկ։ Եղբայրը՝ Բաղդասար Մուղնեցյանը, ընտանիքով Բեյրութում է, որդին՝ Վռամը՝ Տաշքենդում, մյուս որդին՝ Արմենակը, Հարավային Ամերիկայում, երրորդ որդին՝ Սիրակ Վահանյանը՝ Ավստրալիայում։ Իր կողքին էին միայն որդիներից մեկը՝ Տիգրան Վահանյանն ու դուստրը՝ Երանուհին։
Վարուժան Շիրակյան (Վահանյան)
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի գլխավոր հերոսն է, որի շուրջ պտտվում են վեպի հիմնական գործողությունները։ Խորհրդային գրող է, երիտասարդների կենդանի կուռքը, որն իր ստեղծագործություններում անչափ պատկերավոր ձևով ներկայացնում է ժամանակակից երիտասարդությանը հուզող հիմնախնդիրները։ Իր տատիկի՝ Նունիկի ամենասիրած թոռն է։ Ընտանեկան կյանքում դժբախտ է. չի սիրում կնոջը, չունեն երեխաներ, հայրը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անհայտ կորել է, հետո պարզվում է, որ նա ապրում է Հարավային Ամերիկայում և ունի երկրորդ ընտանիք։
Վարուժանի շատ արարքներ խոսում են շրջապատի մարդկանց նկատմամբ նրա անտարբերության, տվյալ պահին միայն սեփական «ես»-ի պահանջմունքները բավարարելու նկրտումների մասին, և շատ հաճախ չի նկատում հարազատ մարդկանց ցանկություններն ու կարիքը։ Այսպես, լինելով Նունիկ տատիկի ամենասիրած թոռը, հազվադեպ է ժամանակ գտնում այցելելու տատին։ Նա քար անտարբերությամբ է լսում նաև իր վաղեմի ընկերոջ խնդրանքը, մինչև կարճ ժամանակ անց լսում է նրա մահվան բոթը՝ անբուժելի հիվանդությունից։ Իսկ վեպի հիմնական հերոսուհիներից մեկը՝ Սյուզին, որն անկարողությունից և հուսահատությունից դրդված ցանկանում է կիսվել իր համար կուռք հանդիսացող գրող Վարուժանի հետ՝ հույս ունենալով, որ վերջինս կօգնի իրեն դուրս գալ անելանելի դրությունից, ուղղակի դառնում է Վարուժանի անտարբերության և ցրվածության զոհը։ Մինչդեռ Վարուժանը, հնարավոր է, կարողանար օգներ Սյուզիին, որպեսզի նա չկատարեր իր կյանքի ամենամեծ սխալը։
Արամ Վահանյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Եռանդուն, հայրենասեր, կրակոտ, հումորով երիատասարդ է, Վարուժանի հորեղբոր տղան։ Ի տարբերություն զուսպ, անկրակ Վարուժանի՝ Արամը կյանքին նայում է հումորով, սկզբում տպավորություն է ստեղծվում, թե նա թեթևսոլիկ է, անհոգ, սակայն վեպում կատարվող գործողություններին զուգահեռ Արամի հերոսն ավելի ու ավելի կենտրոնական կերպար է դառնում վեպում, երբ պարզ է դառնում, որ Արամի արտաքին թեթևսոլիկության տակ թաքնված է ընտանիքին ու ազգականներին նվիրված, նրանց օգնող, կայացած երիտասարդ։ Արամի և Վարուժանի միջև շատ են խոսակցային կոնֆլիկտները։ Արամը չի կարողանում հանդուրժել Վարուժանի սառնությունն ու եսակենտրոնությունը, իսկ Վարուժանին հունից հանում է Արամի ազատությունն ու պապի կողմից սիրված լինելու փաստը։
Արամը Շիրակ պապի ամենասիրած թոռն է և հենց նրան էլ պապը նվիրում է Մուստաֆա Նեդիմի «Հայ եղեռնը» օրագիրը, որի հատվածներից տեղ-տեղ մեջբերվում են վեպում։ Անձրևային մի օր, երբ Շիրակ պապը քթի տակ երգում է «Քելե, լաոն», Արամը հակադարձում է նրան, թե անձրևի ժամանակ անհնար է գնալ ինչ-որ տեղ։ Խոսակցության ժամանակ պապը կարոտից փլվում է գետնին ու հեկեկում։ Այդ օրվանից Արամը դառնում է Շիրակ պապի մտերմն ու ընկերը։
Արամի եռանդուն ջանքերի շնորհիվ է կյանքի կոչվում Վարուժանի սիրած տատիկի ծննդյան 85-ամյակի տոնակատարությունը, նրա նախաձեռնությամբ են հրավիրվում աշխարհով սփռված ազգականները, և վերջապես Արամն ընկերանում է և սիրահարվում այն Սյուզիին, որին անտարբերության մեջ թողել էր Վարուժանը, նույնիսկ այն բանից հետո, երբ իմանում է ողջ ճշմարտությունը Սյուզիի դժբախտ կյանքի մասին։
