Թոմ Ուեյթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմ Ուեյթս
Բնօրինակ անունTom Waits
Ի ծնե անունԹոմաս Ալան Ուեյթս
Ծնվել էդեկտեմբերի 7, 1949(1949-12-07)[1][2][3][…] (74 տարեկան)
Պոմոնա, Պոմ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերԷքսպերիմենտալ ռոք, ջազ, բլյուզ
Մասնագիտություներգիչ, դերասան, կոմպոզիտոր
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ, դաշնամուր, կիթառ, չելեստա
ԼեյբլAsylum Records,
Island Records,
ANTI- Records
ԿրթությունO'Farrell Community School?, Hilltop High School? և Southwestern College?
ԱմուսինKathleen Brennan?
Պարգևներ
Կայքtomwaits.com/
 Tom Waits Վիքիպահեստում

Թոմ Ուեյթս (անգլ.՝ Tom Waits, դեկտեմբերի 7, 1949(1949-12-07)[1][2][3][…], Պոմոնա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ և երգերի հեղինակ, կոմպոզիտոր, դերասան։ Իր կարիերայի սկզբում Ուեյթսը համատեղում էր այնպիսի ժանրեր, ինչպիսիք էին ջազը, բլյուզը և ֆոլկը (ոչ այնքան շատ)։ Սկսած 1980-ական թվականներից՝ նա այս կամ այն չափով նվագում է էքսպերիմենտալ ռոք՝ ինդաստրիալի, դարք կաբարեի և ավանգարդային ջազի տարրերով[5]։ Նրան բնորոշ են թատերականությունը, զավեշտալի ներկայացումները և երգերի կատարման հատուկ ձևը, որ երգեցողության ու ասերգության խառնուրդ է[6]։ Թոմն ունի յուրօրինակ խռպոտ ձայն, որը քննադատ Դենիել Դաչհոլոզի կողմից բնութագրվել է այսպես. «Նա կարծես խցկված է եղել բուրբոնի տակառի մեջ, նրան կարծես մի քանի ամիս թողել են ծխով լցված սենյակում, իսկ հետո, երբ հանել են, մեքենայով անցել են նրա վրայով»[7]։

Նրա երգերը պատմություններ են, որոնք հաճախ պատմվում են առաջին դեմքից[8]։ Ուեյթսը եղել է այնպիսի կինոնկարների կոմպոզիտոր, ինչպիսիք են Ջիմ Ջարմուշի «Գիշերը Երկրի վրա» և Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ի սրտե» ֆիլմերը։ Վերջինիս սաունդթրեքի համար նա առաջադրվել է Օսկարի[9]։ Bone Machine և Mule Variations ալբոմների համար նա արժանացել է Գրեմմիի[10][11]։ 2011 թվականին ընդգրկվել է Ռոք'ն'ռոլլի փառքի սրահում իր կոլեգա Նիլ Յանգի հետ[12]։ Ներկայում ապրում է Կալիֆոռնիա նահանգի Սոնոմա շրջանում իր կնոջ՝ Քեթլին Բրեննանի, աղջկա՝ Քելլսիմոնի և տղաների՝ Քեյսի ու Սալլավանի հետ[13]։

Վաղ շրջան, երաժշտական հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմ Ուեյթսն իր լույս աշխարհ գալու մասին

Ես ծնվել եմ տաքսու հետևի նստատեղին։ Ես լույս աշխարհ եմ եկել չսափրված և գոռացել. «Ես պետք է հասնեմ Թայմս Սքվեր, քշիր ողջ արագությամբ[14]»:

Esquire ամսագրին տրված հարցազրույցից

Թոմ Ուեյթսը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Պոմոնա քաղաքի Park Avenue հիվանդանոցում 1949 թվականի դեկտեմբերի 7-ին ուսուցիչների ընտանիքում։ Նրա հայրը՝ Ջեսսի Ֆրենկ Ուեյթսը, ուներ շոտլանդաիռլանդական արմատներ, մայրը՝ Ալմա Ջոնսոն ՄաքՄյուրրերը՝ ամերիկանորվեգական[15]։ 1960 թվականին Թոմի ծնողները բաժանվեցին, որից հետո նա իր մայրիկի հետ տեղափոխվեց Լոս Անջելես շրջանի Ուիթթեր քաղաք, այնուհետև՝ Նեշնլ-Սիթի, որ գտնվում է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանից ոչ հեռու[15]։

1965 թվականին, երբ սովորում էր Սան-Դիեգո շրջանի Չուլա-Վիսթա քաղաքի միջնակարգ դպրոցում, Ուեյթսը սկսեց նվագել ռիթմ-ն-բլյուզ/սոուլ The Systems խմբում և աշխատել Napoleone Pizza House-ում, որը հետագայում հիշատակվում է Small Change («I Can’t Wait to Get Off Work») և The Heart of Saturday Night («The Ghosts of Saturday Night (After Hours at Napoleone’s Pizza House)») ալբոմներում[16]։

Հինգ տարի անց Ուեյթսը՝ որպես բեռնակիր, սկսեց աշխատել Սան-Դիեգոյի գիշերային ակումբներից մեկում, որտեղ կարողանում էր լսել տարբեր ժանրեր նվագող երաժիշտների կատարումները։ Այնտեղ էլ նա տվեց իր առաջին վճարվող համերգը։ Լինելով Բոբ Դիլանի, Ջեք Քերուակի, Լուի Արմսթրոնգի, Հաուլին Վուլֆի և Չարլզ Բուկովսկու երկրպագու՝ Թոմը սկսեց ստեղծել իր ինքնատիպ երաժշտական ոճը[17]։

ԱՄՆ-ի առափնյա անվտանգությունում ծառայելուց հետո Ուեյթսը վերադարձավ Լոս Անջելես և սկսեց աշխատել Troubadour ակումբում, որտեղ երաժիշտները հերթագրվում էին գիշերային համերգ տալու համար։ Թոմը բնակություն հաստատեց Լոս Անջելեսի շրջակայքում գտնվող Echo Park-ում, որտեղ նրանից բացի ապրում էին Eagles-ի անդամ Գլեն Ֆրայը, Ջեքսոն Բրաունը և Ֆրենկ Զապը։ Երաժիշտը ծանոթացավ պրոդյուսեր Հերբ Քոհենի հետ և ձայնագրեց մի քանի դեմո, որոնք թողարկվեցին The Early Years հավաքածուում։ Քոհենի աջակցությամբ նա Asylum Records-ի հետ կնքեց իր առաջին պայմանագիրը[18]։

