Իդա Դեհմել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իդա Դեհմել
Դիմանկար
Ծնվել էհունվարի 14, 1870(1870-01-14)[1]
ԾննդավայրԲինգեն ամ Ռայն, Մայնց Բինգեն, Ռայնլանդ Պֆալց[2]
Մահացել էսեպտեմբերի 29, 1942(1942-09-29)[1] (72 տարեկան)
Մահվան վայրՀամբուրգ, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
Մասնագիտությունգրող
ԱմուսինՌիխարդ Դեմել
 Ida Dehmel Վիքիպահեստում

Իդա Դեհմել, ծնունդով՝ Իդա Կոբլենց (Ida Dehmel (Coblenz), հունվարի 14, 1870(1870-01-14)[1], Բինգեն ամ Ռայն, Մայնց Բինգեն, Ռայնլանդ Պֆալց[2] - սեպտեմբերի 29, 1942(1942-09-29)[1], Համբուրգ, Նացիստական Գերմանիա), գերմանացի հրեա, քնարերգու, ֆեմինիստ և արվեստի հովանավոր, գեղարվեստական ասոցիացիաների հիմնադիր և կանանց իրավունքների պաշտպան[3][4]։

1933 թվականից հետո նա հետապնդվել է իր հրեական ծագման պատճառով։ 1942 թվականին, երբ սկսվել են հրեաների լայնածավալ տեղահանումներն այն քաղաքից, որտեղ նա բնակվում էր, Իդան ինքնասպան է եղել՝ չափից ավելի քնաբեր հաբեր ընդունելով խուսափել է վերահաս տեղահանությունից և սպանությունից[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում և վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդա Կոբլենցը ծնվել է Բինգենում, Հռենոսի ձախ ափին ապրող բարեկեցիկ, կայացած հրեական ընտանիքում։ Ընտանիքում հինգ երեխա կար։ Նրանց մայրը մահացել է, երբ նրանք դեռ փոքր էին։ Նրանց հայրը՝ Սիմոն Զաքարիաս Կոբլենցը գինեգործ էր և տեղի գործարար համայնքի առաջատար անդամ, որը դաստիարակության խիստ կանոններ էր կիրառում՝ իր անմայր երեխաների դաստիարակության համար։ Հրեական կրոնական տոները և պատվիրանները պետք է անվիճելիորեն հարգվեին։

Դեռահաս տարիքում Իդան հաճախել է գիշերօթիկ դպրոց Բելգիայում, որտեղ, ինչպես հետագայում հիշել է, առաջին անգամ անհարգալից վերաբերմունքի է արժանացել իր հրեական ծագման համար, 1885/1886 թվականներին[5]։ 1890-ական թվականների սկզբին նա ծանոթացել է բանաստեղծ Շտեֆան Գեորգի հետ։ 1892 թվականի ամռանը նրանք մտերմացել են՝ միասին երկար զբոսնելով Բինգենի շրջակա բլուրներում. բանաստեղծը Իդային նվիրված բանաստեղծությունների մի ամբողջ շարք է գրել[3][6][7]։ Սակայն 1895 թվականին Իդան ամուսնացել է Բեռլինից եկած հրեա գործարար Լեոպոլդ Աուերբախի հետ․ դա հոր ընտրությունն էր։ Զուգը բնակվել է Բեռլինի Տիրգարտեն թաղամասի Լենեստրասե 5 հասցեում գտնվող շենքի մի մեծ բնակարանում։ Դեկտեմբերին ծնվել է նրանց որդին՝ Հայնց Լյուքսը (1895-1917)։ Հաջորդ մի քանի տարիներին Իդա «Իզի» Աուերբախը վարել է աշխարհիկ տանտիրուհու կյանք մի այնպիսի ոճով, որը համատեղում էր Բեռլինի սալոնային ավանդույթները նորաձև «Բոհեմական» հակամշակույթի հետ։ Սակայն, ամուսնությունն ինքնին, անուրախ ամուսնություն է եղել[4]։

