Կերպարվեստ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կերպարվեստ (այլ կիրառումներ)
Կերպարվեստ, տարածական արվեստների մի բաժինը, որը միավորում է գեղանկարչությունը, քանդակագործությունը, գրաֆիկան, դեկորատիվ-կիրառական արվեստը։ Ի տարբերություն տարածական արվեստների ոչ պատկերային տարատեսակների, կերպարվեստը արտացոլում է իրականությունը և տարածության մեջ ստեղծում է դիտարկելի, ակներև կերպարներ։
Կերպարվեստի առանձնահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կերպարվեստի ստեղծագործություններում պատկերված գործողությունը խտացած, կենտրոնացած է մեկ պահի մեջ, արտաքուստ ստատիկ է և չի զարգանում ժամանակի ու տարածության մեջ ինչպես թատերական արվեստում, պարարվեստում կամ երաժշտության մեջ, սակայն դա չի խանգարում գաղափարներ մտքեր ու ապրումներ արտահայտելուն՝ չկորցնելով մեծ արվեստի իր ուժը։
Հայտնի հայ կերպարվեստագետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1920-ական թվականներին գործում էին կերպարվեստի ճանաչված վարպետներ Մարտիրոս Սարյանը, Սեդրակ Առաքելյանը, Ստեփան Աղաջանյանը, Եղիշե Թադևոսյանը, Հակոբ Կոջոյանը։ Նրանց ստեղծագործական ավանդույթների հիման վրա Հայաստանում ստեղծվեց կերպարվեստի նոր դպրոց։ Այդ գործում բացառիկ է համաշխարհային ճանաչման արժանացած Մարտիրոս Սարյանի դերը։ Մարտիրոս Սարյանը մարմնավորել է հայրենիքի գեղեցկությունը։ Նրա կտավներին բնորոշ են վառ ու ներդաշնակ գույները, որոնք կարծես ճառագում են լույս ու ջերմություն։ Կերպարվեստի զարգացման կարևոր գրավականը կադրերի պատրաստումն է։ Այդ նպատակով 1922 թվականին Երևանում բացվեց գեղարվեստի դպրոց։ 1935 թվականին կազմակերպվեց Հայաստանի կերպարվեստի թանգարանը, որն այսօր գործող Հայաստանի ազգային պատկերասրահն է։
Հայ քանդակագործների ավագ սերնդի ներկայացուցիչներից են Սերգեյ Մերկուրովը, Արա Սարգսյանը, Երվանդ Քոչարը։ Մերկուրովի հայտնի գործերից է 1931 թվականին Երևանում տեղադրված Ստեփան Շահումյանի հուշարձանը։ Արա Սարգսյանի գործերից է «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակը, որը տեղադրված է Երևանի պետական համալսարանի առջև։ Երվանդ Քոչարը նկարիչ-քանդակագործ է։ Նրա ամենանշանավոր ստեղծագործությունը Սասունցի Դավթի արձանն է Երևանի երկաթուղային կայարանի հրապարակում։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կերպարվեստ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 394)։ |