Խելմնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խելմնո
Տեսակմահվան ճամբարներ և Համակենտրոնացման ճամբար
Երկիր Լեհաստան
ՎայրԽելմնո, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Խելմնո (գերմ.՝ Kulmhof, Քուլմհոֆ, 1941-1945 թվականներ), առաջին մահվան ճամբարը, որը նախատեսված էր հրեաներին և գնչուներին զանգվածաբար ոչնչացնելու նպատակով։ Այս ճամբարը Նացիստական Գերմանիայի կողմից կառուցվել է բռնազավթված Լեհաստանի տարածքում՝ Դոմբե քաղաքի մոտակայքում՝ Վարտելանդ ռեյխսգաուում, Լոձ քաղաքից 70 կմ հյուսիս-արևելք։ Քուլմհոֆը դարձավ առաջին տեղը «Օստ» պլանի տարածքից դուրս, որտեղից սկսվեց իրագործվել հրեաների զանգվածային ոչնչացումը։

Ճամբար բերված երեխաների շարասյուն

Ճամբարը կազմված էր երկու հատվածներից, որոնք միմյանցից հեռու էին չորս կիլոմետրով։ Ճամբարը պաշտոնապես անվանում էին «զոնդերկոմանդո Քուլմհոֆ»[1], որը ղեկավարում էր հաուպշտուրմֆյուրեր Լանգեն, իսկ 1942 թվականից հաուպշտուրմֆյուրեր Բոտմանը։ Նրանք գտնվում էին Կայսերական անվտանգության գլխավոր վարչության ենթակայության ներքո, որը Բեռլինում էր։ «Զոնդերկոմանդոյին» օգնելու նպատակով այստեղ ուղարկվեցին ոստիկանության 20 ծառայակիցներ և 120 ոստիկանական պահակախմբի ներկայացուցիչներ։

Խելմնոյում զանգվածային սպանությունները սկսվեցին 1941 թվականի դեկտեմբերի 7-ից։ Չնայած գաղտնիությանը, այս մահվան ճամբարից կատարվեցին մի շարք փախուստներ, որոնց պատճառով Հակահիտլերյան կոալիցիայի երկրներն իմացան ճամբարի գոյության մասին. մասնավորապես 1942 թվականի փետրվարի սկզբին։ Խելմնոյում կոտորված մարդկանց ընդհանուր թվաքանակը կազմել է ավելի քան 320.000 մարդ[2], որոնցից 98 %-ը կազմում էին էթնիկ հրեաները իսկ մնացածը հիմնականում գնչուներ էին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ժուխովյան անտառում Լեհաստանի կառավարությունը Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձան տեղադրեց։

Խելմնոյի նահատակներին նվիրված հուշարձան ճամբարի տարածքում

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուլմհոֆի առաջին զոհերը դարձան հարակից շրջանների հրեաները։ Այդ շրջաններն էին՝ Կոլո, Դոմբե, Սոմպոլնո, Կլոդավա, Բաբյակ, Դեմբի Շլյախեցկե, Կովալե Պանսկե, Իզբիցա Կույավսկա, Նովինի Բրդովսկե, Գրոձեց։ 1942 թվականի հունվարի կեսերից այստեղ սկսեցին կոտորել նաև Լոձի հրեաներին։ Հունվարի 16-ից 21-ը Խելմնոյում ոչնչացվեցին 10 003 հրեաներ, փետրվարի 22-ից ապրիլի 2-ը՝ 34 073, սեպտեմբերի 5-ից 12-ը՝ 15 859 հրեաներ[3]։ Այդ թվաքանակների կազմի մեջ էին նաև հրեաներ Գերմանիայից, Ավստրիայից, Չեխոսլովակիայից, Լյուքսեմբուրգից, որոնք ավելի վաղ տեղափոխվել էին Լոձի գետտո։ Քուլմհոֆում սպանվեցին գրեթե հինգ հազար գնչուներ, որոնք պահվում էին Լոձի գետտոյի հատուկ թաղամասում։ Մինչև 1943 թվականի մարտը Խելմնոյում սպանվեցին ևս տասնհինգ հազար հրեաներ Լոձի գետտոյից, որոնք պահվում էին Վարտլանդի շրջանի աշխատանքային ճամբարներում։ Բացի հրեաներից և գնչուներից, այս մահվան ճամբարում սպանվել են նաև մի քանի հարյուր լեհեր, որոնք մեղադրվում էին Խորհրդային իշխանություններին հարելու մեջ։ Ճամբարում կոտորվել են նաև 88 չեխ երեխաներ Լիդիցե բնակավայրից։

Քուլմհոֆ համակենտրոնացման ճամբարի բանտարկյալները գազվագեն բարձրանալուց առաջ:

Զոհերի մեծամասնությանն այստեղ են տեղափոխել ապրանքատար վագոններով դեպի Պովերչե կայարան, որտեղից բեռնատարներով տեղափոխվել են Խելմնո մահվան ճամբար։ Մարդկանց բերում էին ճամբարի դիմաց և հայտարարում, որ բերվել են աշխատանքային ճամբար և պետք է սկզբից անցնեն այսպես կոչված «սանիտարական մշակում», իսկ հետո հագուստները վերցվում էին իբր թե «վարակազերծման»։ Դրանից հետո անձանց կիսում էին 50 կամ 70 հոգանոց խմբերի և տեղափոխում մահվան ճամբարի առաջին հարկ, որտեղ նրանց ստիպում էին հանվել։ Հաջորդիվ կալանավորներին ուղղորդում էին թունել, որտեղ ցուցանակներ էին փակցված, որոնք դեպի «լոգասենյակի» ճանապարհն էին նշում։ Թունելի վերջում կանգնած էր փակ բեռնատար՝ թափքի բաց դռնով[4]։ Սա հատուկ հարմարեցված երեք բեռնատարներից մեկն էր, որը կոչվում էր գազվագեն ու իրենից ներկայացնում էր խեղդամահ անող մեքենա. սրանք Ռենո մակնիշի մեքենաներ էին։ Բեռնատարը ուղևորվում էր «անտառային ճամբար»։ Ճանապարհի ընթացքում ուղևորները խեղդամահ էին լինում և միանգամից անտառում կամ թաղում էին, կամ էլ այրում։ Նոր ճամբար բերվածներին գազվագենի աղմուկը բացատրում էին իբրև գործարանային տուրբինների աղմուկ։ Բուն խեղդամահ անող մեքենաները քողարկված էին որպես կահույք տեղափոխեղ բեռնատարներ[4]։

