Խալկի (Դոդեկանես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խալկի
Տեսակկղզի և պոլիս
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորChalki Municipality?
ՎայրԴոդեկանես
Մակերես28 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Խալկի (հուն․՝ Χάλκη), Հունաստանին պատկանող կղզի Եգեյան ծովում՝ Դոդեկանեսյան կղզեախմբում[1]։

Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ կղզու բնակչությունը կազմում է 313 մարդ։ Գտնվում է ծովի մակարդակից 601 մետր բարձրության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խալկին փոքրիկ լեռնային կղզի է՝ քարքարոտ տեղանքով և նոսր բուսականությամբ։ Քաղցրահամ ջրի պաշարներն ապահովող բնական ջրի պաշարները գրեթե բացակայում են։ Տեղակայված է Հռոդոս կղզուց դեպի արևմուտք՝ Հռոդոս նավահանգստային քաղաքից 65 կմ (կամ 35 ծովային մղոն) հեռավորության վրա։

Կղզու ջրափնյա գծի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 40 կմ։ Կղզու վրա գտնվող եզակի բնակավայրերից է Նիմբորոն։ Այն գտնվում է լեռան լանջի բնական ամֆիթատրոնի արևելյան ափին։ Բավականին մեծ խորություններում գտնվում է կղզու նախկին մայրաքաղաքը՝ Խալկին, որը ներկայումս լքված գյուղ է։

Կղզում կան բնական հուշարձանների և հատուկ պահպանվող տարածքների համալիր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն կղզու անվան ծագումնաբանության վերաբերյալ առաջին տարբերակի՝ Խալկիի անվանումը կապված է հունարեն «χαλκός» բառի հետ, որը թարգմանաբար նշանակում է պղինձ։ Հավանաբար այս անվանումը կապված է անտիկ շրջանի պղնձեդարյան ժամանակաշրջանի հետ։

Համաձայն մեկ այլ տարբերակի՝ կղզու անվանումը կապված է «κάλχη» կամ «χάλκη» բառերի հետ, որոնք հայերեն թարգմանվում են, որպես «մանուշակ կամ մանուշակի գույն»։

Համաձայն հին հունական դիցաբանության՝ կղզու առաջին բնակիչները եղել են տիտանները։ Համաձայն հնագիտական հետազոտությունների՝ կղզին սկզբնական շրջանում բնակեցվել է պելասներով, և հետո նաև կարիացիներով, դորիացիներով և փյունիկացիներով։

Խալկիի մասին առաջին հիշատակությունը թվագրվում է մ.թ.ա. 477 կամ մ.թ.ա. 478 թվականին։ Այն հիշատակված է Աթենական ծովային միության տիրույթների ցանկում, որպես վերջինիս անդամ։ Կղզու մասին իրենց աշխատություններում նշել են նաև Թուկիդիդեսը (վերջինս նկարագրել է Խալկի կղզում տիրող իրադրությունը Պելոպոնեսյան երկարատև և արյունարբու պատերազմների շրջանում), Սկիլակը, Ստեփանոս Բյուզանդացին, ինչպես նաև Ստրաբոնը, Թեոփրաստեսը, Պլինիոս Ավագը և այլք։

Մ.թ.ա. 4-րդ դարի ավարտին Խալկին հայտնվել է հարևան Հռոդոս կղզու տիրապետության տակ և սկսել է ծառայել, որպես հռոդոսյան նավատորմի խարիսխային կայան։ Հունականության դարաշրջանում սկսվել է կղզու ծաղկման շրջանը, որն անմիջականորեն կապված էր Խալկիի բնակչության կողմից նավագնացությունների կազմակերպմամբ և հարևան կղզիների հետ առևտրային հարաբերությունների հաստատմամբ։ Այս շրջանում Խալկին համարվում էր միջերկրածովյան բավականին հայտնի առևտրային կենտրոն։ Դրան հաջորդեց այն, որ Հռոդոսի հետ մեկտեղ Խալկին ևս հայտնվեց Հռոմեական կայսրության տիրապետության ներքո։ Հռոմեական տարիներին Խալկին եղել է շարքային բնակավայր։ 7-րդ դարում կղզին բռնազավթել են մուսուլման արաբները, սակայն 825 թվականին այն ազատագրվել է։

11-12-րդ դարերում այստեղ իրենց իշխանությունն են տարածել խաչակիրները։ Խաչակիրների կառավարման շրջանում այստեղ կառուցվել է Խալկիի ամրոցը, որը կանգուն է մինչ օրս։ Հռոդոսը գրավելուց հետո շուտով կղզու տարածքը ասպատակել են թուրքերը։ Այդ իսկ պատճառով տեղի հույների մեծամասնությունը ստիպված են եղել թողնել կղզին ու հեռանալ։

1658 թվականին կղզու գրավման անհաջող փորձ են կատարել վենետիկցիները։ Հունական հեղափոխության արդյունքում Հունաստանի անկախ թագավորության հռչակումից հետո կղզին ետ է վերադարձվել հույներին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կղզին բավականին վնասներ է կրել։ 1912 թվականին այն գրավել են իտալացիները։ 1923 թվականին Լոզանում կնքված պայմանագրով այն պաշտոնապես անցել է Իտալիայի թագավորությանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կնքված Փարիզի խաղաղության պայմանագրով այն անցել է Հունաստանի տիրապետության տակ և մինչ օրս էլ պատկանում է Հունաստանի Հանրապետությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խալկի կղզի // Դոդեկանեսներ // Հունաստանի Հանրապետություն». www.grekomania.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խալկի (Դոդեկանես)» հոդվածին։