Կապույտ քարտ (Եվրոպական միություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կապույտ քարտ (անգլ.՝ Blue Card), Եվրամիության կողմից հաստատված աշխատանքային թույլտվություն[1], որը թույլ է տալիս բարձր որակավորում ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներին աշխատել և ապրել Եվրամիության տարածքում գտնվող ցանկացած երկրում, բացառությամբ Դանիայի, Իռլանդիայի և Միացյալ Թագավորության, որոնք տվյալ առաջարկի սուբյեկտներ չեն[2]։ Կապույտ քարտ տերմինն առաջարկվել է Բրեյգել ինստիտուտի կողմից. գաղափարը ներշնչվել է ամերիկյան Գրին քարտից, գույնը վերցվել է Եվրոպայի դրոշից, որը կապույտ է` տասներկու ոսկեգույն աստղիկներով[3]։

Կապույտ քարտի առաջարկը ներկայացվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից. այն ոչ ԵՄ քաղաքացիներին աշխատանքի թույլտվության դիմելու հնարավորություն է, որը վավեր կլինի երեք տարի, սակայն ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգել։ Կապույտ քարտ ստացողին կտրվեն մի շարք իրավունքներ, ինչպես, օրինակ, ընտանիքի վերամիավորման իրավունքը։ Առաջարկը նաև խրախուսում է աշխարհագրական տեղաշարժեր ԵՄ անդամ այն երկրներում, որոնք ընդունում են Կապույտ քարտը։ Այս առաջարկի իրավական հիմքը Հռոմի պայմանագրի 63 (3) և (4) կետերն են։

Առաջարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտ քարտի առաջարկը ներկայացվել է 2007 թվականի հոկտեմբերի 23-ին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուի և Արդարադատության, ազատության ու անվտանգության հանձնակատար Ֆրանկո Ֆրատինիի կողմից, Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Բարրոզուն բացատրելով նախաձեռնության նպատակները` նշել է, որ ԵՄ-ն ապագայում կարիք է ունենալու աշխատուժի և հմտությունների, երրորդ երկրի աշխատողները դժվարություններ ունեն աշխատանքի նպատակով ԵՄ տարբեր անդամ երկրներում տեղաշարժվելից, 27 տարբեր անդամ երկրներում աշխատանքի թույլտվության ընթացակարգը տարբեր է, ինչը խնդրահարույց է, և վերջապես, նա ընդգծել է ԵՄ քաղաքացիների ու օրինական միգրանտների միջև առկա «իրավունքների բացը»[4]։

Այս առաջարկն ուղեկցվել է մեկ այլ, COM(2007)638 առաջարկով, որը ներառում էր պարզեցված ընթացակարգ և ընդհանուր իրավունքների հիմք` երրորդ երկրից եկած օրինական աշխատողների համար։

«Կապույտ քարտ» անվանումն ընտրվել է` պոտենցիալ միգրանտներին ազդանշան տալու, որ կապույտ քարտն ամերիկյան Գրին քարտի այլընտրանքն է[5]։ Կապույտը Եվրամիությունում գերակշռող գույնն է։

Միջազգային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջարկը ներկայացնելուց կարճ ժամանակ անց այն խիստ քննադատության է արժանացել զարգացող երկրների կողմից` տաղանդավոր աշխատողներին խլելու գիտակցված գործառույթի պատճառով։ Հարավային Աֆրիկայի Առողջապահության նախարար Մանթո Թշաբալալա Մսիմանգն մատնանշել է այն փաստը, որը աֆրիկյան մի շարք պետություններ արդեն տուժել են առողջապահության ոլորտի որակավորված մասնագետների արտագաղթի պատճառով և նշել, որ այս առաջարկը կարող է ավելի վատթարացնել իրավիճակը։ Միջազգային տնտեսության իրավունքի մարոկկացի պրոֆեսոր Թաջեդդին Էլ Հուսսեյը կարծիք է հայտնել, թե «սա գաղութացման, խտրականության նոր ձև է, և այն հազիվ թե աջակցություն գտնի հարավային երկրներում»[6]։