Անտառում հուղարկավորումներով և դիակիզումներով զբաղվում էին 30-ից 40 գերեզմանափորներ, որոնք ընտրվել էին ճամբար տեղափոխած հրեաներից։ Նրանց պահում էին խիստ հսկողության տակ՝ հատուկ պահակներով։ Չնայած խիստ ռեժիմին, մի քանի անգամ փախուստի փորձեր կատարվեցին այստեղից. սակայն միայն երկու հոգու հաջողվեց փախչել՝ Միխեիլ Պոդխլեբնիկ և Յակով Գրոյանովսկի։ Վերջինս (այս անունն ըստ էության մտացածին է) փախչել է 1942 թվականի հունվարի կեսերին և հասել է մինչև Վարշավայի գետտո, որտեղ հրեական «Օնեգ շաբբատ» ընդհատակին հաղորդել է Խելմնոյի սպանդի մասին։ Այս տեղեկությունը տրամադրվեց Կրայովի բանակին, որը արագորեն տեղեկությունները հասցրեց Լեհաստանի տարագրված կառավարությանը։

1943 թվականի մարտին նացիստական ղեկավարները որոշեցին վերացնել Խելմնո համակենտրոնացման ճամբարը։ Խելմնո դղյակն ու երկու դիակիզարանները ավերվեցին, իսկ ճամբարի անձնակազմը տեղափոխվեց Հարավսլավիա և մտավ «Էուգեն արքայազն» դիվիզիայի կազմ, որը մարտնչում էր հարավսլավական պարտիզանական ջոկատների դեմ։ Հրեաների ոչնչացման աշխատանքները վերսկսվեցին 1944 թվականի ապրիլին, երբ որոշվեց վերացնել նաև Լոձի գետտոն։ Բոտմանն ու «Քուլմհոֆի զոնդերկոմանդոյի» անդամներին ու Բոտմանին հրամայվեց վերադառնալ Խելմնո։ Այստեղ կառուցվեցին երկու բարաքներ 20×10 մետր չափերով, որտեղ կրկին հին մեթոդով պիտի մարդկանց ոչնչացնեին. վերականգնվեցին նաև դիակիզարանները։ 1944 թվականի հունիսի 23-ից հուլիսի 14-ը սպանվեցին 7176 հրեաներ Լոձի գետտոյից։ Սական 1944 թվականի հուլիսի կեսերին նացիստները Լոձի հրեաներին արդեն ոչ թե Խելմնո տեղափոխեցին, այլ Օսվենցիմ, որտեղ գազային խցիկների հզորությունը տասնյակ անգամ բարձր էր։

1944 թվականի սեպտեմբերի սկզբին «Քուլմհոֆի զոնդերկոմանդոյի» անդամները վերադարձան Խելմնո, որտեղ սկսեցին զբաղվել սպանվածների դիակիների այրելով։ Այս աշխատանքի համար 50 հրեա կալանավորներ նշանակվեցին։ 1945 թվականի հունվարին, երբ Կարմիր բանակի զինվորները եկան Խելմնո, նացիստները որոշեցին գնդակահարել այդ հրեաներին, սակայն ակտիվ դիմադրության արժանացան և երեք հոգի կարողացավ փախուստի դիմել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. USHMM (2012 թ․ մայիսի 11). «Chelmno» (permission granted to be reused, in whole or in part, on Wikipedia; OTRS ticket no. 2007071910012533 confirmed). Holocaust Encyclopedia. United States Holocaust Memorial Museum, Washington, DC. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին. «Text from USHMM has been released under the GFDL. The website can offer no guarantee that the information is correct in each circumstance.»
  2. JTA (1963 թ․ հունվարի 22). «Jewish Survivors of Chelmno Camp Testify at Trial of Guards». JTA Archive. Jewish Telegraphic Agency. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
  3. JVL (2013). «Chelmno (Kulmhof)». The Forgotten Camps. Jewish Virtual Library.org. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
  4. 4,0 4,1 Хелмно՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Holocaust Encyclopedia. «Chełmno». United States Holocaust Memorial Museum. Արխիվացված է օրիգինալից (permission granted to be reused, in whole or in part, on Wikipedia; OTRS ticket no. 2007071910012533 confirmed) 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 26-ին. «Text from USHMM has been released under the GFDL. The website can offer no guarantee that the information is correct in each circumstance.»
  • Alan Heath, The death camp at Chełmno nad Nerem (video essays)
  • Montague, Patrick (2012). Chelmno and the Holocaust: A History of Hitler's First Death Camp. London: I.B.Tauris. ISBN 978-0-807-83527-2.
  • Yad Vashem, Resources about Chełmno, Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 17-ին, Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին
  • Briar Rose, Jane Yolen's interweaving of the fairy tale of Sleeping Beauty with a young girl's grandmother's memories of Chelmno

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խելմնո» հոդվածին։