1973-1980, Asylum Records-ի յոթ դասական ալբոմները[խմբագրել | խմբագրել կոդը]

The Troubadour գիշերային ակումբը, որտեղ Թոմ Ուեյթսը տվել է իր առաջին համերգը՝ ստանալով 25$

1972 թվականին Ուեյթսը պայմանագիր կնքեց Asylum Records լեյբլի հետ[18] և մի քանի անհաջող ելույթներից հետո ի վերջո ձայնագրեց իր առաջին՝ Closing Time ալբոմը, որը ջազի և ֆոլկի համադրություն էր։ Նա Ջերրի Եսթերի The Lovin' Spoonful խմբի անդամ էր, որից դուրս եկավ 1973 թվականին և արժանացավ քննադատների դրական արձագանքին։ Թոմն սկսես իր առաջին շրջագայությունները, որոնց ընթացքում նա հիմնականում ելույթ էր ունենում Martha and the Vandellas-ի, Չարի Ռիչի և Ֆրենկ Զապի համերգներից առաջ։ Մեկ տարի անց թողարկվեց «Closing Time» ալբոմի տրամաբանական շարունակությունը՝ «The Heart of Saturday Night»-ը, որը 2003 թվականին ընդգրկվեց «Բոլոր ժամանակների լավագույն 500 ալբոմներն ըստ Rolling Stone-ի» ցանկում[19]։

1975 թվականին Ուեյթսը տեղափոխվեց Սանտա-Մոնիկա բուլվարում գտնվող Tropicana մոթել և թողարկեց Nighthawks at the Diner պայմանականորեն համերգային ալբոմը, որը ձայնագրվել էր ստուդիայում՝ քիչ հանդիսատեսի ներկայությամբ[20]։ Nighthawks at the Diner ալբոմին բնորոշ են Թոմի երկար մենախոսութունները, ինչպես միջերգերը։ 1975-ը և հաջորդ թվականները ծանր էին երաժիշտի համար։ Նա ապրում էր հյուրանոցներում, վատ էր սնվում և խմում էր չափազանց շատ։

Թոմի՝ ծանր կյանքով ապրող արկոհոլիկ երաժիշտի համբավը վերջնականապես հաստատվեց, երբ թողարկվեց նրա ցինիկ-պեսսիմիստական Small Change ալբոմը, որում տեղ էին գտել այնպիսի երգեր, ինչպիսիք էին՝ «The Piano Has Been Drinking» («Հարբեցող դաշնամուրը») և «Bad Liver and a Broken Heart» («Հիվանդ լյարդը ու կոտրված սիրտը»)[21]։ Չնայած դրան, Small Change-ի առևտրային ու քննադատական հաջողությունները գերազանցեցին նրա մնացած բոլոր աշխատանքներին։ Այդ ալբոմը առաջինն էր, որ տեղ գտավ Billboard 200 հիթ-շքերթում. Թոմի համար այսպիսի հաջողություն կրկնվեց միայն 1999 թվականին, երբ թողարկվեց Mule Variations-ը[22]։ Billboard -ում հաջողությունից հետո նրանով սկսեցին հետաքրքրվել այնպիսի հրատարակություններ, ինչպիսիք են Time-ը, Newsweek-ը և Vogue-ը։ Թոմը հավաքեց երաժիշտների խումբ և սկսեց ամեն գիշեր համերգներ տալ։

1977 թվականին թողարկվեց Foreign Affairs ալբոմը, որը տոգորված էր վերջին ալբոմի ոգով, սակայն գեղարվեստականորեն ավելի հստակ էր, ջազն ու բլյուզը՝ ավելի զգալի[23]։ 1978 թվականին Թոմն առաջին անգամ հայտնվեց կինոաշխահում՝ խաղալով փոքրիկ դեր «Դրախտային ճանապարհը» ֆիլմում, որում նկարահանվել է նաև Սիլվեստր Ստալոնեն։

Asylum Records լեյբլով 1980 թվականին լույս տեսավ Heartattack and Vine ալբոմը։ Այնտեղ ավելի շատ են նկատելի բալլադները, նաև փոքր-ինչ զգացվում է կոպիտ ռիթմ-ն-բլյուզի ազդեցությունը[24]։ Տասնամյակի վերջում Թոմն սկսեց աշխատել Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի հետ և ձայնագրեց սաունդթրեք նրա «Ի սրտե» ֆիլմի համար։ Նա առաջադրվեց Օսկարի լավագույն երաժշտության համար[25]։

1981-1989, Island Records-ի էքսպերիմենալ տրիլոգիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմ Ուեյթսը երաժշտություն ստեղծելու գործընթացի մասին

Ձեռքերը կարծես շներ լինեն, որոնք գնում են այնպիսի տեղեր, որտեղ արդեն եղել են։ Պիտի զգույշ լինես, երբ խաղը դադարում է տեղի ունենալ գլխում և անցնում է մատներին։ Պետք է պոկել մատներից իրենց սովորությունները, կամ էլ երաժշտական ուսումնասիրությունները կվերջանան, և կսկսվի ստանդարտ, հաճելի երաժշտության խաղը։ Ես փորձում եմ հաղթահարել սովորությունները՝ նվագելով ինձ անծանոթ երաժշտական գործիքներ, օրինակ՝ ֆագոտ կամ վոտերֆոն։