2011 թվականին Ա. Բյորկլունդի կողմից հրապարակված «ԵՄ Կապույտ քարտի հնարավոր ազդեցությունը զարգացող երկրների վրա` որակավորված մասնագետների արտահոսքի միջոցով» աշխատությունը[7] հիմնականում կենտրոնանալով Մալիի Հանրապետության օրինակի վրա, եզրակացնում է, որ այս պետությունից որակավորված մասնագետները հեռանում են` որոշակի ժամանակ անց հետ վերադառնալու մտադրությամբ` իրենց հետ բերելով նշանակալի հմտություններ, փորձ, տեղեկատվություն և աշխատանքային մեթոդների հանդեպ այլ տեսանկյուն։

Իրականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած փոփոխություններ կատարելու վերջնաժամկետները վաղուց անցել են, որոշ անդամ երկրներ (ինչպես, օրինակ, Իսպանիան կամ Բելգիան) դեռևս պետք է ամբողջապես սահմանեն օրենքը կամ տրամադրեն խոստացված իրավունքները։ Ուղեղային կենտրոններն արդեն ներկայացրել են Կապույտ քարտը լրացնելու տարբերակներ ու դրա թույլ կողմերը[8]

Գերմանիան մասամբ հաստատել է Կապույտ քարտի օրենսդրությունը 2012 թվականի ապրիլին` շեշտը դնելով լեզվական հմտությունների և այն ոլորտների վրա, որտեղ մասնագետնրի կարիք կա, ինչպես, օրինակ, մաթեմատիկան և ԻՏ-ն[9]։ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ Գերմանիան տրամադրել է 7.000 Կապույտ քարտ, որոնցից 4.000-ը տրվել են արդեն Գերմանիայում ապրող օտարերկրացիներին[10]։ Այնուամենայնիվ, 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Գերմանիան դեռևս անկարող է Կապույտ քարտ հաստատել նախընտրելի մասնագետների համար[11]։

2016 թվականի հունիսի 7-ին Եվրոպական միության Կապույտ քարտին նվիրված բաժին է ավելացվել ԵՄ միգրացիոն պորտալում[12]։ Կայքը յուրաքանչյուր երկրի համար առանձին տեղեկատվություն է տրամադրում Կապույտ քարտի համար դիմողներին։ Այն սահմանում է, որ միայն ԵՄ անդամ պետությունների իշխանությունները կարող են հաստատել Կապույտ քարտերը և նախազգուշացնում, որ ոչ պաշտնական կայքերը կարող են սխալ տեղեկատվություն տրամադրել կամ վճար պահանջել իրենց ծառայությունների համար։

Պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտ քարտի ձեռք բերման համար անհրաժեշտ պահանջներն են. դիմողը պետք է անդամ երկրում վճարվող տարեկան աշխատավարձից առնվազն մեկուկես անգամ ավելի վճարվող աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի առաջարկ ունենա[13][14], պետք է ներկայացնի գործող ճանապարհորդական փաստաթուղթ և բարձր մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթեր[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Council Directive 2009/50/EC».
  2. «Microsoft Word - EN 637 - original.doc» (PDF). Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. Belgium (2006 թ․ մարտի 31). «Welcome to Europe» (PDF). Bruegel.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. «EUROPA - Rapid - Press Releases». Europa.eu. 2007 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. «The EU Blue Card is Europe's answer to the American Green Card». prweb.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  6. Kubosova, Lucia (2007 թ․ հոկտեմբերի 29). «Africa Fears Brain Drain from Blue Card». Businessweek.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  7. «Skilled workers leaving for the European Union - Possible Impacts of the EU Blue Card Directive on Developing Countries of Origin through Migration of skilled Workers» (PDF). University of Stockholm. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին.
  8. Parkes, Roderick and Steffen Angenendt (2010). «After the Blue Card» (PDF). migration-boell.de. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին. HBS Discussion Paper
  9. «German 'Blue Card' to simplify immigration». dw.de. 2012 թ․ ապրիլի 28.
  10. «BA-Chef Weise: Nur 7000 Zuwanderer mit Blue Card». Heise Online (German). 2014 թ․ հունվարի 1.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «BAMF - EU Blue Card». Federal Office for Migration and Refugees. 2018 թ․ հունվարի 23.
  12. «Press Release - Delivering the European Agenda on Migration: Commission presents Action Plan on Integration and reforms 'Blue Card' scheme for highly skilled workers from outside the EU». European Commission (English). 2016 թ․ հունիսի 6.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Blaue Karte EU» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 16-ին.
  14. «EU Blue Card» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  15. «EU Blue Card, requirements, rights». www.immigration-residency.eu Baltic Legal.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]