Առաջին ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուերբախների տունը դարձել է Ֆրիդրիխշագենի բանաստեղծների խմբակի կենտրոնը։ Անդամների թվում էին բանաստեղծ-գրող Ռիխարդ Դեհմելը, որի կինը՝ Պաուլան, նույնպես գրող էր (և ականավոր սոցիոլոգ-տնտեսագետ Ֆրանց Օպենհայմերի քույրը)։ Այդ ժամանակ, Լեոպոլդ Աուերբախի մոտալուտ սնանկության մասին լուրերը հաստատվել են և տասնամյակի երկրորդ կեսին Տիերգարդենի թաղամասում գտնվող շքեղ տունը պետք է ազատվեր, և Իդա Աուերբախի կյանքը ՝ որպես հյուրընկալ տանտիրոջ, ավարտվել է։ Զույգը խզել է ամուսնական կապը[4]։ 1898 թվականին Իդա Աուերբախը և իր փոքր որդին տեղափոխվել են Բեռլին քաղաքի հյուսիսային կողմ՝ Պանկով թաղամաս։ Այստեղ բնակվում էին Ռիխարդ և Պաուլա Դեհմելները, որոնց հետ Իդան մտերմացել է և բավականին արագ նրանց երեքի միջև փոխհարաբերությունները վերաճել են, այսպես կոչված, ոչ ֆորմալ եռակողմ ամուսնության[3]։ Այդ իրավիճակը փխրուն է եղել, բայց ըստ մի աղբյուրի, նրանք երեքով միասին ապրել են մինչև 1899 թվականի ապրիլը՝ զբաղեցնելով երկու հարակից տները, որտեղ այժմ Պարկշտրասե (Parkstraße) փողոցն է[8]։

Երկրորդ ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիխարդ Դեհմելը Իդա Դեհմելի հետ 1904 թվականին

1899 թվականի ամռանից մինչև 1900 թվականի վերջը Ռիխարդ Դեհմելն ու Իդան միասին ճանապարհորդել են։ Նրանք նախ եղել են Մյունխենում, ապա ծավալուն շրջայց կատարել Հունաստան և Իտալիա։ Վերադարձին նրանք կանգ են առել Իտալիայում հյուսիսում գտնվող Սիրմիոնե կոմունայում՝ Գարդա լճի մոտ։ Հակառակ նրանց ցանկության, այնտեղ երկար մնալ չեն կարողացել, քանի որ Իդան հիվանդացել է տիֆով, և տեղի բժիշկը նրան խորհուրդ է տվել առողջանալու համար վերադառնալ Գերմանիա։ Նրանք տեղափոխվել են հյուսիս՝ Հայդելբերգ, որտեղ ապրում էր նրանց ընկեր Ալֆրեդ Մոմբերտը։ Նրանց հարևանությամբ էին ապրում նաև Պետեր և Լիլի Բերենսները։ Իդայի ավագ քույրը՝ Ալիս Բենսհայմերը, ապրում էր մոտակայքում գտնվող Մանհայմի արվարձանում։ Հայդելբերգից մինչև Դարմշտադտի Mathildenhöhe Նկարիչների գաղութ հեշտությամբ կարել էր հասնել գնացքով[4]։

Սիրահարները թեև ընկերների պակաս երբեք չեն ունեցել, բայց Իդա Դեհմելի պահպանողական ազգականներն, այնուամենայնիվ, հիասթափված էին նանից Աուերբախից բաժանվելու և Դեհմելի հետ սիրավեպի համար, ինչը կարող է բացատրել, թե ինչու, երբ 1901 թվականի հոկտեմբերին նրանք վերջապես որոշեցին ամուսնանալ միմյանց հետ, նրանք գնացին Բլումսբերի (Լոնդոն), Անգլիայում դա անելու համար[9][10][11]։ Մի քանի տարի անց զույգի ընկերը՝ Բեռլինի նկարիչ Յուլյա Վոլֆթորնը, պատրաստեց Դեհմելների երկու յուղաներկ դիմանկարներ, որոնք ցուցադրվել են 1906 թվականին Վայմարի «Մեծ Դքսի թանգարանում» (ներկայիս՝ գերմ.՝ Neues Museum Weimar, նախկին՝ Großherzogliches Museum) կայացած Գերմանիայի նկարիչների ասոցիացիայի երրորդ ցուցահանդեսում[12]։

