Խորհրդավոր միանձնուհի (Մուրացան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորհրդավոր միանձնուհի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
ՀեղինակՄուրացան
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
ՀրատարակչությունՆոր դար
Հրատարակվել է1889

Խորհրդավոր միանձնուհի, Մուրացանի վիպակներից է, որը լույս է տեսել 1889 թվականին «Նոր դար» լրագրում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ես գործելու մի ծրագիր եմ առաջարկում մեր երիտասարդներին ու երիտասարդուհիներին, որոնք պարծենում են դեպի հայրենիքն ունեցած սիրո ջերմությամբ»,- այսպես է բնութագրում «Խորհրդավոր միանձնուհի» վեպը։ Սյուժեն կառուցված է ռոմանտիկ մի երազողի օրագրություններից, որը ձգտում է հանգիստ որոնել էկզոտիկ հեռուներում։ Բայց «ազատ բնության» մեջ ձանձրույթը փարատելու հաճույքից առավել գրավիչ եղավ այն հայտնությունը, որ նա գտավ «մոռացված աշխարի» հեռուներում ծվարած նահապետական համայնքում։ Վեպի համար Մուրացանն ընտրել է երկու բնաբան. «Ամեն, ամեն ասեմ ձեզ, եթե ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կա, ապա եթե մեռանիցի, ինքն միայն կա, ապա եթե մեռանիցի բազում արդյունս առնէ»։ Սա Հովհաննեու Ավետարանից է։ Ապա աստվածաբան Ջոն Ստեռլինի ասույթը. «Ամենավատթար դաստիարակությունն իսկ, որ անձնուրություն է սովորեցնում, լավագույնն է, քան այն դաստիարակությունը, որ անձնուրությունից զատ ամեն բան սովորեցնում է»։ Այս պատվիրաններն են գոյավորում առաքյալի կերպարը։

Գավառական քաղաքի ազդեցիկ ու ազնվական ընտանիքի միակ դուստրն էր Աննան՝ գեղեցիկ ու զգացմունքներով հարուստ։ Օրիորդաց ուսումնարանի աշակերտուհին խելամիտ էր ու երազող և վեպերից գիտեր, թե ինչ է սերը երջանկության արահետներում։ Եվ, ահա, օրերից մի օր, գավառական քաղաքում հայտնվում է Էջմիածինի պատվիրակ Գարեգինը՝ խորհրդավոր ու համակրելի, պահվածքվ անսովոր, գաղափարներով սևեռուն ու առաքելական։ Հանգամանքների բերումով և ծնողների կամքով ՝ երիտասարդ քահանան դառնում է Աննայի տնային ուսուցիչը։ Առաջին հայացքի համակրության զգացողությունները հեղաբեկում են Աննայի հոգեկան աշխարհը, և նա կուսական անեղծ նվիրումով խոստովանում է իր սերը Գարեգինին։ Սերը փոխադարձ էր, և Աննային թվում է, թե գտնված է երջանկության իր երազանքը։ Բայց Գարեգինը փշրում է նրա պատրանքը անձնական իր սերը փոխադարձելով մի այլ նվիրումի. «Կա մի ուրիշ մարմին, որ ավելի սիրելի, ավելի պաշտելի է, քան մեր սեփականը։ Այդ մարմինը հայրենիքն է։ Ես ուխտել եմ իմ անձը նվիրել նրան»։ Կյանքն այլևս անիմաստ էր Աննայի համար, և նրան մնում է միայն ապաշխարիկ մեկուսացումը կուսանոցում, բայց սիրած երիտասարդը հուշում է բարձր ու վսեմական մի այլ խորհուրդ. «Հեռացեք աշխարհից, բայց մի մտեք կուսանոց։ Գնացեք հեռու, հեռու, դեպի կորած հայ գյուղեր, դեպի այն ժողովուրդը, որին մոռացել են մեր գործողները… Մտեք այն ժողովրդի մեջ, նվիրեցեք ձեզ նրա բարօրությանը և նրա մարդկանց կրթության գործին… Եվ ահա այդ ժամանակ ձեր ուխտը սուրբ և նվիրումը պաշտելի կլինի»։

Ճակատագիրն անդառնալի է, և ծնողների անակնկալ մահից հետո, Աննան մեկնում է հեռավոր մի գյուղ իրագործելու սիրած էակին տված սրբազան երդումը։ Այստեղ է ահա, որ ռոմանտիկ որոնողը հանդիպում է Խորհրդավոր միանձնուհուն և փորձում հասկանալ սոցիալական ուտոպիայի նրա գաղտնիքը։ Ըստ էության՝ այդ ուտոպիան նահապետական համայնքի վրա պատվաստված համակեցություն է՝ կրթական ու տնտեսական չափավոր վերաձևումներով, ավանդական բարքերի ու քրիստոնեական հավատի շաղկապող զորությամբ։ Եկեղեցի և դպրոց, ուսուցիչ և քահանա. ահա այն նեցուկները, որոնք կոչված են բարեկարգելու «մոռացված աշխարհի» կյանքն ու կենցաղը։ Սերը Մուրացանի ռոմանտիկական փիլիսոփայության էական հոմանիշներից է, մարդկային հոգու կենսաբանական անփոխարինելի զգացողության ու երջանկության գրավականը։ Զգացմունքի այդ արժեքն է, որ Աննայի կամքը լարում է բարեգործական առաքելության։ Գարեգինի պարտությունն ընտրությունում, ապա և նրա մահն անհայտության մեջ, փշրում են Աննայի կամքը։ Կյանքն այլևս կորցնում է իր իմաստը, քանզի չկար հավատի զորավիգը։ «Խորհրդավոր միանձնուհի» վեպի հոռետեսական վերջաբանը արդեն գուշակում է առաքելության գաղափարի փակուղին Մուրացանի հետագա ստեղծագործություններում։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվ ի՞նչը չի մոռացվում աշխարհում...

Որքա՜ն թշվառ կլինեինք մենք, եթե մոռանալու ունակությունը չունենայինք։ Արդարև, կան ցավեր, որոնց չպետք է մոռանալ, բայց որքա՜ն շատ են այն վշտերը, որոնց եթե չմոռանայինք, կյանքը մեզ համար կդառնար դժոխք։

  • Ավելի մեծ է այն ազգը, որ արժանավոր մայրերով է հարուստ, քան այն ազգը, որ յուր թնդանոթներով է պարծենում։
  • Եթե մարդիկ լավ գործերը նախ կատարեին և ապա նրանց մասին գրեին, որքա՜ն քիչ բան կունենայինք կարդալու...
  • Ես հոգնել եմ, ձանձրացել եմ սովորական մարդկանցից, և, մանավանդ թե, սովորական բարեկամությունից, որն իր մեջ, ինձ համար, չունի այլևս ոչինչ նոր ու ջերմացնող։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]