Թոմ Ուեյթսի գրադարանից

1980 թվականի օգոստոսին Ուեյթսն ամուսնացավ Կեթլին Բրենանի հետ, ում հանդիպել էր «Ի սրտե» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Asylum Records-ից հեռանալուց հետո լեյբլը թողարկեց նրա երեք հավաքածուները՝ Bounced Checks, որը ընդգրկում էր հայտնի երգերի հազվադեպ տարբերակներ, և Anthology of Tom Waits-ը և Asylum Years-ը՝ լավագույն երգերի երկու հավաքածուները։ Ուեյթսը երեք փոքր դեր կատարեց Կոպոլլայի «Վտարվածները», «Թպրտացող ձուկը» և «Քոթթոն ակումբը» ֆիլմերում։

1983 թվականին երաժիշտը պայմանագիր կնքեց Island Records լեյբլի հետ[26], որը թողարկեց նրա ութերորդ ալբոմը՝ Swordfishtrombones-ը։ Ալբոմում գրեթե չեն հնչում դաշնամուր ու կիթառ. Թոմը գերադասել է շատ քիչ տարածված, տարօրինակ ձայներ հանող երաժշտական գործիքներ[27]։ «Swordfishtrombones» ալբոմում հնչում են այնպիսի երաժշտական գործիքներ, ինչպիսիք են մարիմբան, երգեհոնը և Շտրոխի ջութակը։ Այդ ամենի հետևանքով՝ Թոմը գործիքների այդպիսի հավաքածուն անվանեց «Junkyard Orchestra»: Ուեյթսի երգերը նույնպես կրեցին արմատական փոփոխություններ։ Բալլադներին փոխարինելու եկան ռումբայի, տանգոյի, կաբարայի ոճով երգեր[28]։

Էքսպերիմենտալ երաժշտության հոսքը զգացվեց նաև 1985 թվականին թողարկված «Rain Dogs» ալբոմում, որը արժանացավ քննադատների հիացական արձագանքներին[29]։ Rolling Stone ամսագրի կողմից կազմված «1980-ականների լավագույն 100 ալբոմների» ցանկում այն զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը[30], նաև ընդգրկվեց «Բոլոր ժամանակների 500 մեծագույն ալբոմների» ցանկում[31]։ «Rain Dogs» ալբոմի համար Ուեյթսն օգտագործել էր մարիմբա, ակորդեոն, կոնտրաբաս, տրոմբոն և բանջո։ Ալբոմի ստեղծման մեջ իրենց ներդրումն են ունեցել կիթառահարներ Մարկ Ռիբոն, Ռոբերտ Կուայնը և Կիտ Ռիչարդսը։ «Downtown Train» երգի համար նկարահանվեց Թոմի առաջին երաժշտական տեսահոլովակը[32]։

Ուեյթսը և Ջարմուշը

Մի անգամ Ջարմուշն ինձ ասաց. «Արագ, էժան և լավ. այս երեքից միշտ պետք է ընտրել երկուսը։ Եթե արագ և էժան, ուրեմն երբեք չի կարող լավը լինել։ Եթե այն էժան է և լավը, երբեք չի ստացվի արագ։ Իսկ եթե լավն է ու արագ, ապա երբեք՝ էժան։ Բայց հիշիր՝ այս երեքից միշտ պետք է ընտրել միայն երկուսը։

Կյանքի դասեր Ջարմուշից

1986 թվականին Ուեյթսը և Բրենանը միասին բեմադրեցին «Franks Wild Years» մուզիքլը, որը հետագայում թողարկվեց ստուդիական ալբոմով։ Պրեմիերան կայացավ Չիկագոյի Steppenwolf թատրոնում. գլխավոր դերը կատարում էր Թոմը[33]։ Նույն թվականին նա շարունակեց դերասանական կարիերան՝ Ջոն Լուրիի և Ռոբերտո Բենինյիի հետ խաղալով Ջիմ Ջարմուշի «Օրենքից դուրս» ֆիլմում, որում հնչում էին «Rain Dogs» ամբոմի երգերից երկուսը՝ «Jockey Full of Bourbon» և «Tango Till They’re Sore»: Թոմը հետագայում շարունակեց համագործակցել նրանց հետ։

«Franks Wild Year» ալբոմը, որը երրորդն էր տրիլոգիայի մեջ, թողարկվեց 1987 թվականին Un Operachi Romantico in Two Acts (Ռոմանտիկ օպերա երկու գործողությամբ) ենթավերնագրով։ Մեկ տարի անց թողարկվեց երկրորդ համերգային ալբոմը՝ Тома Big Time-ը, որ կազված էր Island Records-ի երեք ալբոմների ընտրյալ երգերից։ Թողարկվեց նույնանուն սյուրռեալիստական ֆիլմ-համերգը[34]։ Երաժիշտը նաև խաղաց «Սառը ոտքեր» սև կոմեդիայի գլխավոր դերերից մեկը, երկրորդական դեր խաղաց «Ուղտափուշ» ֆիլմում, որում նկարահանվել էր նաև Ջեք Նիկոլսոնը, և ձայնագրեց «Sea of Love» երգը՝ Ալ Պաչինոյի մասնակցությամբ «Սիրո ծովը» ֆիլմի համար[35]։ Ավարտելով տասնամյակը՝ Ուեյթսը մասնակցեց Ջարմուշի «Հանելուկային գնացքը» ֆիլմի ստեղծմանը, որտեղ նրա ձայնով խոսում էր ռադիո-DJ-ը[36]։

1990-1997, համագործակցություն Ռոբերտ Ուիլսոնի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբուրգի Thalia թատրոնը, որտեղ կայացել են «The Black Rider: The Casting of the Magic Bullets»-ի և «Alice»-ի պրեմիերաները

1990 թվականի մարտի 31-ին կայացավ «The Black Rider: The Casting of the Magic Bullets» ներկայացման պրեմիերան, որի ռեժիսորն էր Ռոբերտ Ուիլսոնը, սցենարի հեղինակը՝ Ուիլիամ Բերրոուզը, իսկ Թոմ Ուեյթսը հեղինակել էր ներկայացման երաժշտությունը՝ ոգեշնչված Բերթոլդ Բրեխտի և Կուրտ Վայլյաի արվեստից[37]։ Դրան հաջորդեց Primus Sailing the Seas of Cheese խմբի ալբոմում Tommy the Cat կերպարի ձայնով հայտնվելը, ինչը սկիզբ հանդիսացավ խմբի լիդեր Լես Կլեյպուլի հետ համագործակցության, Ջարմուշի «Գիշերը Երկրի վրա» ֆիլմի սաունդթրեքի ձայնագրման և Թերրի Գիլլիամի «Ձկնորս թագավորը» ֆիլմում էպիզոդիկ դեր ունենալու համար։