Ամուսնանալուց հետո նրանք հաստատվել են ոչ թե Հայդելբերգում, այլ իրենցից դժգոհ ընտանիքներից ավելի հեռու՝ Համբուրգում։ Եվրոպային և անձամբ իր ընտանիքին սպասվող դարի մղձավանջային սարսափներին անտեղյակ Իդան այդ ժամանակի մասին գրել է, որ ցանկանում է ստեղծել նոր երկինք և նոր երկիր («Ich möchte einen neuen Himmel kreieren und eine neue Erde»)[13]: Դեհմելները դասախոսություններով և ընթերցումներով ճանապարհորդել են՝ հաճախ լինելով Բեռլինում, Մյունխենում, Վիեննայում, Լայպցիգում և Դրեզդենում։ Աղբյուրներից իսկապես պարզ չէ, որ քսաներորդ դարի առաջին մի քանի տարիների ընթացքում Համբուրգը նրանք իրենց մշտական տունն են համարել։ Վայրերից էր Վայմարը, որտեղ նրանք շատ ժամանակ են անցկացրել, որտեղ ընկերների հետ նրանք սերտորեն մասնակցել են նոր մշակութային կենտրոնի ստեղծմանը[4]։ Նրանք պարբերաբար հանդիպել կամ նամակագրական կապեր են ունեցել ժամանակի առաջատար գործիչների հետ, ինչպիսիք են նկարիչ Մաքս Լիբերմանը, ճարտարապետ Հենրի վան դե Վելդեն, հրատարակիչ Հարի Կեսլերը և բանաստեղծներ Դեթլև ֆոն Լիլիենկրոնը, Ալֆրեդ Մոմբերտը և Պաուլ Շեերբարտը։ 1911 թվականին Ռիխարդ և Իդա Դեհմելների խնդրանքով Համբուրգի ճարտարապետ Վալթեր Բայդեկերը նախագծել է շենքը, որը հայտնի էր դառնալու որպես «Դեհմելի տուն» Westerstraße 5 հասցեում (հետագայում ՝ Richard-Dehmel-Straße 1): Իդա Դեհմելը արագորեն նոր տունը դարձրել է Համբուրգի առաջատար նկարիչների գործունեության կենտրոն։ Նա խրախուսել է երիտասարդ նկարիչներին իրականացնել «շատ ավելի մեծ շարժման մեջ ինքնուրույն տարր» դառնալու երազանքը[5]։

Իդա Դեհմելը սերտ կապի մեջ է եղել նաև իրենից վեց տարի մեծ քրոջ՝ Ալիսի հետ։ Ալիսը, որը բնակվում էր Մանհեյմում, կանանց կրթության առաջատար կողմնակից է եղել և այդ ժամանակ ավելի ու ավելի էր ներգրավվել ֆեմինիստական օրակարգի այլ ասպեկտների մեջ։ Համբուրգում Իդան միացել է պայքարին՝ 1906 թվականին հիմնադրելով «Համբուրգի կանանց ակումբը» և 1911 թվականին դառնալով «Հյուսիսգերմանական կանանց ընտրական իրավունքի լիգայի» («Norddeutsche Verband für Frauenstimmrecht») նախագահ։ 1913 թվականին հիմնադրել է «Հյուսիսգերմանացի կին նկարիչների լիգան» («Bund Niederdeutscher Künstlerinnen»): Նա նաև վերադարձել է ուլունքների, ընդհանուր առմամբ, արհեստների հանդեպ ունեցած իր մանկության հետաքրքրությանը։ Նա միացել է Արհեստագործների ազգային ասոցիացիային՝ անձամբ արտադրելով պայուսակներ, գոտիներ և լուսամփոփներ[5]։

