Կիլիկյան Հայաստանի երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիլիկիայի հայկական թագավորությունը 13–րդ դարում

Երաժշտարվեստը։ Կիլիկիայում երաժշտական մշակույթն սկզբնավորվել է 10-11-րդ դարերում՝ բուն Հայաստանից փոխանցված երաժշտական բանավոր և գրավոր ավանդույթների հիման վրա։ ժողովրդական երգ-երաժշտությունը ծաղկել է հատկապես 11-12-րդ դարերում, նկատելիորեն ազդել հոգևոր երգարվեստի վրա, նպաստել հայ տաղերգության ծագմանն ու զարգացմանը և այլն։ Գուսան, արվեստում համալրվել ու կատարելագործվել է ժողովրդական և մասնագիտացված նվագարանների միակցությունը, զարգացել են հայրենները և քնար, ու վիպարգական բանահյուսությունը։ Ժողովրդական և գուսանական երգերից սակավաթիվ նմուշներ են պահպանվել, մեզ հասած նյութերը հիմնականում վերաբերում են հոգևոր երաժշտությանը։ Անիի անկումից անմիջապես հետո ազգային հոգևոր երգարվեստը ծաղկել է նաև Կիլիկիայում։ Քիչ ավելի ուշ գրեթե լիակատար իրագործվել են հայ հոգևոր մասնագիտացված երաժշտության՝ որպես միաձայնային արվեստի, պատմական բազմադարյան զարգացման գլխավոր միտումները։ Ամբողջապես ազգայնացվել են պաշտամունքն ու պաշտոներգությունը՝ քրիստոնեական երաժշտաբանաստեղծական կենցաղավարող ժանրերի վերջնական հայացմամբ։ Մեղեդային, վիպաքնարականության տարրերի շնորհիվ հայ հոգևոր երաժշտությունը դարձել է քրիստոնեական արվեստի ազգային շքեղ հատվածներից։ Շարականերգությունը հարստացվել է դարձվածք, զարտուղի, ծանր ու ստեղի տիպի եղանակներով։ 13-րդ դարի 1-ին տասնամյակներում Սսում ստեղծվել է խազավոր Շարակնոցի առավել ամբողջ, խմբագրությունը («հյըլկցի»՝ Գրիգոր Խուլի անունով), որը դարձել է Գևորգ Սկևռացու 13-րդ դարի վերջին խմբագրության հիմքը։ Ջարգացել են նաև «մանրուսման եղանակները», որոնք հանդիպում են 13-րդ դարից՝ մի շարք ուրույն խմբագրություններում՝ ժամանակի հեղինակավոր երաժշտապետների անուններով («Կոստանդի», «Առաքելցի», «Ասեցի» և այլն)։ 13-րդ դարի կեսերին Սսում ստեղծվել է զարդոլորուն երգեցողությունների մեկ այլ մատյան՝ Գանձարանը։ Ավարտուն տեսք են ստացել թվերգի նշաններով Ավետարանը, Խազավոր Շարակնոցը, Ճաշոցը, Մաշտոցը, Ճառընտիրը և այլն։ Վանական համալիրներում, դրանց կից բարձրագույն տիպի դպրոցներում և արվեստանոցներում են դաստիարակվել ժամանակի նշանավոր երաժիշտ բանաստեղծներ Գրիգոր Գ Պահլավունին, Ներսես Լամբրոնացին, Գրիգոր Սկևռացին, Գրիգոր Անավարզեցին և ուրիշներ։ Ներսես Շնորհալու ստեղծագործությունը մեծ ու նշանակալի երևույթ է համահայկական, նաև համաքրիստոնեական (մանավանդ՝ արլ. քրիստ.) չափանիշներով։ Կիլիկիայի՝ հայկական երաժշտամշակութային զարգացման մայրուղուց դուրս գալուց հետո էլ երկար ժամանակ շարունակվել է նրա ավանդույթների ազդեցությունը հայ իրականության վրա։ Առհասարակ ուշ միջնադարում (ընդհուպ մինչև 19-րդ դար) հայ գրիչները, երգիչներն ու խազագետներն օգտվել են կիլիկյան ծիսակատարկան մատյաններից և աշխատել միաձուլել Կիլիկյան ու բուն Հայաստանի երաժշտական լավագույն ավանդույթները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։