1992 թվականին՝ հինգ տարվա ընդմիջումից հետո, թողարկվեց նոր ստուդիական ալբոմ՝ «Bone Machine», որում գերակշռում են հարվածային գործիքներն ու կիթառը և քիչ հնչում են դաշնամուր ու սաքսոֆոն։ Թոմն այդ ալբոմի համար առաջին անգամ ստացավ Գրեմմի[38]։ Դեկտեմբերի 19-ին կայացավ նրա և Ուիլսոնի երկրորդ համատեղ ներկայացման՝ «Alice»-ի պրեմիերան, որը Լուիս Քերոլի «Ալիսան Հրաշքների աշխարհում» և «Ալիսան հայելիների աշխարհում» ստեղծագործությունների ադապտացիան էր։ «Alice»-ի երաժշտությունը թողարկվեց Թոմ Ուեյթսի նույնանուն ալբոմում[39]։ 1992 թվականին Թոմը երկրորդ պլանի դեր խաղաց Կոոլայի «Դրակուլա» ֆիլմում՝, որում նկարահանվել են նաև Գարի Օլդմենը, Վայնոնա Ռայդերը, Կիանու Ռիվզը և Էնթոնի Հոփքինսը։

«The Black Rider» ստուդիական ալբոմը թողարկվեց մեկ տարի անց։ Այն ընդգրկում էր Ուիլսոնի և Բերրոուզի պիեսների մոտիվներով գրված երգեր։ Ուեյթսը դեր ստացավ նաև Ռոբերտ Օլտմենի «Կարճ պատմություններ» ֆիլմում՝ արժանանալով Ոսկե գլոբուս մրցանակի լավագույն դերասանական անսամբլ անվանակարգում, և Իգիի Պոպի հետ նկարահանվեց Ջիմ Ջարմուշի «Ինչ-որ տեղ Կալիֆոռնիայում» ֆիլմում, որը «Սուրճ և ծխախոտներ» ֆիլմի հետ էկրան բարձրացավ 2003 թվականին։ 1993 թվականից հետո Ուեյթսի կարիերայում ամեն ինչ ընթացավ հանգիստ։ 1997 թվականին նա Կեթլին Բրենանի հետ «Բաննի» մուլտֆիլմի համար ձայնագրեց կարճ երգ, որն արժանացավ Սատուրն մրցանակի որպես լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ[40]։

1999-2010, պայմանագիր ANTI- Records-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Mule Variations

Կինս ինձ ավանակ է անվանում։ Մի անգամ նա ասաց. «Ես մարդու հետ չեմ ամուսնացել, այլ ավանակի»։ Իսկ ես մտածեցի. «Լավ վերնագիր է ալբոմի համար[14]»:

Թոմն այն մասին, թե ինչպես առաջացավ Mule Variations անվանումը

1998 թվականին լրացավ Ուեյթսի և Island Records-ի պայմանագրի ժամկետը, և լեյբլը թողարկեց նրա «Beautiful Maladies» երգերի հավաքածուն։ Մեկ տարի անց թողարկվեց նրա տասներկուերորդ ստուդիական ալբոմը՝ «Mule Variations»-ը, որն առաջինն էր ANTI-Records լեյբլով[41]։ Ալբոմը հաջողության հասավ Billboard 200-ում, ստացավ Գրեմմի և ընդգրկվեց «Բոլոր ժամանակների լավագույն 500 ալբոմներն ըստ Rolling Stone-ի» ցանկում[42][43]։

2002 թվականին միաժամանակ թողարկվեցին երկու ալբոմներ՝ Alice և Blood Money, որոնց հիմքում ընկած էին Ուեյթսի ու Ուիլսոնի արդեն մեկ տասնամյակ հնություն ունեցող թատերական աշխատանքները[44]։ «Alice»-ը հիմնված է Քերոլի «Ալիսան...» գրքի վրա, իսկ «Blood Money»-ը՝ Գեորգ Բյուհների «Վոյցեկե» աշխատանքի վրա։

Թոմ Ուեյթսը և Լիլի Քոուլը «Դոկտոր Պարնասի երևակայությունը» ֆիլմի պրեմիերային

Real Gone թվով տասնհինգերորդ ալբոմը թողարկվեց 2004 թվականին։ Այս ալբոմում բացակայում են թատերական էքսպերիմենտները, գործնականում իսպառ բացակայում է դաշնամուրը։ Harp ամսագրի կողմից «Real Gone»-ը ճանաչվել է 2004 թվականին լավագույն ալբոմ։ Երկարատև դադարից հետո Թոմը նկարահանվեց Ռոբերտո Բենինյիի «Վագրը և ձյունը» ֆիլմում, որտեղ կինոնկարի սկզբում կատարում է «You Can Never Hold Back Spring» բալլադը։

2006 թվականի նոյեմբերին թողարկվեց «Orphans» եռակի ալբոմը (Brawlers, Bawlers & Bastards), որը ներառում էր եզակի, նախկինում երբեք չկատարված, ինչպես նաև լիովին նոր երգեր[45]։ Առաջին սկավառակն ընդգրկում է լավատեսական ռոքային ու բլյուզային հավաքածու, երկրորդը՝ ողբերգական բալլադներ և ռոմանսներ, իսկ երրորդը չունի հստակ կատեգորիա և պարունակում է երաժշտական էքսպերիմենտներ[46]։ «Orphans»-ը 2006 թվականի լավագույն ալբոմներից մեկն էր՝ ըստ Metacritic կայքի[47]։

