Ժուան Գիմարայնս Ռոզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժուան Գիմարայնս Ռոզա
Ծննդյան անունբրազ.-պորտ.՝ João Guimarães Rosa
Ծնվել էհունիսի 27, 1908(1908-06-27)[1][2][3][…]
ԾննդավայրCordisburgo, Մինաս Ժերաիս, Բրազիլիա
Վախճանվել էնոյեմբերի 19, 1967(1967-11-19)[1][2][3][…] (59 տարեկան)
Վախճանի վայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Մասնագիտությունբժիշկ-գրող, դիվանագետ, էսպերանտիստ, վիպասան, գրող, բանաստեղծ, արձակագիր և բժիշկ
Լեզուպորտուգալերեն
Քաղաքացիություն Բրազիլիա
ԿրթությունFederal University of Minas Gerais?, Faculdade de Medicina da Universidade Federal de Minas Gerais? և Colégio Arnaldo?
Ուշագրավ աշխատանքներThe Devil to Pay in the Backlands?
ԱնդամակցությունԲրազիլական գրականության ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինAracy de Carvalho?
ԱզգականներJoão Lima Guimarães? և Elisson Guimarães?
 Guimarães Rosa Վիքիպահեստում

Ժուան Գիմարայնս Ռոզա (Գիմարաինս Ռոզա) (պորտ.՝ João Guimarães Rosa, հունիսի 27, 1908(1908-06-27)[1][2][3][…], Cordisburgo, Մինաս Ժերաիս, Բրազիլիա - նոյեմբերի 19, 1967(1967-11-19)[1][2][3][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի գրող և դիվանագետ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիմարայնս Ռոզան ծնվել է Կորդիսբուրգու (պորտ.՝ Cordisburgo) մունիցիպալիտետում։ Նա եղել է իր ծնողների՝ Ֆլորդուարդու Պինտու (պորտ.՝ Florduardo Pinto Rosa) և Դ. Ֆրանսիսկա Գիմարայնս (պորտ.՝ D. Francisca Guimarães Rosa) Ռոզաների վեց երեխաներից ավագը։

Գիմարայնս Ռոզան ինքնուս է եղել տարբեր բնագավառներում, մանկուց սովորել է շատ լեզուներ, սկսել է ուսումնասիրել ֆրանսերենը, երբ դեռ յոթ տարեկան է[5][6] եղել, ինչի մասին հարցազրույցում ասել է.

Ես խոսում եմ պորտուգալերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, իտալերեն, էսպերանտո, մի քիչ ռուսերեն, կարդում եմ շվեդերեն, հոլանդերեն, լատիներեն և հունարեն (բայց ձեռքի տակ գտնվող բառարանով); հասկանում եմ գերմանական որոշ բարբառներ, ուսումնասիրել եմ հունգարերենի, արաբերենի, սանսկրիտի, լիտվերենի, լեհերենի, տուպիի, իվրիտի, ճապոներենի, չեխերենի, ֆիններենի, դանիերենի քերականությունը, մակերեսորեն ուսումնասիրել եմ այլ լեզուներ, սակայն ամեն ինչ բազային մակարդակում։ Կարծում եմ, որ այլ լեզուների ոգին ու մեխանիզմն ուսումնասիրելը օգնում է շատ ավելի խորությամբ հասկանալ մայրենի լեզուն։ Ընդհանուր առմամբ, ես սովորում էի հաճույքի, բավականության և զվարճանքի համար[7]։

Դեռ մանկուց նա տեղափոխվել է իր պապիկի և տատիկի տուն՝ Բելո Հորիզոնտե, որտեղ ավարտել է տարրական դպրոցը։ Հետագա ուսումն սկսել է Սանտու Անտոնիու դպրոցում Սան Ժուան դել Ռեյում, սակայն շուտով վերադարձել է Բելո Հորիզոնտե, որտեղ և ավարտել է ուսումը։ 1925 թվականին, 16 տարեկան հասակում, դիմել է ընդունվելու Մինաս Ժերաիսի համալսարանի բժշկական ֆակուլտետ։