Տիգրան Վահանյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիրակ և Նունե Վահանյանների որդին է։ Գրագետ, զուսպ, հավասարակշռված, ընտանիքին ու ծնողներին նվիրված անձնավորություն է։ Շատ սկզբունքային է։ Նույնիսկ մերժում է իր քեռորդուն՝ վերջինիս աղջկան դպրոցում բարձր գնահատական դնելու համար, որի պատճառով քեռորդին նեղանում է նրանից։ Որպես դպրոցի տնօրեն փորձում է բարեփոխումներ անցկացնել դպրոցում, սակայն ստիպված է լինում հրաժարվել տնօրենի պաշտոնից, քանի որ անկարող էր դեմ գնալ իր մանկավարժական սկզբունքներին։ Նրա կիրառած մեթոդներից մեկը դասարանները ըստ առաջադիմության բաժանելն է, այսպես կոչված «ուժեղների» և «թույլերի»։ Սրա դեմ են ծառանում «թույլերի» ծնողները, և Տիգրանը ստիպված է լինում հրաժարվել պաշտոնից։ Նրա մյուս նախաձեռնությունը վերաբերում էր հասունության վկայական տալուն, նույնիսկ անբավարար գնահատականների դեպքում։ Որդուն՝ Արամին և աղջկան՝ Նունիկին վերաբերվում է ընկերների նման։
Սյուզի
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի ամենադրական կերպարներից է, որի մեջ միահյուսվում են կրակոտ աղջիկն ու նրբանկատ հայուհին, եռանդուն երիտասարդն ու զգացմունքային մանկավարժը։ Ինստիտուտում սովորելու տարիներին դասախոսներից մեկից անպարկեշտ առաջարկություն է ստանում քննությունը ստանալու համար, այդ պատճառով միամիտ աղջկական համոզմունքով որոշում է օգնություն խնդրել իր կուռքից՝ գրող Վարուժանից։ Սակայն վերջինս համարյա չի էլ լսում, թե աղջիկն իրենից ինչ է խնդրում։ Չստանալով ոչ մի օգնույթուն՝ Սյուզին դիմում է հուսահատված քայլի. որոշում է դասախոսին հանդիպելուց առաջ տրվել իր սիրած տղային։ Սակայն նա հուսախաբ է լինում, քանի որ հաջորդ օրն այդ երիտասարդը բոլոր համակուրսեցիների մոտ գլուխ է գովում իր տղամարդ դառնալու առիթով, իսկ Սյուզին՝ կոտրված ու հուսալքված, լքում է ինստիտուտն ու մեկնում գյուղ, որտեղ դասավանդում է դպրոցում։ Կրթված, կրակոտ գեղեցկուհին դառնում է վեպի սիրված կերպարներից մեկը, որին սիրահարվում է նաև Արամ Վահանյանը, չնայած այն հանգամանքին, որ իմանում է Սյուզիի դժբախտ պատմության մասին։ Այս երկու երիտասարդները շատ ավելի առաջադեմ են 1980-ական թվականների երիտասարդների համեմատությամբ։
Սեմ և Սյուզի Շիրակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեմ (Սենեքերիմ) Շիրակը Արմենակի որդին է, բնակվում է Հարավային Ամերիկայում։ Հայրենիքից հեռու ծնված լինելու հանգամանքն էապես ազդել է նրա բնավորության վրա։ Ըստ նրա խորթ եղբոր՝ Վարուժանի, Սեմի բնավորությունը նմանվել է վաճառականի բնավորության, ըստ որի ամեն բան կարելի է գնել և վաճառել, ամեն տեղ պետք է խնայել։ Այդ պատճառով խոսքակռիվները հաճախակի երևույթ են երկու եղբայրների միջև։ Սեմի համար դժվար է հասկանալ հայրենիքի և հայկական փիլիսոփայությունը։
Նրա քույր Սյուզին նույնպես ունի առավել իրական մտածողություն, սակայն ավելի մեղմ, քան եղբոր մոտ է։ Քույրը հրճվանքով է ծանոթանում Հայաստանի գեղատեսիլ վայրերին, մշակույթին։
Նարեկացին դարի մեղքերի համար իրեն էր խաչի հանում, մենք մեր մեղքերի համար…դարին - մեջբերում գրքից
|
Որևէ հայ և թուրք երբեք չեն կարող միայն երկուսով լինել, նրանց արանքում միշտ պիտի գա, նստի երրորդը՝ պատմությունը։ - մեջբերում գրքից
|