Լիդիա Կոյդուլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիդիա Կոյդուլա
Lydia Koidula
Ծնվել էդեկտեմբերի 12 (24), 1843[1]
ԾննդավայրՎենդռա
Վախճանվել էհուլիսի 30 (օգոստոսի 11), 1886[1] (42 տարեկան)
Վախճանի վայրԿրոնշտադտ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի, լրագրող և գրող
ԱզգությունԷստոնացի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունQ31275457? (1861)
Ուշագրավ աշխատանքներMeadow Flowers? և Emajõe ööbik?
ԱմուսինEduard Michelson?
 Lydia Koidula Վիքիպահեստում

Լիդիա Կոյդուլա (էստ․՝ Lydia Koidula, իսկական անունը՝ Լիդիա Էմիլիե Ֆլորենտինե Յանսեն, 12 (24) դեկտենբերի, 1843, Վենդռա, Պյարնումաա, Լիֆլյանդյան նահանգ - 30 հուլիսի (11 օգոստոսի), 1886, Կրոնշտադտ, Ռուսական կայսրություն), էստոնացի բանաստեղծուհի, արձակագիր, էստոնական դրամատուրգիայի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Կոյդուլան գրող և լուսավորիչ Յոհան Վոլդեմար Յանսենի դուստրն է։ Դպրոցական տարիներից Լիդիան հորն օգնել է «Պյառնույան փոստատար» (էստ․՝ Perno postimees) թերթի հրատարակման գործում. կատարել է թարգմանություններ, հրատարակման է հարմարեցրել գեղարվեստական ստեղծագործություններ և այլն։ Այդ ժամանակ էլ նա գրել է իր առաջին բանաստեղծությունները. նախապես նա ստեղծագործել է գերմաներենով։ «Կոյդուլա» կեղծանունը նրան տվել է Կառլ Ռոբերտ Յակոբսոնը, երբ Լիդիայի բանաստեղծությունները տպագրել է իր այբբենարանում։ Թերթում աշխատելու տարիներին Լիդիա Կոյդուլան ծանոթանում է 19-րդ դարի կեսերին Էստոնիայում ծավալված ազգային շարժման մասնակից հասարակական գործիչների հետ, որոնց ազդեցությամբ էլ ձևավորվում են Լիդիայի հայացքներն ու համոզմունքները։ 1860-ական թթ. երկրորդ կեսին Լիդիա Կոյդուլան արդեն հայտնի բանաստեղծուհի էր, քաղաքական ու հայրենասիրական թեմաներով մի շարք բանաստեղծությունների հեղինակ։

1873 թվականին Լիդիա Կոյդուլան ամուսնացել է Տարտուի համալսարանի ուսանող, լատիշ Էդուարդ Միխելսոնի հետ և հետագայում ստիպված է եղել բնակվել Կրոնշտադտում, որտեղ նրա ամուսինը ծառայում էր որպես ռազմական բժիշկ։ Լիդիա Կոյդուլան ունեցել է մեկ որդի (Հանս Վոլդեմար, 1874) և երկու դուստր (Հեդվիգ, 1876 և Անա, 1878)։ Լիդիան հաճախ էր լինում Էստոնիայում, սակայն շատ էր կարոտում հայրենի երկիրը։ Լիդիա Կոյդուլան մահացել է 1886 թվականին կրծքի քաղցկեղից և թաղվել է Կրոնշդադտում։ Սակայն նրա մահվան 60-ամյա տարելիցին նրա աճյունը տեղափոխվել է Էստոնիա և վերահուղարկավորվել Տալլինի Մետսակալմիստու գերեզմանատանը։

Կրոնշդադտում հուշատախտակ է ամրացված այն տան պատին, որտեղ բնակվել է Լիդիա Կոյդուլան[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Կոյդուլայի հուշարձանը Պյառնուում, քանդակագործ՝ Ամանդուս Ադամսոն, 1929

Լիդիա Կոյդուլան մեծ ավանդ ունի հատկապես էստոնական բանաստեղծության զարգացման գործում։ Նրա հայրենասիրական բանաստեղծությունները մեծապես ոգևորել է էստոնացի ժողովրդին, իսկ բանաստեղծուհուն անվանել են «Սոխակ Էմայիգի ափերից» (էստ․՝ "Emajõe ööbik", այդպես է կոչվել Կոյդուլայի բանաստեղծությունների ժողովածուն, որ լույս է տեսել 1867 թվականին)։ Կոյդուլայի բանաստեղծությունների մեծ մասն ունի ռոմանտիկական բովանդակություն. նա ցավում է էստոնական ժողովրդի դժբախտությունների համար, գովերգում է սերը հայրենիքի ու տան նկատմամբ, ձգտում է օգնել իր հայրենակիցներին ու թեթևացնել նրանց ցավը։

Լիդիա Կոյդուլան կատարել է ազատ թարգմանություներ, արտասահմանյան գրողների ստեղծագործությունները հարմարեցրել է թերթում տպագրելու համար։ Կոյդուլան նորություն բերեց նաև էստոնական դրամատուրգիայում. նրա առաջին կատակերգությունը, որ կոչվում էր «Զարմուհին Սարեմայից» (էստ․՝ "Saaremaa onupoeg", 1870) գրվել է գերմանացի դրամատուրգ Տ. Կարների սյուժեով, սակայն հետագայում նա ստեղծել է ինքնուրույն կատակերգություններ՝ «Խնամախոսները» (էստ․՝ "Kosjakased" կամ "Maret ja Miina", 1870) և «Մի տեսակ էշ» (էստ․՝ "Säärane mulk", 1872)։ Կոյդուլայի կատակերգություններով էլ իր պատմությունն սկսել է էստոնական թատրոնը։

Գրքերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարգագետնային ծաղիկներ» (էստ․՝ "Waino-lilled", 1866).
  • «Սոխակ Էմայիգի ափերից» (էստ․՝ "Emajõe ööbik", 1867).
  • «Բանաստեղծությունների ժողովածու» (էստ․՝ "Kogutud luuletused", 1925).
  • «Ընտիր երգեր» (էստ․՝ "Valitud laulud", 1934).
  • «Ընտիր բանաստեղծություններ» (էստ․՝ "Valitud luuletused", 1943).
  • «Ընտիր բանաստեղծություններ» (էստ․՝ "Valitud luuletused", 1949).
  • «Բանաստեղծությունների փոքր գիրք» (էստ․՝ "Väike luuleraamat", 1967).
  • «Բանաստեղծություններ» (էստ․՝ "Luuletused", 1969).
  • «Իմ հայրենիք, իմ սեր» (էստ․՝ "Mu isamaa on minu arm", 1978, 1993).
Հուշաքար Լիդիա Կոյդուլայի պատվին նրա ծննդավայր Վյանդրյայում

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիդիդ Կոյդուլայի «Իմ հայրենիք, իմ սեր» (էստ․՝ Mu Isamaa on minu arm) բանաստեղծության խոսքերով կոմպոզիտոր Գուստավ Էռնեսաքսը գրել է երգ, որ դարձել է Էստոնիայի ոչ պաշտոնական հիմնը։
  • Էստոնական 100 կրոնանոց դրամանիշի մի երեսին պատկերված է Լիդիա Կոյդուլան սոխակի հետ, իսկ մյուս երեսին տպված է մի քառատող նրա բանաստեղծությունից.

Silla otsad ühendatud,
Kandes ühte isamaad,
Tõe templiks pühendatud…
Nägu — millal tõeks saad?!

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Койдула Лидия // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. «Նատալի Լայդենենի կայքը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդիա Կոյդուլա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 562