Պատերազմ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմը սկսվել է 1914 թվականի հուլիսին։ Ռիխարդ Դեհմելը, որն արդեն 50 տարեկան էր, կամավոր մեկնել է բանակ։ Իդայի որդին՝ Հայնց-Լյուքս Աուերբախը զորակոչվել է և մահացել Ֆրանսիայում, Արևմտյան ռազմաճակատում 1917 թվականի սպանդի ժամանակ։ Նրա ամուսինը ստացել է ոտքի լուրջ վնասվածք, որից 1919 թվականին առաջացրել է թրոմբոզ, ինչն էլ հանգեցրել է նրա մահվան, 1920 թվականի փետրվարի 8-ին[4][5]։

Պատերազմի տարիներին նրա սոցիալական ներգրավվածությունն աճել է։ Նա դարձել է «Deutscher Frauendank» - ի փոխնախագահ (թարգմանաբար՝ «կանանց պատերազմական ժամանակաշրջանի շնորհակալություն») և դարձել է «Կանանց ընտրական իրավունքի գերմանական ասոցիացիա» (Deutscher Verband für Frauenstimmrecht) կազմակերպության «թղթակից քարտուղար» (արտացոլելով պատերազմական ժամանակաշրջանի ճնշումները՝ արդեն ավելի «պահպանողական» դիրքերից)։ Նա նաև Ազգային ազատական կուսակցության ակտիվ անդամ էր և նորաստեղծ «Գերմանական կիրառական արվեստի խթանման կանանց լիգայի» (Frauenbund zur Förderung deutscher bildender Kunst) նախագահ, որը նա ստեղծել էր Ռոզա Շապիրի հետ։ Որդու մահից հետո, սակայն, և նույնիսկ ավելին՝ 1920 թվականին ամուսնու մահից հետո, նա իր ժամանակի և անսպառ էներգիայի մեծ մասը նվիրել է Ռիխարդ Դեհմելի գեղարվեստական ժառանգությունը պահպանելուն՝ ստեղծելով «Դեհմելի հիմնադրամ» և «Դեհմելների ասոցիացիա», որին աջակցել են հայտնի համաքաղաքացիները, ներառյալ Համբուրգի քաղաքագլուխ Վերներ ֆոն Մելլեն (1853-1937)[4][5]։