2009 թվականի վերջում Թոմ Ուեյթսն ստանձնեց Թերրի Գիլլիամի «Դոկտոր Պարնասի երևակայությունը» ֆիլմի գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմի նկարահանումները սկսվել էին դեռևս 2007 թվականին, սակայն հետաձգվեցին Հիթ Լեդջերի ողբերգական մահվան պատճառով. նա գլխավոր դերակատարն էր[48] : Այնուամենայնիվ ֆիլմը ավարտին հասցվեց Լեդջերին փոխարինող մի քանի դերասանների օգնությամբ։

2011 թվականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմի համերգը Պրահայում

Տասնամյակը Ուեյթսըն սկսեց «Իլայաի գիրքը» ֆանտաստիկ ֆիլմում նկարահանվելով և Ռոբերտ Ուիլսոնի և իռլանդացի դրամատուրգ-ռեժիսոր Մարտին ՄաքԴոնահի նոր ներկայացման աշխատանքներին մասնակցելով։ Վերջինս հայտնի է «Բրյուգում» ֆիլմով[49]։ Նոյեմբերին երաժիշտը ավարտին հասցրեց 23 բանաստեղծություն ընդգրկող գիրքը՝ «Seeds on Hard Ground»՝ ոգեշնչված Մայքլ Օ'Բրայենի՝ անտունների պատկերող կտավներից[50]։ Գրքի շնորհանդեսից առաջ կազմակերպվեց բարեգործական ակցիա՝ Կալիֆորնիայում ապրող անտուններին օգնելու համար։

2011 թվականի փետրվարի 9-ին հրապարակվեց Թոմ Ուեյթսին Ռոք'ն'ռոլլի փառքի սրահում ընդգրկելու մասին։ Արարողությունը կայացավ մարտի 14-ին Մանհեթենի Waldorf-Astoria հյուրանոցում[51]։ Դեպի Փառքի սրահ Ուեյթսին առաջնորդեց իր կոլեգան՝ Նիլ Յանգը։ Թոմը պարգևն ընդունեց իրեն բնորոշ հումորով՝ նկատելով. «Ասում են՝ ես հիթեր չունեմ, ու ինձ հետ անհնար է աշխատել... կարծես թե դա վատ է[52]»:

2011 թվականի հոկտեմբերի 25-ին թողարկվեց վերջին յոթ տարիների ընթացքում Թոմի առաջին ստուդիական ալբոմը՝ «Bad as Me»[53]: Այն զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը Billboard 200-ում ու 9-րդ տեղը Mojo ամսագրի կազմված «2011 թվականի լավագույն 50 ալբոմների» ցանկում[54] և արժանացավ քննադատների միաշանակ դրական գնահատականին[55][56][57]։ 2011 թվականի վերջում նա մասնակցեց Կոպոլլայի «Միջև» ֆիլմի նկարահանումներին՝ կատարելով կադրից դուրս գտնվող հեղինակի դերը[58]։ Դրանից հետո էկրան բարձրացավ ՄաքԴոնահի «Վեց հոգեկան հիվանդները» ֆիլմը, որտեղ երաժիշտը կատարում էր երկրորդ պլանի դերերից մեկը[59]։ 2013 թվականին Թոմ Ուեյթսը Կիտ Ռիչարդսի հետ ձայնագրեց Shenandoah երգը[60]։ 2015 թվականի մայիսին նա հայտնվեց «Ուշ երեկո Դեյվիդ Լեթերմանի հետ» հաղորդման ուղիղ եթերում՝ երգելով «Take One Last Look» նոր երգը՝ նվիրված Լեթերմանին, որը որոշել էր լքել եթերը[61]։ 2016 թվականին Ուեյթսը ձայնագրեց երկու նոր երգ («The Soul of a Man» և «John the Revelator») «God Don’t Never Change» ալբոմի համար[62]։

Դատական հայցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեյթսը գովազդի մասին

Մեր օրերում արտիստի համար լավագույն մրցանակը, որը մեր մշակույթը կարող է տալ նրան, համարվում է գովազդում հայտնվելու իրավունքը. ինչ-որ հիմարություն մռլտալ նոր մեքենայի թափքից։ Նման սրիկայական պատվից ես միշտ հրաժարվում եմ հաստատապես ու միանգամից։

Թոմի պատասխանը Mercury Cougar մեքենաները գովազդելու առաջարկին

Առևտրական գովազդներում Թոմ Ուեյթսն արգելում է օգտագործել իր երգերը։ Իր ողջ կարիերայի ընթացքում նա անընդհատ դատական խնդիրների մեջ է եղել այն ընկերությունների հետ, որոնք իր նյութերն օգտագործել են առանց թույլտվության։

Առաջին անգամ Թոմը դատի տվեց Frito-Lay-ին 1988 թվականին։ Ընկերությունը դիմել էր Թոմին՝ խնդրելով օգտագործել «Step Right Up» երգը, սակայն անմիջապես մերժում էր ստացել։ Այդ ժամանակ ընկերությունը գտել էր ինչ-որ երաժիշտի, որը ձայնագրել էր նմանատիպ երգ։ Ուեյթսը հաղթեց դատավարությունը՝ ստանալով 2 380 000 դոլլար փոխհատուցում և դառնալով առաջինը այն երաժիշտներից, որոնք հաղթել էին նմանակին օգտագործելու համար սկսված դատավարությունում[63]։

1993 թվականին Levi Strauss ընկերությունն իր գովազդում օգտագործել է Թոմի «Heartattack and Vine» երգը Սքրիմին Ջեյ Հոքինսի կատարմամբ։ Թոմը դատի տվեց ընկերությանը, բայց վերջինս կարողացավ խուսափել պատասխանատվությունից՝ երաժիշտից ներում խնդրելով Billboard ամսագրի էջերում և խոստանալով դադարեցնել երգի օգտագործումը[64]։

2000 թվականին Frito-Lay-ի հետ կատարված դեպքը կրկնվեց։ Այս անգամ Թոմին դիմել էր Audi-ն՝ խնդրելով օգտագործել իր գովազդում «Innocent When You Dream» երգը Franks Wild Years ալբոմից, և մերժում ստանալուց հետո օգտագործել էր նմանատիպ երգ։ Թոմը շահեց դատը՝ ստանալով փպխհատուցում հեղինակային իրավունքների խախտման համար[65]։