1930 թվականի հունիսի 27-ին Գիմարայնս Ռոզան ամուսնացել է 16-ամյա Լիժիա Կաբրալ Պեննայի (Lígia Cabral Penna)՝ Վիլմայի (Vilma) և Ագնեսի (Agnes) դստեր հետ։ Նույն թվականին ավարտել է ուսումը և սկսել զբաղվել բժշկական պրակտիկայով Մինաս Ժերաիս նահանգի Իտագուարա (Itaguara), այնուհետև Իտաունա (Itauna) մունիցիպալիտետներում (համայնքներում)։ Նա այնտեղ ապրել է մոտ երկու տարի, այդ տարիներին առաջին անգամ ծանոթացել է սերտանի (բրազիլական տափաստանների) տարրերին, որոնք սկզնաղբյուր և ոգեշնչման աղբյուր են դարձել նրա շատ գործերի համար։

Վերադառնալով Իտագուարայից՝ Գիմարայնս Ռոզան որպես կամավոր բժիշկ է աշխատել ժողովրդական աշխարհազորում (պորտ.՝ Força Pública) 1932 թվականի «Սահմանադրական հեղափոխության» ժամանակ՝ ղեկավարելով, այսպես կոչված, Թունելի հատվածը Պասա Կուատրու (Passa-Quatro, Մինաս Ժերաիս նահ.) համայնքում։ Այնտեղ նա հանդիպել է ապագա նախագահ Ժուսելինու Կուբիչեկին, որն այդ ժամանակ գլխավոր բժիշկն էր։ Հետագայում, քննություն հանձնելով, նա դարձել է պետական պաշտոնյա։ 1933 թվականին տեղափոխվել է Բարբասենա (Barbacena) համայնք և որպես բժիշկ աշխատել 9-րդ հետևակային գումարտակում (պորտ.՝ Oficial Médico do 9º Batalhão de Infantaria): Կյանքի մեծ մասն աշխատել է որպես դիվանագետ Եվրոպայում և Լատինական Ամերիկայում։

1963 թվականին միաձայն ընտրվել է Բրազիլական գրականության ակադեմիայի անդամ, սակայն առաջարկն ընդունել է 4 տարի անց՝ Ռիո դե Ժանեյրոում իր խորհրդավոր մահից (ենթադրաբար, սրտի կաթվածից) ընդամենը երեք օր առաջ։

Գիմարայնս Ռոզան մահացել է 59 տարեկան հասակում՝ իր դիվանագիտական և գրական կարիերայի գագաթնակետին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիմարայնս Ռոզան գրել է նովելներ և պատմվածքներ։ Նրա ստեղծագործությունները նոր կյանք են ներշնչել XX դարի կեսերի բրազիլական գրականությանը։ «Արահետներ մեծ սերտանով» (1956) վեպն արժանացել է բազմաթիվ ազգային մրցանակների, հեղինակին բերել համաշխարհային ճանաչում։ «Մագմա» (1936) բանաստեղծությունների ժողովածուն ստացել է Բրազիլիայի գրականության ակադեմիայի մրցանակ, սակայն չի հրապարակվել հեղինակի կենդանության օրոք։

Գիմարայնս Ռոզայի՝ որպես գրողի կարիերան սկսվել է դեռևս այն ժամանակ, երբ նա գտնվում էր դիվանագիտական ծառայության մեջ։ 1946 թվականին նա հրապարակել է իր «Սագարանա» աշխատանքը։ Մինչ այդ՝ 1936 թվականին նա արդեն ուներ բանաստեղծությունների ժողովածու, սակայն այն այդպես էլ մնացել է չհրապարակված։ «Սագարանա» ժողովածուն ընդգրկում է 6 նովել, որոնց մի մասի ծավալը գերազանցում է 50 էջը։ Վերնագիրը կարելի է թարգմանել որպես «նմանության մատնանշում»։ Նրանցում սերտանը (բրազիլական տափաստան) վերածվում է գրեթե ինքնուրույն կերպարի, իսկ նորաբանությունների, բառախաղի և հռետորական վարաձևերի առկայությունը հեղինակի համար ապահովել է նորարար գրողի համբավ։ Նրա ոճը կարելի է համարել գրեթե խոսակցական, իսկ նորաբանություններն ու մյուս հնարները բարդացնում են նրա ստեղծագործությունների թարգմանությունը։ «Սագարանայից» հետո հրապարակվել է երկհատոր «Կորդեբալետը»։ Նրանում սերտանը շարունակում է գործել որպես ինքնուրույն կերպար՝ ներկայացնելով բնության ուժերը։