Վայմարի տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդա Դեհմելը այրիացել է իր հիսունամյակից երեք շաբաթ անց։ «Դեհմել հիմնադրամի» և «Դեհմելի ասոցիացիայի» ֆինանսական աջակցությամբ նա սկսել է ինտենսիվ աշխատել իր հանգուցյալ ամուսնու չհրատարակված աշխատանքները համադրելու և խմբագրելու վրա։ 1926 թվականին հրատարակել է նրա նամակների ընտրանու երկու հատորյակը։ Այդ տարի նա գործարք է կնքել քաղաքապետարանի և Համբուրգի համալսարանի գրադարանի հետ, ըստ որի Իդան նրանց է վաճառել Ռիխարդի գրական արխիվը, միաժամանակ փաստաթղթերը պահպանելով այն տարածքում, որն այժմ հայտնի է որպես «Դեհմելի տուն», որտեղ դրանք նրան հեշտ հասանելի կլինեին։ Չնայած 1933 թվականից հետո իշխանությունների հետ ունեցած բազմաթիվ դժվարություններին, նրա հանգուցյալ ամուսնու թղթերի հետ կապված պայմանավորվածությունները ուժի մեջ են մնացել մինչև 1939 թվականը, երբ պատերազմի բռնկմամբ անվտանգության նկատառումներից ելնելով, դրանք տեղափոխվել են գրադարանի շենքեր[5]։ 1920 թվականին Իդայի և Ռիխարդի ստեղծած տան մեծ մասը հիշեցրել է ժամանակակից արվեստի լավ խնամված թանգարան, որում Իդա Դեհմելը բեմադրում էր մի շարք միջոցառումներ, որոնք ծառայում էին սոցիալական, գեղարվեստական և բարեգործական նպատակների։ Լինում էին տարազների ցուցադրություն, ծաղիկների փառատոններ, ժամանակավոր շուկաներ և ցուցահանդեսներ։ Նա կարողացել է կիրառել և զարգացնել հմտություններ և ունակություններ, որոնք նա զարգացրել էր որպես արվեստի հովանավոր և տանտիրուհի դեռ Բեռլինում 1890-ականների ընթացքում։ Նա հատկապես ուշադիր է եղել կանանց ակումբների և արվեստի միությունների նկատմամբ։ Այս համատեքստում 1926 թվականին նա ստեղծել է «Բոլոր ժանրերի կին նկարիչների ասոցիացիաների լիգան» («Gemeinschaft Deutscher und Oesterreichischer Künstlerinnenvereine aller Kunstgattungen» / այժմ հայտնի է որպես «GEDOK»)[4]: 1933 թվականին նրա ղեկավարած կազմակերպությունն ունեցել է 7000 անդամ։ Այնուամենայնիվ, 1933 թվականին այդ անդամներից 5000-ը հրաժարվել են անդամությունից[13]։

Նացիստական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականի հունվարին իշխանության են եկել նացիստները, որոնք ժամանակ չկորցնելով Գերմանիան վերածեցին միակուսակցական բռնապետության։ Կուսակցության ժողովրդական աջակցությունը հիմնված էր հույսի և ատելության ավանդական պոպուլիստական թեմաների վրա։ Նրանց ատելությունը հիմնականում բաշխվեց կոմունիստների և հրեաների միջև։ Իդա Դեհմելը կոմունիստ չէր, բայց նա հրեա էր։

1933 թվականի ապրիլի 20-ին նացիստական պարագլուխները ներխուժել են «Hamburger Hof» (հյուրանոց) նիստերի դահլիճ, որտեղ Դեհմելը նախագահում էր GEDOK- ի ամենամսյա հանդիպումը։ Նրանք պահանջում էին նրա հրաժարականը։ Երեք շաբաթ անց, իր հրեական ծագման պատճառով, նա իսկապես հրաժարվել է այն կազմակերպությունից, որն ինքն էր ստեղծել[4]։ Հետագայում նրա համար անհնարին դարձավ տպագրել որևէ բան իր գրածներից կամ իր հանգուցյալ ամուսնու գրական ժառանգությունից։ Հետապնդումների տարիներին նրա առաջին գերակայությունը մնում էր «Դեհմել հաուսի» հոգսը, և սա էր պատճառը, որ նա, ի տարբերություն մյուսների, իրենից վանել է արտագաղթի մասին ցանկացած միտք[5]։

1935 թվականի մարտին քրոջ՝ Ալիսի մահանալուց հետո, Իդան երկու երկար օվկիանոսային շրջագայության է մեկնել՝ այցելելով ԱՄՆ, Կենտրոնական Ամերիկա և Արևմտյան Հնդկաստան, քանի դեռ հնարավոր էր ճանապարհորդել։ Այդ ժամանակ քչերը կարող էին կամ ցանկանում էին կանխատեսել Հոլոքոստի մասշտաբն ու սարսափը,, որը տեղի էր ունենալու մի քան տարի անց, թեև հստակ ուրվագծվում էր, որ ցանցը սեղմվում էր, հատկապես այն հրեաների համար, ովքեր չէին ցանկանում (կամ ֆինանսական պատճառներով չէին կարող) լքել Գերմանիան։