Հինգ տարի անց Ուեյթսին առաջարկեցին երգել Opel ընկերության սկանդինավյան գովազդի համար։ Մերժում ստանալով՝ ընկերությունը Թոմին նմականկող երաժիշտ գտավ։ 2007 թվականին Թոմը կրկին շահեց դատը՝ փոխհատուցումը օգտագործելով բարեգործական նպատակներով[66]։

Սակայն երաժիշտի կենսագրությունում կա դատական պրոցես, որը կապված չէ գովազդի հետ։ 1977 թվականին Լոս Անջելեսի Duke’s Tropicana Coffee Shop շրջանում երկու ոստիկանների կողմից նա ձերբակալվել է հասարակական կարգի խախտման համար։ Դատարանը նրան ճանաչեց անմեղ, որից անմիջապես հետո Թոմը դատի տվեց Լոս Անջելեսի ոստիկանության բաժանմունքին՝ շահելով 7500 դոլլար փոխհատուցում[67]։

Երաժիշտների կարծիքները, ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էրիկ Կուպերը «Nights with Alice Cooper» ռադիոհաղորդման ժամանակ այսպես արտահայտվեց Թոմի մասին.

Ես սիրում եմ Թոմ Ուեյթսին։ Թոմը Ուեյթսն ամենազվարճալի մարդն է, նա հրաշալի դերասան է։ Հրաշալի կոմպոզիտոր։ Մեծ դերասան։ In the Cold Cold Ground, о-о-о-о-у-у-у <…> պտտվում է իմ ուղեղում։ Հիրավի, նա աներևակայելի է։

  • Թոմ Ուեյթսի՝ Ռոք'ն'ռոլլի փառքի սրահում տեղ գտնելու արարողության ժամանակ Նիլ Յանգը նրան ներկայացրեց իբրև մեծագույն կատարողի, երգչի, դերասանի, կոմպոզիտորի, մոգի, հոգու ուղեկցի[68]։ Նույն արարողության ժամանակ բրիտանացի կատարող Էլթոն Ջոնը նկատեց.
Եթե Ջեքսոն Պոլլոքը երգել իմանար, նա կերգեր ինչպես Թոմ Ուեյթսը[69]։
  • Քննադատների մեծամասնությունը Թոմին դնում է նույն շարքում կանադացի հեղինակ-կատարող Լեոնարդ Քոհենի և ավստրալիացի ռոք երաժիշտ Նիք Քեյվի հետ՝ նկատելով եռյակի ազդեցությունը միմյանց վրա[70]։ Այպես, Քոհենի «I’m Your Man» ալբոմը 9-րդն է Ուեյթսի սիրելի ալբոմների շարքում[71]։ Իր հերթին, Թոմի «Tom Traubert’s Blues (Waltzing Matilda)» երգը 8-րդն է Լեոնարդի սիրելի երգերի մեջ[72]։ Նիքի արվեստում Թոմի ազդեցությունը նկատվում է «No More Shall We Part» ալբոմում[73]։
  • Որոշ հեղինակներ Ուեյթսի ազդեցությունը զգում են Մարկ Լանեգանի «Field Songs»[74] և Blues Funeral[75] ալբոմներում։ Համեմատությունները հիմնականում կապված են երաժիշտների անբնական խռպոտ ձայների հետ[76]։
  • Rolling Stone-ի կազմված «Բոլոր ժամանակների 100 մեծագույն վոկալիստների» շարքում Թոմն զբաղեցնում է 82-րդ տեղը[77]։

Քննադատների գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաք Մոնտադոնը, որը թղթակցում էր այնպիսի ամսագրերի, ինչպիսիք են The New York Times-ը, Details-ը և Radar Online-ը, Թոմ Ուեյթսին համարում է ամենապաշտելին ժամանակակից պաշտելի երաժիշտների շարքում, որը միշտ քայլել է ոչ թե հոսանքին հակառակ կամ նրա ուղղությամբ. այլ նրա համար ոչ մի հոսանք գոյություն չի ունեցել։ Մոնտադոնը նշում է, որ 1970-ականներին, երբ լայն տարածում էին գտնել գլեմ-ռոքը ու մարզադաշտային պաթոսը, Ուեյթսը ջազ նվագակցությամբ բալլադներ էր երգում դժբախտ սիրո մասին՝ մարմնավորելով քաղաքային սերն ու ռոմանտիկան։ Ինչպես նաև 1980-ականներին, երբ ամենուր իշխում էր անհոգի փոփ երաժշտությունը, Թոմը դիմեց արթ-հաուս կաբարե ռադիոալիքին՝ սկսելով ստեղծել սեփական երաժշտական գործիքները։ Իսկ 1990-ականներին նա անառարկելիորեն դարձավ ժամանակի ազատ, սեփական սկզբունքներով ստեղծագործող էտալոններից մեկը։

Պատրիկ Համֆրիզը՝ երաժշտական քննադատ, որը New Musical Express-ի, Melody Maker-ի, The Guardian, Mojo-ի լրագրող է և Բոբ Դիլանի, Նիք Դրեյքի, Վան Մորիսոնի, The Beatles-ի, Simon and Garfunkel-ի, Pink Floyd-ի և ուրիշ շատերի մասին գրքերի հեղինակ, Թոմին բնութագրել է իբրև փշավոր ու երկարալեզու, ինքնահավան ու սրիկա մի մարդու, ով, չնայած դրան, երկար տարիներ մարդկանց իսկական ուրախություն է պատճառել։ Նրա երևակայությունը Վայոմինգ նահանգի չափերն ունի, խոսքերը բուժելու կարողությունը Մեծ կիրճի նման անսահման է, իսկ ստեղծագործական մոտեցումը՝ Միսիսիպիի նման ոլորապտույտ ու քմահաճ։ Ոչ ոք չի կարող համեմատվել Թոմի հետ։ Երբեք չի կարողացել և երբեք չի կարողանա[78].:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր երգեր գրելու միակ պատճառը հին երգերից հոգնելն է։
- Թոմ Ուեյթս