Այնուամենայնիվ, հեղինակի գլուխգործոցը հանդիսանում է «Արահետներ մեծ սերտանով» (1956) վեպը։ Այս ստեղծագործությունը համարվում է ոչ միայն բրազիլական, այլև XX դարի համաշխարհային գրականության գլուխգործոց։ Այն համեմատվել է Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպի հետ[8][9][10]։

Լույս տեսնելուց անմիջապես հետո վեպը դարձել է լեգենդ նախ Բրազիլիայում, ապա թարգմանության միջոցով նաև այլ երկրներում։ The Devil to Pay in the Backlands անգլերեն թարգմանությունը լույս է տեսել 1963 թվականին։ Սակայն հեղինակի ոճի բարդության պատճառով վեպի յուրօրինակությունը կորսվել է։

«Արահետներ մեծ սերտանով» ստեղծագործությունը շատ հակասական վեպ է։ Այն իրենից ներկայացնում է 608 էջանոց պատմություն՝ առանց գլուխների բաժանվելու և պատմվածքի ընդհատման։ Ոչ միայն նորաբանությունների, այլև տեղական բարբառների օգտագործումը վեպը դարձնում են բարդ ոչ միայն թարգմանության, այլև իրենց՝ պորտուգալերենը կրողների ընկալման համար։ Վեպի սյուժեն ծավալվում է գյուղացի Ռիոբալդոյի շուրջ։ Հերոսը պատմում է իր ավազակային կյանքի, ագարակատերերի հետ բախումների և սերտանայում կյանքի համար մղվող պայքարի մասին։ Միաժամանակ ընթերցողը վերածվում է զրուցակցի և անգամ նրան երբեմն հարցեր է տալիս։

Ռոզայի վեպը պարադոքս է։ Մի կողմից այն մոդեռնիստական է, մյուս կողմից՝ տարածաշրջանային, այսինքն՝ նկարագրում է կյանքը Բրազիլիայի այս կամ այն տեղանքում՝ հեռու մնալով ցանկացած ավանգարդից։ Իր վեպում գրողը փորձել է չօգտագործել կլիշե և շփոթեցնել ընթերցողին, ինչպես դա կյանքն է անում։ Նա կլիշե չի օգտագործել ոչ քերականության մեջ կամ ֆրազներում, ոչ պատմվածքում։ Նա ցանկացել է ստեղծել այնպիսի բան, որին ընթերցողը մինչ այդ հանդիպած չլինի, բայց որը միևնույն ժամանակ ընկալվի ինտուիտիվ մակարդակում։

Գիմարայնս Ռոզան Լատինական Ամերիկայի լավագույն գրողներից մեկն է, որի գործունեությունը կարելի է հավասարեցնել Ջեյմս Ջոյսի, Մարսել Պրուստի ստեղծագործական ուղուն։ Նրա լեզվաբանական նորարարությունները ներառում են տարածված բառային փոխառություններ ինչպես անտիկ, այնպես էլ ժամանակակից լեզուներից։ Սեփական նորաբանությունների, շարահյուսական շրջադասությունների ձևավորումը և խոսակցական լեզվի օգտագործումը Գիմարայնս Ռոզայի գործունեությունը դարձնում են իր տեսակի մեջ անկրկնելի։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Caçador de camurças, Chronos Kai Anagke, O mistério de Highmore Hall e Makiné (1929)
  • Լավա (Lava, 1936)
  • Սագարանա (Sagarana, o Duelo, 1946) — նովելների ժողովածու
  • Com o Vaqueiro Mariano (1947)
  • Կորդեբալետ (Corpo de Baile, 1956) — նովելների ժողովածու
  • Արահետներ մեծ սերտանով (Grande Sertão: Veredas, 1956) — վեպ
  • Առաջին պատմությունները (Primeiras Estórias, 1962) — նովելների ժողովածու
  • Tutaméia — Terceiras Estórias (1967)
  • Em Memória de João Guimarães Rosa (1968, հրատ. հետմահու)
  • Estas Estórias (1969, հրատ. հետմահու)
  • Ave, Palavra (1970, հրատ. հետմահու)

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Гимарайнс Роза Жуан». БСЭ, 3-е издание
  • «Guimarães Rosa, João.» Encyclopædia Britannica from Encyclopædia Britannica 2007 Ultimate Reference Suite (2007).
  • Poulsen, Peter. Sertão translated into Danish.
  • Grande Sertão: Veredas by João Guimarães Rosa. Felipe W.Martinez, Nancy Fumero, Ben Segal
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժուան Գիմարայնս Ռոզա» հոդվածին։