Իդա Դեհմելը աստիճանաբար ավելի ու ավել է մեկուսացել։ 1937 թվականի դեկտեմբերի 6-ին նրան համոզել են դառնալ «Քրիստոնեական ավետարանական բարեփոխված եկեղեցու» անդամ։ 1938 թվականին կառավարության պահանջով հրեաները պետք է ստանային «հին կտակարանի անուններ», և այս պահից պաշտոնական փաստաթղթերում Իդան նույնացվում է որպես «Ջեդիջա»[5]։ Նա շարունակում է հրաժարվել լքել «Դեհմել հաուսը»։ 1938 թվականի դեկտեմբերին ընկերոջն ուղարկված նամակում նա գրել է, որ երբեք չի հեռանալու. «Marion, ich würde nie auswandern ... im Moment in dem ich das Dehmelhaus verlassen muß, mache ich Schluß ..»[4]։

1939 թվականի սեպտեմբերին Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո Իդա Դեհմելը ստիպված է եղել մնալ Համբուրգի Բլանկենյան թաղամասում, որտեղ նա ապրում էր, և այդ ժամանակ նա կենտրոնացել է իր «Դայջա» ինքնակենսագրական վեպի վերջնական տարբերակը վերամշակելու վրա (որն այդպես էլ չհրատարակվեց)[14]։ Շնորհիվ ընկերուհու՝ Մերի ֆոն Տոլի միջամտության, Շաումբուրգ-Լիպպեի արքայազն Ֆրիդրիխ Քրիստիանի միջոցով, որը երկար տարիներ սերտ համագործակցում էր Քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսի հետ, նրան թույլատրվել է մնալ «Դեհմել Հաուսում» և նրան խնայել են՝ չպարտադրելով, որ իր արտաքին հանդերձների վրա կարի Հրեայի աստղ անարգող տարբերակիչ նշանը[5]։

Իդայի ապագան աստիճանաբար ավելի սպառնալից է դարձել, չնայած որ դեռ շատ ընկերներ ու ծանոթներ ուներ, ինչպես Գերմանիայում, այնպես էլ արտերկրում, ովքեր միջամտում էին իշխանություններին՝ փորձելով Իդային հեռու պահել սպասվող հոլոքոստից, որն այլևս անհնար էր չնկատել[4]։ 1941 թվականի հոկտեմբերին նա իր ընկերուհուն՝ Մերի Ստերնին գրած նամակում նկարագրել է իրավիճակը։

Դու ինձ մի գեղեցիկ նամակ ես գրել՝ չիմանալով, որ այդ ընթացքում ես մոտեցել եմ ոչ միայն Մահին, այլև Դժոխքին։ Չորեքշաբթի օրվանից դա ոչ միայն իմ կյանքն է, այլ հազարավոր այլոց, դա աննակարագրելի տառապանք է։ Չորեքշաբթի օրը Համբուրգի 2000 հրեաներ (իրականում չէր կարող լինել 1500-ից ավելի) ստացել են տարհանման հրաման։ Ժամանակավոր։ Բոլորը գիտեն, դրանից հետո ինչ է լինելու։ Դաժան պայմաններ են։ Պետք է վերցնել ոջիլի քսուք, միջատի փոշի, փոշու սանր։ Դեպի Լիցմանշտադտ։ Այս ու այնտեղ իրարից հեռացնում ամբողջ ընտանիքներ, բայց նաև հայր կամ մայր, կամ դուստր կամ որդի, բոլորն առանձնացվում են։ Իմ հրեա վարձակալի տնային ծառան այնտեղ է, քիչ է մնում, ես էլ այդ ամենը կտեսնեմ։ Իմ վարձակալի մի արիացի ծանոթ էր եկել այցելության։ Ես նրա դիմաց դուռը բացեցի։ Մի երիտասարդ կին էր։ Նա ասաց ինձ. «Ինչ լավ է, որ դեռ տանն ես. դա նշանակում է, որ կարող ես պատրաստվել ճանապարհորդությանը»։ և հետո նրա լեզուն կարծես պապանձվեց բերանում ....[4][5]։