Համերգային շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973: Closing Time Tour
  • 1974-1975: The Heart of Saturday Night Tour
  • 1975-1976: Small Change Tour
  • 1977: Foreign Affairs Tour
  • 1978-1979: Blue Valentine Tour
  • 1980-1982: Heartattack and Vine Tour
  • 1985: Rain Dogs Tour
  • 1987: Big Time Tour
  • 1999: Get Behind the Mule Tour
  • 2004: Real Gone Tour
  • 2006: The Orphans Tour
  • 2008: Glitter and Doom Tour

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Օրիգինալ անվանում Դեր Ծանոթագրություն
1978 Դրախտային ճանապարհ Paradise Alley Մամբլս նաև կոմպոզիտոր
1981 Գայլեր Wolfen բարի հաճախորդ տիտրերում նշված չէ
1982 Ի սրտե One from the Heart փողահար տիտրերում նշված չէ, նաև կոմպոզիտոր
1983 Վտարվածները The Outsiders Բաք մերրիլ
Թպրտացող ձուկը Rumble Fish Բեննի
1984 Քարե տղան The Stone Boy մարդ պարահանդեսում տիտրերում նշված չէ
Քոթթոն ակումբը The Cotton Club Իրվինգ Սթարկ
Փողոցի կանոնները Streetwise Թոմ Ուեյթս նաև կոմպոզիտոր
1986 Օրենքից դուրս Down by Law Զաք
1987 Ուղտափուշ Ironweed Ռուդի
1988 Սառնաշաքարային լեռը Candy Mountain Ալ Սիլկ
1989 Արջի մորթին։ Նորագույն հեքիաթ Bearskin: An Urban Fairytale Սիլվա
Սառը ոտքեր Cold Feet Քեննի
Հանելուկային գնացքը Mystery Train ռադիո-DJ միայն ձայնը
1990 Երկու Ջեք The Two Jakes քաղաքային հագուստով ոստիկան տիտրերում գրված չէ
1991 Խաղ տերերի դաշտերում At Play in the Fields of the Lord Վուլֆ
Ձկնորս թագավորը The Fisher King անդամալույծ վետերան տիտրերում գրված չէ
Քվինսում այսպես է լինում Queens Logic Մոնթե
Գիշերը Երկրի վրա Night On Earth միայն կոմպոզիտոր
1992 Դրակուլա Bram Stoker’s Dracula Ռենֆիլդ
1993 Կարճ պատմություններ Short Cuts Էրլ Պիգգոտ
1995 Ջորջիա Georgia միայն կոմպոզիտոր
1999 Հանելուկային մարդիկ Mystery Men Դոք Հելլեր
2003 Սուրճ և ծխախոտներ Coffee and Cigarettes Թոմ Ուեյթս
2005 Դոմինո Domino ճամփորդ
Վագրը և ձյունը La Tigre e la neve Թոմ Ուեյթս
2006 Ինքնասպանները։ Սիրո պատմություն Wristcutters: A Love Story Քնելլեր
2009 Դոկտոր Պարնասի երևակայությունը The Imaginarium of Doctor Parnassus Միստեր Նիք
2010 Իլայի գիրքը The Book of Eli ինժեներ
2011 Հրեշը Նիքս գյուղից The Monster of Nix Վիրջիլ կարճամետրաժ
Միջև Twixt հեղինակ
2012 Վեց հոգեկան հիվանդները Seven Psychopaths Զաք
2014 Պինոկիո Pinocchio Ջեպետտո նկարահանումներին պատրաստվելը[79]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. https://web.archive.org/web/20161223164811/https://www.theguardian.com/music/2011/mar/15/tom-waits-rock-roll-hall-fame
  5. Petridis, Alexis (2004 թ․ նոյեմբերի 24). «Tom Waits, Hammersmith Apollo, London». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  6. «Tom Waits ANTI- Artist Page». Epitaph Records. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  7. Graff, Gary Musichound Rock: The Essential Album Guide. — Omnibus Press, 1999. — 1497 p. — ISBN 0825672562
  8. Chapman, Glen (2010 թ․ փետրվարի 2). «Spotlight on Tom Waits». Den of Geek. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  9. «One from the Heart». Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  10. «35th Annual GRAMMY Awards». Grammy. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  11. «42nd Annual GRAMMY Awards». Grammy. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  12. Lyons, Margaret (2010 թ․ դեկտեմբերի 15). «Rock and Roll Hall of Fame 2011». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  13. «Thomas Alan Waits». Cracked.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  14. 14,0 14,1 Petrusich, Amanda. «Правила жизни Тома Уэйтса». Esquire. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  15. 15,0 15,1 «Time Line: 1949 - 1975». TOM WAITS LIBRARY. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  16. «Napoleone Pizza House». TOM WAITS LIBRARY. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  17. «Influences And Favourites». TOM WAITS LIBRARY. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  18. 18,0 18,1 Montandon, Mac Innocent When You Dream: The Tom Waits Reader. — Thunder's Mouth Press, 2005. — 416 p. — ISBN 1560256672
  19. «The Heart of Saturday Night». 500 Greatest Albums of All Time. Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  20. «Anecdotes On Waits». TOM WAITS LIBRARY. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  21. MacLaren, Trevor. «Small Change». All About Jazz. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  22. «Time Line: 1976-1980». TOM WAITS LIBRARY. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  23. Shewey, Don (1979 թ․ մարտի 22). «Blue Valentine». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  24. Ruhlmann, William. «Heartattack and Vine». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  25. «Soundtrack». TOM WAITS LIBRARY. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  26. «Time Line: 1981-1985». TOM WAITS LIBRARY. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  27. Ruhlmann, William. «Swordfishtrombones». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  28. Maher, Paul Tom Waits on Tom Waits: Interviews and Encounters. — Chicago Review Press, 2011. — 448 p. — ISBN 1569763127
  29. Ruhlmann, William. «Rain Dogs». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  30. Decurtis, Anthony (1985 թ․ նոյեմբերի 21). «Tom Waits, 'Rain Dogs'». 100 Best Albums of the 80's. Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  31. «Tom Waits' Rain Dogs». 500 Greatest Albums of All Time. Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  32. Paghat the Ratgirl. «Tom Waits' music video». Weird Wild Realm. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  33. «Frank's Wild Years: Credits». TOM WAITS LIBRARY. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  34. «Big Time: Introduction». TOM WAITS LIBRARY. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  35. «Guest Appearances». TOM WAITS LIBRARY. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  36. «Full cast for Mystery Train». IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  37. Wills, David S. (2009 թ․ փետրվարի 8). «Modern Beat: Tom Waits». Beatdom. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  38. «Bone Machine». Epinions. 2003 թ․ հունիսի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  39. «The Robert Wilson and Tom Waits adaptation». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  40. «BUNNY». Blue Sky Studios. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  41. Hooker, Zach (1999 թ․ ապրիլի 27). «Mule Variations». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  42. «Mule Variations in Billboard 200». Billboard. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.(չաշխատող հղում)
