Կոբզոնի խոսափողի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոբզոնի խոսափողի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ուկրաինա և  Ռուսաստան
ԲնակավայրՅալթա
Շինության ձևքանդակ
Ներկա վիճակԿանգուն

Իոսիֆ Կոբզոնի խոսափողի հուշարձան (ռուս.՝ Памятник микрофону Иосифа Кобзона), հումորային հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքի Հումորի ծառուղում, որը գտնվում է Առափնյա փողոցում՝ «Յուբիլեյնի» համերգասրահի մոտակայքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումորի ծառուղին հիմնադրվել է 2004 թվականին՝ Յալթայի հումորի ու երգիծանքի փառատոնի և նրա կազմակերպիչներ Վլադիմիր Դանիլեցի և Վլադիմիր Մոիսեենկոյի շնորհիվ[1]։

Տարբեր տարիների ծառուղում հայտնվել են նաև Միխայիլ Ժվանեցկու պորտֆելը (2004), Արկադի Արկանովի բաճկոնակը (2005), Ալեքսանդր Շիրվինդտի ծխամորճը (2006), Սոնյա մորաքրոջ հայելին ու գլխարկը՝ Կլարա Նովիկովայի պատվին (2014), «Հարմոն և կիթառ» քանդակը՝ քառյակասացներ Միխայիլ Վաշուկովի և Նիկոլայ Բանդուրինի պատվին (2015)[1]։

Անվանի երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի խոսափողի հուշարձանը բացվել է չորրորդ փառատոնի օրերին՝ 2007 թվականի օգոստոսին։ Բացման արարողությանը ներկա է եղել նաև երգիչը։ Յալթայի քաղաքապետ Սերգեյ Բրայկոն ելույթում նշել է, որ փոքր-ինչ զարմացած է հուշարձանի տեսքից և կատակով պահանջել, որ փառատոնի կազմակերպիչները ներկայացնեն այս ինքնատիպ քանդակը տեղադրելու Իոսիֆ Դավլովիչի գրավոր համաձայնությունը։ «Մենք շատ ուրախ ենք, որ մեր քաղաքում հայտնվել է Կոբզոնի նման մեծ դերասանի հուշարձանը, և այդ հուշարձանը, անշուշտ, կդառնա զբոսաշրջիկների համար ուխտատեղի»,- նշել է քաղաքապետը[2]։

Կոբզոնը խոստովանել է, որ սիրում է հանգստանալ Յալթայում, և ուրախ է, որ իր հուշարձանը հենց այստեղ է կառուցվել՝ «Յուբիլեյնի» համերգասրահի դիմաց։ Բազմաթիվ երկրպագուների հետ նա առանց նվագակցության կատարել է Սև ծովի մասին իր հանրահայտ երգերից մեկը[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործական հորինվածքն ունի թագով ջութակի բանալու տեսք։ Բանալին գտնվում է երաժշտական ձայնապնակի վրա, իսկ կենտրոնում խոսափողն է։ Այդ ամենը կանգնած է մեկմետրանոց պատվանդանի վրա։ Հուշարձանի հեղինակ քանդակագործ Իգոր Լիսենկոն այն ձուլել է Կիևում։ Քանդակի բարձրությունը 120 սմ է, քաշը՝ 97 կգ[3]։

Հուշարձանի հովանավորն է «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Памятники Ялты: серьезные и с чувством юмора». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 Փետրվար 12-ին.
  2. 2,0 2,1 «Памятник микрофону Кобзона в Ялте будет исполнять желания». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 Մարտ 12-ին.
  3. 3,0 3,1 «Памятник микрофона Кобзона откроют в Ялте». Վերցված է 2019 Մարտ 12-ին.