Տեղահանությունները շարունակվել են։ 1942 թվականի սեպտեմբերին, 72 տարեկան Իդա Դեհմելը դեռ իր տանն է եղել, բայց նա համարել է, որ անբուժելի հիվանդ է, և եթե նույնիսկ նրան փրկեն արտաքսումից, նա չի ցանկացել ուրիշներից կախվածություն ունենալ։ Նա իր կյանքի կամքը ոչնչացված էր համարել հիվանդության և ժամանակի և վայրի մռայլ հանգամանքների պատճառով։ 1942 թվականի սեպտեմբերի 29-ին նա չափից շատ քնաբեր հաբեր ընդունելով ինքնասպան է եղել[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #118679228 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Renate Rochner (compiler). «Ida Dehmel (geb. Coblenz), geboren am 14. Januar 1870 in Bingen, gestorben am 29. September 1942 in Hamburg ...deutsche Kunstfreundin, Gründerin der GEDO». Institut für Frauen-Biographieforschung. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 Tonia Lensch (1999). «Ida Dehmel 1870 - 1942. ... Biographie geschrieben anhand des Kataloges zu der Ausstellung der Staats- und Universitätsbibliothek Hamburg vom 14.1-27.2.1970:». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 Petra Bopp (compiler); Erwin Fink (translator into English & Kindly supported by the Hermann Reemtsma Stiftung, Hamburg) (2012 թ․ դեկտեմբերի 3). «Ida Dehmel, née Coblenz, born on 14 Jan. 1870 in Bingen/Rhine, suicide on 29 Sept. 1942». Stolpersteine Hamburg. Landeszentrale für politische Bildung, Hamburg. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին. {{cite web}}: |author2= has generic name (օգնություն)
  6. Elisabeth Höpker-Herberg, Ida Coblenz. Zeugnisse zu ihrem George-Erlebnis, in: Ute Oelmann, Ulrich Raulff (Hrsg.)
  7. Frauen um Stefan George, Wallstein, Göttingen 2010, pp. 84–102
  8. Matthias Wegner: Aber die Liebe. Der Lebenstraum der Ida Dehmel. List Taschenbuch-Verlag, Berlin 2002, 978-3-548-60215-8
  9. «Index entry - name: Dehmel, Richard - Registration district: St. Giles - volume/page nbr.:1b/1077». FreeBMD Transcriptions of England and Wales marriage index 1835-1983 (Q4 1901). ONS. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  10. «Index entry - name: Auerbach, Ida - Registration district: St. Giles - volume/page nbr.:1b/1077». FreeBMD Transcriptions of England and Wales marriage index 1835-1983 (Q4 1901). ONS. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  11. «Index entry - name: Coblenz, Ida - Registration district: St. Giles - volume/page nbr.:1b/1077». FreeBMD Transcriptions of England and Wales marriage index 1835-1983 (Q4 1901). ONS. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  12. Wolfthorn, Julie, Berlin. in: Katalog 3. Deutsche Künstlerbund-Ausstellung, Weimar 1906. (p. 22: Kat.nr. 234/235) online (accessed 6 July 2017)
  13. 13,0 13,1 Ruth Schneeberger (2015 թ․ նոյեմբերի 18). «Fenster zur Finsternis». Frauenkunstverein "Gedok" ... Als Ida Dehmel einen Verein zur Förderung weiblicher Kunst gründet, dürfen Frauen gerade erst wählen. Die Nazis entmachten sie auf der Stelle, später bringt sie sich um. Mit ihr verlassen 5000 Frauen den Kunstverein - freiwillig?. Süddeutsche Zeitung (online). Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  14. Andrea Claussen (2015 թ․ հունիսի 4). «Ida Dehmel, ein Leben für die Kunst ... Reflexion über die Rolle der Frau». Wolfgang Claussen i.A. Nordfriesen.Info, Husum. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Դեհմել» հոդվածին։