  43. «Tom Waits' Mule Variations». 500 Greatest Albums of All Time. Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  44. «Alice y Blood Money». RIFF Fanzine. 2005 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  45. Mitchum, Rob (2006 թ․ նոյեմբերի 28). «Orphans». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  46. Christgau, Robert (2006 թ․ նոյեմբերի 13). «Orphans: Brawlers, Bawlers & Bastards». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  47. «Tom Waits' Orphans». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  48. «Gilliam, Ledger reteam for film». Variety. 2007 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  49. «New Musical From Tom Waits». ANTI- Records. 2010 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  50. «Seeds on Hard Ground». TomWaits.com. 2010 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  51. «Tom Waits To Be Inducted Into Hall Of Fame By Neil Young». TomWaits.com. 2010 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  52. «Neil Diamond, Tom Waits and Alice Cooper have become the latest music stars to be inducted into the Rock and Roll Hall of Fame». BBC News Online. 2011 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  53. Young, Alex (2011 թ․ օգոստոսի 23). «Tom Waits announces new album: «Bad As Me»». Consequence of Sound. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  54. Breihan, Tom (2011 թ․ դեկտեմբերի 2). «MOJO's Top 50 Albums Of 2011». Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  55. Browm, Helen (2011 թ․ հոկտեմբերի 20). «Bad as Me: Tom Waits, CD review». The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  56. Gill, Andy (2011 թ․ հոկտեմբերի 21). «Album: Tom Waits, Bad As Me». The Independent. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  57. Wheeler, Michael (2011 թ․ հոկտեմբերի 25). «Tom Waits' Bad As Me». Drowned in Sound. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  58. «Full cast for Twixt». IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  59. «Tom is currently in the studio working on his next album». TomWaits.com. 2012 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  60. «Tom Waits and Keith Richards Perform 'Shenandoah'». Rolling Stone. 2013 թ․ հունվարի 11. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  61. «Watch Tom Waits Perform a New Song, Chat With Old Pal David Letterman». Billboard. 2016 թ․ մայիսի 14. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  62. Moreland, Quinn (2016 թ․ փետրվարի 15). «Waits covers of "The Soul of a Man" and "John the Revelator"». Pitchfork. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  63. «Waits V. Frito-Lay». TOM WAITS LIBRARY. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  64. «Waits V. Levi Strauss». TOM WAITS LIBRARY. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  65. «Tom Waits wins advert mimic case». BBC News Online. 2006 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  66. «Waits settles in 'imitation' case». BBC News Online. 2007 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  67. «Waits And The Cops». TOM WAITS LIBRARY. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  68. «Tom Waits Inducted Into Rock n Roll Hall Of Fame By Neil Young At The Historic Waldorf Astoria». TomWaits.com. 2011 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  69. «Tom Waits Induction to Rock and Roll Hall of Fame by Neil Young». Neil Young News. 2011 թ․ մարտի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  70. «Cohen, Waits, Cave, Schubert and others…». Skonieczna.wordpress. 2008 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  71. Waits, Tom (2005 թ․ մարտի 20). «It's perfect madness». The Observer. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  72. «Waltzing Matilda By Tom Waits Is On Leonard Cohen's Jukebox». Heck Of A Guy. 2010 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  73. Jarvis, Clay (2003 թ․ սեպտեմբերի 1). «Nocturama». Կաղապար:Не переведено 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  74. Young, Craig. «Mark Lanegan's Field Songs». Earpollution.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  75. «Mark Lanegan Band - Blues Funeral». Hipersónica. 2012 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  76. «MP3 At 3PM: Mark Lanegan Band». Magnet Magazine. 2012 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  77. «Tom Waits 82/100». 100 Greatest Singers. Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  78. Humphries, Patrick The many lives of Tom Waits. — Omnibus Press, 2007. — 354 p. — ISBN 9781844495856
  79. «Full cast for Pinocchio». IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Staunton, Terry; Carroll, Cath. Tom Waits. - Da Capo Press, 2001. - 152 p. - ISBN 1560252642. (անգլ.)
  • Humphries, Patrick. The many lives of Tom Waits. - Omnibus Press, 2007. - 354 p. - ISBN 9781844495856. (անգլ.)
  • Хамфриз, Патрик. Множество жизней Тома Уэйтса. - Амфора, 2009. - 478 p. - ISBN 5367011519. (ռուս.)
  • Jacobs, Jay S. Wild Years: The Music and Myth of Tom Waits. - ECW Press, 2006. - 336 p. - ISBN 1550227165. (անգլ.)
  • Hoskyns, Barney. Lowside of the Road: A Life of Tom Waits. - Crown Publishing Group, 2010. - 640 p. - ISBN 0767927095. (անգլ.)
  • Maher, Paul. Tom Waits on Tom Waits: Interviews and Encounters. - Chicago Review Press, 2011. - 448 p. - ISBN 1569763127. (անգլ.)
  • Waits, Tom. Innocent when You Dream: The Collected Interviews. - Orion, 2006. - 440 p. - ISBN 0752873946. (անգլ.)
  • Уэйтс, Том. Невиновны во сне: интервью. - Азбука-классика, 2008. - 430 p. - ISBN 5911816431. (ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Ուեյթս» հոդվածին։